Գրետա Գրիգորյան. Մրսում եմ, տա՛տ… - Mediamax.am

2749 դիտում

Գրետա Գրիգորյան. Մրսում եմ, տա՛տ…


Լուսանկարը`


Ծաղիկներ՝ յուրօրինակ ու տարօրինակ, նվերներ՝ գույնզգույն ու տարբեր, շտապ օգնության մեքենայի` ականջս սղոցող ու երբեք-երբեք չմոռացվող ազդանշանի անտանելի ձայն, արտասվող բուժքույրեր ու խառնաշփոթ:

 

Տատիկս այլևս չէր շնչում… Նշանադրությանս հենց հաջորդ օրը՝ առավոտ կանուխ, ինձ այդչափ երջանիկ տեսնելուց գո՞ւցե, խաղաղվեց տատիկս՝ հավերժ մնաս բարով ասելով մեզ, բայց վերջին անգամ չմոռացավ իր փափուկ ու կոշտ մատներով, կամաց, շատ զգույշ ծածկել մեջքս, որ հանկարծ չմրսեմ … չարթնանամ…

 

Իսկ ես…. ես՝ միամիտս, մոլորված բժշկին համոզում էի, որ տատս խաղաղ քնած է, որ…. ախր…. րոպեներ առաջ տաք վերմակով, իր փափուկ ու կոշտ մատներով, կամաց, շատ զգույշ ծածկեց մեջքս, որ հանկարծ չմրսեմ… չարթնանամ…

 

Տատիկս, ով իրենց գյուղի շատ հարգված փոստատարի աղջիկ էր, ում 15 տարեկանում մոլորեցրել էր պապիկս՝ իր գեղեցկադեմ ու շատ կրթված արտաքինով, ձմռան մի ցուրտ օր, սիրահարված տատիս սև աչքերին ու հաստ ծամերին՝ տարել է իրենց տուն, ու ինչպես միամիտ տատիկս էր պատմում՝ ամուսնացել են առանց հարսանիքի:

 

Տատիկս գոհ էր, որ հենց պապիս կինն էր, պապիս ու իրենց համատեղ կյանքի մասին պատմելիս՝ փայլում էր աչքերը, անթաքույց ժպտում. «Այ բալա, հո կատակ բան չէր դպրոցի տնօրենի կին լինելը, էն էլ հայոց լեզվի դասատուի, ես գյուղում թաղում-հարսանիք միշտ հպարտ-հպարտ եմ գնացել: Ինձ քաղաքից մեր դպրոց եկած ռուսերենի դասատուներն են անգամ նախանձել, բայց երբեք «մանիկուր» ու «բիԴուձի» չեմ արել»:

 

Ու իմ փոքրամարմին, շատ խելացի «անգրագետ» տատս և հաղթանդամ, ուսյալ պապս մի մեծ գերդաստան են սերել, զավակներ ծնել, ուսումի տվել ու թաքուն հպարտացել նրանցով:

 

Այս գերդաստանում իմ պատմությունն ուրիշ է կրկին՝ յուրօրինակ ու էլի տարօրինակ: Ես ծնվել եմ մեկ տարի հետո, երբ տատիս, խեղճիս հոգու վերքը դեռ միալար մրմռում էր. ինձ անվանակոչելով վաղամեռիկ հորաքրոջս պատվին, մի՞գուցե կրկին գտավ կամ վերագտավ աղջկան…, ու այդ օրվանից  սկսած իր փափուկ ու կոշտ մատներով, կամաց, շատ զգույշ ծածկում էր մեջքս, որ հանկարծ չմրսեմ:

 

Մի խելացնորհ բույր, որին իրականում կարողանում եմ շոշափել, որը պարուրել է հոգիս, ինձ միշտ քշում-տանում է լուսե մանկությունս, ուր միշտ տատիկս առույգ է, գործունյա, ուր բարուրված են նրա հոգատարությունը, խրատներն՝ ականջ «սղոցող», միամիտ հարցերը, ուրախ ու թախծոտ այդ սև աչքերը: Մանկություն, երբ տարեմուտն այնքան գունեղ էր, իսկ սեպտեմբերն՝ այդքան սպասված:

 

Մի խելացնորհ կարոտ, անպատմելի հոգու դատարկություն, որը երբեք ու ոչինչ չի լցնում:

 

Մրսում եմ, տա՛տ ջան, արդեն ….:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին