Ադրբեջանը հետախուզում է հայտարարել Պետդումայի պատգամավորի նկատմամբ - Mediamax.am

2230 դիտում

Ադրբեջանը հետախուզում է հայտարարել Պետդումայի պատգամավորի նկատմամբ


Լուսանկարը` https://www.if24.ru/


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Միխայիլ Դելյագինի նկատմամբ։

Պատգամավորի դեմ քրեական գործ էր հարուցվել այն բանից հետո, երբ նա «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում կոչ էր արել հարվածներ հասցնել Ադրբեջանի նավթային ենթակառուցվածքին՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման ֆոնին։ Դելյագինը նաեւ այս թեմայով հարցում էր կատարել իր տելեգրամյան ալիքում։

 

«Դելյագինի նկատմամբ դատարանի որոշմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, նրա հանդեպ միջազգային հետախուզում է հայտարարվել Ինտերպոլի միջոցով»,- ասվում է Ադրբեջանի գլխավոր դատախազության հաղորդագրությունում։

 

Բացի այդ, ադրբեջանական կողմը «դիմել է մի շարք բարեկամ պետությունների համապատասխան կառույցներին՝ մեղադրյալին այդ երկրների տարածքում հայտնվելու դեպքում անհապաղ ձերբակալելու խնդրանքով»։

 

Մարտի 29-ին Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Դելյագինի կոչը, հայտարարել էր.

 

«Այս հայտարարությունը անձնական չափազանց բուռն հույզերի տիրույթում է: Մենք կոչ ենք անում զսպել այդ հույզերը եւ զերծ մնալ նման հայտարարություններից, հատկապես մեր գործընկերների հասցեին, իսկ Ադրբեջանը պատկանում է գործընկեր պետությունների թվին»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին