Ներկայացնում ենք POLITICO պարբերականում հրապարակված Charles Michel plots revenge against Ursula von der Leyen հոդվածի հայերեն թարգմանությունը:
Բարբարա Մոենս եւ Ջակոբո Բարիգացի
Բրյուսելում լուրեր են պտտվում, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը փորձում է տապալել իր թշնամուն՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենին՝ Եվրոպական հանձնաժողովի զորեղ ղեկավարին:
ԵՄ ութ դիվանագետներ եւ պաշտոնյաներ ասացին POLITICO-ին, որ Միշելը կարծես ցանկանում է վնասել ֆոն դեր Լայենին իրենց մենամարտող նախագահության եւ տարիներ ձգվող մրցակցության վերջին փուլում՝ փորձելով խոչընդոտել հանձնաժողովի ղեկավարի հնարավոր երկրորդ ժամկետը:
«Սա բոլորին խելագարեցնում է, քանի որ նրա խաղն այնքան ակնհայտ է. ոտք գցել ֆոն դեր Լայենին ու երազել սեփական բարձր պաշտոնի մասին», - ասում է մի ԵՄ պաշտոնյա: Նա, ինչպես եւ այս հոդվածում մեջբերված մյուսները, անանունության դիմաց համաձայնել է անկեղծորեն խոսել ԵՄ երկու ամենահայտնի գործիչների մասին:
Կուլիսների հետեւում Եվրամիության երկու բարձրաստիճան պաշտոնյաների միջեւ իշխանական պատերազմը տեղի է ունենում Լա Ռուա փողոցի երկայնքով՝ չեղարկված ճաշերի եւ ռազմավարորեն հնչեցված ոչ պաշտոնական հայտարարությունների օգնությամբ:
Լարվածությունը ակներեւ դարձավ 2021-ին Անկարա կատարած այցի ժամանակ, երբ Միշելը խլեց Թուրքիայի նախագահի կողքին միակ հասանելի աթոռը՝ ֆոն դեր Լայենին թողնելով մոտակա բազմոցը, ինչը հայտնի դարձավ որպես «Սոֆագեյթ»: Ավելի ուշ ֆոն դեր Լայենը սեքսիզմի մեղադրանքներ հնչեցրեց Եվրախորհրդարանում:
Ոմանք ենթադրում են, որ Միշելը հավակնում է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարի պաշտոնում փոխարինել Ժոզեպ Բորելին,
որի հետ լավ հարաբերություններ ունի: Նրա ռազմավարությունը կլինի պետությունների ղեկավարներին առանձին-առանձին մի կողմ տանելը, այլ ոչ բոլորի մոտ բարձրագույն պաշտոնները միասին քննարկելը, ինչպես ավանդաբար կատարվում են այդ գործարքները, ասացին դիվանագետներից ու պաշտոնյաներից մի քանիսը:
Վիճակը բարդանում է նրանով, որ Միշելը նախագահում է բարձրագույն պաշտոնների բաշխման գործընթացը, որը տեղի կունենա ԵՄ ընտրություններից հետո, ինչպես նաեւ ԵՄ առաջնորդների որոշման գործընթացը, որը կարող է հանգեցնել ֆոն դեր Լայենի երկրորդ ժամկետին:

Լուսանկարը` REUTERS
«Միշելը թեկնածու չէ: Ինչպես նախագահը բազմիցս նշել է, նա ամբողջությամբ կենտրոնացած է եւ կկենտրոնանա իր աշխատանքի վրա՝ որպես Եվրոպական խորհրդի նախագահ, եւ միավորելու է Եվրոպական խորհուրդը էական որոշումներ կայացնելու հարցում», - ասաց Եվրոպական խորհրդի նախագահի խոսնակ Եկատերինա Կասինինժեն:
Վերջին մի քանի շաբաթների ընթացքում որոշ եվրոպական երկրներ ավելի ու ավելի են նյարդայնանում Միշելի իրական օրակարգից:
«Շատ անդամ երկրներ մտահոգված են, որ Շառլ Միշելը կառուցողական դեր չի խաղա, այլ անձնական վրեժխնդրության օրակարգ է հետապնդելու», - ասաց ԵՄ դիվանագետներից մեկը՝ ներկայացնելով իր գործընկերներից շատերի տրամադրությունը:
Մինչ պաշտոնյաները համաձայնություն են ձեռք բերում 27 պետությունների եւ կառավարությունների ղեկավարների միջեւ Եվրահանձնաժողովի, Եվրոպական խորհրդի եւ Եվրախորհրդարանի հաջորդ նախագահների, ինչպես նաեւ արտաքին քաղաքականության հաջորդ ղեկավարի վերաբերյալ, ոմանք վախենում են, որ Միշելը հնարավորությունն օգտագործում է քինախնդրության համար:
Թղթի վրա 65-ամյա ֆոն դեր Լայենը Եվրահանձնաժողովի նախագահի հավակնորդն է: 2019-ին աշխատանքի անցնելուց հետո ֆոն դեր Լայենի համբավը, որպես ճգնաժամի գլխավոր մենեջերի, բարձրացել է համաճարակի եւ Ռուսաստանի՝ Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման ժամանակ, մինչդեռ Միշելը դժգոհությունների, քննադատության եւ ծաղրի առարկա է դարձել: Նրա որոշումը՝ Եվրախորհրդարանի թեկնածու առաջադրվելու համար վաղաժամկետ թողնել իր աշխատանքը, հետո արագորեն հետ կանգնել այդ որոշումից, միայն մեծացրեց բելգիացի լիբերալների վրդովմունքը:

Լուսանկարը` REUTERS
Ֆոն դեր Լայենը ոչ միայն գործող նախագահն է. նրա Եվրոպական ժողովրդական կուսակցությունը հարցումներով առաջ է մրցակիցներից՝ ամուր հիմքեր տալով ֆոն դեր Լայենին իշխանության մեջ պահելու համար: Դժվար է տեսնել մեկ այլ թեկնածուի, որն կկարողանա տապալել նրան:
Տեսականորեն, հետեւաբար, ակնհայտ խաղ կլիներ, որ Միշելը արագորեն բաժաներ բարձր պաշտոնները՝ ամրագրելով ֆոն դեր Լայենի երկրորդ ժամկետը եւ լուծելով ղեկավարության գլուխկոտրուկը:
Եթե, իհարկե, հաշվի չառնենք Միշելի մյուս ենթադրյալ օրակարգային կետերը՝ խռովություն եւ ավելի մեծ իշխանություն:
«Ֆոն դեր Լայենի հետ համեմատությունը նա սկզբունքորեն սխալ եւ անարդար է համարում», - ասաց ԵՄ մեկ այլ դիվանագետ:
Ֆոն դեր Լայենի թիմը հրաժարվեց մեկնաբանություններից:
Դեկտեմբերի 1-ին՝ Միշելի պաշտոնավարման ավարտից հետո, այն չի կարող երկարաձգվել, եւ Բելգիայի նախկին վարչապետը հեռանալու ակնհայտ ռազմավարություն չունի: Ուրեմն ինչո՞ւ հրաժարվել մեկ այլ ազդեցիկ ԵՄ մակարդակի դերից:
Իսկ Միշելը ունի ֆոն դեր Լայենին թերահավատորեն վերաբերվողների բավական մեծ թիմ, որոնք պատրաստ են հարձակվելու եվրոպական ընտրություններից մի քանի օր առաջ:
Բրյուսելում որոշակի հակազդեցություն կա ֆոն դեր Լայենի հեղինակության եւ նրա ղեկավարության կենտրոնացված ոճի դեմ: Ֆրանսիան, որի նախագահ Էմանյուել Մակրոնի ձայնը առաջնորդների սեղանի շուրջ ամենակարեւորներից է, չի բարձրաձայնել իր աջակցությունը՝ երեւի զիջումներ կորզելու կամ վերեւի աղյուսակը փոփոխելու հնարավորության ակնկալիքով: Եվրախորհրդարանում սոցիալիստներն ու լիբերալները, որոնք ֆոն դեր Լայենի ԵԺԿ կոալիցիայի մաս են կազմում, ավելի ու ավելի հաճախ են քննադատում նրա հնարավոր համագործակցությունը աջակողմյան առաջնորդների եւ կուսակցությունների հետ:
ԵՄ դիվանագետներից մեկն ասաց, որ Միշելի դեպքում ամեն ինչ պտտվում է իր անձի շուրջ:

Լուսանկարը` REUTERS
Բայց վերոնշյալ ԵՄ դիվանագետները, որոնք ասում էին, որ Միշելը վրեժ է լուծում, թոթափեցին ուսերը, երբ խոսքը նրա՝ մեկ այլ բարձրագույն պաշտոն զբաղեցնելու մասին է, համարելով դա անհավանական: Միշելը շանս չունի, ասացին։
Բայց ավելի լավ է ռիսկի չդիմել, պնդում են նրանք: Հետեւաբար, ներկայիս ենթադրությունն այն է, որ ԵՄ 27 առաջնորդները հնարավորինս կշրջանցեն Միշելին բարձրաստիճան պաշտոնների քննարկման ժամանակ, երբ հունիսի 17-ին եւ հունիսի 27-28-ին Բրյուսելում հանդիպեն ավելի պաշտոնական քննարկումների համար:
ԵՄ մեկ այլ դիվանագետ հեգնանքով մեջբերեց մի արտահայտության, որը երբեմն օգտագործում է Միշելի աշխատակազմի ղեկավարը՝ ԵՄ անդամ երկրների առաջարկը տապալելու համար.
«Եվրամիության առաջնորդները այս սցենարի ախորժակ չունեն»:
Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: