Մեկ շաբաթից Սիրիայում զինադադար կհաստատվի - Mediamax.am

19025 դիտում

Մեկ շաբաթից Սիրիայում զինադադար կհաստատվի


Լուսանկարը` REUTERS


Սիրիայում զինադադարը պետք է հաստատվի մեկ շաբաթվա ընթացքում, իսկ քաղաքական կարգավորման մասին ներսիրիական բանակցությունները կարող են մեկնարկել մինչեւ հաջորդ շաբաթվա վերջ:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, որոշումն ընդունվել է Մյունխենում տեղի ունեցած Սիրիայի միջազգային աջակցման խմբի անդամ պետությունների հանդիպմանը: 

 

Երկու տասնյակ պետությունների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները սեղանի շուրջ անցկացրել են շուրջ 5 ժամ՝ նախատեսվածից գրեթե երկու անգամ ավելի:

 

Հանդիպմանը մասնակցել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եգիպտոսի, Չինաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իրաքի, Իրանի, Հորդանանի, Կատարի, Լիբանանի, Օմանի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, ԱՄԷ-ի, ինչպես նաեւ Եվրամիության, ՄԱԿ-ի ու Արաբական պետությունների լիգայի ներկայացուցիչները:

 

«Մենք պայմանավորվել ենք դադարեցնել կրակը առաջիկա շաբաթվա ընթացքում: Շատ կարեւոր է վերջ դնել բռնությանն ու արյունահեղությանը»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:

 

Նրա խոսքով՝ ձեռք բերված պայմանավորվածությունը «վերաբերում է Սիրիայում գործող բոլոր կողմերին, բացի ISIS ու «Ջաբհաթ Ալ Նուսրա» ահաբեկչական կազմակերպություններից, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից հայտարարված ցանկացած այլ ահաբեկչական կազմակերպությունից»:

 

Ինչպես լրագրողներին հայտնել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, Ռուսաստանն ու Իրանը պետք է ճնշում գործադրեն Սիրիայի իշխանության վրա, զինադադար կնքելու համար:

 

«Այժմ խոսքն այն մասին է, որ Մոսկվան ու Թեհրանը ստիպեն Ասադի ռեժիմին դադարեցնել կրակը: Դա վերաբերում է, մյուս կողմից, սիրիական ընդդիմության բազմաթիվ միավորումներին, որոնք պետք է դադարեցնեն մարտական գործողությունները», - հայտարարել է նախարարը:

 

Հրադադարի գործնական իրականացման նպատակով որոշվել է ՄԱԿ-ի հովանու ներքո ստեղծել աշխատանքային խումբ, որի համանախագահները կլինեն Ռուսաստանն ու ԱՄՆ-ն: ՌԴ ԱԳՆ ղեկավարի խոսքով` զինվորականներից ու դիվանագետներից կազմված խմբի մանդատը ներառելու է նաեւ ահաբեկիչների կողմից զբաղեցրած տարածքների սահմանումը: 

 

Զինադադարը կլինի առաջին քայլը ներսիրիական բանակցությունների մեկնարկի ուղղությամբ, ընդգծել է Սերգեյ Լավրովը: Նրա խոսքով` կարեւոր է թույլ չտալ նախկին բացասական փորձի կրկնությունը. «բանակցությունները պետք է վերսկսվեն, որքան հնարավոր է շուտ, առանց վերջնագրերի ու նախապայմանների»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին