ԵՄ-ն սահմանել է ՌԴ-ի հետ հարաբերությունների 5 սկզբունքները - Mediamax.am

21621 դիտում

ԵՄ-ն սահմանել է ՌԴ-ի հետ հարաբերությունների 5 սկզբունքները


Լուսանկարը` REUTERS


Եվրամիության անդամ պետությունների արտգործնախարարները Բրյուսելում կայացած հանդիպմանը համաձայնեցրել են Ռուսաստանի հետ հարաբերությունների սկզբունքները:

Ինչպես գրում է Коммерсантъ-ը, հանդիպման ավարտին Եվրոպական Միության Արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ նախարարները «միաձայն հավանություն են տվել Մոսկվայի հետ հարաբերությունների կառուցման 5 սկզբունքներին»:

 

Առաջին հերթին, ԵՄ արտգործնախարարները պնդում են, որ պետք է լիարժեք կատարվեն Դոնբասի հակամարտության կարգավորման հետ կապված Մինսկի պայմանավորվածությունները: Դա Մոսկվայի հանդեպ Բրյուսելի մոտեցման էական փոփոխման առանցքային տարրն է:

 

Այնուհետ, նրանք պահանջում են, որ Ռուսաստանի հետ ապագա համագործակցությունը չվնասի Արեւելյան գործընկերության պետությունների (Ադրբեջան, Հայաստան, Բելառուս, Վրաստան, Մոլդավիա, Ուկրաինա) եւ Կենտրոնական Ասիայի երկրների հետ ԵՄ կապերը:

 

Երրորդ, Ռուսաստանի հետ հարաբերությունները, ըստ հանդիպման մասնակիցների, պետք է օժանդակեն «Եվրամիության կայունության ամրապնդմանը, մասնավորապես, էներգետիկ անվտանգության, կիբերսպառնալիքների եւ ռազմավարական կոմունիկացիաների ոլորտում»:

 

Չորրորդ, ԵՄ արտգործնախարարները համաձայնել են, որ անհրաժեշտ է Ռուսաստանի հետ ունենալ «ընտրողական գործակցություն» այն հարցերի շուրջ, որտեղ առկա է «բացահայտ եվրոպական շահ». դա, օրինակ, վերաբերում է Սիրիայի իրավիճակին, Հյուսիսային Կորեային, մերձավորարեւելյան կարգավորմանը, միգրացիային, ահաբեկչության դեմ պայքարին եւ կլիմայական փոփոխություններին:

 

Եվ վերջապես, նախարարները պայմանավորվել են «սատարել ռուսաստանյան քաղաքացիական հասարակությանը եւ ներդրումներ կատարել մարդկանց միջեւ շփումների զարգացման մեջ»:

 

Ֆեդերիկա Մոգերինիի խոսքով՝ այդ սկզբունքների իրականացումն առաջիկայում կքննարկվի նաեւ Եվրոպական հանձնաժողովում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին