Լիլիթ Պողոսյան. Պապս - Mediamax.am

2761 դիտում

Լիլիթ Պողոսյան. Պապս


Լուսանկարը`


Տատիկ-պապիկի սերը տեսնելու երջանկությունն ինձ էլ է վիճակվել, այն էլ՝ քառակի։ Հորական կողմի տատ ու պապս մեզ հետ էին ապրում, մորական կողմինը՝ պապունց տանը: Նրանց ունենալու երջանկության չափաբաժինը կրճատվելու մասին չէի մտածում այնքան ժամանակ, մինչև հորական պապս հրաժեշտ չտվեց մեզ։ Քառակին դարձավ եռակի, եռակին՝ կրկնակի ու մնաց… Աստղիկ տատս։

 

Աստղիկ տատիս պատմությունը, հուրախություն ինձ, անավարտ է, ուստի փորձեմ պատմել Սերոբ պապիս մասին։ Հիմա կասեք՝ ինչո՞ւ հենց նրա. որովհետև նա «ոսկի» Մարդ էր…

 

Սերոբ պապիս հետ կապված հիշողություններս հատիկ-հատիկ փաթեթավորել ու պահում եմ ապահով մի տեղ, պարբերաբար էլ թարմացնում եմ՝ ոչ թե նրա համար, որ չմոռանամ, այլ որովհետև հաճախակի զգում եմ նրա՝ ինձ համար անթերի Մարդու կարիքը, ումից շատ բան եմ սովորել։

 

Պապիկիս հետ շատ կապված եմ եղել, թեկուզ հեռու էինք ապրում՝ մենք Ազոխում (Արցախ, Հադրութ), իրենք՝ Ճարտարում (Արցախ, Մարտունի)։ Սերոբ պապս քչախոս մարդ էր, խոսում էր միայն ըստ անհրաժեշտության ու ոչ մի ավելորդ բառ չէր ասում։

 

Պապս իմ ճանաչած ամենաբարի, հավասարակշռված ու կյանքի իմաստությունը կրող մարդն էր։ Ամեն անգամ, երբ գյուղ էի գնում Ստեփանակերտից կամ Երևանից,  դրական պատասխանի ակնկալիքով,  հորս հարցնում էի՝ «քիննանք չէ՞ պապունց տոն», իսկ հայրս իմ այդ ցանկությունը գրեթե ոչ մի անգամ չէր մերժում. խանգարող միակ հանգամանքը կարող էր լինել մեքենայի անսարք լինելը։ Ի դեպ, «պապունց տոն» գնալը մէ քեֆ, մէ ուրախություն էր։ Տատս հենց տեսնում էր մեր կապույտ գույնի մոսկվիչը՝ ձեռքերը լայն բացած ընդառաջ էր գալիս՝ ավելի ճիշտ՝ վազում` ձեն տալով. «Սերո՜բ, խոխենքս եկալն»…

 

Մեկ էլ տեսնում էի՝ 80-ին մոտ պապս 18 տարեկանի պես բարձրանում էր ձորից բակ բարձրացող աստիճաններով՝ իր մշակած ծառերի տված բերքը գրպանները լցրած։ Այնքա՜ն համով էին պապիս այգու սալորն ու պոպոկը…

 

Մորս հայրական տան բակում, ինչ հիշում եմ, մի թախտ կա, որտեղ պապս սիրում էր նստել. նստում էր ու մտորում… Մեկ էլ կտեսնեիր՝ հայացքը հառել է հեռուներին՝ այն նույն սև թթենու ճյուղերի արանքով, որն ինքն է տնկել: Թե ինչի մասին էր այդքան մտածում պապս, չգիտեմ, բայց մտածելու քիչ բան չուներ:

 

Պապիկենքս չորս զավակ էին` երեք եղբայր, մեկ քույր. բոլորն էլ մեկնել էին ռազմաճակատ: Հայրենական պատերազմի մասնակից տանկիստ պապս այնտեղ կորցրել էր ավագ եղբորը, անձամբ հասել Ճապոնիա ու, ինչպես ինքն էր ասում, շատ բան տեսած, վերադարձել:

 

Ծանր կյանքը պապիս մեջ շատ բան էր փոխել, բայց երբեք արդարության հանդեպ չմեղանչելու սկզբունքն անխախտ էր մնացել:  Մորս պատմելով` մի անգամ պապիկիս հետ շախմատ էին խաղում մահճակալի վրա, շախմատի տախտակը թեքվել և ձին ընկել էր: Պապս մտածելով, թե ձին մայրս պահել է, թեթևակի խփել է մորս քթին՝ խիստ տոնով ասելով. «Շախմատն ազնիվ խաղ է, էլ երբեք նման բան չանես…»:

 

 Պապս ճիշտ ապրել էր սովորեցնում` առանց պարտադրելու. սեփական օրինակով ու ոչ ստանդարտ բաժակաճառերով: «Պապունց տան» հյուրերը բաժակ էին բարձրացնում քչախոս պապիս խորիմաստ կենացներով ու նրա քաշած օղիով:

 

Մարտիրոսենց տան սեղանի գլխավերևում մինչև կյանքի վերջին օրերը նստում էր պապս, սեղանն օրհնում, իր քաշած օղուց 1-2 բաժակ խմում, հետո իջնում էր բակ, թախտին նստում ու կրկին սև թթենու ճյուղերի արանքով նայում հեռուներին:

 

…Արդեն երեք տարի է` բակում դրված թախտին էլ նստող չկա, թթենին ծերացել, իսկ մանկությանս ամենաքաղցր երազը պապիս հետ գնացել է…

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին