Վերագտնելով կյանքի գույները - Mediamax.am

exclusive
4363 դիտում

Վերագտնելով կյանքի գույները


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


«Հաղթողները» նախագծի շրջանակներում այս անգամ ներկայացնում ենք 25-ամյա Աննայի (անունը փոխված է) պատմությունը, ով կարողացել է հաղթահարել թմրամոլությունը եւ ընտանիք ստեղծել:

 

-Ինձ միշտ ինչ-որ բան խանգարել է երջանիկ լինել…

 

Ծնողներս հաճախ էին վիճում: Մայրս տարիներ շարունակ Հունաստանում էր ապրել, փափուկ, շքեղ կյանքի կողմնակից էր… Նույնը հորիցս էր պահանջում: Հայրս արվեստի մարդ էր, նրա համար հոգեւորն էր կարեւոր, 1000 դրամ էլ վաստակեր, նրան լրիվ հերիք էր իրեն լավ զգալու համար… Մեր տանն անընդհատ վեճեր էին՝ փողի հետ կապված: Մայրս միշտ տեսարաններ էր սարքում՝ այնքան, որ հորս նյարդերը չէին դիմանում, թողնում գնում էր տնից, իսկ մայրս իրեն խմիչքին էր տալիս…

 

Աչքս բացել եմ՝ մորս ծխելիս եմ տեսել: Ինձ անգամ թվում էր՝ ծխախոտն ավելի կանացի է դարձնում մորս: 14 տարեկանում սկսեցի ես էլ ծխել՝ թաքուն:

 

Փոքրուց պարի էի գնում: Շատ էի սիրում պարը՝ համերգներ, հյուրախաղեր… Այդ ամենն այնքան էր ինձ գրավում, որ ի վերջո որոշեցի թատերական ինստիտուտ ընդունվել՝ պարարվեստի բաժին:

Լուսանկարը` Մեդիամաքս

14 տարեկան էի, երբ առաջին անգամ սիրահարվեցի: Ընկերս 2 տարով մեծ էր ինձնից: 1.5 տարի ընկերություն էինք անում, այնքան լուրջ էր ամեն ինչ, որ մենք արդեն ամուսնությունն էինք քննարկում, մտածում՝ որտեղ ենք ապրելու… 16 տարեկանում առաջին անգամ հարաբերություն ունեցա նրա հետ: Ինձ թվում էր՝ վերջ, էլ ոչ մի բան չի կարող մեզ բաժանել… Բայց միայն թվում էր: 2 ամիս անց ընկերս բանակ գնաց, գնալուց առաջ բաժանվեցինք, նա ասաց՝ մեկ է, դու չես սպասի ինձ, ավելի լավ է հիմա բաժանվենք… Մեկ ամիս անց իմացա, որ ուրիշին է սիրահարվել…

 

Կյանքը միանգամից կորցրեց բոլոր գույները՝ անպատասխան սեր, նախկին ընկեր, որն արդեն ուրիշին է սիրում, գումարած այն, որ  16 տարեկանում կույս չլինելը, մեղմ ասած, չէր ողջունվում մեր միջավայրում… Մտածում էի՝ եթե իմ սիրած մարդու հետ չեմ լինելու, ի՞նչ տարբերություն` ում հետ կքնեմ: Որոշեցի վայելել կյանքը… Համենայնդեպս, ինձ այդպես էր թվում: Սկսեցի քնել ում հետ պատահի. 2 տարվա ընթացքում 10 ընկեր եմ փոխել… Ինձ թվում էր՝ դրանից լավ տարբերակ չկա կյանքը վայելելու համար…

 

Միակ բանը, որ կապում էր ինձ կյանքին, պարն էր: Ընդունվեցի ինստիտուտ, պարի խմբով հաճախ էինք ճամփորդում, հաճախ նոր կոլեկտիվների հետ էինք ծանոթանում, շփվում… Լուսանկարչությամբ էի տարված, այնպես ստացվեց, որ լուսանկարիչների խմբի հետ ծանոթացա: Սկսեցինք ընկերություն անել: Ստեղծագործող մարդիկ էին, առավոտյան աշխատում էին, իրիկունը` խմում, ծխում, լիցքաթափվում… Առաջին անգամ առաջարկեցին խոտ ծխել: Հրաժարվեցի: Ասացին՝ փորձիր, եթե դուրդ չգա, էլ չես ծխի: Փորձեցի…

 

Առաջին անգամից հետո մտածում ես, որ երբ ուզես, կթողնես… Բայց ամեն անգամ ավելի ես ավելացնում չափաբաժինը, որովհետեւ նախկին չափն էլ նույն էֆեկտը չի տալիս: Հավաքվում էինք մի քանիսով ինչ-որ ակումբում ու խմում, ծխում, հաբեր օգտագործում… Այնքան, որ հաճախ կորցնում էի հավասարակշռությունս, ժամանակի զգացողությունը… 5 վայրկյան էր անցնում, իսկ ես սկում էի վիճել ընկերներիս հետ՝ ինչու՞ ենք 5 ժամ նույն տեղում նստած, ինչու՞ ուրիշ տեղ չենք գնում…

 

Մի անգամ հյուրախաղերի էինք գնացել կուսակցություններից մեկի անդամների հետ: Այնտեղ էլ հանգիստ չէի մնում, համերգներից հետո հավաքվում էինք անծանոթ տղաների հետ ու խմում, փոշի օգտագործում, որ հաճույք ստանանք… Ի վերջո, վերեւներում իմացան, թե ոնց եմ ինձ պահում: Երբ վերադարձանք Երեւան, արդեն ամեն ինչ որոշված էր. մեծ սկանդալով հեռացրին ինձ խմբից:

 

Զգում էի, որ կեղտի մեջ եմ, զզվում էի ինքս ինձնից, բայց չէի կարողանում բարձրանալ, որովհետեւ բոլորը օգնելու փոխարեն մտածում էին՝ ոնց կարելի է օգտվել իմ վիճակից՝ ով առաջինը կկպցնի ինձ, ով կքնի իմ հետ, ոնց կարելի է գալ մեր տուն, երբ տանը մարդ չկա, ու խմել, լիցքաթափվել…

Լուսանկարը` Մեդիամաքս

Պարից բացի ես ոչինչ չունեի, այն իմ միակն հետաքրքրությունն ու զբաղմունքն էր, առաջ շարժվելու միակ հնարավորությունը… Խմբից հեռացվելը նոր հարված էր ինձ համար: Հին ընկերներիցս ոչ մեկ չէր մնացել կողքիս, բոլորն ինձ կործանված մարդ էին համարում, ամաչում էին անգամ փողոց դուրս գալ ինձ հետ…

 

…Նարեկը հերթական ընկերս էր, հիմնականում նրանց տանն էինք ժամադրվում: Փողոցով քայլելիս լավ էր զգում իրեն, որ իմ պես գեղեցիկ կազմվածքով աղջիկ է քայլում իր կողքով, բայց ամաչում էր ծնողներին ներկայացնել ինձ, ամաչում էր ասել՝ տեսեք, այս ծխող, խմող, թմրանյութեր օգտագործող աղջիկն իմ ընկերուհին է... Երեւի ես էլ կամաչեի:

 

Մի անգամ, երբ հերթական անգամ պետք է հանդիպեինք, Նարեկը ոչ թե իր տուն տարավ, այլ հյուրանոց… Այնքան վատ զգացի ինձ, երբ տեսա այդ ՀՅՈՒՐԱՆՈՑ գրվածը, այնքան ցածր  ինձ զգացի… Մինչ այդ ինքս ինձ խաբում էի, որ սիրում է, որ հնարավոր է ինչ-որ լուրջ բան ստացվի, բայց երբ տարավ հյուրանոց, մտածեցի՝ ի՞նչ տարբերություն իմ ու սովորական փողոցայինի միջեւ… Չմտա հյուրանոց, ասացի՝ տուն եմ ուզում գնալ: Շատ նյարդայնացավ, տաքսի նստեցրեց, դուռը շրխկացրեց դեմքիս ու հեռացավ: Ճանապարհին գրեցի՝ այլեւս չեմ ուզում քեզ հետ լինել: Պատասխանեց կարճ՝ ok:

 

Սկսեցի ընկերուհիներիս հետ ակումբներ գնալ, ավելացնել թմրանյութերի տեսականին… Արդեն խոտերը չէին բավարարում, հաբերի էի անցել: Հիշում եմ՝ մի անգամ եկա տուն, մայրս նոր հագուստ էր գնել ինձ համար, ասաց՝ փորձի: Փորձեցի… Մի հագուստը փորձելու ընթացքում 3 անգամ ուշքս գնաց: Մայրս չէր հասկանում՝ ինչ է կատարվում ինձ հետ… Ամեն անգամ մի բան խաբում էի՝ գիշերը տուն չէի գալիս, ասում էի՝ նկարահանման եմ եղել, ընկերուհուս տանն եմ մնացել, թմրանյութերի ազդեցության տակ գալիս էի-ուշաթափվում՝ ասում խմած եմ ուղղակի… Մայրս ոչինչ չէր կասկածում, կամ երեւի ժամանակ չուներ մտածելու՝ ինչ է կատարվում ինձ հետ…

 

Հաբերն էլ սկսեցին չհերիքել, անցա փոշիների: Երբ թմրանյութի ազդեցության տակ ես լինում, քեզ ամենակարող ես զգում, աչքերդ փակում ես ու մտովի պատկերացնում այն, ինչ ուզում ես, քեզ թվում է՝ ամեն ինչ կարող ես անել, ամեն ինչի կարող ես հասնել… Հետո, երբ ազդեցությունն անցնում է, հասկանում ես, թե ինչ խղճուկ վիճակում ես ապրում դու, ու դա ավելի է ցավեցնում քեզ: Ուզում ես մոռանալ իրականությունը ու նորից, նորից ես թմրանյութ օգտագործում…

 

Մի անգամ գնացել էինք ակումբներից մեկը, բարմենը, որի անունը Արմեն է, նախկին ընկերոջս ծանոթներից էր, ընկերուհուս տարել էի նրա հետ ծանոթացնելու… Ինչպես միշտ, ոչ ադեկվատ վիճակում էի: Արմենի հետ սկսեցինք խոսել, հանկարծ ասաց՝ բայց ինչ լավ մամա կլինես դու… Ես վաղուց հրաժարվել էի այն մտքից, որ ինչ-որ մեկն իմ մեջ մայր կտեսնի, կին կտեսնի, մտածում էի, որ էլ ոչ մեկ չի ցանկանա լուրջ հարաբերություններ ունենալ մեկի հետ, ով ամեն երկրորդի հետ կարող է քնել, ով օրվա մեծ մասը թմրանյութերի ազդեցության տակ  է…

 

Անընդհատ նույն ակումբն էի գնում՝ մենակ, ընկերուհիներիս հետ… Չէի հասկանում՝ ինչի, բայց ինչ-որ բան ձգում էր ինձ: Արմենի հետ սկսել էինք հաճախ խոսել: Շատ էր ինձ լացացնում… Նստեցնում էր մի աթոռի ու անդադար հարցեր տալիս, փորփրում ներսս… Անընդհատ հարցնում էր՝ «ինչի՞ ես քեզ էսպես պահում, նորմալ մարդիկ գնում են դասի, պարի, ընկերուհու հետ մի բաժակ սուրճ են խմում, երեկոյան շուտ տուն են գնում, ընթրում ծնողների հետ, տանը քնում… Իսկ ի՞նչ ես անում դու՝ կամ խմած ես, կամ ծխած, կամ անհավասարկշիռ վիճակում…»:

Լուսանկարը` Մեդիամաքս

Արմենը սիրահարվեց ինձ, սկսեցինք հանդիպել: Պահ էր լինում, որ շատ վատ էի զգում ինձ, որովհետեւ ես այնքան կեղտոտ էի նրա մաքրության առաջ… Ամեն ինչ անում էր, որ քչացնեմ խմիչքը, թմրանյութերը, ասում էր՝ եթե ինչ-որ բան ուզում ես անել, միասին կարող ենք անել, անվտանգ միջավայրում, ոչ թե անծանոթ մարդկանց հետ ինչ-որ ակումբներում… Ուզում էր ինձ ավելի լավը դարձնել:

 

Մեր մտերմությունից 2 ամիս անց բանակ գնաց: Որոշեցի, որ պետք է սպասեմ նրան ու ամեն ինչ անեմ, որ չհիասթափվի ինձնից, որ արդարացնեմ նրա սպասումները…

 

Նախկին ընկերներիս մասին ոչինչ չգիտեր: Մի անգամ բանակում խոսել էին, իմացել էր նրանցից ինչ-որ մեկի մասին… Զանգեց, շատ ջղայնացած էր: Ասաց՝ կամ ամեն ինչ պատմում ես, սկսում ենք միասին նոր էջից, կամ բաժանվում ենք: Պատմեցի ամեն ինչ՝ բոլորի մասին, ում հետ երբեւէ հանդիպել եմ, հարաբերություն եմ ունեցել: Ամենավատն այն էր, որ Արմենը ճանաչում էր նրանցից շատերին: Պատմում էի ու հասկանում, որ կարող է եւ չներել: Չգիտեմ՝ կկարողանայի՞ ես ներել… Ամեն ինչ լսեց ու անջատեց հեռախոսը: Մի քանի ժամ անհասանելի էր: Հետո գրեց՝ «Սխալ-մխալ չկա: Միասին նոր կյանք ենք սկսում»:

 

Արմենն էլ է դժվար կյանքով ապրել: Սիրիայում է ծնվել, փոքր էր, երբ ծնողները բաժանվել են, մայրը բուդիզմով է տարվել, գնացել Հնդկաստան, իրեն կրոնին նվիրել: Շատ խիստ է դաստիարակել Արմենին, ստիպել, որ ինքն էլ կրոնը փոխի... Արմենն ընտանեկան ջերմություն, ծնողական սեր չի տեսել. փախել է մոր մոտից ու Հայաստան եկել՝ տատիկի հետ ապրելու… Երեւի դա է պատճառը, որ հասկացավ ինձ, որ ուղղվելու հնարավորություն տվեց:

Երբ կեղտի մեջ ես լինում, չես կարող դուրս գալ, թափ տալ վրայիդ կեղտն ու փոշին ու անցնել առաջ: Պետք է լողանաս, ամբողջությամբ մաքրվես ու քայլ անես դեպի նոր կյանք, պետք է մեկը, հանուն որի դու կուզենաս փոխվել… Ինձ համար այդ մարդը դարձավ Արմենը, ում սերն այնքան շատ էր, որ ուժ տվեց ինձ բարձրանալու համար:

 

…Երբ Արմենը բանակից եկավ, սկսեցինք միասին ապրել: Հիմա երկու երեխա ունենք՝ մի տղա, մի աղջիկ… Բոլոր կապերս խզել եմ նախկին կյանքիս հետ՝ հին ընկերներ, ակումբներ, խմիչք, թմրանյութ… Հիմա իմ կյանքում միայն երեխաներս են ու Արմենը, որին ամեն օր ավելի եմ սիրում, ավելի եմ գնահատում այն կյանքը, որ միասին ենք ստեղծել…

 

Տաթեւիկ Սարգսյան

Նյութում օգտագործվել են ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեբուժական բժշկական կենտրոն»-ի Նարկոլոգիական կլինիկայում կատարված լուսանկարները։

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին