Նարեկ Սարգսյանը պարզաբանումներ է տվել Երեւանի անավարտ շինությունների վերաբերյալ - Mediamax.am

7561 դիտում

Նարեկ Սարգսյանը պարզաբանումներ է տվել Երեւանի անավարտ շինությունների վերաբերյալ


Սեւան հյուրանոց
Սեւան հյուրանոց

Լուսանկարը` Երեւանի պատմության թանգարան:

Կասկադ համալիր
Կասկադ համալիր

Լուսանկարը` Մեդիամաքս:

Կայարան
Կայարան

Լուսանկարը` Մեդիամաքս:

Երիտասարդական պալատ
Երիտասարդական պալատ

Լուսանկարը` Ա. Թարխանյանի արխիվից:


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն այսօր կայացած մամուլի ասուլիսում պարզաբանումներ է ներկայացրել, իր խոսքերով, "բոլորին հուզող” անավարտ շինությունների վերաբերյալ.

Սեւան հյուրանոցի սեփականատերերի հետ քննարկվել է հարեւանությամբ կառուցվող վարչական շենքերի նոր համալիրի նախագիծը: Վարչական համալիրի առաջին հատվածում նախ կտեղակայվի արտգործնախարարությունը, եւ նախին 7500 քառ. մ-ի փոխարեն այն կունենա 14000 քառ. մ տարածք, իսկ հետնամասում կտեղակայվեն արդարադատության եւ էներգետիկայի նախարարությունները: Առաջին գծի վրա շինությունը կունենա մինչեւ 6 հարկ, իսկ հետեւի հատվածում` մինչեւ 9 հարկ: Մշակվել է կառուցապատման նախագիծ, այժմ համակարգվում են հիմնական չափանիշներն ու կառուցապատման գործառույթները:

 

Երիտասարդական պալատի պարագայում ընդունվել է ճապոնացիների կողմից առաջարկված նախագիծը, որը, սակայն, ունի հարկայնության խնդիր: Նախագիծն ունի 2 մասնաշենք, որոնցից մեկը պետք է ունենա 150, իսկ մյուսը` 90 մ բարձրություն: Քաղաքապետարանը նրանց տվել է առաջադրանք մասնաշենքների բարձրությունը նվազեցնել մինչեւ, համապատասխանաբար, 122 եւ 70 մ: Այժմ ընթանում են բանակցություններ, որոնք, ամենայն հավանականությամբ, կավարտվեն ձմռանը, եւ գարնանը կսկսվեն շինարարական աշխատանքները: 

 

Դվին հյուրանոցը ժամանակին սեփականաշնորհվել է կառավարության կողմից, եւ այժմ համապատասխան բանակցություններ են տարվում հնարավոր գնորդների հետ:

Կասկադ համալիրի  ներկայացուցիչների հետ տարվել են արդյունավետ աշխատանքներ համալիրի աջ եւ ձախ հատվածներում առկա կիսակառույցները հին նախագծին համապատասխան ավարտին հասցնելու համար: Անհրաժեշտ լուծումները պետք է տրվեն` հաշվի առնելով ճարտարապետական հին շունչը եւ ոճը:

 

Մուլտի գրուպ ընկերությանը պատկանող կիսակառույցը Աբովյան փողոցի կողմից կարող է պահպանել հարկայնությունը, սակայն հետին պլանում նախատեսվող 18 հարկը Փոքր կենտրոնի կառուցապատման նոր չափանիշների համապատասխան պետք է նվազեցվի: Քննարկումներն ընթացքի մեջ են:

 

Պոլիտեխնիկի վերեւի հատվածի կիսակառույցների հետ կապված կան մի քանի դատական խնդիրներ, որոնց լուծում կտրվի առաջիկա ամիսների ընթացքում, եւ շինարարությունը կշարունակվի:

 

Կայարանի հրապարակին կից հատվածի կիսակառույցի հետ կապված բանակցությունները գրեթե ավարտվել են: Այն ամբողջությամբ քանդվելու է: 6-8 ամսից հետո նախատեսվում է այնտեղ սկսել “Սասունցի Դավիթ” կինոթատրոնի շինարարություն:

 

Անդրադառնալով Կառավարության կողմից  Փոքր կենտրոնի կառուցապատման վերաբերյալ օրինագծի մշակմանը` Նարեկ Սարգսյանը հույս է հայտնել, որ այն ի վերջո կտա մի շարք հարցերի պատասխաններ կենտրոնում շինությունների հարկայնության, խտության, սեյսմիկ անվտանգության եւ այլնի վերաբերյալ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին