Հռոմի Պապ. «Պետությունը պետք է աշխարհիկ լինի» - Mediamax.am

22066 դիտում

Հռոմի Պապ. «Պետությունը պետք է աշխարհիկ լինի»


Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն ասել է, որ «պատերազմները շարունակվում են, քանի դեռ կան զենք վաճառողները»:

Այդ մասին Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը, ով հունիսի 24-26 կայցելի Հայաստան, ասել է ֆրանսիական La Croix թերթին տված բացառիկ հարցազրույցում՝ մեկնաբանելով փախստականների հոսքը դեպի Եվրոպա:

 

«Առանցքային խնդիրը՝ Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայում շարունակվող պատերազմներն են, ինչպես նաեւ՝ աֆրիկյան մայրցամաքի ոչ բավարար զարգացած լինելը: Պատերազմները շարունակվում են, որովհետեւ կան զենք արտադրողներ (սա դեռ կարելի է արդարացնել պաշտպանության պահանջներով) եւ զենք վաճառողներ:

 

Այս ամենը բարձրացնում է նաեւ դրամը կուռքի վերածած համաշխարհային տնտեսական համակարգի խնդիրը: Մարդկության հարստությունների ավելի քան 80% գտնվում է բնակչության մոտ 16%-ի ձեռքում: Բացարձակ ազատ շուկան չի աշխատում: Շուկան լավ բան է, սակայն այն ինչ-որ հենակետի՝ պետության կարիք ունի, որպեսզի լինի կառավարելու եւ հավասարակշռելու հնարավորություն: Դա կոչվում է սոցիալական շուկայական տնտեսություն»,- ասել է Հռոմի Պապը:

 

«Պետությունը պետք է աշխարհիկ լինի: Կրոնական պետությունները լավ ավարտ չեն ունենում: Դա հակասում է պատմության ընթացքին: Ես համարում եմ, որ աշխարհիկ հասարակությունը՝ շրջանակված կրոնական պատկանելիության ազատության երաշխիքով, հիմք է առաջ շարժվելու համար: Որպես Աստծո որդիներ մենք բոլորս հավասար ենք մեր անձնական արժանապատվության մեջ: Սակայն ամենքիս մոտ պետք է լինի սեփական հավատքն արտահայտելու իրավունքը: Եթե մուսուլման կինը ցանկանում է ծածկոց կրել, նա պետք է ունենա այդ հնարավորությունը: Նույն կերպ, եթե կաթոլիկը ցանկանում է խաչ կրել: Պետք է ունենալ կրոնը մշակույթի ներսում, այլ ոչ թե նրանից մի կողմ քարոզելու իրավունքը»,- նկատել է Ֆրանցիսկոս Պապը:

 

Նա նաեւ մեկնաբանել է այն փաստը, որ Եվրոպայի մասին արտահայտվելիս խոսում է «արմատներից», դրանք չանվանելով «քրիստոնեական».

 

«Արմատների մասին հարկավոր է խոսել հոգնակի թվով, քանի որ դրանք իսկապես շատ են: Երբ ես լսում եմ հայտարարություններ Եվրոպայի քրիստոնեական արմատների մասին, ինձ երբեմն անհանգստացնում է դրանց երանգը. այն կարող է հաղթանակած կամ վրեժխնդրական հնչել: Դա առաջացնում է մտքեր գաղութատիրության մասին: Այո, Եվրոպան քրիստոնեական արմատներ ունի: Քրիստոնեությունը պետք է սնուցի այն, սակայն միայն ծառայելու ոգով»: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին