ՀՖՀՀ ռեկտորի խորհուրդը շրջանավարտներին. «Արծվի պես հեռատե՛ս եղեք ու եղեգնի նման ճկուն» - Mediamax.am

2083 դիտում

ՀՖՀՀ ռեկտորի խորհուրդը շրջանավարտներին. «Արծվի պես հեռատե՛ս եղեք ու եղեգնի նման ճկուն»


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

պրոֆեսոր Բերտրան Վենարը
պրոֆեսոր Բերտրան Վենարը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արթուր Մարտիրոսյանը
Արթուր Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Անն Լույոն
Անն Լույոն

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Պարույր Հովհաննիսյանը
Պարույր Հովհաննիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Պետք է շատ սովորել՝ գոնե մի չնչին բան իմանալու համար». ֆրանսիացի մտածող եւ փիլիսոփա Շառլ Լուի Մոնտեսքյոյի այս խոսքերով Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեկնարկեց Հայաստանում ֆրանսիական համալսարանի 2020-2021 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը:

 

Մոնտեսքյոյին հիշատակելը պատահական չէր. անանուն վիճակահանության արդյունքում համալսարանի այս տարվա շրջանավարտները հետայսու  նրա անունն են կրելու:

 

Ակադեմիական հագուստով, պայծառ աչքերով երիտասարդներին դիպլոմներ հանձնելուց առաջ նրանց ողջունել ու խորհուրդներ են տվել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպանը, ՀՀ կառավարության ու համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի անդամները:  

 

«Անկախությունից ի վեր Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ ձեւավորվել են միջպետական առանձնահատուկ հարաբերություններ», - փաստում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

 

«Այս միջոցառումը խորհրդանշական է նաեւ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, երիտասարդության եւ այլ ոլորտներում հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների շրջանակում: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանում ֆրանսիական համալսարանի ղեկավարությանն ու մասնավորապես ռեկտոր Բերտրան Վենարին, որը ջանք չի խնայում համալսարանի զարգացման գործում»:  

Արթուր Մարտիրոսյանը Արթուր Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է՝ ՀՖՀՀ-ն վստահաբար մեծ դերակատարում կարող է ունենալ հայ-ֆրանսիական միջբուհական համագործակցության ընդլայնման առումով եւ դառնալ հարթակ՝ տարածաշրջանում կրթահետազոտական ֆրանկոֆոն համալիրի ստեղծման եւ կայուն զարգացման համար:

 

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը եւս հիշատակել է հայ-ֆրանսիական հարաբերությունների դարավոր պատմությունը.

 

«Հայերն ու ֆրանսիացիները միշտ միասին են եղել իրենց պատմության կարեւոր շրջադարձերում: Հայերը կռվել եւ ֆրանսիացիների կողքին են եղել միջնադարում, այնուհետեւ Առաջին համաշխարհային պատերազմի, ինչպես նաեւ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: 20-րդ դարի սկզբին Ֆրանսիան եղբայրական ձեռք է մեկնել Ցեղասպանությունը վերապրած տասնյակ հազարավոր հայերի, որոնք երկրորդ հայրենիքն են գտել Ֆրանսիայում», - ասել է Պարույր Հովհաննիսյանը:

Պարույր Հովհաննիսյանը Պարույր Հովհաննիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն առանձնահատուկ կերպով կարեւորել է կամքը, որի շնորհիվ Հայաստանն առհասարակ ու ՀՖՀՀ ուսանողները մասնավորապես կարողացել են հաղթահարել 2020թ.-ի դժվարությունները։

 

Ըստ դեսպանի՝ ՀՖՀՀ դիպլոմներ ստացող շրջանավարտները եռակի պատասխանատվություն են ստանձնում.

 

«Դուք պարտավորություն եք ունենալու Հայաստանի Հանրապետության հանդեպ, որի ապագան եք: Երկրորդ պարտավորությունը Ֆրանսիայի հանդեպ է լինելու, մասնավորապես՝ հայ-ֆրանսիական հարաբերությունների: Իսկ երրորդը՝ ինքներդ ձեր հանդեպ, որպեսզի պահպանեք գիտելիքն ու էթիկան, որոնք ձեռք եք բերել Հայաստանում ֆրանսիական համալսարանում: Ժամանակաշրջանում, երբ Ֆրանսիան ստանձնում է Եվրամիության նախագահությունը, երբ Հայաստանն ամրապնդում է իր ժողովրդավարությունը, տնտեսությունն ու հասարակությունը, կարծում եմ՝ դուք կարեւորագույն դեր եք խաղալու երկու երկրների փոխհարաբերությունների հարցում»:

Անն Լույոն Անն Լույոն

Լուսանկարը` Մեդիամաքս

Յուրահատուկ ոգեւորություն է առաջացրել ՀՖՀՀ ռեկտոր, պրոֆեսոր Բերտրան Վենարի ելույթը։ Նա նախ շնորհակալություն է հայտնել շրջանավարտներին եւ նշել, որ իր համար մեծ հպարտություն է լինել նման խելացի, անաչառ, նպատակասլաց եւ լայն աշխարհայացք ունեցող երիտասարդների ռեկտորը։

 

Նա ընդգծել է, որ համալսարանում անչափ կարեւորում են ուսուցանվող առարկաների ու աշխատաշուկայի պահանջների համապատասխանությունը, ինչի շնորհիվ շրջանավարտները հաջողում են իրենց մասնագիտական ուղին:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Սիրելի՛ շրջանավարտներ, ուզում եմ ձեզ 4 փոխաբերությունների տեսքով մի քանի խորհուրդ փոխանցել:

 

Առաջինը արծվի փոխաբերությունն է: Արծիվը շատ սուր տեսողություն ունի ու կարողանում է տեսնել նույնիսկ հեռվում շարժվող փոքր առարկաները: Ինչպես արծվի դեպքում է, խորհուրդ եմ տալիս ձեզ զարգացնել ռազմավարական տեսլական. պետք է ունենաք երկարաժամկետ պատկերացում, թե ինչ եք ուզում, որպեսզի կարողանաք ճիշտ որոշումներ կայացնել: Ինչպես գալլական ասացվածքում է ասվում, աշխատելու համար պետք է հետեւել աստղերին․այսինքն՝ պետք է երկարաժամկետ նպատակ հետապնդել։

պրոֆեսոր Բերտրան Վենարը պրոֆեսոր Բերտրան Վենարը

Լուսանկարը` Մեդիամաքս

Երկրորդ խորհուրդս հիմնված է փղի փոխաբերության վրա: Փիղն արտակարգ հիշողություն ունի ու նույնիսկ 20 տարի անց կարող է հիշել, թե ջրի մի աղբյուրից մյուսն ինչ ճանապարհով է գնացել: Խորհուրդս այս դեպքում պարզապես լավ հիշողություն զարգացնելը չէ, այլ գիտակցելը, թե ինչ է ենթադրում այդ հիշողությունը. կարողանալ կուտակել գիտելիքներն ու դրանք փոխանցել սերնդեսերունդ: Այդ փոխանցումը պետք է բոլորին վերաբերի։ Անշուշտ, դուք չեք կարող զգալի արդյունքի հասնել առանց կատարելագործելու եւ մեծացնելու ձեր թիմերը։

 

Երրորդը եղեգնի փոխաբերությունն է: Եղեգնը մի առանձնահատկություն ունի. չնայած ուժեղ քամիներին՝ այն ճկվում է, բայց վերադառնում իր սկզբնական դիրքին: Դարեր ի վեր հայ ժողովուրդը ցույց է տվել իր արտակարգ դիմակայունությունն ու տոկունությունը: Խորհուրդ եմ տալիս պահպանել, զարգացնել ու փոխանցել այս արժանիքը: Եղեգնի փոխաբերությունը նաեւ նշանակում է, որ այդ տոկունությունը պահպանելու համար պետք է լավատես լինել: Նույնիսկ ծանր ողբերգության ժամանակ պետք չէ կորցնել հույսը։ Այսպիսով, ՀՖՀՀ-ի 11զինվոր ուսանողները, որոնք իրենց կյանքը տվեցին հանուն հայրենիքի, դժբախտության դեմ պայքարի եւ աներեւակայելի քաջության անփոխարինելի օրինակ են դարձել։

Լուսանկարը` Մեդիամաքս

Վերջին փոխաբերությունը լեռնագնացի մասին է: Երբ քայլում ես հայկական լեռներով, պետք է շատ ուշադիր նայել՝ որտեղ ես ոտքդ դնում: Միեւնույն ժամանակ, եթե ուզում ես հասնել գագաթին, պետք է նաեւ վեր նայես: Լեռնագնացի փոխաբերությունը միաժամանակ եւ՛ հեռուն նայելու, եւ՛ լեռնցու նման հաջողությունդ քայլ առ քայլ կառուցելու, եւ՛ աշխատասիրության ու համառության մասին է», - ասել է Բերտրան Վենարը: 

Լուսանկարը` Մեդիամաքս

Այս ոգեշնչող ելույթից հետո բոլոր շրջանավարտների անունից հանդես է եկել ՀՖՀՀ 2021թ. շրջանավարտ Ալինա Ղազարյանը.

 

«Լավագույն նախագիծը, որի վրա մենք աշխատել ենք ու շարունակում ենք աշխատել, մենք ենք։ Մեր սերունդը վերջին տարիներին շատ դժվարություններով անցավ: Նախ համաճարակն էր, որի պատճառով ուսանողական լավագույն տարիներն անցան տանը՝ համակարգիչների դիմաց: Հետո պատերազմն էր, որի հետեւանքով բոլորս շատ կորուստներ ունեցանք: Դրանից հետո կյանքի ու ապագայի մասին պատկերացումները լիովին փոխվեցին, բայց պետք է կարողանանք ուժ գտնել մեր մեջ, հաղթահարել բոլոր դժվարություններն ու քայլել առաջ: Մեր կողքին կան տղաներ, որոնք կատարել են իրենց զինվորական պարտքը, եւ կան նրանք, որոնք հիմա էլ ծառայության մեջ են: Շնորհակալություն հայտնենք նրանց ու ծառայության մեջ գտնվող մյուս բոլոր տղաներին»:

 

Յանա Շախրամանյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին