Էսթեր Մխիթարյան. Ալեհեր տատս - Mediamax.am

2572 դիտում

Էսթեր Մխիթարյան. Ալեհեր տատս


Լուսանկարը`


Գերեզմանին նորից փշեր են։ Մաքրում եմ այն փշերից ու աչքերիցս մաքրում անցյալի ցավը, որ տատասկի պես խրվել է կոկորդիս մեջ ու կուլ չի գնում։ Տատի՛կ ջա՜ն։ Տառապած ու տանջված իմ ալեհեր հրաշք։ Դեռ հիշողությանս մեջ դաջվել է մեր հին ու վթարային տան պատշգամբում գտնվող իրերը, որոնք թաքցրել էր փայտե սունդուկի մեջ ու խնամքով պահում էր։

 

Հիմա այդ սունդուկը չկա՛, բայց։

 

Ոտքդ կոտրվել էր ու շատ դժվար էր նման պայմաններում քեզ խնամելը, բայց դուստրդ՝ իմ չքնաղ մայրս քեզ հարազատ երեխայից լավ էր խնամում։ Նա և՛ օրինակելի մայր է, և՛ զավակ։ Երանի բոլոր մայրերը էդպիսի շնորհակալ ու նվիրյալ զավակ ունենան։

 

Բայց մի օր մորաքույրս որոշեց քեզ իրենց տուն տանել, որ գոնե կյանքիդ վերջին տարիներին մարդավայել պայմաններում ապրես։

 

Բայց միշտ իրենց տանը չէիր մոռանում քո հին տունը ու շատ էիր ուզում ետ վերադառայիր։

 

Համոզում էինք, որ էնտեղ հնարավոր չի ապրել։

 

Մի օր մորաքույրիս տանն էի։ Խնդրում էիր, համոզում էիր, որ մնայի, բայց ես չմնացի։

 

Դու վերջին անգամ ագահաբար ելակ կերար։

 

Ու ինձ օրհնեցիր։

 

- Լավ եղե՛ք։

 

Հաջորդ օրը դու այլևս չկայիր ու շատ նեղվեցի, որ մորաքրոջս տանը չմնացի, բայց եթե մնայի, հաստատ քո կյանքի մայրամուտին ներկա լինելու հարվածին չէի դիմանա։

 

Փուշը խրվել է սրտիս մեջ ու փայտե սունդուկը չկա, բայց կա անցյալի հիշողությունը, որ որդի պես կրծում է հոգիս։

 

Նորից քո գերեզման եմ եկել ու մաքրում եմ այն փշերից։ Գոնե այն աշխարհում ապրիր խաղաղ ու փշերից հեռու։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին