Չարաճճի Վարոսին որդեգրած Պատվելի Հուբերթ Հարքուրթը - Mediamax.am

exclusive
30811 դիտում

Չարաճճի Վարոսին որդեգրած Պատվելի Հուբերթ Հարքուրթը


Լուսանկարը` Լուսինե Շահբազյանի արխիվից

Պատվելի Հարքուրթը, ով որդեգրել է Վարոսին
Պատվելի Հարքուրթը, ով որդեգրել է Վարոսին

Լուսանկարը` Լուսինե Շահբազյանի արխիվից

Պատվելի Հարքուրթը լուսանկարել է հայ որբերին Երեւանում
Պատվելի Հարքուրթը լուսանկարել է հայ որբերին Երեւանում

Լուսանկարը` Լուսինե Շահբազյանի արխիվից

Երեւանի մանկատան սաները Պատվելի Հարքուրթի հետ 1922թ.
Երեւանի մանկատան սաները Պատվելի Հարքուրթի հետ 1922թ.

Լուսանկարը` Լուսինե Շահբազյանի արխիվից

Մանկատան երեխաները, Երեւան
Մանկատան երեխաները, Երեւան

Լուսանկարը` Լուսինե Շահբազյանի արխիվից

Կերակրման կայան, Երեւան
Կերակրման կայան, Երեւան

Լուսանկարը` Լուսինե Շահբազյանի արխիվից

Սպասելով հացին, Երեւան
Սպասելով հացին, Երեւան

Լուսանկարը` Լուսինե Շահբազյանի արխիվից


2015 թվականի ապրիլին, Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին, The Guardian-ը Հայաստանի եւ Սփյուռքի իր  ընթերցողներին առաջարկեց պատմել, թե ինչ ազդեցություն է թողել Ցեղասպանությունը իրենց ընտանիքների վրա:

 

New East Network-ի կողմից տարվող այս նախագծին արձագանքեց ավելի քան 500 մարդ՝ ուղարկելով նամակներ, լուսանկարներ եւ այլ նյութեր, որոնց մի մասը ներկայացվել էր կայքում:

 

Մեկ տարի անց, Հայոց Ցեղասպանության 101-րդ տարելիցի նախաշեմին, Մեդիամաքսը եւ The Guardian-ը որոշեցին համատեղ ներկայացնել չհրապարակված նյութերի մի մասը:

 

 

Լուսինե Շահբազյան, Միացյալ Թագավորություն

 

Իմ երկու պապերն էլ փրկվել են Ցեղասպանությունից: Հայրական պապս` Վարոս Շահբազյանը, Կաղզվանից էր: Նա մահացավ, երբ ես 10 տարեկան էի: Նրա կյանքի պատմությունն ինձ հայտնի է տատիկիս եւ նրա խորթ քրոջ պատմածների շնորհիվ:

 

Վարոսը ծնվել է մոտավորապես 1910 թվականին: Նրա մայրը մահացել էր, երբ նա դեռ փոքր էր: Նրա հայրը` Ավետիս Շահբազյանը, ամուսնացել էր երկրորդ անգամ: Նա իր երկրորդ կնոջից նույնպես զավակներ էր ունեցել: Ավետիսը առաջին ամուսնությունից ուներ 4 տղա` Թաթոսը, Բագրատը, Բենոն եւ Վարոսը: Չեմ կարող հստակ ասել երբ եւ ինչպես, բայց Ավետիսն ու նրա կինը սպանվեցին թուրքերի կողմից: Երեւի թե դա տեղի է ունեցել 1917-ին:

 

Վարոսը Թուրքիայում շուկայի հրապարակում վաճառքի էր հանվել, երբ 7 տարեկան էր: Նրան «որդեգրել էր» թուրքական մի ընտանիք` որպես ծառա: 10 տարեկանում նա կարողացել էր փախչել այդ ընտանիքից:  Ի վերջո նա հայտնվել է Երեւանի մանկատանը, որը կառավարում էին անգլիացի միսիոներները:

 

Այդ նույն ժամանակ Անգլիայում, հաշվի առնելով հայկական կոտորածների փաստը եւ փրկվածների վատ դրությունը, Լորդ Մայորի հիմնադրամը ստեղծել է Հայկական օգնության ֆոնդը: Այն համատեղել է  ջանքերը «Փրկենք երեխաներին» հիմնադրամի հետ, որն օգնում էր Հայաստանի առաջին հանրապետությանը: 1920-ականներին Պատվելի Հուբերթ Հարքուրթը մեկնել է Հայաստան որպես Լորդ Մայորի հիմնադրամի օգնության գործակալ: Հայաստանում նա մնացել է մոտ 3.5 տարի: Նա դարձել է Երեւանի մանկատան տնօրեն:

 

Այս ժամանակահատվածում նա հանդիպել է իմ պապիկին` Վարոսին, որը չարաճճի երեխա էր, եւ որոշել է որդեգրել նրան: Մենք հաստատ չգիտենք, թե ինչու է նա այդքան երեխաներից ընտրել հենց պապիկիս, միգուցե դա պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ Առաջին համաշխարհային պատերազմում նա կորցրել էր իր 19 տարեկան եղբորը` Արթուրին:

 

Սակայն Վարոսին որդեգրելն այնքան էլ հեշտ չէր, նա նույնիսկ փորձել է փախչել գնացքում, քանի որ չէր ուզում, որ ինչ-որ մեկը հոգ տանի իր մասին: Հայր Հարքուրթը Վարոսին ուղարկել է Անգլիա, որպեսզի նրա մասին հոգ տանեն իր մայրը  եւ քույրը` Էլիզը, մինչ ինքն աշխատելիս  է եղել Հայաստանում:

 

Մի որոշ ժամանակ հետո Հայաստանում Հարքուրթին է մոտեցել մի երիտասարդ զինվոր եւ նրանից հարցուփորձ արել իր եղբոր` Վարոսի մասին: Այդ զինվորը Թաթոսն էր, որ փնտրում է եղբորը, եւ Պատվելու շնորհիվ նրանք կարողանում են կապ հաստատել:

 

Պապիկս ապրեց իր կյանքն Անգլիայում, իսկ նրա քույրերն ու եղբայրները` Հայաստանում եւ Ռուսաստանում :

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին