Վանեցի տղան, որը Բուենոս Այրեսում եկեղեցի կառուցեց - Mediamax.am

exclusive
13156 դիտում

Վանեցի տղան, որը Բուենոս Այրեսում եկեղեցի կառուցեց


Սիմոն Վրացյանի հետ, 1936թ
Սիմոն Վրացյանի հետ, 1936թ

Լուսանկարը` Լառա Վանյանի արխիվից

Երիտասարդ Գուրգենը հոր` Ավետիսի եւ նրա կնոջ` Գյուլիզարի հետ
Երիտասարդ Գուրգենը հոր` Ավետիսի եւ նրա կնոջ` Գյուլիզարի հետ

Լուսանկարը` Լառա Վանյանի արխիվից

Գուրգենը 1920-ականներին, Արգենտինա
Գուրգենը 1920-ականներին, Արգենտինա

Լուսանկարը` Լառա Վանյանի արխիվից

Արգենտինայում, 1923թ.
Արգենտինայում, 1923թ.

Լուսանկարը` Լառա Վանյանի արխիվից

Գուրգենը դստեր` Ալիսիա Կիրակոսյանի հետ, 1993թ.
Գուրգենը դստեր` Ալիսիա Կիրակոսյանի հետ, 1993թ.

Լուսանկարը` Լառա Վանյանի արխիվից

Ալիսիա Կիրակոսյանի գիրքը` նվիրված հոր հիշատակին
Ալիսիա Կիրակոսյանի գիրքը` նվիրված հոր հիշատակին

Լուսանկարը` Լառա Վանյանի արխիվից


2015 թվականի ապրիլին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին, The Guardian-ը Հայաստանի եւ Սփյուռքի իր ընթերցողներին առաջարկեց պատմել, թե ինչ ազդեցություն է թողել Ցեղասպանությունն իրենց ընտանիքների վրա:

 

New East Network-ի կողմից տարվող այս նախագծին արձագանքեց ավելի քան 500 մարդ՝ ուղարկելով նամակներ, լուսանկարներ եւ այլ նյութեր, որոնց մի մասը ներկայացվել էր կայքում:

 

Մեկ տարի անց՝ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի նախաշեմին, Մեդիամաքսը եւ The Guardian-ը որոշեցին համատեղ ներկայացնել չհրապարակված նյութերի մի մասը:

 

 

Լառա Վանյան, ԱՄՆ

 

Պապիկս՝ Գուրգենը, 11 տարեկան էր, երբ Ցեղասպանությունն անցավ Վան քաղաքին մոտ գտնվող Արդամեդ գյուղի միջով: Նրա ընտանիքի մեծ մասին թուրքերը մորթել էին, բայց ընտանիքի վեց զավակներից երկուսին՝ նրան եւ քրոջը, հաջողվել է փրկվել:

 

Կոտորածից րոպեներ առաջ նա ընկերների հետ գնդակ էր խաղում բակում, երբ հանկարծ սրերը մերկացրած նրանց վրա են հարձակվել թուրքերը: Խուճապի մատնված երեխաները փորձել են փախչել կամ թաքնվել որտեղ պատահեր:

 

Պապիկս սահել է դեզի կույտի տակ եւ թաքնվել: Նա տեսել է, թե ինչպես են սպանում իր բոլոր ընկերներին եւ համոզված է եղել, որ հաջորդն ինքն է լինելու: Սակայն թուրքերը չեն նկատել նրան եւ առաջ են անցել: Ժամեր հետո, երբ արդեն մթնել էր, նա դուրս է եկել դեզի տակից, բայց թուրքերը նորից մոտեցել են: Այդ ժամանակ նա թաքնվել է սպանված ընկերների մարմինների տակ:

 

Թուրքերը նորից սկսել են թրերով հարվածել երեխաներին՝ համոզվելու համար, որ բոլորը սպանված են: Նրանք արդեն մոտենալիս են եղել պապիկիս, երբ թուրքերին կանչել է հրամանատարը:

 

Ջարդերը եկել են ալիք առ ալիք եւ շարունակվել տարիներով: Պապս մատնվել է քաղցի, արտաքսվել, ուղարկվել մանկատուն, ստրկության վաճառվել Հունաստանում (երբ ամերիկյան բարեգործական կազմակերպությունը սննկացել է): Վերջիվերջո նա վերամիավորվել է իր հոր հետ, որը Ամերիկայում էր, երբ սկսվեցին ջարդերը: Հայրը գումար էր ուղարկել, որպեսզի նա գնի իր ազատությունը ստրկատիրոջից եւ Արգենտինա մեկնելու համար տոմս գնի: Արգենտինայում նրանք բարեկամ ունեին:

 

Պապիկս հետագայում այլ փրկվածների հետ Բուենոս Այրեսում կառուցել է հայկական դպրոցներ, եկեղեցի եւ մասնակցել մեծ հայկական համայնքի ստեղծմանը:

 

Մայրս ծնվել է Բուենոս Այրեսում, ես էլ այնտեղ կծնվեի, եթե մի օր նա չգնար Լոս Անջելես եւ չսիրահարվեր հայրիկիս: Հետագայում ողջ ընտանիքը տեղափոխվեց Լոս Անջելես, իսկ պապիկս մահացավ 95 տարեկանում, բայց հասցրեց իր թոռներին փոխանցել իր պատմությունը, ժառանգությունը, իր ավյունն ու երազանքները:

 

Մայրս՝ Ալիսիա Կիրակոսյանը, պապիկիս հիշողությունների հիման վրա գիրք էր գրել: Այդ գիրքն անցյալ տարի մայրիկիս մահից հետո ես հրատարակել եմ Լոս Անջելեսում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին