exclusive
6640 դիտում

Տուն՝ բառերից ու նկարներից այն կողմ


Լուսանկարը` UWC Dilijan College

Լուսանկարը` UWC Dilijan College

Լուսանկարը` UWC Dilijan College


Մեդիամաքսը եւ UWC Դիլիջան քոլեջը սկսում են համատեղ նախագիծ, որի շրջանակում ներկայացնելու են տարբեր երկրներից ժամանած ուսանողների պատմությունները՝ Դիլիջանի, Հայաստանի եւ այստեղ իրենց կյանքի մասին:

Լուսիա, Իսպանիա, UWC Դիլիջան ’16

Լուսիան UWC Դիլիջանի հիմնադիր սերնդի ուսանողներից է։ 2016թ. մայիսին դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվել է University College of London (UCL)։ Լուսիան շարունակում է պահել UWC Դիլիջանի հետ կապը. նա ակտիվորեն մասնակցում է դպրոցի շրջանավարտների ասոցիացիայի ստեղծմանը, իսկ 2017թ. ամռանը վերադարձավ Դիլիջան երկամսյա կամավորության։ Այժմ Լուսիան անդամակցում է UCL հայկական համայնքին, որը կապող օղակի դեր է կատարում համալսարանի ուսանողական կյանքի ու հայկական մշակույթի, լեզվի ու հասարակության միջեւ։

Ես դեռ հիշում եմ այն օրը, երբ առաջին անգամ տեսա Դիլիջանը։ Իմ ներքին անհանգիստ ու շփոթված իրավիճակը համընկնում էր ճանապարհի անհանգիստ ոլորանների հետ։ Թունելից դուրս թվում էր, թե երկնքից ընկնում ես մշտադալար ծառերի ամպի մեջ։ Դիլիջանը չբացահայտված դրախտ էր թվում՝ թաքնված լեռների անծայրածիր օվկիանոսի մեջ։

Դեռ չբացահայտված առեղծվածի նման, այդ պահին անհնարին էր թվում այն, որ այդ անծանոթ վայրը ձեռք կբերի անգին կարեւորություն, եւ թե ինչպես դրա ամեն մի անկյունը իմ սրտում մի անփոփոխ ու հավիտենական տեղ կզբաղեցնի։

Ուշ ամառվա տապը մեզ ողջունեց անամպ կապույտ երկնքով եւ մշտական արեւի լույսով, առաջնորդելով մեր առաջին քայլերը դեպի Դիլիջան։

Դանդաղ ու անվճռականորեն մենք բացահայտեցինք քաղաքին ամֆիթատրոնից նայելու, գետի մոտ կանաչ տաղավարում արեւածաղիկ ուտելու հաճույքը, զվարճանքների պուրակի միջով կեսօրվա զբոսանքների գեղեցկությունը. այնքան ներդաշնակ էր այդ ամեն ինչը, կարծես քայլելիս լինեիր մոռացված ֆիլմի տաղավարի միջով։ Կամաց-կամաց մենք սովորեցինք գնահատել գետի ներդաշնակ ձայնը՝ մեր ապագա երկու տարիների երաժշտությունը, առավոտյան երգող թռչունների մելամաղձոտ մեղեդին, ամառվա հանկարծակի փոթորիկները, հովտում որոտացող ամպրոպի ուժն ու դրան հաջորդող ծիածանների խոնարհ գեղեցկությունը։

Լուսանկարը` UWC Dilijan College


Շրջապատված անծայրածիր անտառով, լեռան լանջի ճանապարհին, մենք գերվել էինք ուշ կեսօրվա արեւի լույսով՝ արտացոլված ծառերի վրա։ Նայելով դեպի ապագա՝ հորիզոնում երեւացող լեռներից այն կողմ, դեպի փողոցներ ու շինություններ, անհանգիստ մտածում էինք, թե որն է լինելու մեր տունը ապագա երկու տարիների ընթացքում։

Աշունը, զարմանալիորեն, ծաղկման շրջան էր։ Մի օր արթնանալով՝ տեսնում էիր շրջապատող լեռան լանջերը, որ ողողված էին վառ դեղին, շագանակագույն ու նարնջագույն գույներով, ասես նկարչի ներկապնակ լիներ։ Տերեւների աստիճանաբար թափվելու հետ մեր վստահությունն էր աճում՝ մեր քայլերի եւ մեր շրջապատը բացահայտելու համար։ Մենք հեռանում էինք հիմնական փողոցներից ու զգում աշխարհից կտրվելու հաճույքը՝ թեյ խմելով ու ծիրանի չիր ուտելով գերեզմանատան վերեւում նստած։ Վայելում էինք անտառի միջով դեպի հազարամյա մատուռներն ու դեպի աննկարագրելի տեսարաններ տանող չնախատեսված արշավների հրճվանքը։ Դիլիջանի մարդկանց ամաչկոտ հետաքրքրությունը ողջույնի ժպիտի էին վերածվել։ Եղանակի ցրտելու հետ օտարները հարազատ էին դարձել, իսկ մեր սրտերը տաքացել էին, որովհետեւ Դիլիջանն իսկապես տուն էր դարձել։

Նայելով երկնքին, մի գիշեր ձյան աստղազարդ փաթիլները մեղմորեն ցած թափվեցին. երկար սպասված ձյունը վերջապես եկավ։ Հաջորդ առավոտյան, վարագույրը բացելուց հետո, մի երազանքային ու հեքիաթային լանդշաֆտ բացվեց. ձյան փափուկ վերմակը ծածկել էր լեռները, տանիքներն ու ծառերը, հեռավոր գագաթները դարձնելով կարծես սառցապատ հարսանեկան տորթեր։ Սառույցի վրա արեւի կուրացնող ճառագայթներից կիսով չափ փակած մեր աչքերով դժվար էր հավատալ, որ իսկապես ապրում ենք այս հրաշքի մեջ։ Դիլիջանի ձմեռը մեզ սովորեցրեց գնահատել գեղեցիկ ձմեռային օրերը, երբ ցուրտ ջերմաստիճանները փոխհատուցվում են լուսավոր կապույտ երկնքով, որը ձգում է դեպի դուրս։ Մոխրագույն երկինքներն ու մռայլ կեսօրերը մեզ հնարավորություն տվեցին բացահայտել մուրաբայով թեյն ու գաթան, իսկ գետի երկայնքով ծույլ զբոսանքները փոխարինվեցին արագ քայլերով՝ խուսափելով սառույցներից։ Ձմեռն իրեն բնորոշ շափյուղա փայլ ուներ. մի կախարդական հարմարավետ մթնոլորտ, որը մեզ ավելի մոտեցրեց մեր միջավայրին, որը զրոյից ցածր ջերմաստիճանում էր։

Լուսանկարը` UWC Dilijan College


Գարունը կամաց եկավ՝ մեր սպիտակ լեռներում թաքնված վախկոտ կանաչ ծառերով, ամաչկոտ ծաղիկներով ու թռչունների վերադարձով։ Գարունը եկավ ինչպես մի շրջանի փակում եւ նորի սկիզբ, մեզ կամաց-կամաց ետ բերելով դեպի խիտ կանաչ անտառ, որը մի տարի առաջ օտար էր, իսկ հիմա լուռ վկա էր դարձել։ Վկա՝ բոլոր անփոխարինելի վայրկյանների, հազվադեպ փորձառությունների, եզակի ընկերությունների, ուրախության ու վշտի արցունքների, անզսպելի ծիծաղի, անհամեմատելի անհատական աճի, որ Դիլիջանը մեզ բերեց մեր առաջին տարվա ընթացքում։

Դիլիջանի նկատմամբ ունեցած բացառիկ կապը, իր ամեն մի վերափոխված անկյունով ու անհասանելի լեռնագագաթներով, անհնար է արտահայտել բառերով։ Ամեն երեկո, արեւամուտին, ես հիշում եմ հեռավոր գագաթներից այն կողմ երեւացող արեւին նայելը, վերջին ճառագայթները, որ նրբորեն համբուրում էին տանիքները, վարդագույնը, որ պատել էր մեր թաքնված գիշերը, եւ իսկապես օրհնված լինելու զգացումը։ Օր օրի ես փորձում էի լուսանկարել այդ տեսարանը, բայց ոչ մի նկար այն չեր կարող նկարագրել։ Նկարները ոչ միայն չէին կարողանում պատկերել այդ հիասքանչ լանդշաֆտը, այլեւ այն յուրահատուկ փորձը, որ Դիլիջանը բերում է յուրաքանչյուր անհատի, որը բախտավոր է ներգրավված լինել իր մշտական փոփոխվող, բայց գեղեցիկ մնացող լեռներով։ Լինի դա օր թե մի ամբողջ կյանք, Դիլիջանն ունի մի աննկարագրելի կախարդանք, եւ մի անգամ այնտեղ լինելով, դու քեզ տանն ես զգում։

Թարգմանությունը անգլերենից՝ Շուշանիկ, Արցախի հանրապետություն, UWC Դիլիջան ’19

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am