Հանս Կլյուգե. Լավատեսության հիմքեր կան, բայց սա դեռ համաճարակի ավարտը չէ - Mediamax.am

2643 դիտում

Հանս Կլյուգե. Լավատեսության հիմքեր կան, բայց սա դեռ համաճարակի ավարտը չէ


Հանս Կլյուգեն
Հանս Կլյուգեն

Լուսանկարը` Andreea Alexandru/AP

Հանս Կլյուգեն
Հանս Կլյուգեն

Լուսանկարը` REUTERS


Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն ՏԱՍՍ-ին տված բացառիկ հարցազրույցում կիսվել է կանխատեսմամբ, թե երբ կավարտվի COVID-19-ի «օմիկրոն» շտամի ներկայիս ալիքը։ Ներկայացնում ենք հատվածներ հարցազրույցից:

 

Ալիքի սկիզբը եւ գագաթնակետը

 

Ալիքի սկզբի եւ գագաթնակետի միջեւ ընկած ժամանակահատվածը շատ կարճ է: Այն միջինում տեւում է 20–25 օր՝ շատ արագ տարածման պատճառով։

 

Եվրոպական տարածաշրջանի մի շարք երկրներում հիվանդացությունը կա՛մ հասել է գագաթնակետին, կա՛մ նվազում է։ Նկատի ունեմ Իռլանդիան, Իսպանիան, Հունաստանը, Մեծ Բրիտանիան, Մալթան, Կիպրոսը: Երկրների մեծ մասում արագ աճ է նկատվում, իսկ որոշ երկրներում, ինչպիսիք են Լեհաստանը, Ուկրաինան, Սլովակիան, Հայաստանը եւ Ադրբեջանը, նոր ալիքը դեռ չի սկսվել: Այնուամենայնիվ, ես լավատեսորեն եմ տրամադրված, քանի որ երեք գործոն վկայում է, որ իրավիճակը շուտով կբարելավվի։

 

Երեք գործոն

 

Առաջինը՝  այս ալիքից հետո մարդկանց իմունիտետը կտրուկ կբարձրանա՝ կամ պատվաստանյութի, կամ վարակի ազդեցության պատճառով։

 

Երկրորդը՝ ձմեռային սեզոնայնության ազդեցությունն է, որը շուտով կնվազի։

 

Երրորդը՝ մենք գիտենք, որ «օմիկրոնն» ավելի մեղմ ընթացք ունի, եւ, հետեւաբար, այս ալիքից հետո որոշակի ժամանակ իրավիճակը շատ ավելի հանգիստ կլինի: Եթե նույնիսկ այլ շտամ տարածվի, պետությունները կկարողանան նորմալ գործել առանց կարանտինային ռեժիմների եւ լոքդաունների: Դա անելու համար, սակայն, կառավարությունները պետք է չորս բան անեն:

 

4 խնդիրները

 

Առաջինը՝ ուժեղացնել հսկողությունը, որպեսզի յուրաքանչյուր երկիր կարողանա արագ հայտնաբերել նոր շտամը:

 

Երկրորդը՝ շարունակել պատվաստել եւ վերապատվաստել բնակչությանը. պատվաստանյութերը արդյունավետ են եւ անվտանգ են։

 

Երրորդը՝ բարձրացնել նոր հակավիրուսային դեղամիջոցների հասանելիությունը, ինչը կարող է զգալիորեն բարելավել իրավիճակը:

 

Չորրորդը՝ երբ նոր շտամ է հայտնվում, ռիսկի խմբում գտնվողներին պետք է անհապաղ խորհուրդ տալ կրել ոչ թե դիմակ, այլ ռեսպիրատորներ եւ պահպանել սոցիալական հեռավորություն:

 

Մարդիկ ավելի մեծ պատասխանատվություն են ստանձնում

 

Մարդիկ իրենք հիմա ավելի ու ավելի մեծ պատասխանատվություն են ստանձնում։ Վարակվածները շատ են, եւ մարդիկ պետք է պատասխանատվություն ստանձնեն՝ հանձնելով  թեստեր, ինքնամեկուսանալով։ Պետությունները, իրենց հերթին, պետք է շարունակեն պատասխանատվություն ստանձնել այդ գործողությունները ժողովրդին հասանելի դարձնելու համար:

 

Կանխատեսումներ

 

Չենք կարող ասել, որ սա համաճարակի ավարտն է։ Դեռ վաղ է: Մեկ անգամ չէ, որ այս վիրուսը մեզ անակնկալներ է մատուցել, օրինակ՝ Դելտա շտամը։

 

Իսկապես, լավատեսության պատճառ կա՝ հաշվի առնելով նշածս երեք գործոնները։

Բայց մենք չպետք է հանգստանանք։ Հաստատ պետք չէ ասել՝ եկեք թույլ տանք «օմիկրոնին» ազդել մեզ վրա, նա ավելի թեթեւ է եւ պատվաստվելու կարիք չկա։ Ո՛չ, քանի որ կան նաեւ հետեւանքներ, որոնք առաջացնում էն հետքովիդյան սինդրոմը։ COVID-19-ով վարակված մարդկանց մինչև 30%-ը ամիսներով տառապում է դրանից։

 

Այդ իսկ պատճառով կոչ եմ անում բոլոր մարդկանց պատվաստվել, ինչպես նաեւ կիրառել բուստերային պատվաստանյութեր։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին