Արուս Պապյան. Իմ պապիկը - Mediamax.am

1150 դիտում

Արուս Պապյան. Իմ պապիկը


Լուսանկարը`


Այնքան հաճելի է զգալ, որ դու մենակ չես, որ կա գոնե մեկը, ով հասկանում է քեզ, ժամերով զրուցում քեզ հետ, և որի հետ կարող ես պարզապես լավ ու հաճելի ժամանակ անցկացնել: Ես այնքան ուրախ եմ, որ կար մի մարդ, որը լիովին հասկանում էր ինձ, իմ կողքին էր ցանկացած դժվարին պահի: Միայն նա էր ինձ պաշտպանում, երբ բոլորը հակառակվում էին ինձ: Կարելի է ասել, որ մենք գաղափարակիցներ էինք: Ես կարող էի ժամերով նստել և զրուցել նրա հետ: Նա իմ սիրելի պապիկն էր, իսկ ես նրա սիրելի թոռնուհին: Ճիշտ է, նա ուներ էլի թոռներ և նրանց սիրում էր հավասարապես: Բայց ինձ նա յուրօրինակ էր վերաբերվում, քանի որ միայն ես էի նրան հասկանում, միայն ինձ էին հետաքրքիր նրա արկածային, խենթ պատմությունները:

 

Երբ ավարտեցի դպրոցը, ծնողներս ինձ ուղարկեցին արտասահման՝ սովորելու: Ես այնքան տխուր էի, որ բաժանվելու եմ իմ սիրելի պապիկից: Բայց ինչևէ, ես պետք է գնայի: Մինչ ես սովորում էի արտասահմանում անընդհատ նամակներ էի գրում պապիկիս, և նա իհարկե պատասխանում էր, այդ իսկ պատճառով ես տեղյակ էի բոլոր նորություններին: Սակայն բոլորը ինձնից թաքցրել էին մի հանգամանք, որ ինձ անշուշտ կտխրեցներ: Երբ ես իմացա, որ վերադառնում եմ տուն, իմ ուրախությանը չափ չկար: Վերջապես ես գնում եմ տուն, վերջապես կտեսնեմ իմ սիրելի պապիկին և կպատմեմ նրան բոլորը, թե  ինչ եմ արել արտասահմանում, թե ինչ հաջողությունների եմ հասել, և նա կհպարտանա ինձանով: Երբ մտա տուն, բոլորը կային, բացի նրանից: Ես բոլորին գրկեցի և անհամբերությամբ հարցնում էի, թե ու՞ր է պապիկս: Ոչ ոք չէր պատասխանում, բոլորը լռում էին:

 

 Հանկարծ  հայրս մոտեցավ ինձ և դեմքի արտահայտությունը փոխելով ասաց.

-  Աղջի՛կս,  պապիկդ մի քիչ վատառողջ էր և նրան միայնակ թողնել չէինք կարող: Դե քանի  որ, ինքդ էլ գիտես, որ մենք բոլորս զբաղված ենք, ուստի մենք նրան տեղափոխեցինք ծերանոց: Այնտեղ նրան շատ լավ են խնամում, նա ոչնչի կարիք չունի:

 

 Պատկերացնու՞մ  եք իմ վիճակը այդ պահին: Խեղճ մարդ, նրան կարծես իրի նման դուրս էին արել տանից: Իմ խե՜ղճ ծերուկը: Տեսնես այժմ ինչպես է, ինչ է անում:

 

Ահա թե ինչ է լինում, երբ մարդիկ ծերանում են, նրանք կարծես դառնում են անպետք իր, որին կարելի է տանել ծերանոց և տարին մեկ անգամ քաղաքավարությունից դրդված այցելել նրան, կամ էլ  նրանց համար նույնիսկ դրա կարիքն էլ չկար: Բոլորի համար իրենց գործերը ավելի կարևոր են, քան  այն մարդը, որը ժամանակին պահել, փայփայել և վերջապես այդ տարիքին է հասցրել նրանց, ի վերջո սրտացավ է եղել նրանց համար: Իսկ նրանք ինչպե՞ս  վարվեցին , նրանք իրի նման դուրս հանեցին «ավելորդը» տնից:

 

Եկավ մարտի 11-ը՝ իմ ծննդյան օրը: Ես դառնում էի 20 տարեկան: Ես բոլորովին ծննդյան  տոնի տրամադրություն չունեի,  սակայն ծնողներս մեծ խնջույք էին կազմակերպել: Ես փակվել էի իմ սենյակում և ոչ ոքի չէի ցանկանում տեսնել:

 

Հանկարծ դուռը թակեցին:

 

- Գնացե՛ք, ինձ մենակ թողե՛ք:

 

Եղավ իմ պատասխանը:

- Մի՞թե ինձ էլ չես ցանկանում տեսնել, թոռնի՛կս:

 

Այդ երա՞զ էր, ես լսում էի նրա ձայնը: Երբ շրջվեցի տեսա պապիկիս՝ ձեռնափայտը ձեռքին: Նետվեցի նրա գիրկը և երկար, անխոս գրկել էի նրան:

 

- Պապի՛կ, աչքերիս չեմ հավատում: Ա՜խ, որքան էի կարոտել քեզ: Էլ ոչ  մի տեղ չգնաս, ես չեմ թողնի:

 

 Դա ամենամեծ նվերն էր, որ կարող էի ստանալ ծննդյանս տոնին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին