Մանե Մինասյան. Իմ հերոսները - Mediamax.am

2125 դիտում

Մանե Մինասյան. Իմ հերոսները


Լուսանկարը`


Տա-տիկ, պա-պիկ հետո նոր մա-մա, պա-պա… Եթե բոլոր երեխաների մոտ մանկության հերոսները եղել են մայրիկն ու հայրիկը, ապա իմ կյանքում մի փոքր այլ էր…

 

Ամենևին էլ չգիտեմ թե դա նրանից էր, որ երկու կողմում էլ միակ աղջիկ թոռնիկն էի ու ինձ յուրահատուկ ձևով էին սիրում, թե պարզապես էր այդպես, բայց միևնույն է այդպես էր:

 

Հիմա վերցրել եմ թուղթն ու գրիչը ու ուզում եմ գրել հերոսներիս մասին, բայց, ասում են չէ, որ թանկ, հարազատ ու կարևոր մարդկանց մասին խոսելիս չես կարողանում ասել այն, ինչ իրոք ուզում ես, որովհետև լարվում ես, վախենում` հանկարծ մի բան չմոռանաս:

 

Երբ  ծնվեցի,  պետք է կրեի մի մարդու անուն, ով այս կյանքում ինձ համար խաղաղության խորհրդանիշն է, ով քայլող հանրագիտարան է ինձ համար, ով ինձ համար կնոջ կատարյալ իդեալն է ու բարության նշանը:

 

Ճիշտ է, արդեն  5 տարի է ինչ տատիկս մահացել է, սակայն ես նրա մասին երբեք անցյալով չեմ խոսի, որովհետև նա միշտ կա իմ հոգում, մեր տանը, երկնքում, անգամ հիմա ես գիտեմ, որ ժպտում է այնպես, ինչպես տարիներ առաջ, երբ կարդում էի դպրոցական շարադրություններս:

 

Բայց ես չկրեցի նրա անունը, որովհետև չգիտեմ էլ ինչպես, հայրս երազ տեսավ, ու ստացվեց այնպես, որ ես ոչ թե Սեդա, այլ Մանե կոչվեցի, բայց միևնույն է, ես տատիս կրկնօրինակն եմ:

 

Տատիկս ուներ խալեր, որոնք հիմա կրում եմ ես, տատիկս ուներ բնավորության գծեր, որոնք հիմա իմն են, ես շարժվում եմ ճիշտ այնպես, ինչպես նա: Միայն մի տարբերություն ունենք, տատիկս ուսուցչուհի էր մաթեմատիկայի, իսկ ես մաթեմատիկա ընդհանրապես չեմ սիրում, ինչևէ, միևնույն է, ես տատիկիս կրկնօրինակն եմ ու հպարտանում եմ, երբ տատիկիս եղբայրներն ու հարազատներն ասում են. «Ինչքան նման է մեր Սեդիկին»;

 

Նայում եմ վերնագրին, ու շտապում խոսել մի մարդու մասին, ում անունը տալով ես արդեն հպարտ եմ:

 

Պապիկս: Մի մարդ, ումից կարող էիր անվերջ սովորել, ում հետ կարող էիր զրուցել ու բանավիճել աշխարհի բոլոր թեմաներով, ով քեզ կօգներ գտնել ճիշտը, բայց երբեք չէր մատուցի հեշտությամբ, որպեսզի դու սովորեիր պրպտել, գտնել ու ընթացքում էլի շատ բաներ սովորել:

 

Պապիկս սիրում էր ամենինչ անել ժամանակին, չափավորված ու հանգիստ:

 

Եթե ես այսօր կարող եմ պտտվել ամբողջ Հայաստանում, ու ինձ  հետ եկած մարդկանց պատմել այդ վայրի մասին հետաքրքիր պատմություններ ու տեղեկություններ, ապա դա միայն նրա շնորհիվ է:

 

Սկզբում արդեն նշեցի, որ միակ աղջիկ թոռնիկն էի: Պապիկս ինձ ասում էր «Մի հատիկ»:

 

Այս երկու հերոսներն իմ կյանքում գլխավորն էին, բայց, ցավոք, ճակատագրի դեմ մենք ոչինչ ենք և այնպես ստացվեց,  որ 17 օրվա ընթացքում այն նրանց խլեց  ինձանից:

 

Սկզբում պապիկս հենց աչքիս առաջ փակեց աչքերը, հետո` տատիկս, ով այնքան էր տանջվել հիվանդության պատճառով, որ անճանաչելի էր դարձել, և ես` ընդամենը 12 տարեկան աղջիկս, չէի կարողանում տեսնել նրան այդպիսին:

 

Արդեն անցել է մոտավորապես 2000 օր, ինչ նրանք ֆիզիկապես չեն ապրում կողքիս, բայց դա չունի որևէ նշանակություն և չի փոխում ոչինչ:

 

Ես երջանիկ եմ, որ հենց նրանց թոռնիկն եմ, ես պետք է շարունակեմ նրանց կյանքն ու իմ քայլերով արդարացնեմ իրենց հույսերը` կապված ինձ հետ:

 

Տատ ջան, պապ ջան, ես ձեզ սիրում եմ ներկա, անցյալ  ու ապառնի ժամանակով…

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին