Երեւան: Մեդիամաքս: Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) մտադիր է տեղափոխել գործող Երեւանի կենդանաբանական այգին դեպի 50 հ տարածք ունեցող բուսաբանական եւ կենդանաբանական գոտի:
Ինչպես Մեդիամաքսի հետ զրույցում նշել է հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, «Կիրճ» կոչվող նախագիծը այցելուներին հնարավորություն կընձեռի ներկայացնելու Հարավային Կովկասի կենսաբանական եւ կենդանաբանական բազմազանությունը: «Նախագծի շրջանակներում մեր կլիմայական պայմաններին բնորոշ բուսական եւ կենդանական տեսակներ կներկայացվեն »,- ասել է նա:
Հիմնադրամի տնօրենը հավելել է, որ գոտու ստեղծման համար տարածքի հատկացման գործընթացով զբաղվում է «Երեւաննախագիծ» ինստիտուտը: Արդեն մի քանի տարածքներ են առաջարկվել: Խաչատրյանի խոսքերով, Երեւանի քաղաքապետարանը եւ ՀՀ բնապահպանության նախարարությունը արդեն տվել են իրենց համաձայնությունը: Ֆինանսավորման հարցում իր հետքրքրվածությունն է հայտնել Գերմանական զարգացման բանկը (KfW): «Բանկը մտադիր է տեխնիկատնտեսական գնահատում եւ փորձաքննություն անցկացնել»,- հայտնել է հիմնադրամի տնօրենը:
Նախագծի հեղինակները ծրագրում են, որ շինարարական աշխատանքները կարող են ավարտվել 2-3 տարիների ընթացքում, այսինքն` նոր կենսաբանական եւ կենդանաբանական գոտին պատրաստ կլինի 2014 թվականին:
«Ապագայում այդ տարածքը այն գոտիներից կդառնա, որտեղ ողջ ընտանիքը կարող է իր հանգիստը վայելել: Երեխաները բնության հետ շփման շնորհիվ կստանան անհրաժեշտ կրթություն», - հավելել է Ռուբեն Խաչատրյանը:
Նախատեսվում է, որ այդ գոտում ապրող կենդանիները կլինեն գրեթե ազատ պայմաններում: Այցելուները կկարողանան շփվել կենդանիների հետ առանց որեւէ խոչընդոտի, իսկ որոշ կենդանատեսակների դեպքում կլինեն ապակյա կամ ջրային արգելքներ:
Մեդիամաքսի հետ զրույցում Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայկական ներկայացուցչության տնօրեն Կարեն Մանվելյանը հայտնել է, որ նա դեմ կլինի այդ նախագծին, եթե այն իրականցվի Հրազդանի կիրճի տարածքում: «Նման նախագծի համար հարթավայր է հարկավոր, փոքր բլուրները չեն խանգարի, սակայն տարածքը չպետք է կիրճում լինի: Մեր պայմաններում այդ տարածքում կենդանիների գտնվելը կհանգեցնի հողի էրոզիայի, իսկ եղջերավորները կդեգրադացվեն»,- պարզաբանել է փորձագետը: Նա նաեւ հավելել է, որ Երեւանի տարածքում նման գոտիներ գրեթե չկան:
Բացի այդ, Կարեն Մանվելյանի խոսքերով, ով երկար ժամանակ Երեւանյան կենդանաբանական այգում է աշխատել, թափոններն էլ ավելի կաղտոտեն այդ տարածքով հոսող Հրազդան գետը:
Իր հերթին Երեւանի կենդանաբանական այգու տնօրեն Սահակ Աբովյանը հայտնել է Մեդիամաքսին, որ նոր գոտու կառուցման փոխարեն պետք է կապիտալ վերանորոգել գործող կենդանաբանական այգին: Նա նշել է, որ կենդանաբանական այգին ստեղծման օրվանից` 1941 թվականից, ոչ մի անգամ կապիտալ չի վերանորոգվել:
2009 թվականին ՀՀ Կառավարությունը պետք է 2 մլն ԱՄՆ դոլար հատկացներ կենդանաբանական այգու վերափոխման երեք տարի տեւողությամբ ծրագրի իրականացման համար: Տնօրենի խոսքերով, այդ գումարից տրամադրվել է միայն 57 մլն դրամ, իսկ մնացածը տնտեսական ճգնաժամի հետեւանքով սառեցվել է: Տրամադրված միջոցներով կենդանաբանական այգում նոր լուսավորում է անցկացվել, նոր ջրագիծ է կառուցվել, ինչպես նաեւ ասֆալտպատվել է կենդանաբանական այգու մի մասը:
Սահակ Աբովյանը հայտնել է, որ ընթացիկ տարում նախատեսվում է 50 մլն դրամ ուղղել գազաֆիկացմանը, սանհանգույցների տեղադրմանը եւ այգու վերանորոգմանը: