ՀՖՀՀ եւ SoftConstruct ռազմավարական շահավետ համագործակցությունը - Mediamax.am

exclusive
3926 դիտում

ՀՖՀՀ եւ SoftConstruct ռազմավարական շահավետ համագործակցությունը


SoftConstruct ընկերության հիմնադիր Վիգեն Բադալյանը և ՀՖՀՀ ռեկտոր, պրոֆեսոր Բերտրան Վենարը
SoftConstruct ընկերության հիմնադիր Վիգեն Բադալյանը և ՀՖՀՀ ռեկտոր, պրոֆեսոր Բերտրան Վենարը

Լուսանկարը` ՀՖՀՀ

Բերտրան Վենարը
Բերտրան Վենարը

Լուսանկարը` ՀՖՀՀ

Ասյա Մովսիսյանը
Ասյա Մովսիսյանը

Լուսանկարը` ՀՖՀՀ

Լիանա Հովհաննիսյանը
Լիանա Հովհաննիսյանը

Լուսանկարը` ՀՖՀՀ

Նարե Շահնազարյանը
Նարե Շահնազարյանը

Լուսանկարը` ՀՖՀՀ

Ստելլա Սիմոնյանը
Ստելլա Սիմոնյանը

Լուսանկարը` ՀՖՀՀ


Հայաստանում ֆրանսիական համալսարանը եւ SoftConstruct ընկերությունը համագործակցում են դեռեւս 2018 թվականից, իսկ 2021թ. սկզբից նաեւ ռազմավարական գործընկերներ են։

 

2021 թվականի մարտի 5-ին երկու կողմերի միջեւ կնքված համաձայնագրի համաձայն՝  ՀՖՀՀ եւ SoftConstruct գործընկերությունը ներառում է ուսանողներին կրթաթոշակների տրամադրում, դիպլոմների հանձնման արարողության ֆինանսավորում, ասպիրանտուրայի ֆինանսավորում, ինչպես նաեւ թվային հարթակից օգտվելու հնարավորություն՝ համալսարանում ամենամյա միջոցառումների անցկացման համար:

 

SoftConstruct ընկերությունը ՀՖՀՀ-ի շրջանավարտների համար հանդիսանում է նաեւ թիվ 1 գործատուն: Ֆրանսիական համալսարանն ավարտածների շրջանում կատարված վերջին հարցումները ցույց են տվել, որ համալսարանի մեծ թվով շրջանավարտներ ներկա պահին աշխատում են SoftConstruct ընկերությունում:

 

Համագործակցության սահմանները

 

ՀՖՀՀ-ն մեծ ջանքեր է ներդնում ուսանողների փորձառության վրա ու մշտապես առաջնահերթ է համարում շրջանավարտների՝ հաջողությամբ աշխատանքի ընդունվելու հարցը: Այդ մասին են վկայում նաեւ համալսարանում դասավանդվող առարկաները, որոնք համապատասխանում են այսօրվա աշխատաշուկայի պահանջներին:

 

Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Բերտրան Վենարը հատկապես կարեւոր է համարում իրենց ուսանողների պրակտիկաների անցկացումը թե՛ տեղական, թե՛ արտասահմանյան ընկերություններում:

 

«ՀՖՀՀ-ն համարվում է Հայաստանի լավագույն համալսարաններից մեկը, ինչը ենթադրում է, որ մեր համագործակցությունները նույնպես պետք է լինեն երկրի առաջատար ընկերությունների հետ: SoftConstruct-ը հենց այդ ընկերություններից է, որի հետ մենք տարիներ շարունակ համագործակցում ենք:

 

SoftConstruct-ը շատ նորարար ընկերություն է, որտեղ աշխատում են ստեղծարար մարդիկ, որոնք անընդհատ ընդլայնում են իրենց շուկան ու տարածվում ամբողջ աշխարհով մեկ: Իսկ նման ընկերության հետ համագործակցելը մեզ համար շատ գրավիչ եւ ուրախալի է»,- ասում է ռեկտորը:

 

Առավելություններ

 

Ֆրանսիական համալսարանի Զարգացման եւ ձեռնարկությունների հետ կապերի բաժնի պատասխանատու Ասյա Մովսիսյանը մեզ հետ զրույցում հպարտությամբ նշում է, որ վերջերս իր անցկացրած հետազոտության համաձայն՝ այս պահին SoftConstruct ընկերությունում աշխատում է ՀՖՀՀ-ի մոտ 40 շրջանավարտ: Հենց այս շրջանավարտների արդյունավետ աշխատանքի ու նոր կապերի հաստատման շնորհիվ են երկու կառույցները դարձել ռազմավարական գործընկերներ:

 

«2018-ից սկսած այս համագործակցությունն ավելի դինամիկ դարձավ, երբ SoftConstruct-ը ֆրանսիական շուկա դուրս եկավ, ու ֆրանսախոս մասնագետների կարիք առաջացավ: Իսկ Հայաստանում պրոֆեսիոնալ մակարդակի ֆրանսերենի տիրապետող մարքեթինգի մասնագետ պատրաստում է միայն Ֆրանսիական համալսարանը:

Ասյա Մովսիսյանը Ասյա Մովսիսյանը

Լուսանկարը` ՀՖՀՀ

Նման դեպքերում շատ հաճախ ֆրանսախոս շուկայի հետ աշխատող ընկերություններն իրենց աշխատանքի հայտարարությունն ուղարկում են միանգամից ՀՖՀՀ-ի Կարիերայի կենտրոն, որն էլ այն շրջանառում է համալսարանի շրջանավարտների անձնական մեյլերով ու ստանում թեկնածուների:

 

Իհարկե, օրինակները միայն ֆրանսերենին չեն վերաբերում, քանի որ մեր շրջանավարտները SoftConstruct-ի նման բազմապրոֆիլ ընկերության մյուս բոլոր բաժիններում եւս ներգրավված են: Անցած տարի, օրինակ, SoftConstruct-ին նաեւ անհրաժեշտ էր իսպանախոս իրավաբան, և այդ թափուր հաստիքը համալրվեց ՀՖՀՀ-ի շրջանավարտի կողմից»,-պատմում է Ասյա Մովսիսյանը:

 

Կարեւորությունը

 

Ֆրանսիական համալսարանի շրջանավարտ է Նարե Շահնազարյանը, որը ներկա պահին զբաղեցնում է SoftConstruct կազմակերպության՝ VBET-ի մարքեթինգի զարգացման մենեջերի պաշտոնը։ VBET-ը հանդիսանում է BetConstruct կազմակերպության B2C բրենդը, որը ներկայանում է աշխարհի տասնյակ երկրներում:

 

Նարեն իր աշխատանքը SoftConstruct-ում սկսել է 2018 թվականին, երբ դեռ Ֆրանսիական համալսարանի մարքեթինգի ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանող էր։ Նարեի խոսքով՝ SoftConstruct ընկերությունը միշտ փորձում է իր ներդրումն ունենալ այն կազմակերպություններում, որոնք նպաստում են ոլորտի զարգացմանը:

 

«ՀՖՀՀ եւ SoftConstruct համագործակցությունը ներառում է ոչ միայն երկու հաստատությունների միջեւ հարաբերությունների ստեղծում, ֆինանսական աջակցություն, կրթական զարգացում, այլեւ ներդրում մեր ապագայի մեջ։ Բացի այդ, նպաստելով ուսանողների կրթական որակի եւ պայմանների լավացմանը՝ արդեն իսկ նպաստում ենք մեր երկրի զարգացմանը։ Պետք է նաեւ նշեմ, որ Ֆրանսիական համալսարանի հետ համագործակցությունը նպաստում է հենց հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրացմանը:

Նարե Շահնազարյանը Նարե Շահնազարյանը

Լուսանկարը` ՀՖՀՀ

SoftConstruct-ի աշխատակիցների շարքում շատ են ՀՖՀՀ-ի շրջանավարտները, որոնք միշտ տարբերվում են իրենց աշխատանքային հմտություններով: SoftConstruct-ը, բացի IT ոլորտում առաջատար ընկերություններից մեկը լինելուց, նաեւ հանդիսանում է ՀՀ-ում ամենամեծ գործատուներից մեկը, որն աշխատում է ինչպես Հայաստանում, այնպես էլ Եվրոպայում, Լատինական Ամերիկայում, Ասիայում եւ այլուր։

 

Եթե մարքեթինգի տեսանկյունից նկարագրեմ, ապա կասեմ, որ բարդ կլինի գտնել նմանատիպ այլ կազմակերպություն, որ կներկայանա այդքան երկրներում, թույլ կտա օգտագործել թվային եւ ավանդական մարքեթինգի բոլոր ուղղությունները, իրականացնել բոլոր հետաքրքիր մտքերը, սովորել օտարերկրյա մասնագետներից եւ միեւնույն ժամանակ այդ ամենը բերել Հայաստան»,- ասում է Նարե Շահնազարյանը։

 

Միասնական նախագծերը

 

Այս համագործակցության շրջանակում միասին մշակվում են նաեւ հետազոտական նախագծեր, ինչի արդյունքում SoftConstruct-ը ֆինանսավորում է որոշ դոկտորանտների՝ ընկերությանը հետաքրքրող թեմաները հետազոտության ենթարկելու համար: Ռեկտոր Բերտրան Վենարը կարեւոր է համարում դոկտորանտուրայում ուսանողներին հատկացվող եռամյա աջակցությունը, քանի որ նրանք այդ ընթացքում աշխատում են այնպիսի թեմաների վրա, որոնք առանցքային են ոչ միայն երկու հաստատությունների, այլեւ երկրի զարգացման համար:

Բերտրան Վենարը Բերտրան Վենարը

Լուսանկարը` ՀՖՀՀ

«Այս համագործակցության շրջանակում SoftConstruct-ի աշխատակիցները նաեւ պարբերաբար այցելում են ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ, աշխատում մեր ուսանողների հետ եւ ընկերության համար մշակում են իրական ծրագրեր:

 

Մեր ուսանողների համար նման նախագծերի վրա աշխատելը փորձառություն ձեռք բերելու լավագույն միջոցն է, քանի որ նրանք սովորում են՝ իրական նախագծերի վրա աշխատելով: SoftConstruct-ի համար էլ միաժամանակ գրավիչ է աշխատել մեր ուսանողների հետ, քանի որ նրանք էլ իրենց հերթին կարող են առաջարկել նոր ու պայծառ գաղափարներ»,- ասում է ռեկտորը:

Ստելլա Սիմոնյանը Ստելլա Սիմոնյանը

Լուսանկարը` ՀՖՀՀ

Բերտրան Վենարի հետ համակարծիք է SoftConstruct-ի իրավախորհրդատու, վաճառքի եւ մարքեթինգի բաժինների իրավական սպասարկման թիմի ղեկավար Ստելլա Սիմոնյանը, որը նման համագործակցությունը համարում է հավասարապես շահավետ երկու հաստատությունների համար:

 

«ՀՖՀՀ ուսանողների համար սա անփոխարինելի հնարավորություն է՝ իրենց նորարարական գաղափարները զարգացնելու եւ իրագործելու համար։ SoftConstruct-ն էլ, իր հերթին կրթաթոշակներ տրամադրելով, իր ներդրումն է ունենում ուսանողներին մոտիվացնելու եւ օժանդակելու գործում։ Դե, իսկ ՀՀ-ում առաջատար համարվող ՏՏ այս ընկերությանը մշտապես անհրաժեշտ են նորարարական գաղափարներ ու մոտեցումներ»,- ասում է Ստելլա Սիմոնյանը։

 

Ֆրանսիականի դերը

 

Վաճառքի եւ մարքեթինգի բաժինների իրավական սպասարկման թիմի ղեկավար Ստելլա Սիմոնյանը նույնպես ՀՖՀՀ-ի շրջանավարտ է ու SoftConstruct-ում սկսել է աշխատել բակալավրիատն ավարտելուց անմիջապես հետո։ Սկզբում աշխատանքի է անցել որպես կրտսեր իրավախորհրդատու։

 

Ստելլան SoftConstruct-ում իր աշխատանքային հաջողությունները հաճախ է կապում ՀՖՀՀ-ում ստացած իր գիտելիքների եւ հմտությունների հետ:

 

«Անկեղծ լինելու համար նշեմ, որ հենց ՀՖՀՀ շրջանավարտ լինելը, Փարիզում անցած պրակտիկան եւ համալսարանը գերազանցությամբ ավարտելն են եղել հիմնական հանգամանքները, որոնք գործատուն հաշվի է առել ինձ աշխատանք առաջարկելիս, քանի որ աշխատանքային փորձ դեռ չունեի։ Աշխատանքը համատեղել եմ ՀՖՀՀ մագիստրատուրայի դասերի հետ, իսկ ՀՖՀՀ-ում ստացած գիտելիքներն ուղղակիորեն կիրառել եմ գործում, քանի որ հենց միջազգային ձեռնարկատիրական իրավունքն է եղել մագիստրատուրայի ուղղվածությունը։

 

Ընկերությունում հաճախ էի հանդիպում մեր համալսարանի շրջանավարտների եւ ուսանողների, ուստի մոտալուտ համագործակցությունը ե՛ւ սպասելի էր, ե՛ւ տրամաբանական»,- ասում է Ստելլան։

Լիանա Հովհաննիսյանը Լիանա Հովհաննիսյանը

Լուսանկարը` ՀՖՀՀ

SoftConstruct-ի ավագ հաշվապահ Լիանա Հովհաննիսյանն էլ ՀՖՀՀ-ի այն շրջանավարտներից է, ում ավարտական երեկոյի ֆինանսավորումն է իրականացրել SoftConstruct-ը:

 

«Որպես ՀՖՀՀ-ի շրջանավարտ եւ SoftConstruct-ի աշխատակից՝ կարող եմ նշել, որ համալսարանը տալիս է բացառիկ գիտելիքներով կադրեր, իսկ ընկերությունը, իր հերթին լինելով առաջատար, փնտրում է հենց այդպիսի կադրեր: Հետեւաբար` այս երկու հաստատությունների համագործակցությունը երկկողմանի շահավետ է»,- ասում է Լիանան:

 

Որպես ամփոփում՝ ՀՖՀՀ ռեկտոր, պրոֆեսոր Բերտրան Վենարն ընդգծում է․ «ՀՖՀՀ-ի և SoftConstruct-ի միջև գործընկերության այսչափ հաջողված լինելը պայմանավորված է նրանով, որ մենք կիսում ենք նորարարության,ստեղծարարության, համարձակության և արդյունավետության միեւնույն արժեքները»։

 

Ամալի Խաչատրյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին