«Անխորտակելի» Փաշինյանը, ապատիան եւ ընդդիմության դժվարությունները - Mediamax.am

3225 դիտում

«Անխորտակելի» Փաշինյանը, ապատիան եւ ընդդիմության դժվարությունները


Լուսանկարը` Ֆոտոլուր, ՀՀ կառավարություն

Արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը
Արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը
Արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Լուսանկարը` ՀՀ կառավարություն


Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Carnegie Politika կայքում հրապարակված Ալեքսանդր Ատասունցեւի Переживший поражения. Насколько армянские протесты опасны для Пашиняна հոդվածի հայերեն թարգմանությունը:

Ալեքսանդր Ատասունցեւ

Արդեն մի քանի շաբաթ է, ինչ Հայաստանը համակված է 2018 թվականի հեղափոխությունից ի վեր ամենազանգվածային բողոքի ցույցերով։ Հազարավոր մարդիկ ադրբեջանական սահմանից երթով շարժվեցին դեպի Երեւան, որտեղ այժմ փակում են ճանապարհները եւ պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ցուցարարները նրան մեղադրում են ազգային շահերը դավաճանելու եւ Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման ժամանակ տարածքային անհիմն զիջումների մեջ։

Կատարվողը որակում են Փաշինյանի համար ամենալուրջ մարտահրավեր իր իշխանության վեց տարիների ընթացքում։ Սակայն Հայաստանի ղեկավարը բազմիցս ցույց է տվել իր անխորտակելիությունը, եւ ներկայիս դիմակայության ելքը եւս կանխորոշված չէ։ Դա մեծապես կախված կլինի նրանից, թե արդյոք բողոքի առաջնորդները կկարողանան հաղթահարել հայ հասարակության ապատիան ու վախերը։

Նոր հանգամանքները

Փաշինյանը սովոր է զանգվածային հանրահավաքներին։ 2020 թվականին Ղարաբաղյան Երկրորդ պատերազմում Հայաստանի պարտությունից հետո ընդդիմությունը բազմիցս փորձել էր հասնել նրա հրաժարականին, ընդ որում՝ տարբեր ձեւերով։ Տեղի էին ունեցել եւ անկարգություններ՝ կառավարական շենքերի ավիրումով, եւ զինվորականների վերջնագրեր եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Սակայն հիմա իրավիճակը շատ ավելի լուրջ է՝ նախկինում երբեք այսքան մարդ դուրս չէր եկել փողոց՝ Փաշինյանից դժգոհություն հայտնելու։

Զանգվածային բնույթին նպաստել է այն, որ առաջին անգամ բողոքի ցույցերը ղեկավարում է ոչ թե քաղաքական գործիչը (ներկայիս կամ Ղարաբաղյան առաջին պատերազմի հաղթական դարաշրջանից), այլ բոլորովին այլ աշխարհից եկած, անցյալի սխալներով չպղծված մարդ՝ Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը։

Արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը Արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր


Այս բողոքների մեկ այլ առանձնահատկությունն այն է, որ շատ հարցերում դրանք կրկնօրինակում են 2018 թվականի Թավշյա հեղափոխության փորձը։ Սահմանամերձ Կիրանց գյուղից Հայաստանի մայրաքաղաք հասնելով՝ Գալստանյանը բազմահազարանոց հանրահավաք էր հրավիրել կառավարության շենքի դիմաց եւ պահանջել Փաշինյանի հրաժարականը։ Եվ այս պատմությունը դեռ ավարտված չէ. ցույցերն ու ճանապարհների փակումը շարունակվում են։

Բողոքներին հավելյալ սրություն է հաղորդել Հայաստանի քաղաքական կյանքի համար նոր գործոնը՝ ավելի քան 100 հազար ղարաբաղցի փախստականները։ Մոտ երեք միլիոն բնակչություն ունեցող երկրի համար դա տպավորիչ թիվ է։ Թեեւ ժամանակին չճանաչված, իսկ այժմ գոյություն չունեցող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակիչները նաեւ Հայաստանի քաղաքացիներ էին, նրանք չէին կարող քվեարկել հայաստանյան ընտրություններում մինչեւ իրենց հարկադրված տեղափոխումը: Այժմ այդ մարդիկ՝ հիմնականում Փաշինյանի քաղաքականության հակառակորդները, հնարավորություն ունեն ուղղակիորեն ազդելու Հայաստանի քաղաքականության վրա։

Ընդդիմության դժվարությունները

Սակայն դեռ վաղ է պնդել, որ Փաշինյանը դատապարտված է։ Հայաստանի վարչապետի աջակցության մակարդակն այժմ իսկապես ամենացածրերից է նրա ողջ կարիերայի ընթացքում։ Անցած տարվա դեկտեմբերին, այսինքն՝ սահմանազատումը սկսվելուց առաջ, նրան վստահում էր Հայաստանի քաղաքացիների միայն 17%-ը։

Սակայն Փաշինյանի հակառակորդները չեն կարող պարծենալ ժողովրդի կողմից սատարման անգամ այդ մակարդակով։ Մայիսին՝ ընթացիկ բողոքի ակցիաների մեկնարկից հետո, միայն 6,7%-ն է ասել, որ տեսնում է Գալստանյանին անցումային կառավարության ղեկավարի պաշտոնում։ Խորհրդարանական ընդդիմության ցուցանիշներն էլ ավելի վատն են։ Վարչապետի պաշտոնի հաջորդ ամենահայտնի թեկնածուն երկրի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է (1998–2008թթ․), սակայն նրան սատարում է ընդամենը 2,5%։

Լուսանկարը` ՀՀ կառավարություն


Հարցվածների ավելի քան 50%-ը չի սատարում ոչ մեկին ներկայիս քաղաքական գործիչներից։ 2020 թվականին սկսված միտումը՝ ընդհանուր առմամբ քաղաքականությունից հիասթափությունը, այսօր էլ է շարունակվում Հայաստանում։ Հայ հասարակության մեջ կոնսենսուս է առաջացել. մեղավորը միայն Փաշինյանը չէ, պատասխանատվություն են կրում նաեւ նրան նախորդած ղեկավարները, ովքեր բազմիցս ձախողել էին բանակցությունները Բաքվի հետ, չէին զբաղվում բանակի արդիականացմամբ, սխալվել են դաշնակիցներ ընտրելիս։

2020 թվականի պատերազմի պարտության հետ կապված ընդհանուր հուսահատությունը կարող էր անցյալում մնալ, եթե չլինեին մշտական հիշեցումները երկրի փխրուն դիրքի մասին: 2021 եւ 2022 թվականներին Ադրբեջանի հետ սահմանին մարտեր էին եղել, ինչի արդյունքում Բաքուն օկուպացրել էր հայկական տարածքի մի մասը։ 2023 թվականին տեղի ունեցավ հայերի արտաքսումը Լեռնային Ղարաբաղից եւ հույսերի վերջնական փլուզումը՝ կապված տարածաշրջանի հնարավոր պահպանման հետ՝ գոնե ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո։ Իսկ 2024 թվականը բերեց նոր նվաստացում՝ տարածքային զիջումներ սահմանների սահմանազատման ժամանակ՝ նոր պատերազմի սպառնալիքի ներքո։

Այս ամենը խորը ապատիայի մեջ է պահում հայ հասարակությանը։ Դա երեւում է ցանկացած մակարդակի ընտրություններում։ 2023 թվականի վերջին Երեւանի ավագանու ընտրություններին գրանցվել էր ռեկորդային ցածր մասնակցություն՝ 28%-ից մի փոքր ավելի:

Փաշինյանի անխորտակելիությունը մեծապես բացատրվում է նախկին առաջնորդների նկատմամբ անվստահությամբ եւ հասարակության իներցիայով։ Նրա իշխանությունը մեծապես հիմնված է պատերազմում կրած պարտությունից հետո Հայաստանի հետ կատարվող բոլոր դժբախտությունների անխուսափելիության զգացման վրա։ Երկրի բնակիչները կարծում են, որ այլ իշխանության օրոք եւս իրենք տարածքների զիջման եւ Ղարաբաղից հայերի վտարման ականատեսը կլինեին։

Լուսանկարը` ՀՀ կառավարություն


Շատ հայերի աչքում Փաշինյանը, իր բոլոր թերություններով հանդերձ, առնվազն ձգտում է խուսափել նոր պատերազմից։ Մինչդեռ ընդդիմությունը հասկացնում է, որ իշխանության գալու դեպքում ավելի ակտիվորեն հակադրվելու է Բաքվին։ Բայց նման սցենարը հղի է նոր ռազմական էսկալացիայով։ Ադրբեջանը չի թաքցնում անհրաժեշտության դեպքում վեճերը ուժային ճանապարհով լուծելու իր պատրաստակամությունը։ Եվ նա արդեն ցույց է տվել, որ իր համար հայկական սահմանն անձեռնմխելի չէ։

Իշխանափոխության մտավախությունն ավելի է սրվում երկրի հեղափոխական տխուր փորձից։ 2018 թվականին քաղաքացիական հասարակության հաղթանակը ի վերջո հանգեցրեց Հայաստանի նորագույն պատմության ամենամեծ ողբերգությանը` Ադրբեջանի հետ պատերազմին եւ Լեռնային Ղարաբաղի կորստին։

Դաշնակիցների բացակայությունը

2018-ի հեղափոխությունը Հայաստանում հաջող էր մի քանի հանգամանքների միախառնման շնորհիվ։ Նախ՝ ցուցարարներն ունեին ուժեղ էմոցիոնալ պատճառ՝ չսիրված նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության մնալու փորձը՝ չնայած իր նախագահական լիազորությունների ավարտին։

Երկրորդը՝ կարեւոր դեր էր խաղացել Սարգսյանի մերձավոր շրջապատում տեղի ունեցած պառակտումը։ Երրորդը՝ ցուցարարներն ունեին հզոր արտաքին դաշնակիցներ, ներառյալ հսկայական սփյուռքը: Իսկ նրանք, ովքեր կարող էին միջամտել, չէին միջամտում։ Ռուսաստանը զարմանալիորեն զուսպ էր արձագանքել՝ որոշելով զուգահեռներ չանցկացնել ուկրաինական Մայդանի հետ (չնայած նույնիսկ այն ժամանակ Մոսկվան չէր կարող չհասկանալ, որ Փաշինյանը շատ ավելի քիչ հարմար գործընկեր է լինելու, քան իր նախորդները)։

Այժմ, ի տարբերություն 2018 թվականի, Փաշինյանի ընդդիմախոսներն արդեն մի քանի շաբաթ է, ինչ չեն կարողանում գտնել միակ բացակայող ձայնը խորհրդարանում իմպիչմենտի գործընթացը սկսելու համար, մինչդեռ ցուցարարների բազմությունը հավաքվում է փողոցներում։ Խոսքը նույնիսկ չի գնում խորհրդարանում վարչապետի հրաժարականի համար անհրաժեշտ մեծամասնությունը հավաքելու մասին։
Արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը Արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր


Բացի այդ, ընդդիմությունը Հայաստանից դուրս ազդեցիկ դաշնակից չունի։ Իհարկե, ռուսամետ տեղեկատվական ռեսուրսները բացահայտորեն աջակցում են ցուցարարներին, իսկ Հայաստանի իշխանության հակառակորդների հանդեպ համակրանքի մասին վկայում է Ռուսաստանի Դաշնության պաշտոնական հայտարարությունների տոնայնությունը։ Սակայն դա ավելի շատ վնաս է հասցնում ընդդիմադիր շարժմանը` օգնելով նրան «ռուսամետ» պիտակ կպցնել: Մոսկվայի նկատմամբ վստահությունը, որը ժամանակին երկրի անվտանգության գլխավոր երաշխավորն էր, խաթարվել է․ հայերի 40%-ը Ռուսաստանին համարում է սպառնալիք, ամենավտանգավոր երրորդ երկիրը Ադրբեջանից (86%) եւ Թուրքիայից (82%) հետո։

Ռուսաստանի հանդեպ համընդհանուր հիասթափության ֆոնին Փաշինյանը առաջին պլան է մղել ԵՄ-ի հետ մերձեցման թեման։ Կարեւոր է նաեւ այն, որ Ռուսաստանի հետ ռազմական շփումների ցուցադրական կրճատումը դեռեւս չի խանգարել Փաշինյանին պահպանել նրա հետ տնտեսական գործընկերության առավելությունները։ Վարչապետը սառեցրել է երկրի մասնակցությունը ՀԱՊԿ-ին, սակայն շարունակում է մասնակցել ԵԱՏՄ-ի գագաթնաժողովներին։

Այս ամենը զրկում են ընդդիմությանը, որի ներկայացուցիչներից շատերը հայտնի են Ռուսաստանի հետ սերտ կապերով, «երկիրը փրկելու» այլընտրանքային ծրագիր առաջարկելու հնարավորությունից թե՛ ներքին ռեսուրսների մոբիլիզացիայի միջոցով, թե՛ արտաքին ուժերի օգնությամբ։

Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին