Ստեփան Կանայանի՝ Գյոթեի «Էգմոնտ»-ի անտիպ թարգմանությունը - Mediamax.am

exclusive
3654 դիտում

Ստեփան Կանայանի՝ Գյոթեի «Էգմոնտ»-ի անտիպ թարգմանությունը


Լուսանկարը` ԳԱԹ

«Էգմոնտ»-ի թարգմանության առաջին էջը
«Էգմոնտ»-ի թարգմանության առաջին էջը

Լուսանկարը` ԳԱԹ

Ստեփան Կանայանը
Ստեփան Կանայանը

Լուսանկարը` ԳԱԹ


Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում (ԳԱԹ) է պահվում հայ պատմաբան, բանասեր,  թարգմանիչ Ստեփան Կանայանի (1860-1936) արխիվը, որը ժամանակին ուսումնասիրել եւ համակարգել է տատիկս՝ գրականագետ Արփիկ Ավետիսյանը (1912-1991), որը 1950-ականներից մինչեւ կյանքի վերջն աշխատել է ԳԱԹ-ում:

Ինքս այժմ զբաղվում եմ տատիկիս արխիվի ուսումնասիրությամբ եւ հանդիպեցի 1964 թվականին կազմված մի փաստաթղթի, որտեղ տատիկս ներկայացնում է, թե ինչպես է Կանայանի արխիվում գտել հաստափոր մի տետր՝ հայերեն տեքստով:

Տեքստի ուսումնասիրությունը թույլ է տվել եզրակացնել, որ տետրում թարգմանված է Գյոթեի «Էգմոնտ» ողբերգությունը: Ստեփան Կանայանը կրթությունը ստացել էր Գերմանիայում, փայլուն տիրապետում էր գերմաներենին եւ թարգմանությունն էլ կատարել է բնագրից: Տատիկիս վկայությամբ՝ Կանայանի թարգմանությունը հարազատ է բնագրին, պահպանված է թե՜ ոճը, թե՜ ժամանակի կոլորիտը:

«Էգմոնտ»-ի թարգմանության առաջին էջը «Էգմոնտ»-ի թարգմանության առաջին էջը

Լուսանկարը` ԳԱԹ


Ըստ էության, Կանայանը հայ թարգմանական գրականության պատմության մեջ առաջինն է թարգմանել «Էգմոնտ» ողբերգությունը:

Թե երբ է Կանայանը սկսել թարգմանել «Էգմոնտ»-ը, հայտնի չէ: Ողբերգության թարգմանությունն ավարտել է 1893 թվականին, Դիլիջանում: Թարգմանությունը գրված է տասը առանձին տետրերի մեջ եւ անտիպ է: Աշխատանքի վրա չկա ոչ հեղինակի, ո՜չ ստեղծագործության անունը: Նրա այլ ձեռագրերը համադրելով՝ տատիկս եզրակացրել է, որ թարգմանության ձեռագիրը Կանայանինն է:

Եղա ԳԱԹ-ում, նայեցի Ստեփան Կանայանի արխիվը, որտեղ, իրոք, խնամքով պահվում է Գյոթեի «Էգմոնտ»-ի անտիպ ձեռագիրը (տես՝ լուսանկարները): 

Գյոթեն (1749-1832) «Էգմոնտ» ողբերգությունը գրել է 1775-1788 թվականներին: Թեման  16-րդ դարի նիդերլանդական ապստամբությունն էր՝ ընդդեմ իսպանացի զավթիչների: 1809 թվականին Բեթհովենը Վիեննայի արքունական թատրոնից պատվեր է ստանում երաժշտություն գրել Գյոթեի «Էգմոնտ» ողբերգության համար: Կոմպոզիտորը սիրով համաձայնել է եւ, Գյոթեի հանդեպ հարգանքից՝ հրաժարվել անգամ հոնորարից:

Գյոթեի գործերից հայերեն առաջինը թարգմանել է Խաչատուր Աբովյանը 1831 թ-ին,  20 տարեկանում, Գյոթեի կենդանության ժամանակ: Աբովյանն այդ շրջանում ուսանում էր Դորպատի  համալսարանում եւ թարգմանել էր Գյոթեի «Անտառի արքան» բալլադը:

Քանի որ տատիկս գրառումը 1964 թվականին է կատարել, շատ ժամանակ է հոսել, գուցե՞ այս ընթացքում ինչ-որ մեկը հետաքրքրվել է անտիպ այս ձեռագրով: Զրույցս բանաստեղծ, թարգմանիչներ Հակոբ Մովսեսի եւ Գայանե Գինոյանի հետ փաստեց, որ ձեռագրի գոյության մասին գերմաներենից հայերեն թարգմանիչների միջավայրում տեղյակ չեն: Գայանե Գինոյանն այս տեղեկությունը չափազանց հետաքրքիր համարեց եւ ասաց, որ Գյոթեի թարգմանիչներից իրեն հայտնի են Հակոբ Հակոբյանի, Լիլի Տեր-Մինասյանի, Պ.Միքայելյանի, Միքայել Մինասյանի անունները, իսկ իբրեւ «Էգմոնտ»-ի առաջին թարգմանիչ հայտնի է Հմայակ Մաժինյանը:

Ըստ տատիկիս ձեռագրերի, Հմայակ Մաժինյանը «Էգմոնտ»-ը թարգմանել է Ստեփան Կանայանից հետո եւ 1890-ականներին տպագրել «Մուրճ» հանդեսում:

Ստեփան Կանայանի ձեռագիրը վերծանելը, ինչպես կարող եք դատել լուսանկարներից, խնամք ու մասնագիտական բարեխղճություն պահանջող աշխատանք է: «ԳԱԹ-ում ձեռագրերի վերծանման մասնագետներ կան, - նկատեց Հակոբ Մովսեսը: - Կարելի է անպայման անդրադառնալ այդ ձեռագրին եւ այն հրատարակել. ինչու՞ մնա անտիպ»: 
Ստեփան Կանայանը Ստեփան Կանայանը

Լուսանկարը` ԳԱԹ


Ազգանունը պարտավորեցրեց հետաքրքրվել՝ ունի՞ Ստեփան Կանայանն ազգակցական կապ Դրաստամատ Կանայանի հետ: Ճարտարապետ Արմենուհի Կանայանը, որը լեզվաբան, մանկավարժ Խաչատուր Կանայանի (1881-1976) ծոռն է, հաստատեց, որ Ստեփան Կանայանը Դրոյի հորեղբոր որդին է:

Ստեփան Կանայանն ուսում է ստացել Իգդիրի Վարդանյան-Շուշանյան դպրոցում, 1874-1883 թթ.՝ Էջմիածնի Գեւորգյան ճեմարանում, ապա Դորպատի, Ցյուբինգենի, Մյունխենի, Ստրասբուրգի համալսարաններում: 1888-89 թթ. Հունաստանում ուսումնասիրել է դասական լեզուներ: Գեւորգյան ճեմարանում դասավանդել է ընդհանուր պատմություն եւ գերմաներեն: Դասավանդել է նաեւ Թիֆլիսի Ներսիսյան եւ Շուշիի թեմական դպրոցներում:

Ունի չափազանց արժեքավոր աշխատություններ հայ ժողովրդի պատմության, ազգագրության, Հայաստանի պատմական աշխարհագրության վերաբերյալ: Կազմել է Թիֆլիսի Ներսիսյան հոգեւոր դպրանոցի հայերեն ձեռագրերի ցուցակը (1893), հեղինակ է «Lehrbuch der Neuesarmenischen Literatursprachen», («Հայ գրական նոր լեզվի ձեռնարկ», հայագետ Ֆ. Ն. Ֆինկի հետ,1902), «Մամիկոնյանց պատմություն»-ը («Արարատ», 1906-1907)։

Հատկապես արժեքավոր են «Ջոջանց տան Սասնա ծռեր. Գավիթ եւ Մհեր ազգային ժողովրդական վեպի պատմականը» (1907) եւ «Ջոջանց տուն կամ Սասնա ծռեր Ստեփան Մկրտչի Կանայան վեպի երեք փոփոխակ» (1910), «Իրանական առասպելները հայոց մեջ» աշխատությունները։ «Անհայտ գավառներ հին Հայաստանի » (մաս 1, 1914) երկում Կանայանը հայ սկզբնաղբյուրների տեղեկությունների հիման վրա լրացրել, ճշտել է Հայաստանի մի շարք նահանգների ու գավառների տեղադրությունը։ Հայագիտության համար արժեքավոր է նաեւ Գ. Տեր-Մկրտչյանի հետ կատարած  Ագաթանգեղոսի «Պատմութիւն Հայոց»-ի (1909) քննություն-համեմատությունը։

Լիլիթ Ավագյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին