Երեւանում կմշակվի երթուղային նոր ցանց - Mediamax.am

16927 դիտում

Երեւանում կմշակվի երթուղային նոր ցանց


Լուսանկարը` Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանն այսօր հանդիպել է մայրաքաղաքում երթուղային նոր ցանցի ձեւավորման «Դաբլյու Վայ Ջի Ինթերնեյշնլ լիմիթիդ» խորհրդատվական ընկերության տնօրեն Ռիչարդ Բարլեյի հետ:

Քաղաքապետարանի տարածած հաղորդագրության համաձայն` ընկերության հետ կնքված պայմանագրով առաջիկայում կմշակվի երթուղային նոր ցանց, ինչպես նաեւ` ինտեգրված սակագնի եւ տոմսային համակարգ:

 

«Գործող տրանսպորտային համակարգն արդյունավետ չէ, եւ շուրջ երկու տարի առաջ այս ուղղությամբ սկսված գործընթացի արդյունքներն ու ձեռքբերումները մեզ համար, ցավոք, բավարար չեն: Այժմ, նոր խորհրդատուի առկայությամբ մենք ակնկալում ենք, որ բարեփոխումները կմտնեն գործնական փուլ եւ դրանք առաջին հերթին պետք է սկսվեն երթուղային նոր ցանցի տեխնիկական մշակումից: Նշեմ, որ կան որոշակի ուսումնասիրություններ, այդ թվում ուղեւորահոսքի եւ առկա վիճակի վերաբերյալ»,- ասել է Վահե Նիկոյանը:

 

Նրա խոսքով՝ քաղաքապետարանը գնում է համակարգային բարեփոխումների եւ ակնկալում է ունենալ արդյունավետ ցանց, որը հիմնված կլինի մանրամասն ուսումնասիրությունների վրա, հնարավորին կբացառվեն կրկնվող երթուղագծերը:

 

«Բացի այդ, կարեւոր է, որ, մեր բնակչությանը հնարավորին քիչ անհարմարություններ պատճառելով, ձեւավորենք եւ ունենանք միջազգային չափորոշիչներին համապատասխանող եւ առավելագույն արդյունավետ երթուղային նոր ցանց»,- ընդգծել է Վահե Նիկոյանը:

 

Ռիչարդ Բարլեյը նշել է, որ ընկերությունն առաջիկա ամիսներին կկազմի երթուղային նոր ցանցի նախնական առաջարկը:

 

Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ կձեւավորվի նաեւ միջգերատեսչական հանձնաժողով: Ընկերության կողմից մշակված առաջարկները ներկայացվելու են նաեւ հանրային քննարկման:

 

Հանդիպմանը մասնակցել են նաեւ ենթախորհրդատուներ «Ամերիա» ՓԲ եւ «Ֆիմոշնս» ընկերությունների ներկայացուցիչները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին