«Ուշադիր լսիր ինձ». Պուտինի եւ Մակրոնի զրույցի գաղտնազերծված հատվածը - Mediamax.am

7083 դիտում

«Ուշադիր լսիր ինձ». Պուտինի եւ Մակրոնի զրույցի գաղտնազերծված հատվածը


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


2022թ. ամռանը ֆրանսիական France 2 հեռուստաալիքը ցուցադրեց «Un président, l'Europe et la Guerre» վավերագրական ֆիլմը: Այն ներառում էր 9 րոպեանոց հատված Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահներ Էմանյուէլ Մակրոնի եւ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցից, որը տեղի էր ունեցել Ուկրաինայում պատերազմի մեկնարկից չորս օր առաջ։ Զրույցի այդ հատվածի սղագրությունը հրապարակել էր Figaro թերթը։

 

Էմանյուէլ Մակրոն.

 

Մեր վերջին զրույցից հետո լարվածությունը շարունակում է աճել, եւ դու գիտես իմ հանձնառությունն ու վճռականությունը շարունակելու երկխոսությունը։ Ես կցանկանայի, որ նախ դու ներկայացնեիր իրավիճակի քո տեսլականը եւ, անկեղծորեն, ինչպես մենք երկուսս էլ անում ենք, ասեիր, թե ինչ մտադրություններ ունես: Իսկ հետո ես կփորձեմ հասկանալ, արդյո՞ք կան այլ օգտակար գործողություններ, որոնք կարելի է ձեռնարկել, եւ քեզ որոշ առաջարկություններ անել:

 

Վլադիմիր Պուտին.

 

Ի՞նչ կարող եմ ասել։ Ինքդ ես տեսնում, թե ինչ է կատարվում։ Դու եւ կանցլեր Շոլցն ինձ ասացիք, որ Զելենսկին պատրաստ է քայլ անել, որ նա օրինագիծ է պատրաստել Մինսկի համաձայնագրերի իրագործման վերաբերյալ։ [...] Իրականում մեր հարգարժան գործընկեր պարոն Զելենսկին ոչինչ չի անում։ Նա ստում է ձեզ: [...] Չգիտեմ՝ լսե՞լ ես արդյոք նրա երեկվա հայտարարությունը, որում նա ասում էր, որ Ուկրաինան պետք է միջուկային զենքի հասանելիություն ունենա։

 

Լսել եմ նաեւ քո մեկնաբանությունները փետրվարի 8-ին Կիեւում կայացած մամուլի ասուլիսում։ Դու ասացիր, որ Մինսկի համաձայնագրերը պետք է վերանայվեն, մեջբերում եմ՝ «կիրառելի դառնալու համար»։

 

Էմանյուէլ Մակրոն.

 

Վլադիմիր, նախ, ես երբեք չեմ ասել, որ Մինսկի համաձայնագրերը պետք է վերանայվեն։ Ես դա երբեք չեմ ասել՝ ո՛չ Բեռլինում, ո՛չ Կիեւում, ո՛չ Փարիզում։

 

Վլադիմիր Պուտին.

 

Լսի՛ր, Էմանյուէլ, ես չեմ հասկանում, թե ինչ խնդիր ունեք անջատողականների հետ: Համենայնդեպս, նրանք, մեր պնդմամբ, ամեն ինչ արեցին Ուկրաինայի իշխանությունների հետ կառուցողական երկխոսություն սկսելու համար։

 

Էմանյուէլ Մակրոն.

 

Քո ասածի վերաբերյալ մի քանի նկատողություն ունեմ: Նախ՝ Մինսկի համաձայնագրերը երկխոսություն են ձեզ հետ, դու միանգամայն իրավացի ես։ Այս համատեքստում քննարկումը չպետք է հիմնված լինի անջատողականների կողմից ներկայացրած տեքստի վրա։ Ուստի, երբ քո բանակցողը փորձում է ստիպել ուկրաինացիներին բանակցել անջատողականների «ճանապարհային քարտեզների» հիման վրա, նա չի հարգում Մինսկի համաձայնագրերը։ Անջատողականները չէ, որ պետք է առաջարկություններ անեն Ուկրաինայի օրենքների վերաբերյալ։

 

Վլադիմիր Պուտին.

 

Բնականաբար, մենք իրավիճակը բոլորովին այլ կերպ ենք տեսնում: Մեր վերջին հանդիպման ժամանակ ես հիշեցրեցի քեզ եւ նույնիսկ ընթերցեցի Մինսկի համաձայնագրերի 9-րդ, 11-րդ եւ 12-րդ հոդվածները։

 

Էմանյուէլ Մակրոն.

 

Դրանք հիմա իմ աչքի առջեւ են: Հստակ գրված է, որ Ուկրաինայի կառավարությունը առաջարկներ է ներկայացնում, եւ դա արվում է խորհրդակցությունների շրջանակներում եւ Դոնեցկի եւ Լուգանսկի շրջանների առանձին շրջանների ներկայացուցիչների հետ համաձայնեցված՝ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում: Դա հենց այն է, ինչ մենք առաջարկում ենք անել: Եվ ես չգիտեմ, թե ո՞ր իրավաբանը կարող է քեզ ասել, որ ինքնիշխան երկրում օրինագծերի տեքստերն առաջարկում են անջատողական խմբերը, այլ ոչ թե ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունները։

 

Վլադիմիր Պուտին.

 

(կոշտ եւ նյարդայնացած տոնով) Դա ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարություն չէ: Նրանք իշխանության եկան հեղաշրջմամբ, մարդկանց ողջ-ողջ այրեցին, դա արյունոտ սպանդ էր, եւ Զելենսկին նրանցից մեկն է, ով պատասխանատու է դրա համար։

Լուսանկարը` REUTERS

Ուշադիր լսիր ինձ՝ երկխոսության սկզբունքը հակառակ կողմի շահերը հաշվի առնելն է։ Առաջարկներ կան՝ անջատողականները, ինչպես դու ես նրանց անվանում, դրանք փոխանցել են ուկրաինացիներին, սակայն ոչ մի պատասխան չեն ստացել։ Որտե՞ղ է երկխոսությունը:

 

Էմանյուէլ Մակրոն.

 

Որովհետեւ, ինչպես ես նոր քեզ ասացի, մենք թքած ունենք անջատողականների առաջարկների վրա: Մենք նրանցից պահանջում ենք, որ նրանք արձագանքեն ուկրաինացիների առաջարկներին, եւ մենք պետք է գործենք այս ուղղությամբ, քանի որ իրավունքն այդպիսին է։ Այն, ինչ դու նոր ասացիր, ինչ-որ իմաստով կասկածի տակ է դնում Մինսկի համաձայնագրերը պահպանելու քո սեփական պատրաստակամությունը, եթե դու կարծում ես, որ գործ ունես ոչ լեգիտիմ եւ ահաբեկչական իշխանությունների հետ:

 

Վլադիմիր Պուտին.

 

(դեռեւս շատ նյարդայնացած) Ուշադիր ինձ լսիր: Դու լսեցի՞ր ինձ։ Կրկնում եմ՝ անջատողականները, ինչպես դու ես նրանց անվանում, արձագանքել են Ուկրաինայի իշխանությունների առաջարկներին։ Արձագանքել են, սակայն այդ նույն իշխանությունները ոչ մի քայլ չձեռնարկեցին։

 

Էմանյուէլ Մակրոն.

 

Այդ դեպքում, այսպես ասենք. ելնելով ուկրաինական առաջարկներին նրանց արձագանքից, ես առաջարկում եմ բոլոր կողմերից պահանջել, որ նրանք հանդիպեն կոնտակտային խմբի շրջանակներում՝ առաջ շարժվելու համար: Մենք կարող ենք վաղը ուղղակիորեն խնդրել նրանց, որ այս աշխատանքը կատարվի: Սակայն վերջին երկու օրերի ընթացքում անջատողականները ցանկություն չեն հայտնել մասնակցել այս քննարկմանը։ Ես մտադիր եմ դա պահանջել Զելենսկուց մեր զրույցից անմիջապես հետո։ Համաձա՞յն ենք այս հարցում։ Եթե համաձայն ես, հենց վաղը կընդգրկեմ նրան եւ կպահանջեմ հանդիպում նշանակել։

 

Վլադիմիր Պուտին.

 

Համաձայնության գալու համար, հենց որ մեր զրույցն ավարտենք, ես կուսումնասիրեմ այդ առաջարկները։ Սակայն անհրաժեշտ էր ի սկզբանե ճնշում գործադրել ուկրաինացիների վրա, բայց ոչ ոք չցանկացավ դա անել։

 

Էմանյուէլ Մակրոն.

 

Ոչ, ես անում եմ ամեն հնարավորը եւ դու դա շատ լավ գիտես:

 

Վլադիմիր Պուտին.

 

Գիտեմ, բայց, ցավոք, դա արդյունավետ չէ:

 

Էմանյուէլ Մակրոն.

 

Ինձ պետք է, որ դու ինձ մի փոքր օգնես: Շփման գծում իրավիճակը շատ լարված է։ Երեկ ես իսկապես Զելենսկուն հորդորեցի հանդարտվել։ Ես նրան նորից եմ ասելու՝ հանդարտեցրե՛ք բոլորին, հանդարտեցրե՛ք [մարդկանց] սոցցանցերում, հանդարտեցրե՛ք Զինված ուժերը: Բայց ես նաեւ հավատում եմ, որ դու իսկապես կարող ես հանդարտվելու կոչ անես նախկինում տեղակայված քո ռազմական ուժերին։ Երեկ բազմաթիվ հրետակոծություններ են եղել։ Եթե ցանկանում ես երկխոսության հնարավորություն տալ, ապա պետք է հանդարտեցնես խաղը տարածաշրջանում։ Ինչպե՞ս ես տեսնում զորավարժությունների հետագա ընթացքը [Բելառուսում]:

 

Վլադիմիր Պուտին.

 

 Զորավարժություններն ընթանում են ըստ պլանի:

 

Էմանյուէլ Մակրոն.

 

Այսինքն, դրանք կավարտվեն այսօր, այնպես չէ՞:

 

Վլադիմիր Պուտին.

 

Այո, հավանաբար այսօր երեկոյան, բայց մենք, անշուշտ, կպահպանենք ռազմական ներկայությունը սահմանին, քանի դեռ իրավիճակը Դոնբասում չի հանդարտվել: Քննարկումները կսկսվեն պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարությունների հետ խորհրդակցություններից հետո։

 

Էմանյուէլ Մակրոն.

 

Հասկանալի է: Վլադիմիր, ես քեզ շատ անկեղծ եմ ասում, ինձ համար բացարձակ առաջնահերթություն է հանգիստ պայմաններում քննարկումների վերսկսումը եւ լարվածությունից խուսափելը։ Եվս մի բան է ինձ համար կարեւոր, եւ ես շատ եմ խնդրում քեզ այս մասին, որ մենք իրավիճակը վերահսկողության տակ վերցնենք: Դա առաջինն ու ամենակարեւորն է։ Եվ ես իսկապես հույս եմ դնում քեզ վրա: Առաջիկա ժամերին ու օրերին ոչ մի սադրանքների մի տրվիր։

Լուսանկարը` REUTERS

Ես կցանկանայի քեզ երկու շատ կոնկրետ առաջարկ անել։ Առաջինը՝ առաջիկա օրերին Ժնեւում հանդիպում կազմակերպել քո եւ նախագահ Բայդենի միջեւ։ Ես խոսեցի նրա հետ ուրբաթ երեկոյան եւ հարցրեցի, թե արդյո՞ք կարող եմ քեզ այս առաջարկն անել: Նա խնդրեց, որ ասեմ, որ պատրաստ է։ Նախագահ Բայդենը նաեւ մտածում է իրավիճակի կայուն դեէսկալացիայի ուղիների մասին, որը կբավարարի քո պահանջները եւ շատ հստակորեն կլուծի ՆԱՏՕ-ի եւ Ուկրաինայի խնդիրը: Ասա, թե որ ամսաթիվն է քեզ հարմար:

 

Վլադիմիր Պուտին.

 

Շատ շնորհակալ եմ, Էմանյուէլ: Ինձ համար միշտ մեծ հաճույք եւ պատիվ է շփվել քո եվրոպացի գործընկերների, ինչպես նաեւ Միացյալ Նահանգների հետ։ Եվ ես միշտ ուրախ եմ շփվել քեզ հետ, քանի որ մենք փոխվստահելի հարաբերություններ ունենք: Ուստի, առաջարկում եմ հակառակն անել։ Նախ եւ առաջ, պետք է նախապես նախապատրաստել այս հանդիպումը։ Միայն դրանից հետո մենք կկարողանանք խոսել, քանի որ եթե հենց այդպես գանք, կխոսենք ամեն ինչից ու ոչնչից, եւ մեզ նորից կմեղադրեն։

 

Էմանյուէլ Մակրոն.

 

Բայց կարո՞ղ ենք հիմա, այս խոսակցությունից հետո, ասել, որ սկզբունքորեն համաձայն ենք: Այս հարցին կուզենայի հստակ պատասխան ստանալ։ Ես հասկանում եմ քո խուսափողականությունը ամսաթվի վերաբերյալ, բայց դու պատրա՞ստ ես քայլ առաջ անել եւ այսօր ասել. «Ես ուզում եմ նախ հանդիպել ամերիկացիների հետ, իսկ հետո ընդլայնել մասնակիցների ցուցակը եվրոպացիների համար»: Թե՞ ոչ։

 

Վլադիմիր Պուտին.

 

Դա ուշադրության արժանի առաջարկ է եւ եթե ցանկանում ես, որ մենք ճիշտ համաձայնության գանք այն ձեւակերպելու վերաբերյալ, ես առաջարկում եմ խնդրել մեր խորհրդականներին զանգահարել միմյանց համաձայնության գալու համար [...] Բայց իմացիր, որ սկզբունքորեն ես համաձայն եմ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին