Քննարկվում է Երեւանում ճոպանուղու կառուցումը - Mediamax.am

44487 դիտում

Քննարկվում է Երեւանում ճոպանուղու կառուցումը


Լուսանկարը` Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ավստրիական «Դոպելմայեր Սեյլբահենեն» ընկերության ծրագրերի ղեկավար Վալերի Յաշինի հետ քննարկել է մայրաքաղաքում նոր ճոպանուղու կառուցման ներդրումային ծրագրի իրականացման հնարավորությունները:

Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ավստրիական ընկերության ներկայացուցիչը Երեւանում էր քաղաքապետարանի հրավերով:

 

Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Երեւանում նոր ճոպանուղու կառուցումն էական նշանակություն կունենա հասարակական տրանսպորտի բարեփոխումների համատեքստում:

 

«Երեւանի քաղաքապետարանի որդեգրած քաղաքականությունն է՝ զարգացնել զբոսաշրջային ենթակառուցվածքները, ինչն իր հերթին կնպաստի Երեւանը զբոսաշրջային կենտրոն դարձնելու գաղափարի կյանքի կոչմանը: Ճոպանուղու կառուցումն այս տեսանկյունից, վստա՛հ եմ, էականորեն կխթանի ոլորտի զարգացումը: Երեւանի քաղաքապետարանն էլ պատրաստակամ է հնարավորինս աջակցելու ներդրումային նմանօրինակ ծրագրերի իրականացմանը»,- ասել է քաղաքապետը:

  

Վալերի Յաշինն էլ նշել է, որ հաշվի առնելով Երեւանի ռելիեֆային պայմաններն ու տրանսպորտային հոսքերի հետզհետե աճով պայմանավորված խցանումները՝ նոր ճոպանուղու կառուցումը կարող է որոշակիորեն բեռնաթափել մայրաքաղաքի փողոցների երթեւեկությունը:

 

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերել ձեւավորվելու համատեղ աշխատանքային խումբ, որը կիրականացնի մայրաքաղաքի ենթակառուցվածքների, ծրագրի իրագործման հնարավորությունների եւ տարբերակների մասնագիտական ուսումնասիրություն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին