«Էրեբունի-Երեւան»-ը կնշվի հոկտեմբերի 14-ին - Mediamax.am

43527 դիտում

«Էրեբունի-Երեւան»-ը կնշվի հոկտեմբերի 14-ին


Լուսանկարը` Photolure (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: Հոկտեմբերի 14-ին կնշվի Երեւանի հիմնադրման օրը: «Էրեբունի-Երեւան 2799» միջոցառումների համար այս տարի ընտրվել է «Երեւան՝ սիրո քաղաք» կարգախոսը:

Երեւանի քաղաքապետի տեղակալ, «Էրեբունի-Երեւան 2799» աշխատանքային խմբի համակարգող Արամ Սուքիասյանն այսօր տեղեկացրել է, որ Երեւանի տարբեր հատվածներում տեղակայված բեմահարթակներում կկազմակերպվեն ռոք, ջազ, դասական, նաեւ ազգային երաժշտության համերգային ծրագրեր: Արդեն երկրորդ տարին ծրագրում չի ներառվի ծավալով ամենամեծ՝ Հանրապետության հրապարակի տոնական գալա-համերգը:

 

Հոկտեմբերի 14-ին ժողովրդական արվեստի փառատոնային հարթակի կվերածվի Էրեբունի փողոցը: Կարապի լճի հարակից տարածքում էլ կտեղակայվեն լուսանկարչական տաղավարներ: Սարյանի անվան պուրակում նկարիչները կստեղծեն «Մեկ կտավ Երեւանիս» աշխատանքը, որը կնվիրաբերվի Երեւան քաղաքի պատմության թանգարանին: «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանի հարակից Խաչքարերի պուրակում էլ կբացվի «Հին ու նոր Երեւանս» խորագրով ցուցահանդեսը, կկայանա «Ես ու Երեւանս» մանկապատանեկան տոնական համերգը: Միջոցառումները կեզրափակվեն Ազատության հրապարակում երիտասարդական դիսկոտեկով եւ տոնական հրավառությամբ:

 

««Էրեբունի-Երեւան 2799» միջոցառումների շրջանակում կանցկացվեն մի շարք նոր ծրագրեր: Այդ թվում հոկտեմբերի 14-ին Հանրապետության հրապարակից կմեկնարկի օդագնացության միջազգային փառատոնը, որն առաջին անգամ է անցկացվելու Երեւանում: Առաջին անգամ կկազմակերպվի նաեւ «Խելացի քաղաք» ցուցադրությունը: Թամանյանի արձանի հարեւանությամբ տարբեր կրթարանների պատանիները կներկայացնեն իրենց ինտերակտիվ մոտեցումներն ու մտահղացումները: Քաղաքի օրվան նվիրված միջոցառումների ծրագրով սպասվում են նաեւ մի շարք հետաքրքիր մարզական նախաձեռնություններ: Բացի այդ, կլինեն բազմաթիվ անակնկալ ֆլեշմոբեր, որոնք կմեկնարկեն տարբեր վայրերում եւ տարբեր ժամերի»,- ասել է Արամ Սուքիասյանը:

 

Հոկտեմբերի 2-ից կմեկնարկի մայրաքաղաքի տարիքին համապատասխան՝ 2799 ընտանիքներին ցուցաբերվող աջակցության ծրագիրը, որում ընդգրկված են սոցիալական եւ հասարակական տարբեր խմբեր: Նրանց կտրամադրվի կենցաղային տեխնիկա:

 

Իսկ հոկտեմբերի 28-ին սահմանամերձ գոտիներում ծառայող երեւանաբնակ զինծառայողների ծնողները հնարավորություն կունենան այցելել իրենց զավակներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին