Էրդողանը ելույթ է ունեցել Մանազկերտի ճակատամարտի վայրում - Mediamax.am

2072 դիտում

Էրդողանը ելույթ է ունեցել Մանազկերտի ճակատամարտի վայրում


Լուսանկարը` https://www.indyturk.com/


Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր այցելել է Մալազգիրտի (Մանազկերտի) ազգային պարկ Մուշ նահանգում, որտեղ տոնակատարություններ են անցկացվում բյուզանդական բանակի նկատմամբ սելջուկ-թուրքերի հաղթանակի 951-րդ տարեդարձի կապակցությամբ։

Էրդողանը ուշադրություն է հրավիրել տարած հաղթանակի պատմական նշանակության վրա եւ վստահություն հայտնել, որ «Անատոլիան հավերժ կմնա թուրքերի հայրենիքը»։

 

«Մալազգիրտում տարած հաղթանակը դարձավ թուրք ժողովրդի ապագա պայծառ հաղթանակների բանալին։ Մենք երբեք չենք մոռանա սուլթան Ալփարսլանի բանակի հաղթանակը։ Մենք երբեք չենք մոռանա եւ թույլ չենք տա մոռանալ 1071 թվականի Մալազգիրտի հաղթանակի մասին։ Պատմության այս քաջարի էջը կապրի մեր մտքերում եւ սրտերում»,- ասել է Թուրքիայի նախագահը:

 

«Թուրքիայի մասնատմանն ու կործանմանը միտված ուժերի փորձերը վճռականորեն ճնշվելու են։ Մեր պատասխանը ջախջախիչ է լինելու»,- վստահեցրել է Էրդողանը։

 

Մանազկերտի ճակատամարտը սելջուկ-թուրքերի եւ բյուզանդական զորքերի միջեւ տեղի է ունեցել 1071 թվականի օգոստոսի 26-ին։ Բյուզանդիան, XI դարում աստիճանաբար կայսրությանը միավորելով հայկական պետական միավորումները՝ տարածվեց արեւելք։ Բագրատունյաց Հայաստանի մասնատման ընթացքում թուլացած հայկական ռազմական ուժերը բավարար չգտնվեցին սելջուկ-թուրքական հորդաների ներխուժումները Հայաստանի եւ Բյուզանդիայի սահմանամերձ երկրամասեր կանգնեցնելու համար։ 1070 թվականին սելջուկները գրավում են Մանազկերտը։ 1071-ի գարնանը Բյուզանդիայի կայսր Ռոմանոս IV անձամբ դուրս է գալիս արշավանքի ու 1071 թ. օգոստոսի 16-ին հետ գրավում Մանազկերտը։ Օգոստոսի 18-ին սելջուկ-թուրքական բանակի առաջապահը փորձում է հարձակվել բյուզանդական զորքի վրա, սակայն հայազգի զորավար Վասիլակի ջոկատների կողմից կասեցվում է գրոհը։ Վասիլակը գերվում է, իսկ նրա բանակը լուրջ կորուստներ է կրում։ Հաջորդ օրը Ռոմանոս կայսրը ինքն է շարժում զորքերը սելջուկների վրա։ Ճակատամարտի թեժ պահին բյուզանդական բանակի կազմում եղած վարձկան ուժերն ու պեչենեգներն անցնում են իրենց ցեղակից թուրքերի կողմը՝ դժվարին կացության մեջ գցելով բյուզանդական զորամիավորումներին։ Ստեղծված դրությունը ստիպում է Ռումանոս IV ճամբար վերադարձի հրաման արձակել, որը կայսեր մահվան մասին կեղծ լուրերի տարածման առիթ է դառնում՝ խուճապ առաջացնելով զինվորների մոտ։ Նրանց մեծ մասը դիմում է փախուստի։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին