Հայկական Կարմիր. 1960



Ջոն Քենեդին հաղթում է ԱՄՆ նախագահական ընտրություններում, Բրազիլիայի մայրաքաղաքը Ռիո դե Ժանեյրոյից տեղափոխվում է Բրազիլիա քաղաք, Թուրքիայում ռազմական հեղաշրջում է տեղի ունենում, ԽՍՀՄ ֆուտբոլի հավաքականը նվաճում է Եվրոպայի առաջնության ոսկե մեդալները:


Ադրբեջանական գազը՝ Հայաստանում


1960թ. փետրվարի 12-ին Երեւանի Լենինի հրապարակում մեծ տոնախմբություն էր` հազարավոր մարդիկ նշում էին Ղարադաղ-Աղստաֆա-Երեւան գազամուղի կառուցման ավարտը:

 

 

Գազամուղի կառուցումն ընթացել էր բարդ աշխարհագրական պայմաններում: Հատկապես դժվարին էր Սեմյոնովկայի լեռնանցքի հատվածը, որն ուներ 2200 մետր բարձրություն: Գազամուղի կառուցման համար օգտագործվել էր 35 հազար տոննա պողպատե խողովակ:

Լենինի հրապարակի կենտրոնում դրված էր 27 մետր բարձրություն ունեցող մետաղական մոմ, որի գագաթին հանդիսավոր արարողության սկզբում վառվում էր գազի երկնագույն կրակը: Միջոցառմանը մասնակցում էին ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Սուրեն Թովմասյանը, ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ Անտոն Քոչինյանը, կուսակցական պաշտոնյաներ, գազամուղի շինարարության մասնակիցներ:

Խոսելով ադրբեջանական գազի նշանակության մասին՝ Կիրովի անվան գործարանի տնօրեն Բադալ Մուրադյանը նշում էր, որ իրենց ձեռնարկությունն անհամբեր սպասում էր գազի մատակարարմանը: «Այդ հրաշալի հումքի առկայությունը կնպաստի ռեսպուբլիկայի քիմիական արդյունաբերության հետագա բուռն զարգացմանը, հնարավորություն կընձեռի ընդլայնելու սինթետիկ նյութերի արտադրությունը»,- ասել էր նա:

Գազամուղի կառուցման նպատակը ոչ միայն արդյունաբերական ձեռնարկությունների արտադրողականությունը բարձրացնելն էր, այլեւ Երեւանի բնակիչներին կենցաղային գազ մատակարարելը: Միաժամանակ, բնական գազը օգտագործելու էին էլեկտրաէներգիա ստանալու համար, ինչը մասամբ կնվազեցներ Սեւանա լճի ջրի ծախսը:


«Մեր թաղի ձայները» եւ «Նվագախմբի տղաները»


1960 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիան նկարահանում է «Մեր թաղի ձայները» գեղարվեստական կինոնկարը, որը պատմում էր դպրոցը նոր ավարտած երիտասարդների կյանքի մասին: Ֆիլմի ռեժիսորը Յուրի Երզնկյանն էր, սցենարը գրել էր Պերճ Զեյթունցյանը: Գլխավոր դերերում խաղում էին Պավել Արսենովը, Եսայի Եսայանը, Հրաչյա Ներսիսյանը, Արման Կոթիկյանը, Երվանդ Ղազանչյանը:



Նույն տարում «Հայֆիլմը» Միքայել Շաթիրյանի սցենարով նկարահանում է հայկական ամենահայտնի ու սիրված ֆիլմերից մեկը՝ «Նվագախմբի տղաները»: Ռեժիսորներն էին Հենրիկ Մալյանն ու Հենրիկ Մարգարյանը: Ֆիլմում խաղում էին Խորհրդային Հայաստանի ամենահայտնի դերասանները՝ Սոս Սարգսյանը, Մհեր Մկրտչյանը, Արմեն Խոստիկյանը, Լեւոն Թուխիկյանը, Կիմ Երիցյանը, Արման Կոթիկյանը, Վաղինակ Մարգունին եւ ուրիշներ:


Անդրկովկասի ամենամեծ հողահան մեքենան


1960 թ-ին Հայաստանում շահագործման է հանձնվում Անդրկովկասի ամենամեծ հողահան մեքենան, որը տեղակայված էր Էջմիածնի շրջանի Ռանչպար գյուղի մոտակայքում: Մեքենան նախատեսված էր շինարարական ավազի շահագործման համար: «Հսկան» Հայաստան հասցնելու համար պահանջվել էր 22 վագոն:

 

 

«Մեքենայի շահագործման համար փորվել է 35 հազար խորանարդ մետր ծավալ ունեցող ջրամբար: Այդտեղից երկար խողովակներով ավազը արտամղվում է հարստացման ֆաբրիկա, որը կառուցել են արհեստական լճի ափին: Այդտեղ ավազը զտվում է հողից ու ջրից: Ավազահանման սարքը 8 ժամում 12 մետր խորությունից հանում է մինչեւ 1200 խորանարդ մետր ավազ»,- գրում էր «Ավանգարդը»:


Վան Կլայբըռնի համերգը


1960թ. հունիսին Երեւան է այցելում ամերիկացի հռչակավոր դաշնակահար Վան Կլայբըռնը, որին ԽՍՀՄ-ում համառորեն «Կլիբեռն» էին անվանում: Դրանից երկու տարի առաջ՝ 1958-ին նա հաղթել էր Մոսկվայում անցկացված միջազգային մրցույթում:

Հունիսի 23-ին Երեւանի Հայֆիլհարմոնիայի դահլիճում տեղի է ունենում Կլայբըռնի համերգը, որի ժամանակ նա կատարում է նաեւ Արամ Խաչատրյանի դաշնամուրի տոկատան:

 

 

«Ես վաղուց էի երազում լինել ձեր հանրապետությունում, որի մասին Միացյալ Նահանգներում այդքան շատ ուշագրավ բաներ եմ լսել: Դիտելով Լենինի անվան հոյակապ հրապարակի հիասքանչ անսամբլը, զմայլվելով Ֆիլհարմոնիայի համերգային դահլիճով՝ տպավորություն ստացա, որ վաղուց արդեն ծանոթ եմ Հայաստանին, ճանաչում եմ նրա սիրալիր մարդկանց, գիտեմ նրա հինավուրց կուլտուրան»,- ասել էր երաժիշտը:

 
Սարոյանի երկրորդ այցը


1960թ. սեպտեմբերի 14-ին Հայաստան է ժամանում Վիլյամ Սարոյանը։ Երեւանի երկաթուղային կայարանում նրան դիմավորում են Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար Հրաչյա Հովհաննիսյանը, Արտասահմանյան երկրների հետ բարեկամության եւ մշակութային կապի հայկական ընկերության նախագահ Բերսաբեր Գրիգորյանը, Հրաչյա Քոչարը, Ռաֆիկ Արամյանը, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Պատրիկ Սելյանը։

 

 

«Սա երկրորդ այցելությունն է։ Շրջագայեց, տեսավ կամեցածը եւ միշտ նույն կուսական զարմանքով ու անսքող հիացումով։ ...Հյուրընկալվեց նաեւ թատրոնում, եղավ թատերական թանգարանում, թատրոնի մարդկանց միջավայրում։ Տեսավ «Պաղտասար աղբարը», Հրաչյա Ներսիսյանին։ Ուրախ է, որ իր պիեսը («Սիրտս լեռներում է») բեմադրվելու է Սունդուկյանի անվան թատրոնում»,- գրել էր «Սովետական արվեստ» ամսագիրը։


Հայ մարզիկները՝ Հռոմի Օլիմպիական խաղերում


1960թ. օգոստոսի 25-ին Հռոմում բացվում է 17-րդ ամառային Օլիմպիադան։

Խորհրդային Միությունն այդ խաղերին մասնակցում է պատկառելի թիմով եւ թիմային հաշվարկում զբաղեցնում առաջին տեղը՝ նվաճելով 42 ոսկե մեդալ։ ԽՍՀՄ թիմի կազմում Օլիմպիական մրցույթին մասնակցում էին Խորհրդային Հայաստանի մարզիկներ Ալբերտ Ազարյանը, Վլադիմիր Ենգիբարյանը, Իգոր Նովիկովը, Ալեքսեյ Կոնովը, Վալենտին Չեռնիկովը եւ Նորայր Մուշեղյանը։ Հայաստանի ներկայացուցիչներից ամենափորձառուն Ալբերտ Ազարյանն էր, որը 1956թ. Մելբուռնի Օլիմպիադայում ոսկե մեդալ էր նվաճել իր հռչակավոր «ազարյանական խաչով»։ Հռոմում Ազարյանը կրկին փայլուն արդյունքներ է ցուցադրում եւ արժանանում ոսկե մեդալի։ Մյուս մարզիկները հաղթանակներ են տանում թիմային մրցաշարերում։

 

 

Օլիմպիական խաղերի ավարտին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը շքանշաններով ու մեդալներով պարգեւատրում է տասնյակ մարզիկների։

««Պատվո նշան» շքանշանով է պարգեւատրվել աշխարհի եւ օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, լեգենդար մարմնամարզիկ, սպորտի վաստակավոր գործիչ Ալբերտ Ազարյանը։ Աշխարհի եռակի չեմպիոն Իգոր Նովիկովը պարգեւատրվել է «Աշխատանքային արիության համար» մեդալով։ Սուսերամարտի մարզիչ, երեւանցի Էդուարդ Ավագյանին շնորհվել է «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ։ Այդ նույն պարգեւին է արժանացել նաեւ Վալենտին Չեռնիկովը։ Երեւանցի սուսերամարտիկը Հռոմի օլիմպիական խաղերում թիմային հաշվարկում նվաճել է բրոնզե մեդալ»,- գրում էր «Հայաստանի ֆիզկուլտուրնիկը»։


«Հավերժական կրակ» հուշարձանը


1960-ին Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման 40-րդ տարեդարձի առթիվ Լենինի հրապարակի հարեւանությամբ (հիմա՝ Երեւանի 2750-ամյակի զբոսայգի) բացվում է «Հավերժական կրակ» հուշարձանը, որի ճարտարապետը Էդուարդ Սարապյանն էր, իսկ նկարիչը՝ Վալենտին Պոդպոմոգովը։

 

 

«Սյուների մեջտեղը, ներքեւում բրոնզե թասի մեջ բոցկլտում է հավերժական կրակը, որ խորհրդանշում է ընկած հերոսների անմահությունը։ Գրանիտե սյուների վերեւում բրոնզե պսակ է, որի վրա դրոշմված են «Հավերժ փառք Սովետական իշխանության հաստատման համար մղված պայքարի մարտիկներին»,- գրում էր մամուլը:


Հեղինակներ՝ Միքայել Յալանուզյան, Արա Թադեւոսյան
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

 

«Հայկական Կարմիրը»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

«Հայկական Կարմիր»-ը պատմում է Խորհրդային Հայաստանի (1921-1991թթ.) մասին:

«Հայկական Կարմիր»-ի յուրաքանչյուր գլուխը ներկայացնում խորհրդային շրջանի մեկ տարվա նշանակալի քաղաքական, տնտեսական եւ մշակութային իրադարձությունները: