ՀՖՀՀ-ն ընդլայնում է Թուլուզ 3 համալսարանի հետ համագործակցությունը - Mediamax.am

exclusive
4709 դիտում

ՀՖՀՀ-ն ընդլայնում է Թուլուզ 3 համալսարանի հետ համագործակցությունը


Բերտրան Վենարը եւ Ալեն Կրուզիլը
Բերտրան Վենարը եւ Ալեն Կրուզիլը

Լուսանկարը` Մեդիամաքս

Բերտրան Վենարը եւ Ալեն Կրուզիլը
Բերտրան Վենարը եւ Ալեն Կրուզիլը

Լուսանկարը` Մեդիամաքս

Բերտրան Վենարը եւ Ալեն Կրուզիլը
Բերտրան Վենարը եւ Ալեն Կրուզիլը

Լուսանկարը` Մեդիամաքս


2021թ․ հունիսի 9-ին Հայաստանում ֆրանսիական համալսարանը (ՀՖՀՀ) եւ իր գործընկեր Թուլուզ 3 Պոլ Սաբատիե համալսարանը կնքել են համաձայնագիր՝ «Արհեստական բանականություն» մագիստրոսական նոր ծրագիրը մեկնարկելու նպատակով: Այս ծրագիրը մշակվել եւ իրականացվելու է Թուլուզ 3 համալսարանի եւ ՀՖՀՀ-ի՝ ակադեմիական եւ ռազմավարական ամուր գործընկերության շրջանակում:

 

Թուլուզ 3 համալսարանը հայտնի է աշխարհում համակարգչային գիտությունների դասավանդման տարիների փորձով: Այս համալսարանին է պատկանում Եվրոպայում ինֆորմատիկայի հետազոտական ամենամեծ կենտրոններից մեկը, որտեղ աշխատում են ոլորտի 700 փորձագետ և գիտնական։

 

Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Բերտրան Վենարը եւ Թուլուզ 3 համալսարանի Համակարգչային գիտությունների բաժնի ղեկավար, ՀՖՀՀ-ի ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի համադեկան Ալեն Կրուզիլը Մեդիամաքսին պատմել են համագործակցության եւ մագիստրոսական նոր ծրագրի հիմնասյուների մասին:

 

Թուլուզ-Երեւան

 

Ալեն Կրուզիլ. «Արհեստական բանականություն» մագիստրոսական նոր ծրագիրը մեր համագործակցության հաջորդ փուլն է։ Այս համագործակցությունը նախաձեռնվել էր 2018 թվականին` ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի կրկնակի դիպլոմի ծրագրի բացմամբ:

 

Հայաստանի հետ առաջին համագործակցությունը հետազոտական գործունեության շրջանակում էր՝ Թուլուզի համակարգչային գիտությունների հետազոտական ինստիտուտի եւ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի միջեւ: Դրանից հետո մենք ՀՖՀՀ-ի հետ սկսեցինք քննարկել ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ հիմնելու եւ ֆրանսիական ու հայկական դիպլոմ շնորհելու հնարավորությունը: Սկսեցինք բակալավրիատով, հիմա մեկնարկում ենք մագիստրատուրան:

 

Թուլուզ 3 համալսարանը Ֆրանսիայում առաջատար հաստատություն է: Այն Թուլուզ քաղաքի (Ֆրանսիայի հարավ) երեք համալսարաններից մեկն է: Թուլուզում կա ավելի քան 100 000 ուսանող, իսկ Թուլուզ 3 համալսարանում` ավելի քան 35 000 ուսանող եւ 60 հետազոտական լաբորատորիա:

 

Ամուր կապեր

 

Բերտրան Վենար. Նման համագործակցությունները կարեւոր նշանակություն ունեն ոչ միայն մեր համալսարանի, այլեւ Հայաստանի համար, քանի որ այսպես են ամուր կապեր հաստատվում աշխարհի առաջատար համալսարանների հետ: Այս գործակցությունը կապեր է ստեղծում Հայաստանի և արտերկրի միջև. երբ փոքր երկրում ես, պետք է ապավինես աշխարհին, որպեսզի ուժերդ ամրացնես:

 

Ռազմավարական առումով գործընկերային հարաբերությունները շատ կարեւոր են ինչպես երկրի անվտանգության, այնպես էլ տնտեսական, բարձրագույն կրթության եւ փորձառության զարգացման համար: Մեր դեպքում ՀՖՀՀ-ն կառուցում է մի շարք համագործակցություններ, որոնք չափազանց կարեւոր են՝ մեր ուժերը համատեղելու, միասին ինչ-որ բան ստեղծելու եւ անընդհատ իրար հետ աշխատելու համար:

 

Մեր երկու գործակից համալսարանների (Թուլուզ 3 և Լիոն 3) հետ աշխատելով՝ մենք մեզ  համաշխարհային հայկական ցանցի մի մասն ենք համարում կրթության եւ հետազոտության տարբեր բնագավառներում: Մենք միայնակ չենք աշխատում. դիմորդների ընդունելության պահից մինչեւ դիպլոմ շնորհելու պահը ամեն ինչ մեր գործընկերների հետ համատեղ ենք կազմակերպում:

 

Առավելություններ

 

Բերտրան Վենար. Այս գործընկերության շնորհիվ մեր ուսանողները ստանում են բարձր մակարդակի գիտելիք եւ կրկնակի դիպլոմ, որը ճանաչված է Հայաստանում և Ֆրանսիայում, հետևաբար՝ ամբողջ Եվրոպայում:

 

1993 թվականից սկսած, ըստ Եվրոպայում ընդունված օրենքի, եվրոպական ցանկացած երկրի  (մեր դեպքում Ֆրանսիայի) շնորհած գիտական կոչումն աշխարհում ճանաչվում է որպես եվրոպական աստիճան:

Բերտրան Վենարը եւ Ալեն Կրուզիլը Բերտրան Վենարը եւ Ալեն Կրուզիլը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սա նաեւ շատ կարեւոր է Հայաստանում բիզնեսի եւ տնտեսության համար, քանի որ հայ երիտասարդներն ունենում են ոչ միայն ընդհանուր հմտություններ, այլեւ միջազգային փորձառություն: Թուլուզ 3  համալսարանի հետ համագործակցության միջոցով մենք էկոհամակարգ ենք ստեղծում եւ արժեք փոխանցում տարբեր ոլորտներին: Երկրին արժեք ենք բերում՝ հայ երիտասարդներին կրթելով, նաեւ հարաբերություններ ստեղծելով ՀՖՀՀ-ի, Թուլուզ 3  համալսարանի եւ Հայաստանից դուրս ու Հայաստանում աշխատող ընկերությունների միջեւ:

 

Այս համագործակցության  շրջանակում ուսանողները պետք է նաև մի քանի լեզու սովորեն: Արտասահմանյան համալսարանի հետ համագործակցությունը ենթադրում է, որ ուսանողը լայն աշխարհայացք ունենա  եւ կարողանա օգտվել միջազգային կապերից: Ավելի հեշտ է դառնում նաեւ միջազգային կարիերա կերտելու գաղափարը: Իսկ միջազգային կարիերան կարեւոր է հենց Հայաստանի համար, քանի որ մենք մշտապես խրախուսում ենք մեր ուսանողներին վերադառնալ ու ծառայեցնել իրենց միջազգային կրթությունը Հայաստանի զարգացմանը:

 

Հետազոտական ուղղվածություն

 

Ալեն Կրուզիլ. Շատ կարեւոր է նշել, որ այս նոր մագիստրատուրան այն նույն ծրագիրն է, որը մենք դասավանդում ենք Թուլուզում: Դասընթացները բոլորը նույնն են, հետեւաբար, մենք տալիս ենք նույն դիպլոմը ինչպես մեր ֆրանսիացի, այնպես էլ հայ ուսանողներին:

 

Ինչո՞վ է առանձնահատուկ այս մագիստրոսական ծրագիրը: Առաջին՝ այն համատեղում է տեսական եւ գործնական ուսուցումը: Երկրորդ՝ ստեղծվում են տարբեր հնարավորություններ նախագծերի եւ պրակտիկայի համար, քանի որ մենք ապահովում ենք ոլորտային կրթություն: Երրորդ՝ սա ուսուցում է գիտահետազոտության միջոցով եւ գիտահետազոտության համար:

 

Գիտահետազոտության միջոցով, քանի որ Թուլուզից եկող դասախոսները ոչ միայն դասախոս են, այլեւ հետազոտող: Նրանք Ֆրանսիայում համակարգչային գիտությունների ամենամեծ լաբորատորիայի անդամ են: Հայաստան եկող դասախոսների թվում է, օրինակ, Թուլուզի համակարգչային գիտությունների հետազոտական ինստիտուտի (IRIT) տնօրենը: Գիտահետազոտության համար, քանի որ մենք նպատակային նախապատրաստում ենք ուսանողներին հետազոտություն իրականացնելուն. չէ՞ որ շրջանավարտների մի մասը պատրաստվում է աշխատել, մինչդեռ որոշ մասը պատրաստվում է դոկտորանտուրայի թեզ գրել:

Բերտրան Վենարը եւ Ալեն Կրուզիլը Բերտրան Վենարը եւ Ալեն Կրուզիլը

Լուսանկարը` Մեդիամաքս

Այս մագիստրոսական ծրագրի համար բազմաթիվ դասախոսներ են  Հայաստան գալու Թուլուզ 3 համալսարանից: Այդ դասախոսները ՀՖՀՀ-ին են ներկայացնելու հետազոտության ամենավերջին արդյունքները, ու այս փաստը շատ կարեւոր է, քանի որ արհեստական բանականության ոլորտը շատ փոփոխական է:

 

Բերտրան Վենար․ ՀՖՀՀ-ի մագիստրոսական նոր ծրագիրը յուրահատուկ է։  Իսկապես, աշխարհում շատ չեն այն երկրները, որոնք առաջարկում են մագիստրոսական ծրագրեր արհեստական բանականության ոլորտում: Պատճառն ակնհայտ է․ արհեստական բանականության դասախոսները, ինչպես օրինակ՝ կիբերանվտանգություն դասախոսները, մեծ պահանջարկ ունեն: Առհասարակ, արհեստական բանականության մասնագետների պահանջարկն է շատ մեծ աշխարհում ու հատկապես Հայաստանում:

 

Երեկոյան դասեր եւ լեզուներ

 

Բերտրան Վենար. Մենք ակնկալում ենք, որ այս ծրագրի մեծ թվով ուսանողներ աշխատելու են, քանի որ դասընթացները լինելու են երեկոյան: Մենք ուզում ենք նպաստել այդ հանգամանքին, որ ուսանողներն օրվա ընթացքում աշխատելու հնարավորություն ունենան:

 

Ցերեկն աշխատելու եւ երեկոյան սովորելու ռեժիմը նշանակում է, որ ուսանողներն անմիջապես փորձ ձեռք բերելու հնարավորություն են ունենում: Իսկ երկիրը  ստիպված չի լինելու երկու տարի սպասել՝ արհեստական բանականության մասնագետներ ունենալու համար: Երեկոյան ուսուցման եւ ցերեկային աշխատանքի այս համակարգը շատ կարճ ժամանակահատվածում ծայրաստիճան բարձր արժեք է ստեղծելու երկրի համար:

 

Բացի այդ, այս ծրագիրը մեծ նշանակություն է տալիս օտար լեզուներին: Տեխնիկական դասերը դասավանդվում են անգլերեն, բայց ֆրանսերեն սովորելը պարտադիր է բոլոր ուսանողների համար: ՀՖՀՀ-ի նպատակն է իր ուսանողների առջեւ բացել աշխարհի դռները. մեզ համար կարեւոր է ստեղծել աշխարհի քաղաքացի, որը խոսում է տարբեր լեզուներով: Այդ պատճառով մենք իսկապես մեր ուսանողներին հորդորում ենք շատ լեզուներ սովորել: Նրանք նաև աշխատում են օտարերկրացի դասախոսների հետ։ Ամեն տարի մեր ուսանողները ՀՖՀՀ-ում հանդիպում են մոտավորապես 80 օտարերկրացի դասախոսի։

 

Ապագայի համար մենք  պետք է մշակենք բազմաթիվ մագիստրոսական ծրագրեր և ամրապնդենք մեր գիտական սխեմաները․ օրինակ՝ ինֆորմատիկայի  ասպիրանտուրան: Մենք արդեն իսկ ունենք ասպիրանտուրայի հագեցած ծրագիր: Ասպիրանտուրայի և գիտության զարգացման գաղափարը մշտապես մեր մտքում է, քանի որ մենք հետազոտական ուղղվածություն ունեցող համալսարան ենք եւ ցանկանում ենք գիտահետազոտական աշխատանքներ կատարել մեր գործընկերների հետ: ՀՖՀՀ-ում արժեքավոր ուսուցումը և տեխնոլոգիան մշտապես օրակարգում են։

 

Ամալի Խաչատրյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին