Երեւանում կպայքարեն փողոցային առեւտրի դեմ - Mediamax.am

9308 դիտում

Երեւանում կպայքարեն փողոցային առեւտրի դեմ


Լուսանկարը` http://www.toptj.com


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը այսօր ասել է, որ մայրաքաղաքի տարբեր հատվածներում ապօրինի բացօթյա առեւտուրը վերջին շրջանում հասել է մեծ ծավալների, եւ հարկավոր է կտրուկ գործողությունների դիմել՝ ապօրինությունները կանխարգելելու համար:

Քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ընթացքում Արեյանն ընդգծել է, որ կան առեւտրի համար առանձնացված վայրեր, եւ քաղաքապետարանի ու վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի համապատասխան բաժինների խնդիրն է բացառել առեւտուրը դրա համար չնախատեսված վայրերում: Առավել եւս, որ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի պահանջներին համաձայն, կտրականապես արգելվում է մրգի, բանջարեղենի եւ այլ մթերքների բացօթյա վաճառքը:

 

ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Արտակ Պողոսյանը նշել է, որ իրենք պատրաստակամ են օգնություն ցուցաբերել քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակազմերին եւ վճռական պայքար ծավալել բացօթյա ապօրինի առեւտրի կանխարգելման ուղղությամբ:

 

Կամո Արեյանը նաեւ առաջարկել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը կտրուկ միջոցներ ձեռնարկել Հանրապետության հրապարակում եւ այլ վայրերում անհայտ ծագման գազի բալոնների օգտագործումն արգելելու ուղղությամբ, քանզի դրանց օգտագործումը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների: Դրանց միջոցով տեղում որոշ տեսակի քաղցրավենիքների պատրաստումը եւ վաճառքն առաջացրել է մարդկանց առողջությանը սպառնացող հակահիգիենիկ իրավիճակ: Այդ առումով քաղաքապետի պաշտոնակատարն առաջարկել է նաեւ ՀՀ առողջապահության նախարարությանը եւ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը կտրուկ քայլեր ձեռնարկել ստեղծված վիճակը վերացնելու ուղղությամբ:

 

Այսուհետ Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների առեւտրի պատասխանատուները ոստիկանական խմբերի ուղեկցությամբ օրվա տարբեր ժամերին մայրաքաղաքի տարբեր փողոցներում, մարդաշատ վայրերում, հրապարակներում, այգիներում եւ պուրակներում ամենօրյա շրջայցներ են իրականացնելու:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին