Անի Օրդյան. «Իմ տատիկը, իմ պապիկը» - Mediamax.am

4010 դիտում

Անի Օրդյան. «Իմ տատիկը, իմ պապիկը»


Լուսանկարը`


Տատս գեղեցիկ կին է, աչքերի կանաչը դեռ պահպանվել է, բայց արդեն երկար տարիներ է գարնան կանաչին աշնան կանաչն է փոխարինում:

 

Տատս էր, որ ինձ երազել սովորեցրեց: Մանկությունս նրա պատմած հեքիաթների մեջ հեքիաթանում էր, ամեն երեկո նույն հեքիաթներն էր պատմում, երկու ժամ շարունակ լսում էի, անգիր էի արել հեքիաթի բառերը, ուրիշ հեքիաթ չգիտեր, բայց հո անսահման երևակայություն ուներ, որ իրական հեքիաթները վերջանում էր սկսում էր նորը հորինել, անիրականը՝  որը հիմա ավելի իրական է թվում, հեքաթի վերջն էլ ես էի գուշակում, բայց տատս չէր թողնում հեքիաթս տխուր վերջանա: Ասում էր բարին միշտ հաղթում է, ես էլ համաձայնվում էի որ տատիկը չտխրի:

 

 Պապիկին միայն նկարով եմ հիշում ու տատիս պատմությունների մեջ, դե փոքր ժամանակ հեքիաթի նման էր էդ պատմությունները:

 

Պապիկից տանը թողած մի քանի հուշ է մնացել, տան պատերը, բարձր առաստաղը, գրքերով լի գրապահարանը, մեկ էլ նրա տնկած սարերի վրա ապրող անտառները, որ մեծանում են ու շունչ տալիս մարդկանց: Ասում են պապս նայում էր ծառին ու տարիքը ճշգրիտ որոշում, դե բնությունն էլ գաղտնիքներ սիրող է, պապիկին երկար չթողեց իր գործերին խառնվի:

 

Տատս էդ ծառերին նայելիս աչքերն ավելի է կանաչում, աչքերում գարուն է բացվում, երևի պապիկին էլ  նրա աչքերի գույնից ոգևորված ցանկացել է կանաչը շատացնի, որ  դրա համար է այդքան ծառեը տնկել: Ես էլ եմ կանաչը սիրում, «կանաչ» մասնագիտություն եմ ընտրել պապիկի մասնագիտության ու տատիս աչքերի պես։

 

Մեծացել է տատիկը, ուշ-ուշ եմ տեսնում նրան, հեռավորությունից աչքիս շուտ-շուտ է մեծանում, երբ տեսնում եմ, զգում եմ, որ արդեն ձեռքերի կնճիռները սիրտս սկսում են ծակծկել, մեծանում ու փոքրանում է տատս, աչքերում էլ աշուն է, աշնան կանաչ ու թախիծ կա, գարունը արդեն ուշ-ուշ է գալիս։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին