«Իրավունքի գիշեր» Հայաստանում ֆրանսիական համալսարանում - Mediamax.am

exclusive
2436 դիտում

«Իրավունքի գիշեր» Հայաստանում ֆրանսիական համալսարանում


ՀՖՀՀ ռեկտոր, պրոֆեսոր Բերտրան Վենարը
ՀՖՀՀ ռեկտոր, պրոֆեսոր Բերտրան Վենարը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարեն Անդրեասյանը եւ Բերտրան Վենարը
Կարեն Անդրեասյանը եւ Բերտրան Վենարը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարեն Անդրեասյանը
Կարեն Անդրեասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սիմոն Սիմոնյանը
Սիմոն Սիմոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Տարոն Սիմոնյանը
Տարոն Սիմոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լեւոն Սահակյանը
Լեւոն Սահակյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ալեքսանդր Խաչատուրյանը
Ալեքսանդր Խաչատուրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարեն Անդրեասյանը եւ Բերտրան Վենարը
Կարեն Անդրեասյանը եւ Բերտրան Վենարը

Լուսանկարը` Արդարադատության նախարարություն


Հոկտեմբերի 4-ին Հայաստանում ֆրանսիական համալսարանում տեղի է ունեցել «Իրավունքի գիշեր» միջոցառումը, որի նպատակն է ավելի ճանաչելի դարձնել իրավունքը, դրա սկզբունքներն ու մասնագիտությունները: Այս նախաձեռնությունը հիմնվել է 2017 թ-ին Ֆրանսիայում, եւ Հայաստանն առաջին երկիրն է, որ միացել է այս միջոցառմանը:

 

Մինչեւ ուշ գիշեր ՀՖՀՀ-ում տեղի են ունեցել քննարկումներ, բանավեճեր, ցուցադրվել են ֆիլմեր: Միջոցառմանը ներկա է եղել նաեւ ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը: Mediamax.am-ն առանձնացրել է ՀՖՀՀ «Իրավունքի գիշեր» միջոցառման առավել ուշագրավ դրվագները:

 

Միջոցառումը կազմակերպվել է 11 անձանց պատվին եւ նվիրված է նրանց հիշատակին

 

Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Բերտրան Վենարը միջոցառման մեկնարկի իր ելույթում հայտարարել է, որ այս միջոցառումը նվիրվում է համալսարանի ուսանող այն 11 տղաների հիշատակին, որոնք անցյալ տարի այս օրերին կամավոր մեկնեցին պատերազմ ու զոհվեցին:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Այս միջոցառումը կազմակերպվել է 11 անձանց պատվին, որոնք անցյալ տարվա այս նույն ժամանակաշրջանում բարեվարքության բացառիկ օրինակ են ցույց տվել:

Երբ ես այցելեցի զոհված երիտասարդների ընտանիքներին, ասացի, որ իրենց երեխաները զուր չեն զոհվել: Նրանք զոհվել են հանուն արժեքի, որը հազարամյակներով շատ կարեւոր է եղել Հայաստանի համար, որը շատ կարեւոր է Հայաստանում ֆրանսիական համալսարանի համար. դա անկաշառությունն ու բարեվարքությունն է:

 

Բարեվարքություն նշանակում է մտածել ուրիշների մասին՝ նախքան սեփական անձիդ մասին մտածելը, նշանակում է մտածել սեփական պարտավորությունների մասին՝ նախքան սեփական իրավունքների մասին մտածելը:

 

Նա ընդգծել է՝ առանց հարգված իրավունքների ու օրենքների, առանց ժողովրդի բարեվարքության ժողովրդավարությունը պարզապես չի կարող գոյություն ունենալ:

 

«Նույնիսկ այն դեպքում, որ ՀՀ Սահմանադրությունը բավականին երիտասարդ է, հայ ժողովուրդը վերջին ընտրությունների ժամանակ մեծ հասունություն ցուցաբերեց: Ընտրությունները լավ անցան, հայ ժողովուրդը կարողացավ արտահայտել իր կամքը, եւ այսպիսով ժողովրդավարությունն էլ ավելի հզորացավ: Կարծում եմ՝ այսօր իրավունքից անդին մենք փառաբանում ենք ժողովրդավարությունը եւ եւս մեկ անգամ հիշում մեր 11 նահատակներին, որոնք հաստատեցին՝ անձնական իրավունքներից առաջ կարեւոր է միասնական շահը», - ասել է Բերտրան Վենարը:

 

Աշխատանքի հրավիրված իրավաբանների 90 տոկոսը Ֆրանսիական համալսարանից են

 

Միջոցառմանը ներկա ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ասել է, որ իր անձնական ուսումնասիրությամբ կարող է պնդել՝ Ֆրանսիական համալսարանի իրավաբանության ֆակուլտետը Հայաստանում այս ոլորտի լավագույն կրթություն տվող հաստատությունների եռյակում է:

Կարեն Անդրեասյանը եւ Բերտրան Վենարը Կարեն Անդրեասյանը եւ Բերտրան Վենարը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ավելի բարձր դիրք չնշեմ, որպեսզի չնեղացնեմ մեր մյուս գործընկերներին: Ես ձեզ ասում եմ նաեւ որպես գործատու: Վերջին 10 տարիներին աշխատել եմ եւ՛ պետական, եւ՛ մասնավոր կառույցներում, ու երբ աշխատանքի ընդունվողի ինքնակենսագրականում մենք տեսնում էինք՝ Ֆրանսիական համալսարանի շրջանավարտ, միանշանակ կարող էինք ասել, որ սա որակի չափանիշ է: Վերջին 10 տարիների ընթացքում իմ կողմից աշխատանքի հրավիրված իրավաբանների մոտ 90 տոկոսը եղել են Ֆրանսիական համալսարանից:

Կարեն Անդրեասյանը Կարեն Անդրեասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ես հատկապես կարեւորում եմ, որ այստեղ ուսանողին ոչ միայն իրավաբանություն են սովորեցնում, այլեւ սովորեցնում են մտածել: Մտածել որպես մարդ, որպես քաղաքացի ու նաեւ որպես իրավաբան:», - ասել է Կարեն Անդրեասյանը:

 

Արհեստական բանականությունը՝ իրավագիտության մարտահրավեր

 

«Իրավունքի գիշեր» միջոցառման շրջանակներում քննարկումներից մեկը վերաբերել է արհեստական բանականությանն ու իրավաբանի համար առաջ եկող նոր մարտահրավերներին:

 

Արհեստական բանականությունն իրավագիտության մեջ դարձել է ամենաքննարկվող երեւույթներից մեկը, ընդ որում՝ արդեն ոչ միայն արեւմտյան երկրներում, այլեւ հետխորհրդային տարածաշրջանում, ասել է ՀՖՀՀ հետազոտող դասախոս Սիմոն Սիմոնյանը:

Սիմոն Սիմոնյանը Սիմոն Սիմոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Արդի թեմա լինելուց բացի, որոշեցինք անդրադառնալ արհեստական բանականությանը, քանի որ Հայաստանում ֆրանսիական համալսարանը նախաձեռնել է գիտական ուսումնասիրություններ նորագույն տեխնոլոգիաների բնագավառում: Իրավական բնագավառում նորագույն տեխնոլոգիաների վերաբերյալ ուսումնասիրություն անելու պատիվը բաժին է հասել ինձ,  ՀՖՀՀ-ում մենք ուսումնասիրելու ենք ոչ միայն արհեստական բանականության, այլեւ անձնական տվյալների, կիբերանվտանգության հետ կապված հիմնախնդիրները»:

 

Քննարկման բանախոսներից փաստաբան, ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանը նշել է. «Մենք չենք կարող կանգնեցնել հասարակական կյանքում տեղի ունեցող զարգացումներն ու փոփոխությունները, սակայն պետք է կարգավորենք դրանք»:

 

«Ցանկացած տեխնոլոգիա էական ազդեցություն է ունենում հասարակական կյանքի վրա, եւ երբեմն նաեւ պայմանավորում է դրա հետագա զարգացումը: Իրավունքը, որպես տեխնոլոգիաների ոլորտը կարգավորելու գործիք, արդիական է դարձել դեռեւս վաղուց: Այսօր մեծ մարտահրավեր է առաջացել․ իրավունքն ավելի դանդաղ է զարգանում, քան տեխնոլոգիաները: Զարգացվածության երկու աստիճանների միջեւ այս անդունդը գնալով խորանում է: Մենք՝ իրավաբաններս, առաքելություն ունենք նախ եւ առաջ հասկանալու՝ տեխնոլոգիան ընդհանրապես ինչպես է աշխատում, ինչպես է ազդում հասարակական հարաբերությունների վրա, պետության ներքին ու արտաքին քաղաքականության վրա, եւ փորձելու կանոններ սահմանել, որոնք կազդեն այդ տեխնոլոգիաների ներքո գտնվող հարաբերությունների վրա», - ասել է Տարոն Սիմոնյանը:

 

Խոսելով արհեստական բանականության ու իրավաբանի մասնագիտության վրա դրա ազդեցության մասին՝ Տարոն Սիմոնյանն ասել է՝ առաջնային ազդեցությունը կրում է աշխատաշուկան:

Տարոն Սիմոնյանը Տարոն Սիմոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Արհեստական բանականությունը կամաց-կամաց փորձում է տեղավորվել այն վայրերում, որտեղ առաջ աշխատում էին իրավաբաններ: Այսօր էլ աշխարհում կան որոշ գործիքներ, որոնք այս կամ այն չափով օգտագործում են արհեստական բանականությունը իրավաբանական խնդիրներ լուծելու համար: Արհեստական բանականությունը միտք գեներացնելու տեսանկյունից շատ ավելի արագ է աշխատում, քան մարդկանցից շատերի ուղեղը,  և այս տեսանկյունից գործատուին հարմար է մեկ մեքենա ստեղծել, որը կկատարի մի քանի կամ հարյուր իրավաբանի աշխատանք: Բայց արդյոք իրավաբանի բոլոր գործառույթները կարո՞ղ են կատարվել արհեստական բանականության կողմից: Կարծես թե՝ ո՛չ: Այն կարող է կատարել հիմնականում տեխնիկ իրավաբանի գործառույթները: Շատ հետազոտողների կարծիքով՝ պետք չէ մրցակցել տեխնիկայի հետ, պետք է իրավաբանի մոտ այլ՝ ստեղծագործ մտածողություն զարգացնել, որը չի լինի մեքենայացված, քանի որ այս գործառույթն արդեն կարող է կատարել արհեստական բանականությունը», - ասել է Տարոն Սիմոնյանը:

 

Իրավաբանի դերը հասարակության մեջ

 

«Իրավունքի գիշեր»-ի շրջանակներում քննարկվել է նաեւ իրավաբանի դերը հասարակության մեջ: Փաստաբան, ՀՖՀՀ դասախոս Ալեքսանդր Խաչատուրյանը եւ փաստաբան Լեւոն Սահակյանը կիսվել են իրենց փորձառությամբ, խորհուրդներ տվել ներկա ուսանողներին:

Ալեքսանդր Խաչատուրյանը Ալեքսանդր Խաչատուրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ալեքսանդր Խաչատուրյանը, որը մասնագիտացած է ձեռնարկատիրական իրավունքի ոլորտում, ասել է.

 

«Իրավաբանը բիզնեսի ամենակարեւոր մասը չէ, բայց իրավաբանն օգնում է, որ այդ բիզնեսը կայանա: Այս ոլորտում իրավաբանությամբ զբաղվելուց առաջ նախ պետք է ուսումնասիրել բոլոր գրված ու չգրված կանոնները, մարդկանց բնավորությունները, աշխատանքի ոճն ու մշակույթը: Յուրաքանչյուր մարդու հետ աշխատե՛ք ու խոսե՛ք իր լեզվով: Միշտ այս օրինակն եմ բերում․ պատկերացրե՛ք, որ դուք փաթեթավորող եք: Եթե ձեզ մոտ գալիս են ու ցանկանում են ինչ-որ բան տեղափոխել, դուք առաջին հերթին պետք է իմանաք՝ ինչ եք տեղափոխելու, որտեղ ու ինչ պայմաններում եք տեղափոխելու, որպեսզի փաթեթավորումն անեք՝ ըստ այդմ: Չկա ստանդարտ, ունիվերսալ փաթեթավորում բոլոր դեպքերի համար»:

 

Լեւոն Սահակյանը խոսել է դատավարական իրավունքի մասին.

 

«Երբ մեր ընկերություն գալիս էին ուսանողներ, շատ հաճախ հարց էին տալիս՝ դուք պաշտպան եք ու գիտեք, որ ձեր պաշտպանյալը մեղավոր է, իրականում կատարել է հանցագործություն, ինչպե՞ս եք ստանձնում նրա պաշտպանությունը: Սրա պատասխանը շատ պարզ է. մենք պաշտպան ենք, ներկայացնում ենք տվյալ անձի շահերը, ու մեր, այսպես ասած, առաքելությունն արդարադատությունը չէ ուղղակիորեն: Մենք չենք ծառայում արդարադատությանը, մենք ծառայում ենք մեր վստահորդի շահերին:

Լեւոն Սահակյանը Լեւոն Սահակյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Պաշտպանների շնորհիվ, այս դեպքում կարող ենք ասել նաեւ՝ պատճառով, երբեմն մեղավոր անձանց նկատմամբ կարող է քրեական հետապնդումը դադարեցվել, նրանք կարող են արդարացվել եւ այլն, բայց սա պաշտպանի հաղթանակն է: Նեղ իմաստով, կարող է, այդ պահին արդարադատությունը տուժում է, բայց լայն իմաստով արդարադատությունն էլի հաղթում է: Ինչպե՞ս. պաշտպանը հաճախ կարող է հաղթել, քանի որ մեղադրող կողմը պատշաճ կերպով չի աշխատել, մեղադրանքն առավել հիմնավոր չի ներկայացրել, պաշտպանի հաղթանակը կարող է ստիպել, որ արդարադատության համակարգը հաջորդիվ առավել լավ աշխատի: Պաշտպանը նեղ առումով արդարադատության մարտիկ չէ, նա արդարադատության կշեռքը չէ, նա նժարներից մեկն է միայն»:

 

Իրավունքին նվիրված այս միջոցառման շրջանակներում հանդես եկավ նաև պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը իր վերջին՝ «Ինչու՞ հայ ժողովուրդը հրաժարվեց արդարադատությանը մասնակցելու իրավունքից» գրքի շուրջ քննարկմամբ։ Սիրված դասախոսին լսելու եւ հարցեր ուղղելու էին եկել հարյուրավոր ուսանողներ, ինչպես ՀՖՀՀ-ից, այլև՝ մի շարք այլ համալսարաններից։ Մասնակիցները փաստեցին, որ անհամբերությամբ կսպասեն 2022 թվականի «Իրավունքի գիշեր» միջոցառմանը ՀՖՀՀ-ում։

 

Յանա Շախրամանյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին