2018թ. ապրիլից այցելուները Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն կգան ոչ միայն ներկայացում դիտելու, այլեւ՝ ընթերցելու համար: Թատրոնի շենքում բացվելու է «Զանգակ» գրատունը:
Այն տարբերվելու է երեւանյան գրախանութներից: Ընթերցողին ոչ միայն գիրք է առաջարկելու, այլեւ՝ համապատասխան միջավայր, որտեղ կարելի է ընթերցել, հանդիպել գրողներին, խոսել գրականության մասին:
«Նախատեսել ենք հատվածներ, որտեղ մարդիկ կարող են նստել եւ աշխատել գրախանութում առկա գրքերով եւ կամ իրենց համակարգիչներով: Տեխնիկապես հագեցած առանձին հատված ենք ունենալու միջոցառումների համար. կլինի ընթերցողի եւ ստեղծագործողների հանդիպման յուրահատուկ վայր, կանցկացվեն վարպետության դասեր, ֆիլմերի դիտումներ:
Կունենանք առանձին մանկական սրահ, որտեղ երեխաները կխաղան ոչ թե խաղալիքներով, այլ ինտելեկտուալ խաղեր, միայն մանկական գրքեր կվաճառվեն: Մասնագիտական սրահը կլինի երկրորդ հարկում: Պատուհանագոգերը կդառնան սեղան, լուսամփոփեր կտեղադրվեն:
Ունենալու ենք սրճարան՝ սուրճ, թեյ, զովացուցիչ ըմպելիքներ, բայց խոհանոց չի լինելու: Դոմինանտը գրախանութն է, մյուսները ածանցյալ են: Կարելի է մի բաժակ սուրճով գիրք ընթերցել», - ասում է գրատան տնօրեն Արմեն Գասպարյանը:
Թատրոնում գրախանութ բացելու գաղափարը մշակույթի նախարար Արմեն Ամիրյանինն է: Ասում է՝ Երեւանում անհրաժեշտություն կար ստեղծելու նոր, ժամանակակից մոդելի գրախանութ, որը նաեւ ժամանցի վայր կլինի: Երկար տարիներ թատրոնի առաջին հարկը վարձակալությամբ տրված էր տարբեր ընկերությունների: Այսուհետ երկարաժամկետ վարձակալությամբ այն հանձնվելու է «Զանգակ» գրատանը:
«Թատրոնը մի քանի առումով շահեց. նախ՝ ֆինանսական միջոցներ ստանալով («Զանգակ»-ը վարձակալության համար ավելի շատ է վճարելու), երկրորդ՝ հավելյալ հանդիսատես է գալու թատրոն, նաեւ՝ շենքը վերանորոգվեց, միջավայրը փոխվեց: Թատրոնը կարծես նոր շունչ ու տեսք ստացավ, ձերբազատվեցինք ավտոմեքենաների վարձույթի, հուշանվերների եւ տարբեր տեսակի խանութներից: Թատրոնը կունենա գրականության սիրահարների հավելյալ հոսք, թատերասերներն էլ առիթ կունենան ծանոթանալու Հայաստանում ներկայացվող գրականությանը»,- Մեդիամաքսին ասել է Արմեն Ամիրյանը:
«Զանգակ»-ն արդեն 95 մլն դրամի ներդրում է կատարել: Գրատանը հատկացվել է թատրոնի գլխավոր մուտքից առաջին հարկի ձախ հատվածը եւ մի հատված էլ երկրորդ հարկի ճեմասրահից: Կ. Ստանիսլավսկու անվան թատրոնի շենքը Երեւանի առաջին կոնստրուկտիվիստական կառույցներից է, հեղինակները նշանավոր ճարտարապետներ Միքայել Մազմանյանը, Կարո Հալաբյանը եւ Գեւորգ Քոչարն են:
«Թատրոնի աշխատող ոչ մի հատված գրախանութին չի տրվել: Շենքը հին է, շատ խնդիրներ կան, որոնք պետք է հիմնովին լուծել: Ներքին եւ արտաքին աշխատանքներ կատարելիս՝ մեր ճարտարապետական խումբը (SNKH ճարտարապետական արվեստանոց) առավելագույնս պահպանել է շենքի կոնստրուկտիվիստական մոդելը: Պատուհանները, սյուների սալիկները փոխել, մոտեցրել ենք նախնական տեսքին, արտաքին հատվածի քարերը փոխարինվել են նույն քարերով»,-ասել է գրատան տնօրենը:
Նորաբաց գրատանը ներկայացված են լինելու հայաստանյան բոլոր հրատարակչությունները, նաեւ՝ արտերկրից ներկրված գրքեր:
Մշակույթի նախարարին խնդրեցինք մեկնաբանել գրախանութների տնօրենների հնչեցրած այն մտավախությունը, թե նույն փողոցում եւս մի գրատան ավելացումը կարող է խանգարել վաճառքին: Արմեն Ամիրյանը համաձայն չէ՝ որքան մեծ լինի մրցակցությունը, գործունեությունն այնքան արդյունավետ կլինի:
«Զանգակ»-ի տնօրենն էլ գրախանութ բացելը բիզնեսի տեսանկյունից համարում է ռիսկային, բայց՝ կարեւոր:
«Իրար կողքի նույն գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ինչ-որ իմաստով միշտ խանգարում են իրար: Բայց եթե նժարին դնենք՝ դրական կողմերն ավելի շատ են: Խթանելու է մրցակցությունը, ազդելու է տեսականու, գնի վրա, սպասարկման որակը կբարձրանա: Դրանից ընթերցողն անպայման շահելու է: Մյուս կողմից մշակույթ է ձեւավորվում, եւ Աբովյան փողոցը հայտնի կդառնա գրատներով»:
«Զանգակ»-ը կլինի առաջին, բայց ոչ միակ գրախանութը, որը կգործի թատրոնի շենքում: Հաջորդը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնն է: Մշակույթի նախարարությունը բանակցում է ներդրողների հետ: Եթե համաձայնության գան, այս տարի կսկսվի Մայր թատրոնի Ձմեռային այգում գրախանութի նախագծման աշխատանքները:
«Ընտրել ենք ամերիկյան Barnes & Noble գրախանութների մոդելին մոտ մի տարբերակ, երբ գրախանութում վաճառում է ամեն ինչ՝ սկսած շոկոլադից մինչեւ խաղալիքներ, գրենական պիտույքներ՝ կենտրոնում ունենալով գիրքն ու գրականությունը: Սա հետաքրքիր մոդել է, որն առաջարկվեց ամերիկյան փակվող գրախանութների փոխարեն: Հիմա դրանք ծաղկում են, դարձել են ընտանեկան ժամանցի վայր, որտեղ բոլորը կարող են գտնել իրենց հետաքրքրությունները՝ երեխաները խաղալիք գրքերի, հուշանվեր գրքերի, գրենական պիտույք գրքերի տեսքով եւ, իհարկե, լուրջ գրականության տեսքով»,- Մեդիամաքսին ասել է Արմեն Ամիրյանը:
Լուսինե Ղարիբյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: