Արեւմուտքի վախճանը եւ նոր բռնապետների ուժի քաղաքականությունը - Mediamax.am

3809 դիտում

Արեւմուտքի վախճանը եւ նոր բռնապետների ուժի քաղաքականությունը


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հատվածներ ֆրանսիացի պատմաբան եւ հրապարակախոս Ժակ Ժույարի հոդվածից, որը հրապարակվել է Le Figaro թերթում։

 

Արեւմուտքի վախճանը

 

Մեր աչքի առաջ փլուզվող միջազգային կարգի արմատները տանում են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձեւավորված աշխարհ: Ի պատասխան ՄԱԿ-ի անզորությանը՝ մեծ պետությունների եւ սովետական սպառնալիքի նկատմամբ, ձեւավորվեց նոր հայեցակարգ՝ Արեւմուտք:

 

Պատերազմից առաջ Արեւմուտքը քաղաքական առումով որպես այդպիսին գոյություն չուներ, բայց Ստալինի սեւ-սպիտակ մոտեցումը այն դարձրեց պատմական անհրաժեշտություն: Մարշալի պլանը, Հյուսիսատլանտյան համաձայնագիրը եւ միջուկային սպառազինությունների մրցավազքը ձեւավորել էին երկբեւեռ աշխարհ, որը միաժամանակ եւ՛ անողոք էր եւ՛ վստահություն ներշնչող. սառը պատերազմի աշխարհ:

 

Ստալինի մահը 1953 թվականի մարտի 5-ին նշանավորեց «խաղաղ գոյակցության» երկար ժամանակահատվածի սկիզբը, որը տեւեց մինչեւ 1989 թվականի նոյեմբերի 9-ը, երբ փլուզվեց Բեռլինի պատը: Այդ 36 տարիների ընթացքում աշխարհում տիրում էր երկբեւեռ համակարգը, թեւ ամբողջովին չէր կառավարում այն:

 

Դրան հաջորդեց երրորդ ժամանակահատվածը, որը տեւեց գրեթե մեկ տասնամյակ՝ մինչեւ 2001-ի սեպտեմբերի 11-ին Համաշխարհային առեւտրի կենտրոնի վրա տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը: Այն ժամանակ Միացյալ Նահանգներն աշխարհում միակ առաջնորդն էին, Արեւմուտքը տոնում էր իր տրիումֆը, իսկ լիբերալիզմը մրցակիցներ չուներ: Անգամ խոսվում էր «պատմության ավարտի» մասին ՝ միասնական տնտեսական եւ սոցիալական համակարգի գերիշխանությամբ։

 

Այնուամենայնիվ, երկվորյակ աշտարակների փլուզումը դարձավ բազմակողմանի խորհրդանիշ. այն նշանավորեց Արեւմուտքի գերիշխող հայեցակարգի ավարտը: ԱՄՆ-ն աստիճանաբար հրաժարվեց գլոբալ հեգեմոնիայից՝ սկզբում աննկատելիորեն Օբամայի ժամանակ (2007-2017), իսկ հետո կտրուկ եւ ցինիկ կերպով՝ Դոնալդ Թրամփի ժամանակ:

Լուսանկարը` REUTERS

Վերջինս սկսեց ոչնչացնել բոլոր այն ինստիտուտները, որոնք ստեղծվել էին նախորդների կողմից՝ Արեւմուտքն ամրապնդելու համար՝ սկսած ՆԱՏՕ-ից եւ բոլոր տարածաշրջանային դաշինքներից, որոնք թույլ էին տալիս Միացյալ Նահանգներին գերիշխող դիրք զբաղեցնել աշխարհում:

 

Նոր իմպերիալիզմ

 

Դրան զուգահեռ, աշխարհի հին գաղափարական կառուցվածքը (բաժանումը երկու ճամբարի՝ կապիտալիզմի եւ սոցիալիզմի) վերջնականորեն նահանջեց հօգուտ տարածաշրջանային կազմավորումների, որոնք սկսեցին վերակենդանացնել անցյալի մեծ կայսրությունները: Պուտինի Ռուսաստանը բռնեց ցարիզմի ճանապարհը, Էրդողանի Թուրքիան՝ Օսմանյան կայսրության, իսկ Սի Ցզինպինը՝ կայսերական դինաստիաների: Էլ չենք խոսում խալիֆայությունը վերականգնելու իսլամիստների փորձերի մասին:

 

Արդյունքում, բազմակողմանի մոտեցումը, որը վերջին 20 տարվա ընթացքում խաղում էր միջազգային պաշտոնական դոկտրինի դերը, դուրս մղվեց դասական ուժի քաղաքականությամբ: Պուտինը վատ օրինակ տվեց՝ Ղրիմի ու Վրաստանի մի մասի բռնազավթմամբ, ինչպես նաեւ Դոնբասում շարունակվող պատերազմով: Էրդողանը փորձում է Սիրիայում ու Լիբիայում ագրեսիվ քաղաքականության միջոցով քարտեզի վրա վերապատկերել Օսմանյան կայսրությունը, ինչը խորհրդանշվում է Սուրբ Սոֆիայի տաճարը մուսուլմանական պաշտամունքին վերադարձնելով:

Լուսանկարը` REUTERS

Սի Ցզինպինը մկաններ է ցուցադրում Հարավ-Չինական ծովում, ճնշում է Հոնկոնգը, չի թաքցնում Թայվանը վերադարձնելու եւ իր առեւտրային կայսրությունն ողջ Ասիայով դեպի Եվրոպա ընդլայնելու ցանկությունը:

 

Ժողովրդավարության պարտությունը

 

Ժողովրդավարության նահանջը միայն տարածքային չէ: Հեռավոր անցյալում մնացին այն օրերը, երբ մենք պատկերացնում էինք աշխարհի բոլոր ժողովուրդների միավորումը փոխըմբռնման հովանու ներքո: Նոր բռնապետներն այժմ բացահայտ ասում են, որ արեւմտյան ժողովրդավարությունը հարմար չէ Ռուսաստանի, Թուրքիայի, Չինաստանի եւ մահմեդական աշխարհի համար:

 

Մեր ապագա խնդիրների քարտեզը թերի կլիներ՝ առանց տնտեսական աղետի ակնարկի, որը, մասնագետների կարծիքով, սպասվում է աշնանը: Կասկածելի է, որ այս կատակլիզմը կուղեկցվի հասարակության մեջ խաղաղությամբ եւ ազգերի համաձայնությամբ։ Այն միայն կնպաստի բռնապետությունների ագրեսիվ ծրագրերի իրականացմանը:

 

1945 թվականից ի վեր մենք հեռու էինք ապրում նոր համաշխարհային հակամարտությունից, մասնավորապես, փոխադարձ միջուկային զսպման միջոցով: Ոչ մի երաշխիք չկա, որ միջնաժամկետ հեռանկարում ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ ծագող դիմակայությունը կարող է խաղաղ ընթանալ։ Մենք մտնում ենք ավտորիտար, ոստիկանական եւ ռազմատենչ աշխարհ, դա թաքցնելն այլեւս անիմաստ է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին