Պուտինի եւ Սիի դժգոհության կայսրության արմատները - Mediamax.am

exclusive
3946 դիտում

Պուտինի եւ Սիի դժգոհության կայսրության արմատները


Վլադիմիր Պուտինը եւ Սի Ցզինպինը
Վլադիմիր Պուտինը եւ Սի Ցզինպինը

Լուսանկարը` REUTERS

Վլադիմիր Պուտինը եւ Սի Ցզինպինը
Վլադիմիր Պուտինը եւ Սի Ցզինպինը

Լուսանկարը` REUTERS

Վլադիմիր Պուտինը եւ Սի Ցզինպինը
Վլադիմիր Պուտինը եւ Սի Ցզինպինը

Լուսանկարը` REUTERS


Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում  Ասիական հասարակության ամերիկա-չինական հարաբերությունների կենտրոնի տնօրեն Օրվիլ Շելի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար։

 

Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելու մասին լուրերի էկրանիս հայտնվելուց քիչ անց ստացա մի նամակ, որը, կարծես, նշանավորում էր հին աշխարհակարգի ապամոնտաժման եւս մեկ կարեւոր փուլ: Նյու Յորքի Քարնեգի Հոլում Վիեննայի ֆիլհարմոնիայի համերգի տոմս ունեի եւ ստացա հաղորդագրություն, որում ասվում էր, որ Վալերի Գերգիեւը, ում ներկայացնում են որպես «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ընկեր եւ աջակից», այլեւս չի ղեկավարելու նվագախումբը։ Շատ այլ նվագախմբեր եւս խզեցին կապերը Գերգիեւի հետ։

 

Մինչ ռուսական ներխուժումը դեռ կարելի էր հավատալ, որ Արեւմուտքի լիակատար «անջատումը» Չինաստանից եւ Ռուսաստանից անհավանական եւ անհիմն է։ Այնուամենայնիվ, Գերգիեւի հեռացումը փոխաբերություն է այն բանի, թե ինչպես նորաստեղծ չին-ռուսական առանցքը կատալիզացնում է մի ճեղքվածք, որն այժմ ազդելու է ամեն ինչի վրա՝ մշակութային փոխանակումներից մինչեւ առեւտուր:

 

Ի վերջո, ներխուժումից առաջ շատերը թերահավատ էին, որ Եվրամիությունը (հատկապես, Գերմանիան) երբեւէ իրենց ձեռքից կհանի ռուսական գազի ասեղը։

 

Նմանապես, շատերը հարց էին տալիս, թե ինչպես կարող է ԱՄՆ-ն ազատվել իր կախվածությունից չինական արտադրության էժան ապրանքներից այժմ, երբ իր սեփական գործարաններից շատերը փակվել են:

 

Նրանից հետո, երբ Պուտինը ներխուժեց Ուկրաինա, իսկ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը ռեւանշիստական հայացքներ հայտնեց Թայվանի վերաբերյալ, մենք պետք է գնահատենք ոչ միայն շրջված աշխարհակարգը եւ փլուզված համաշխարհային շուկան, այլեւ մշակութային փոխանակումների խզումը:

 

Ո՞րն է այս անսպասելի, վտանգավոր եւ անխուսափելի ձախողման շարժիչ ուժը: Ինչո՞ւ է Պուտինը մի կողմ նետել Ռուսաստանի իրական ազգային շահերը՝ ներխուժելով երբեմնի եղբայրական հարեւանի մոտ: Ի՞նչ է ստիպել Սիին զոհաբերել սեփական ժողովրդի պատմական տնտեսական հրաշքը՝ լուի տեսք ունեցող կղզին գրավելու համար, որը Չինաստանը չի ղեկավարել ավելի քան մեկ դար: Ինչո՞ւ մեր օրերի այս երկու ավտորիտար գործիչները տրվեցին նման ինքնաոչնչացնող մղումներին եւ կապերը խզեցին շատ այլ կարեւոր երկրների հետ հենց այն ժամանակ, երբ աշխարհն այդքան փոխկապակցված էր դառնում:

 

Նախ՝ կարեւոր է հիշել, որ ավտոկրատները անզուսպ գործելու շատ ավելի մեծ ազատություն ունեն, քանի որ նրանք գրեթե չեն բախվում քաղաքական հակակշիռների եւ զսպումների: «Գերագույն» առաջնորդներ լինելով, նրանք կարող են քաղաքականություն ձեւավորել ըստ իրենց խառնվածքային խանգարումների։

Չնայած Պուտինն ու Սին շատ տարբեր անցյալին եւ խառնվածքին, նրանք նաեւ ընդհանրություններ ունեն: Երկուսն էլ անվստահ պարանոիկներ են, որոնք ձեւավորվել են դժգոհության պատմական նարատիվների ազդեցության տակ, հատկապես Արեւմուտքի «հզոր ուժերի» դեմ:

 

Նրանք դիվայնացնում են արեւմտյան ժողովրդավարությունները որպես կեղծավորներ եւ կեղեքիչներ (ինչպես լենինյան իմպերիալիզմի տեսության մեջ): Եվ Արեւմուտքին վերագրում են ամբարտավան ու արհամարհական կեցվածք։

Վլադիմիր Պուտինը եւ Սի Ցզինպինը Վլադիմիր Պուտինը եւ Սի Ցզինպինը

Լուսանկարը` REUTERS

Ամենից առավել Պուտինն ու Սին ցանկանում են հարգանք վայելել։ Բայց միեւնույն ժամանակ նրանք գիտակցում են, որ արեւմտյան առաջնորդների մեծ մասը չի հարգում եւ, հավանաբար, երբեք չի հարգելու իրենց ավտորիտարիզմը, անկախ նրանից, թե որքան հաջողակ են նրանք արագընթաց երկաթուղային գծեր կամ ժամանակակից քաղաքներ կառուցելու կամ Օլիմպիական խաղերը ընդունելու մեջ: Հենց հարգանքի դեֆիցիտի այս սինդրոմը ստեղծել է վրդովմունքի եւ դժգոհության նրանց կայսրությունը: Պուտինն ու Սին ցանկանում են տապալել արեւմտյան կարգերը եւ միաժամանակ հարգանք ստանալ նրա կողմից։

 

Ընդհանուր վիրավորվածությունների գրավիչ ուժն այնքան է մտերմացրել այս երկու նախկին մրցակիցներին, որ վերջերս նրանք իրենց համագործակցությունը «անսահման» որակեցին: Երկուսն էլ պնդում են, որ երկրի ժողովուրդը պետք է «որոշի, թե արդյոք իրենց պետությունը ժողովրդավարական է»։ Ե՛վ Պուտինը, եւ՛ Սին պնդում են, որ իրենք ժողովրդավարության նոր տեսակ ունեն, էլ չեմ խոսում այն մասին, որ Պուտինն իրեն արքա է պատկերացրել, իսկ Սիի կառավարման տարբերակը «պրոլետարիատի դեմոկրատական դիկտատուրան է»:

Վլադիմիր Պուտինը եւ Սի Ցզինպինը Վլադիմիր Պուտինը եւ Սի Ցզինպինը

Լուսանկարը` REUTERS

Այժմ հարցն այն է, թե արդյո՞ք Ռուսաստանն ու Չինաստանը կկարողանան պահպանել իրենց օպորտունիստական դաշնագիրը՝ Պուտինի պատերազմ սկսելու որոշումից հետո։ Ներխուժումից կարճ ժամանակ առաջ Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին Մյունխենի անվտանգության համաժողովում ասել էր, որ բոլոր երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պետք է պաշտպանված լինի, եւ որ «Ուկրաինան բացառություն չէ»: Այնուհետեւ Սին զանգահարել էր Պուտինին՝ բացատրելու, որ թեեւ հասկանում է Ռուսաստանի անվտանգության հետ կապված մտահոգությունները, Չինաստանը առաջվա պես հարգում է ազգային պետությունների ինքնիշխանությունը եւ մտադիր է պահպանել ՄԱԿ-ի Կանոնադրության սկզբունքները: Ի վերջո, Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը չի ցանկանում, որ օտար ուժերը միջամտեն իր իսկ «ներքին գործերին», առավել եւս՝ ներխուժեն Չինաստան։

 

Copyright: Project Syndicate, 2022.

www.project-syndicate.org

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին