«Մոսկվան Իրանը դիտարկում է որպես Պլան Բ՝ իր նավթի արտահանման համար» - Mediamax.am

1375 դիտում

«Մոսկվան Իրանը դիտարկում է որպես Պլան Բ՝ իր նավթի արտահանման համար»


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանը մտադիր է օգտագործել Իրանը՝ նավթի արտահանման պատժամիջոցներից խուսափելու համար, եթե համաշխարհային տերությունների հետ Թեհրանի միջուկային համաձայնագիրը ուժի մեջ մտնի։

Այս մասին գրում է ամերիկյան Politico հանդեսը՝ վկայակոչելով արեւմտյան դիվանագետներին։

 

Հրապարակման մեջ ասվում է, որ հուլիսին Թեհրանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Իրանի ղեկավարների հետ հանդիպելուց հետո ԻԻՀ էին այցելել ՌԴ առեւտրի եւ ֆինանսական գերատեսչությունների պատվիրակություններ, ինչպես նաեւ «Գազպրոմի» եւ այլ ընկերությունների ղեկավարներ։

 

Վերջին շաբաթներին Իրանը նույնպես պաշտոնական երկու պատվիրակություններ էր գործուղել Մոսկվա՝ էներգետիկ եւ ֆինանսական հարցերի շուրջ բանակցություններ վարելու համար։

 

«Իրանի գլխավոր գրավչությունն այն է, որ այն կարող է դառնալ պատժամիջոցների տակ ընկած ռուսական նավթի վաճառքի պահեստային ուղի։ Դեկտեմբերից ԵՄ երկրներն ամբողջական էմբարգո են մտցնելու ռուսական նավթի ներկրման նկատմամբ։ Սակայն եթե Իրանի հետ կնքվի միջազգային միջուկային համաձայնագիր, Պուտինի համար դա կլինի կատարելապես ճիշտ ժամանակին հաշվարկված «Պլան Բ»: «Փոխանակման» համաձայնագրի շրջանակներում, ինչպես այն անվանում են թրեյդերները, Իրանը կկարողանա ներկրել ռուսական նավթը՝ այն ստանալով Կասպից ծովի իր ափից, իսկ հետո Ռուսաստանի անունից վաճառել համապատասխան քանակությամբ սեփական նավթ։ Իրանը կվերամշակի ռուսական նավթը՝ շոշափելի ներքին կարիքները հոգալու համար։ Իսկ երկրի հարավից արտահանվող իրանական նավթը միջուկային համաձայնագրի շնորհիվ կազատվի պատժամիջոցներից։

 

Բացի այդ, պատժամիջոցներից ազատվելով՝ Իրանը ժամանակի ընթացքում կկարողանա իր տանկերներով ռուսական նավթը տանել Կասպից ծովից դուրս գտնվող նավահանգիստներից»,- գրում է Politico-ն։

 

Սակայն ամեն ինչ կախված է նրանից, թե արդյոք կվերականգնվի գործարքը, որի համաձայն Իրանը պետք է սահմանափակի իր գործունեությունը միջուկային ոլորտում, նշվում է հոդվածում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին