Հադրութի բույրը՝ տեղահանված Ալինայի տանը - Mediamax.am

exclusive
4400 դիտում

Հադրութի բույրը՝ տեղահանված Ալինայի տանը


Ալինա Մաթեւոսյանը
Ալինա Մաթեւոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ալինա Մաթեւոսյանը
Ալինա Մաթեւոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ալինա Մաթեւոսյանը
Ալինա Մաթեւոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


«Սյուզի, փախլավան կարմրե՞լ է»,- հարցնում է Ալինան 11-ամյա դստերը։ «Կարմրելու վրա է»՝ պատասխանում է Սյուզին ու թեյնիկը միացնում։ Ամեն անգամ, երբ տանը փախլավայի բույր է տարածվում, Ալինան մտքով հասնում է Հադրութի իրենց տան խոհանոց, պատկերացնում, որ հաջորդ օրը գործընկերների հետ թեյ է խմելու, փախլավա ուտեն, հետո էլ ասեն՝ «վա՜յ, ինչ համեղ է քո փախլավան»։

 

Ալինա Մաթեւոսյանի ընտանիքը տեղահանվել է Հադրութի շրջանի Այգեստան գյուղից, այժմ բնակվում է Հրազդանում։ Արցախից տեղահանվելուց հետո Ալինան մասնակցել է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի՝ ԵՄ ֆինանսավորմամբ ընթացող «REACT. հակամարտությունից տուժած անձանց հումանիտար աջակցության եւ ինտեգրման ծրագրի» հրուշակագործության դասերին եւ այժմ պատվերով թխվածքներ է պատրաստում։

 

Ալինա Մաթեւոսյանը Mediamax.am-ին հյուրընկալել է արցախյան կանոններով՝ փախլավայով ու համեղ թեյով, մեզ հետ զրույցում էլ պատմել ընտանիքի դժվարությունների, նոր մասնագիտության եւ պատվերների կտրուկ աճի մասին։

 

«Բոլոր հնարավոր տեղերում աշխատանք էի փնտրում»

 

44-օրյա պատերազմի ընթացքում ամուսինս մնաց Արցախում, ես Հադրութի շրջանի Այգեստան գյուղից երեխաներիս հետ տեղափոխվեցի Եղեգնաձոր, հետո Ծաղկաձոր՝ տեղահանվածներին տրամադրված տարածք, երբ սպառվեց պետության կողմից մեզ օգնելու ժամանակահատվածը, որոշեցինք բնակվել Հրազդանում։ Ամեն րոպե սպասում էինք, թե երբ ենք վերադառնալու Արցախ։ Ժամանակն անցնում էր ու հասկանում էինք, որ գուցե տուն վերադառնալու հնարավորություն չլինի։ Պատերազմից հետո ամուսինս առողջական խնդիրներ ուներ, ես բոլոր հնարավոր տեղերում աշխատանք էի փնտրում։

 

Մանկավարժ եմ, տեղահանվելուց հետո փորձեցի իմ մասնագիտությամբ աշխատել, բայց չհաջողվեց։ Այն շենքի առաջին հարկում, որտեղ բնակվում էինք, հացի արտադրամաս կար, ընտանիքիցս գաղտնի աշխատանքի ընդունվեցի, բայց ամուսինս իմացավ, բարկացավ ու թույ չտվեց այնտեղ աշխատել։ Սկսեցի աշակերտներ պահել, բայց զուգահեռ նորից փնտրտուքների մեջ էի։ Որքան ձմեռը մոտենում էր, այնքան անհանգստությունս մեծանում էր, մտածում էի՝ ինչպե՞ս ենք վճարելու կոմունալները, դեռ չգիտեինք, որ «Մարդը կարիքի մեջ» կազմակերպությունը փոխանցելու է մեր ծախսերը։

 

«Ոչինչ չունեինք, բացի ջեռոցից»

 

Հադրութում հաճախ էի խմորեղեն պատրաստում, բոլոր հարազատներին ծննդյան եւ մյուս առիթներին գիտեի՝ «խմորեղենն իմ վրա է»։ Հերթական անգամ, երբ Հրազդանի դպրոցներում, զարգացման կենտրոններում աշխատանք չգտա, որոշեցի տանը փախլավա թխել։ Ջեռոց ունեինք, տեղահանվելուց հետո էի գնել, երբ դեռ անգամ չգիտեի, թե որտեղ ու ինչպես ենք ապրելու։ Ամեն անգամ, երբ նոր տարածք էինք տեղափոխվում, ասում էի՝ «վա՜յ, զգույշ, ջեռոցը չվնասեք» (ծիծաղում է- խմբ.)։

Լուսանկարը` Մեդիամաքս

Սկսեցի տանը փախլավա թխել, ծանոթներին հյուրասիրեցինք, բոլորը հավանեցին ու ասացին՝ եթե սկսեմ պատվեր ընդունել, անպայման կգնեն։ Ձեզ համար էլ փախլավա պատրաստեցի, որովհետեւ ամեն ինչ հենց դրանից է սկսել։ Հադրութի բաղադրատոմսով եմ պատրաստում, տարբերվում է մյուս փախլավաներից, խմորը շերտավոր չէ, ընկույզը չափից շատ է դրվում, մեղրով էլ քաղցրացնում եմ։

 

Հրուշակագործության դասերը

 

Սկսել էի պատվերներ ընդունել, բայց ընդամենը կարող էին մի քանի կտոր փախլավա եւ մրջնաբույն ուզել, այդ ժամանակ Երեւանում հրուշակագործության կարճ դասի էի մասնակցում, «Մարդը կարիքի մեջ» կազմակերպությունից եւս հրուշակագործության մասնագիտական անվճար դասընթացի մասնակցելու առաջարկ ստացա, ուրախությամբ համաձայնեցի եւ երբ իմացա, որ մյուս մասնակիցներն էլ են Արցախից, ուրախությունս կրկնապատկվեց։ Դասերն անցկացվում էին Հրազդանում, ուսուցչի՝ ընկեր Ծովինարի, մասնակիցների հետ շփումը հետաքրքիր էր, հաճախ քննարկումներ էինք ունենում, կիսվում այն ամենով, ինչ գիտեինք։

Ալինա Մաթեւոսյանը Ալինա Մաթեւոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Դասընթացը հրուշակագործություն սովորեցնելու համար էր, բայց իրականում ավելի լայն էր, խոհարարությունից էինք խորհուրդներ ստանում, կենցաղային հետաքրքիր լուծումներով կիսվում։ Ուսուցիչը տնային աշխատանք էր հանձնարարում, ինչ-որ սովորում էինք դասերի ժամանակ, հետո նաեւ տանն էինք պատրաստում, կիսվում լուսանկարներով ու սկսում ակտիվ քննարկել՝ ինչո՞ւ որեւէ բան լավ չստացվեց, ի՞նչ անել, որ ավելի լավ արդյունք լինի։

Լուսանկարը` Մեդիամաքս

Դասընթացների ավարտից հետո մանկական զարգացման կենտրոններից մեկում պրակտիկա անցա, երեկոները փորձեր էի անում, հաջորդ օրը տանում, որ գործընկերներս համտեսեն։ Ամանորին շատ անսպասելի մեծ թվով պատվերներ ունեցա, քանի որ օրվա ընթացքում աշխատանքի էի լինում, երեկոներն էի պատրաստում թխվածքը, ընդամենը մեկ վառարանով։ Հիմնականում ծանոթ մարդիկ էին պատվիրում, ով մի անգամ փորձել էր, խորհուրդ էր տվել մյուսներին։ Տարբեր թխվածքներ էին պատվիրում, որոնք սովորել ու պատրաստել էի դասընթացի ժամանակ, եթե չլինեին հրուշակագործության դասընթացները, հաստատ պատվերների մեծ մասը չէի կարողանա իրականացնել։ Սկսեցի փախլավայով, բայց հետո տեսականին մեծացավ, սկսեցի Միկադո պատրաստել, Մեղրով տորթ, Նուտելլա ու շատ այլ թխվածքներ։

Ալինա Մաթեւոսյանը Ալինա Մաթեւոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ամանորին պատվերներն այնքան շատ էին, որ հազիվ էի հասցնում, մի օր ասացի՝ «վերջ, էլ այսքան պատվեր չեմ վերցնի, ինչո՞ւ ագահություն արեցի»։ Աղջիկս ասաց՝ «մեծանում եմ, քեզ կօգնեմ, մի հիասթափվիր», առաքումների հարցում էլ տղաս սկսեց օգնել։

 

«Չպետք է նստել ու սպասել օգնության»

 

«Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի հրուշակագործության դասընթացը ոչ միայն ինձ, այլ մեր ամբողջ ընտանիքի համար է կարեւոր՝ ինտեգրման, հետագա քայլերի առումով։ Ծրագիրը եւս մեկ անգամ հաստատեց, որ չպետք է նստել ու սպասել փոխհատուցման կամ հումանիտար օգնության, այլ պետք է թեկուզ փոքր գործ սկսել ու սեփական ուժերով գումար վաստակել։ Դասընթացից հետո «Մարդը կարիքի մեջ» կազմակերպությունը նաեւ աշխատանքային գործիքներ տրամադրեց, որոնք ինձ շատ օգտակար են։

Լուսանկարը` Մեդիամաքս

«REACT. հակամարտությունից տուժած անձանց հումանիտար աջակցության եւ ինտեգրման ծրագրով» 700-ից ավելի տեղահանված մասնակցել է մասնագիտական անվճար տարբեր դասընթացների։ Հրուշակագործության դասընթացն անցկացվել է Սեդրակ Մամուլյանի խոհարարական ստուդիայի հետ համատեղ՝ Սյունիքի, Վայոց ձորի, Կոտայքի, Արմավիրի եւ Արարատի մարզում, մասնակցել է շուրջ 120 շահառու։

 

REACT ծրագիրն իրականացվել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ եւ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի, Տեխնիկական համագործակցության եւ զարգացման գործակալության (ACTED), «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» եւ «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ների հետ համագործակցությամբ:

 

Կարդացեք նաեւ. Քաշաթաղից Անահիտի նոր աշխատանքը, REACT-ը եւ Սեդրակ Մամուլյանի դասերը

 

Անի Խչոյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին