exclusive
21984 դիտում

Պոնչիկանոցը եւ Կինոգործիչների շենքը` կենդանի պատմություն

Մեդիամաքս-ի «Երեւան. XX-րդ դար» հատուկ նախագծի այսօրվա «հերոսը» Պոնչիկանոցն է եւ այն բնակելի շենքը, որտեղ տեղակայված է հանրահայտ սրճարանը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Լ. Կարսյանի արխիվից

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Լ. Կարսյանի արխիվից

Լուսանկարը` Լ. Կարսյանի արխիվից

Լուսանկարը` Լ. Կարսյանի արխիվից

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Լ. Կարսյանի արխիվից

Լուսանկարը` Լ. Կարսյանի արխիվից

Լուսանկարը` Լ. Կարսյանի արխիվից

Լուսանկարը` Լ. Կարսյանի արխիվից

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Լ. Կարսյանի արխիվից

Լուսանկարը` Լ. Կարսյանի արխիվից

Լուսանկարը` Լ. Կարսյանի արխիվից

Լուսանկարը` Լ. Կարսյանի արխիվից

Լուսանկարը` Լ. Կարսյանի արխիվից


Մեդիամաքս-ի «Երեւան. XX-րդ դար» հատուկ նախագծի այսօրվա «հերոսը» Պոնչիկանոցն է եւ այն բնակելի շենքը, որտեղ տեղակայված է հանրահայտ սրճարանը:

Աշխատելով այս նյութի վրա, շատ նոր բաներ իմացանք: Երբեք չէինք պատկերացնի, որ 1965 թվականին Երեւանի երիտասարդները Հայոց Ցեղասպանության 50-րդ տարելիցի միջոցառումները քննարկում էին նաեւ Պոնչիկանոցում: Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցի շնորհիվ հետաքրքիր պատմություններ իմացանք շենքի բնակիչների` հայ կինոյի մեծերի մասին: Անչափ հետաքրքիր էր զրուցել շենքի նախագծի հեղինակի` Հայաստանի առաջին կին ճարտարապետի, 104-ամյա Աննա Տեր-Ավետիքյանի հետ: Հուսով ենք, որ հաճույքով կկարդաք այս նյութը:

Լուսանկարիչ Արմեն Խանոյան` կրեմով պոնչիկը շատ էինք սիրում

Եթե դպրոցում ազատ ժամեր էին լինում, վազում էինք Պոնչիկանոց: Երկու տեսակի պոնչիկներ կային՝ կրեմով եւ ջեմով: Ավելի ուշ սկսեցին նաեւ «պիշկաներ» պատրաստել: Ջեմովն արժեր 3 կոպեկ, կրեմովը՝ 5 կոպեկ: Կրեմովը շատ էինք սիրում, պատվիրում էինք ոչ թե հատով, այլ «սինիով»: Այնտեղի վաճառողուհին՝ Ծովիկը, մեզ ճանաչում էր: Երբ տեսնում էր, միանգամից հարցնում էր. «Քա՞նի հատ սինի բերեմ»:

Շատ էինք զարմանում, երբ հանդիպում էինք այնտեղ մեր դասատուներին: Այն ժամանակ մեզ համար դասղեկին դպրոցից դուրս հանդիպելը,   այն էլ Պոնչիկանոցում` պարզապես անհավատալի էր թվում: Պոնչիկանոց սիրում էինք գնալ նաեւ ինստիտուտի  տարիներին: Չնայած այն համարվում էր Պոլիտեխնիկի ուսանողների սիրված վայրը, մենք՝ Ժողտնտեսության ինստիտուտի ուսանողներս, ոչ պակաս էինք սիրում այնտեղ գնալ:

Ռուբեն Գեւորգյանց. մանկությունս անցել է այդ շենքում
հուշեր
Ռուբեն Գեւորգյանց. մանկությունս անցել է այդ շենքում

Ճարտարապետ Ռուբեն Հասրաթյան` Պոնչիկանոցը ակումբ էր, մտքերի փոխանակման շտաբ

Պոնչիկանոցը Երեւանում առաջին սրճարաններից էր: Այն շատ դրական լիցքեր հաղորդեց երեւանցիներին: Նրանք հպարտանում էին, որ Երեւանը ԽՍՀՄ-ի առաջին քաղաքներից էր, որը սրճարան ունեցավ:

Շատ երիտասարդ էինք, երբ Պոնչիկանոցը բացվեց: Կուրսի տղաներով եկանք տեսնելու: Սուրճ հասկացողությունը այն ժամանակ Երեւանում չկար, միայն սփյուռքից եկածներն ունեին: Սուրճի սարքի առաջին հունգարական մեքենան հենց այստեղ դրվեց: Հին սրճարանում փայտե դռներ կային, որոնք ապագայում փոխարինվեցին մետաղականով: Նման փայտե դռներ նույնիսկ Թիֆլիսում չկային: Սրճարանում բարերի կահույքը հիշեցնող բարձր աթոռներ ու սեղաններ էին դրված: Երեւանցիները երկար սովորում էին, թե ինչպես հարմարվել այդ բարձր աթոռներին:


1999թ. Լուսանկարը՝ “Գրանդ Քենդի”-ի արխիվից:


2010թ. Լուսանկարը՝ “Գրանդ Քենդի”-ի արխիվից:

Ի դեպ, հենց ժողովուրդը անվանեց այս սրճարանը “Պոնչիկանոց”: Նախկինում այդտեղ հացի խանութ էր:

Մի օր այնտեղ էինք. մոտ 40 տարեկան մի մարդ էր նստած: Ծխախոտը հատակին նետեց, կողքի սեղաններից 16-17 տարեկան մի երիտասարդ մոտեցավ նրան ու շատ խիստ ձայնով նախատեց` “Չես ամաչում, շուտ բարձրացրու”: Նա տեղից վեր կացավ, ներողություն խնդրեց ու բարձրացրեց ծխախոտը: Հետո տղայի հետ միասին դուրս եկան: Բոլորս անհանգստացանք, պարզվեց, որ այդ անձնավորությունը տեղական ազդեցիկ “հեղինակություններից” է: Քիչ անց տղան ժպտալով ներս մտավ ու պատմեց, որ այդ մարդը դրսում ասաց նրան` “Ապրես, այդպես տիրություն արա Երեւանին”: Ասացինք նրան, թե ում հետ է խոսել` տղան խառնվեց իրար, անհանգստացավ: Այդ մթնոլորտը նույնիսկ նման մակարդակի մարդկանց մոտ էր արթնացնում ուշադրությունը Երեւանի հանդեպ:

1963-64 թվականներին Պոնչիկանոցի տնօրենը մոտ 40 տարեկան շատ գեղեցկադեմ մի տղամարդ էր` ազդեցիկ դիմագծերով, ընտիր հագուկապով, սպիտակ փողկապով: Շատ խիստ անձնավորություն էր ու մաքրությունը խստորեն պահպանում էր:

Պոնչիկանոցը ակումբային բնույթ սկսեց կրել ու հավաքատեղի դարձավ ուսանողության համար: Կոնսերվատորիայի մոտ գտնվելը մեծ դեր ուներ, այնտեղ գեղեցիկ աղջիկներ էին սովորում, պոլիտեխնիկի, “Զոովետի” ու Գյուղատնտեսականի տղաները մագնիսի նման հավաքվում էին Պոնչիկանոցում:

Ուսանողները այստեղ ժամերով նստում էին` ինչ-որ բան քննարկում, բանավեճում: Պոնչիկանոցը մի ակումբ էր, շտաբ՝ մտքերի, գաղափարների փոխանակման վայր: 


1999թ. Լուսանկարը՝ “Գրանդ Քենդի”-ի արխիվից:


2000թ. Լուսանկարը՝ “Գրանդ Քենդի”-ի արխիվից:


2010թ. Լուսանկարը՝ “Գրանդ Քենդի”-ի արխիվից:

Ճանաչված արվեստագետները եւս գալիս էին Պոնչիկանոց, մասնակցում քննարկումներին, հանդիպում էին իրենց ուսանողներին ու շփվում երիտասարդության հետ:

1965 թվականին Պոնչիկանոցը շատ մեծ դեր ունեցավ երեւանյան կյանքում: Երեւանցիները նախապատրաստվում էին Ցեղասպանության 50-րդ տարելիցին: Դա կարելի է համարել առաջին ազգային պոռթկումը եւ Պոնչիկանոցը իր ուրույն դերը խաղաց: Ապրիլի 24-ից երկու-երեք օր առաջ Պոնչիկանոցում անընդմեջ հավաքներ էին լինում, ծրագրավորվում էին միջոցառումները, ժողովրդի հավաքները եւ այլն:

1966 թվականին տղաներով իջնում էինք փողոցով: Տեսանք, որ Պոնչիկանոցի մուտքի մոտ, նաեւ ներսում, սովորականից ավել տղաներ են հավաքվել: Հարցուփորձ արեցինք, պարզվեց` Գրոզնի են գնում` Երեւան-Կայրատ ֆուտբոլային հանդիպմանը` Պոնչիկանոցը կրկին հանդես եկավ որպես հավաքատեղի:
Ռուբեն Գեւորգյանց. КГБ-ի խորհրդավոր բնակարանը
հուշեր
Ռուբեն Գեւորգյանց. КГБ-ի խորհրդավոր բնակարանը

Մի անգամ հանդիպեցինք Թիֆլիսի ճարտարապետականի ուսանողների հետ: Ինձ համար այնքան հաճելի էր լսել, թե որքան մեծ նախանձով էին խոսում այն մասին, որ Երեւանը նման հավաքատեղի ունի: Նրանք ասում էին, որ մենք 50 տարով նրանցից առաջ ենք անցել: Շատ զարմացած էին, որ տղաներն ու աղջիկները կարող էին հավաքվել միեւնույն վայրում` առանց միջադեպերի:

Կենտկոմի քարտուղար Յակով Զարոբյանը նպաստեց այդ սրճարանի բացմանը. նման թվացյալ մանր շտրիխներով երեւանցիների մեջ արթնացնում էր ազգային ինքնագիտակցությունը, հպարտությունը, արժանապատվությունն ու ժողովրդի միջից դուրս էր գալիս վախը: Թվում է, թե Պոնչիկանոցը ընդամենը վայր է, բայց ես այդպես չեմ կարծում: Երեւանը առաջին քաղաքներից մեկն էր, որտեղ  երիտասարդությունը ունեցավ մի վայր, որտեղ համարձակորեն ու անկաշկանդ կարող էր խոսել քաղաքականությունից, մշակույթից, դժգոհություններից:

Պոնչիկանոցի տակը փուռ կար: Լույս չեղած տարիներին մեր թաղի տղերքը աշխատացրեցին այն: Ընտիր մատնաքաշ էին թխում: Մեզ ասացին, որ կարող ենք ուշ գիշերը գնալ ու առանց տալոնի հաց գնել: Գնացի, պարզվեց, որ մեզ դեմքով ճանաչում են, որպես հին երեւանցիների: Ինձ երեք մատնաքաշ տվեցին: Այդպես, Պոնչիկանոցն օգնեց մեզ այդ դժվար տարիներին:

Բանասեր Ռուզաննա Պերճյան ` Հիշում եմ մեծ սինիները

Հիշում եմ, որ հաճախ դասերից հետո դասարանի մի քանի երեխաներով գնում էինք Պոնչիկանոց: 1968-1970 թվականներն էին: Սովորում էի Չեխովի անվան դպրոցում, իսկ ապրում էի Կասկադում, եւ Պոնչիկանոցը բավականին մոտ էր: Միշտ մեծ հերթեր կային` մեր դասարանի ճարպիկ տղաները մեզ դրսում էին թողնում, իսկ նրանք առաջ էին մղվում եւ մի կերպ այդ մեծ ամբոխի մեջից կարողանում էին մեզ համար 5 կոպեկ արժողությամբ պոնչիկ գնել: Մեր հարեւանուհիներից մեկն այնտեղ էր աշխատում եւ փորձում էր մեզ առանց հերթ սպասարկել: Շատ լավ հիշում եմ այն մեծ սինիները, որոնց վրա դրվում էին այդ համեղ, փափուկ պոնչիկները: Աշխատողները պարտադիր սպիտակ խալաթներ էին կրում, ոչ միշտ մաքուր: Բացի պոնչիկներից` կակաո էին նաեւ վաճառում, այն պոնչիկից մի քանի կոպեկ ավելի թանկ արժեր:
Ռուբեն Գեւորգյանց. փրկություն վերնահարկում
հուշեր
Ռուբեն Գեւորգյանց. փրկություն վերնահարկում

Սրահում, բացի մեծ սեղանից, որտեղ դրված էին պոնչիկներով սինիները, կային նաեւ մի քանի սեղաններ, սակայն այնտեղ երբեք մոտենալ չէր ստացվում մարդկանց բազմության պատճառով: Դպրոցականներիս համար Պոնչիկանոց գնալն իսկական քաղցր եւ հաճելի արկած էր միշտ լինում: Այժմյան պոնչիկի եւ այն ժամանակվա պոնչիկի համը շատ չի տարբերվում, ուղղակի այն ժամանակ խմորը կարծես ավելի նուրբ էր:

Աննա Տեր-Ավետիքյան` Պետք է պահպանել ժամանակների կապը

Չնայած պատկառելի տարիքին, տան ճարտարապետ Աննա Տեր-Ավետիքյանը համաձայնեց զրուցել Մեդիամաքս-ի թղթակիցների հետ:

Երբ աշխատում էի Կորյունի եւ Մաշտոցի հատույթի բնակելի շենքի նախագծի վրա, գիտեի, որ այն կինեմատոգրաֆիստների համար է նախատեսված լինելու:

Ընդհանուր առմամբ, հեղինակել եմ Հայաստանի տարածքում գտնվող մոտ 40 շենքեր, որոնց թվում են` Երեւանի Աբովյան փողոցում գտնվող բնակելի շենքերից մեկը, Աբովյան-Կորյուն փողոցների հատույթում (Ուրարտու խանութի) բնակելի շենքը, Բաղրամյան-Մոսկովյան փողոցների հատույթում գտնվող բնակելի շենքը, Մայակովսկու անվան դպրոցը: Ամուսնուս հետ համատեղ նախագծել ենք Ոստիկանության շենքը, Սախարովի հրապարակի վրա տեղակայված Երեւանի հրշեջ կայանի շենքը, արդեն գոյություն չունեցող “Սասունցի Դավիթ” կինոթատրոնի շենքը:
Աննա Տեր-Ավետիքյան
դոսյե
Աննա Տեր-Ավետիքյան

Շենքերից որեւէ մեկը առանձնացնել չեմ կարող, մի՞թե կարելի է ասել, թե երեխաներիցդ ով է ամենասիրելին:

Բոլոր շենքերս կառուցված են ազգային ոճով: Դա պայմանավորված էր ոչ միայն ավանդույթներով, այլեւ սեյսմիկ ու կլիմայական պայմաններով, ազգային հոգեբանության նրբություններով:


Աննա Տեր-Ավետիքյանը
Լուսանկարը` Մեդիամաքս:

Բոլոր քաղաքները փոխվում են, եւ դա բնական է: Լինում են ծաղկման ու անկման շրջաններ: Սակայն քաղաքը կառուցում են մարդիկ եւ հենց իրենց շնորհիվ է ստեղծվում  քաղաքի մթնոլորտը: Պետք է պահել նաեւ հին քաղաքը, պահպանել ժամանակների կապը` դա դաստիարակում է մարդկանց, կապում իրենց պատմությանը եւ արմատներին:

Լրագրող Մարինա Բրուտյան` Ամռանը կրեմով փքաբլիթ չկար

Ապրում էի “Պոնչիկանոցի” դիմաց: Շաբաթը մի երկու անգամ, հատկապես` շաբաթ օրը առավոտյան, “Նաիրի”  կինոթատրոնում մուլտիպլիկացիոն կինոնկար դիտելուց հետո գնում եինք “Պոնչիկանոց”:

Այն ժամանակ այդ սրճարանը ուրիշ անուն էր կրում: Չեմ հիշում ինչպես էր կոչվում, բայց եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, մուտքի վրա փակցված էր “Փքաբլիթ” բառը:
 
Մինչեւ հիմա հիշում են այնտեղի փքաբլիթների եւ կակաոյի համը: Հինգ կոպեկ էր պոնչիկի գինը: Բայց կար նաեւ երեք կոպեկանոց պոնչիկ` ջեմով: Ամռանը կրեմով փքաբլիթ չկար ՝ համարում էին, որ ամռանը կրեմով փքաբլիթը վտանգավոր է առողջության համար:

Ճարտարապետ Զառա Մամյան` ուսանողները «գրոհում» էին Պոնչիկանոցը
 
Պոնչիկանոց հաճախել ենք մեր ուսանողական տարիներին, դա 1990-ականների սկզբներին էր: Այն ժամանակ պոնչիկի գինը 5 կոպեկից դարձավ 15 կոպեկ, ինչը բավականին խփեց ուսանողներիս գրպանին:

Պոնչիկանոցը, ինչպես նաեւ Կասկադի մոտի “Թեմուրնոցը”, որը հայտնի էր իր խորոված կարտոֆիլով, եւ Մաշտոցի-Մոսկովյան խաչմերուկից մի քիչ վերեւ գտնվող լահմաջոանոցը, ուսանողների սիրած վայրերն էին:

Պոնչիկանոցի դիմաց գտնվում էր “Երեւաննախագիծ”  ինստիտուտը, եւ ընդմիջման ժամերին ինստիտուտի աշխատողները, Պոլիտեխնիկի եւ Գեղարվեստի ինստիտուտի ուսանողները «գրոհում» էին Պոնչիկանոցը:

Դիզայներ Լեւոն Կարսյան` Պոնչիկանոցի վերածնունդը

Պոնչիկանոցը փակվեց 1990 թ-ին: Դրանից հետո այնտեղ ինչ-որ ժամանակ կահույքի խանութ էր գործում, որը շուտով փակվեց եւ տարածքը կրկին վերավաճառվեց: Հետո, երբ գործարար Հրանտ Վարդանյանը որոշեց վերածնունդ տալ Պոնչիկանոցին, ես ընդգրկվեցի այդ գործում որպես դիզայներ-խորհրդատու:
Ռուբեն Գեւորգյանց. մի անգամ 50 հատ պոնչիկ փախցրինք
հուշեր
Ռուբեն Գեւորգյանց. մի անգամ 50 հատ պոնչիկ փախցրինք

2000 թվականի փետրվարին վերակառուցված Պոնչիկանոցն արդեն պատրաստ էր: Քանի որ երկրորդ հարկն ավելացավ, գնացքի գաղափարը ավելի հետաքրքիր թվաց: Տարբեր ռակուրսներից գնացքը դուրս էր գալիս այցելուների դիմաց: Այն որոշակի դինամիկա է ավելացնում Պոնչիկանոցին եւ դուր է գալիս երեխաներին: Գույնզգույն դռներն ու պատուհանները առավել «համով», «կոնֆետային» դարձրեցին Պոնչիկանոցը:



Հենց  մանկական հիշողություններս խթան դարձան` մեծ ջերմությամբ ու հավեսով աշխատելու համար: Աշխատանքիս հիմքում մասնավորապես ոգեւորությունն էր ընկած, որովհետեւ մտածում էի` սա մեր պատմությունն է, ամոթ կլինի, եթե կորչի: Հիշում եմ, նույնիսկ մենյուն ձեւավորելիս, կակաոյի փոխարեն գրել էինք «կակավո»:

Երբ վերակառուցված Պոնչիկանոցը բացվեց, ամբողջ քաղաքն այնտեղ էր` շարժվելու տեղ չկար: Մարդիկ այնքան շատ էին, որ մաս-մաս էին ներս մտնում: Բացումից հետո էլ այցելուները շատ-շատ էին, նույնիսկ մարզերից ավտոբուսներով էին գալիս:


Լուսանկարը` Լ. Կարսյանի արխիվից:

Ընդլայնվեց նաեւ Պոնչիկանոցի արտադրամասը: Հետաքրքրվեցինք ու գտանք այն տատիկներին, որ նախկինում աշխատել են այստեղ: Նրանք սկսեցին կրկին աշխատել Պոնչիկանոցում ու պահպանեցին պոնչիկների հին համի ավանդույթը: Այսպիսով, նոր սերունդը, որը չի տեսել եւ չգիտի, թե ժամանակին այստեղ ինչ յուրահատուկ մթնոլորտ էր տիրում, հնարավորություն ստացավ իմանալ մեր հին ու սիրված Պոնչիկանոցի պոնչիկների համը: 

“Գրանդ Քենդի” ընկերության սեփականատեր Կարեն Վարդանյան
 

Կարեն եւ Հրանտ Վարդանյանները Պոնչիկանոցի բացմանը:

Հայրս` Հրանտ Վարդանյանը, մեծ սեր ունի մեր քաղաքային ավանդույթների նկատմամբ: Ուսանողական տարիներին, երբ սովորում էր Երեւանի Պոլիտեխնիկական ինստիտուտում, հաճախ էր այցելում Պոնչիկանոց: Սա էր պատճառը, որ նա չցանկացավ մոռանալ այն եւ որոշեց վերածնունդ տալ հին ու բարի քաղաքային ավանդույթին եւ վերականգնել Պոնչիկանոցը, որը վերածվել էր գրասենյակային տարածքի:

2000թ. հայրս ձեռք բերեց Պոնչիկանոցը: Նոր Պոնչիկանոցը կառուցվեց բոլորովին նոր տեսքով: Այդ ժամանակ ես ուսանող էի Մոնրեալ քաղաքում եւ եկել էի Հայաստան ամառային հանգիստը անցկացնելու: Սակայն հանգստանալու փոխարեն ես ու հայրս ողջ ամառը նվիրեցինք Պոնչիկանոցի վերականգմանը:

Նոր Պոնչիկանոցի բացման արարողությունը տեղի ունեցավ 2000 թ. սեպտեմբերի 1-ին: Բացելուց հետո միայն հասկացանք, թե որքան մեծ էր մեր համաքաղաքացիների կարոտը Պոնչիկանոցի նկատմամբ: Այցելուների ահռելի հերթեր էին գոյանում: Պոնչիկանոց այցելում էին բոլորը` նախարարից մինչեւ բանվոր: Բոլորն էլ կարգապահ հերթ էին կանգնում իրենց սիրելի պոնչիկները վայելելու համար:

Պոնչիկի գինը սահմանեցինք 50 դրամ, որպես նախկին 5 կոպեկի համարժեք: Տեսնելով, թե որքան մեծ է մարդկային հոսքը, որոշեցինք մեծացնել Պոնչիկանոցի տարածքը: Հարեւանությամբ գործում էր համակարգչային խաղասրահ: Նոյեմբեր ամսին դիմեցինք մեր հարեւանին եւ նա համաձայնվեց վաճառել այդ տարածքը: Այդ տարածքն էլ վերածեցինք Պոնչիկանոցի:


2000թ. Լուսանկարը՝ “Գրանդ Քենդի”-ի արխիվից:


2010թ. Լուսանկարը՝ “Գրանդ Քենդի”-ի արխիվից:

Ընդլայնման շնորհիվ Պոնչիկանոցն այժմ զբաղեցնում է նախկինից 3 անգամ ավելի մեծ տարածք: 2010թ. որոշեցի Պոնչիկանոցի 10-ամյակի կապակցությամբ արմատապես փոխել երկու սրահների ձեւավորումը: «Գրանդ Քենդի» ընկերության դիզայնի բաժինը ամբողջովին նոր շունչ հաղորդեց Պոնչիկանոցին:

Կարծում եմ` մեր ընտանիքին հաջողվեց ոչ միայն վերականգնել Պոնչիկանոցը, այլեւ ստեղծել այնպիսի պայմաններ, որ երեւանցիները այլևս երբեք չզրկվեն Պոնչիկանոցից եւ այն միշտ մնա որպես մեր քաղաքի անբաժանելի մասնիկը: Ի դեպ, գործարարներ աշխարհի տարբեր երկրներից ինձ առաջարկել են համատեղ ուժերով Պոնչիկանոց բացել իրենց քաղաքներում, սակայն ես չեմ համաձայնել: Պոնչիկանոցը ողջ աշխարհում պետք է լինի մեկը`Երեւանում:


Կարեն Վարդանյանը Պոնչիկանոցի աշխատակիցների հետ:

Նախագծի վրա աշխատել են` Աննա Բուբուշյանը, Լենա Գեւորգյանը, Եկատերինա Պողոսյանը, Աննա Զիլֆուղարյանը, Էլեոնորա Արարատյանը, Արա Թադեւոսյանը, Խորեն Օրմանյանը, Արամ Մակարյանը, Դավիթ Ալավերդյանը, Կարեն Անտոնյանը:

Հատուկ շնորհակալություն ենք հայտնում` Աշոտ Հովհաննիսյանին, Արման Վանեսկեհյանին, Իրինա Աբրոյանին, Անուշ Տեր-Մինասյանին, Սուրեն Օհանյանին եւ Զառա Մամյանին (Երեւաննախագիծ):

Նախագծի գլխավոր գործընկերը ԱրմենՏել ընկերությունն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am