Սոսսի Խանիկյան. Օտարը, կամ իմ պապիկի պատմությունը - Mediamax.am

5950 դիտում

Սոսսի Խանիկյան. Օտարը, կամ իմ պապիկի պատմությունը


Լուսանկարը`


Իգդիրցի մեծահարուստ Սեդրակի ու ազնվական, բարձրագույնավարտ Էսթերի  ուրախությանը չափ չկար, երբ 1911-ին ծնվեց նրանց տղան` Վասպուրականը: Երկու տարի հետո, սակայն այդ ուրախությունը պիտի ընդհատվեր, պապիկիս համար` ընդմիշտ: Նրա մայրը ծննդաբերության ժամանակ 28 տարեկանում մահացավ: Բայց դժբախտությունն այսքանով չվերջացավ: Բարեկամները շարունակ փսփսում էին, որ եթե պապիկս մոր գրկում խաղալիս անհաջող շարժում արած չլիներ, Էսթերը գուցե չմահանար: Թե ինչքանով էր դա համապատասխանում իրականությանը, դժվար է ասել, բայց այդ խոսակցությունները շարունակ լսող պապիկիս և շրջապատի միջև տարիների ընթացքում գնալով մեծանում էր անջրպետը: Դեռ վաղ մանկությունից նա արդեն գիտեր, ինչ է նշանակում լինել օտար միջավայրում:

 

Գաղթից հետո, պապիկս սովորելու է մեկնում  Լենինգրադ: Այդ ընթացքում տարօրինակ պայմաններում մահանում է մեծ պապիկս, թունավորում է երկրորդ կինը: Ընտանիքի անդամները նեղություն չեն կրում հայտնելու պապիկիս հոր մահվան լուրը: Փոխարենը արագությամբ ծախում են Սեդրակին պատկանող բոլոր տներն ու  սեփականությունները. այն ամենն, ինչ ըստ էության պապիկիս ժառանգությունն էր: Երբ ամիսներ անց նա վերադառնում է, ցավով տեսնում է, որ կորցրել է ոչ միայն հորը, այլև ողջ ունեցվածքը:

 

Դրանից հետո  պապիկիս ձերբակալում են դաշնակցականի տղա լինելու մեղադրանքով: Հրաշքով մի կերպ բանտից դուրս եկած, սնանկացած պապիկս ինքնակամ մեկնում է պատերազմ: Ճակատագրի չար հեգնանքն էր, որ ռուսահայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի տղան, մնացել էր առանց գրոշի:

 

Առհասարակ ճակատագիրը պապիկիս երբեք երես չի տվել, և 1942 -ին նա գերի է ընկնում, որտեղից կարողանում է փախչել` դառնալով պարտիզան: Սակայն նրա պատերազմական շրջանի ամենատխուր դրվագը իտալուհուց ծնված երեխան է, ում հետ կապը կորցնում է ընդմիշտ:

 

Պատերազմից վերադարձած Վասոն ամուսնանում է իրենից 17 տարի փոքր տատիկիս հետ: Հավանաբար հենց այդ տարիքային տարբերություն էր պատճառը, որ նրանք երբեք չեն դառնում ներդաշնակ զույգ և բաժանվում են:

 

Երեխաներին պապիկս պաշտում էր, բայց միևնույնն է մնում էր չհասկացված սեփական ընտանիքում: Իսկ հարազատների ու շրջապատի մասին խոսելն անգամ ավելորդ էր: Պատկերացրեք` վաթսուն-յոթանասուննականների պապիկս խոսում էր կոմունիստների վայրենություններից, Մեսսինգի հրաշագործություններից, կամ պատմում էր Գյուրջևի էզոթերիկայի մասին: Կիսագրագետ շրջապատի համար դա ծիծաղելի էր: Նրա մեծագույն դժբախտությունը այն էր, որ նա մի քանի անգամ, ավելի շատ գիտեր, քանի իրեն շրջապատող մարդիկ, և այդ վիհն այնքան մեծ էր, որ պապիկս օտար լինելուց բացի, հաճախ համարվում էր տարօրինակ:

 

Բայց դա Վասոյի երեսին, ոչ ոք չէր կարող ասել, քանի որ բոլորը գիտեին, որ այդ կրթված մարդուն զայրացնել չի կարելի: Երբ պապիկիս կատաղում էր, վերցնում էր սրած կացինը և գնում կռվի: Այդ ժամանակ ողջ փողոցը վախից տուն էր մտնում, իսկ նա հիշում էր, որ այդ բոլոր տները պատկանել են իր հայրիկին:

 

Պապիկիս վերջին ուրախությունը դարձավ իր առաջին թոռը, որի ծնվելուց ամիսներ անց 70 տարեկանում նա մահացավ քաղցկեղից:

 

Պապիկս  կարող էր լինել փայլուն գիտնական, հիանալի գրող, կամ պարզապես մեծահարուստ մարդ, բայց ճակատագիրը որոշել էր` այդպես էլ երբեք չժպտալ նրան:  Ու այդպես ապրեց նա աշխարհին օտար, ու ինքն իր մեջ ամփոփված, անվերջ հիշելով «էրգիրը», իր դժբախտ մորը, յուրահատուկ հորը ու իտալացի որդուն:

Հիմա, երբ որևէ թեկուզ աննշան հաջողություն եմ ունենում, ես գիտեմ, որ դա Վասո պապիկիս գեների շնորհիվ է, որին ես երբեք չեմ տեսել, բայց որն այնքան հոգեհարազատ է ինձ:

 

Մի անգամ տատիկիս քույրը պապիկիս մասին խոսելիս, ասաց. «Լավ մարդ էր Վասոն, ափսոս  շատ էր կարդում»: Այս պարզունակ խոսքերը լավագույնս են բնորոշում պապիկիս տարբերությունն ու բաժանումն իր ժամանակի հասարակությունից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին