Հանուն սոցիալական փոփոխության. «Հայկական ճամբարի» վարակիչ օրինակը - Mediamax.am

exclusive
5894 դիտում

Հանուն սոցիալական փոփոխության. «Հայկական ճամբարի» վարակիչ օրինակը


Լուսանկարը` Anja Strelec

Սամվել Ռոստոմյանը
Սամվել Ռոստոմյանը

Լուսանկարը` Anja Strelec

Լուսանկարը` Anja Strelec

Վարդուհի Արամյանը
Վարդուհի Արամյանը

Լուսանկարը` Anja Strelec

Լուսանկարը` Anja Strelec

Լուսանկարը` Anja Strelec

Լուսանկարը` Anja Strelec

Լուսանկարը` Anja Strelec

Լուսանկարը` Anja Strelec

Լուսանկարը` Anja Strelec

Լուսանկարը` Anja Strelec

Լուսանկարը` Anja Strelec

Լուսանկարը` Anja Strelec

Լուսանկարը` Anja Strelec

Լուսանկարը` Anja Strelec

Լուսանկարը` Anja Strelec

Լուսանկարը` Anja Strelec

Լուսանկարը` Anja Strelec

Լուսանկարը` Anja Strelec

Լուսանկարը` Anja Strelec

Լուսանկարը` Anja Strelec

Լուսանկարը` Anja Strelec


Տարիներ շարունակ աշխատելով հաշմանդամություն ունեցող անձանց հետ եւ կազմակերպելով վերականգնողական ճամբարներ՝ «Հայկական ճամբար» հասարակական կազմակերպությունն այսօր ներկայանում է սոցիալական ձեռնարկատիրության յուրօրինակ մոդելով: Սեւանի ափին գործող «Հայկական ճամբար» հանգստի գոտին իր տեսակով եզակի է, քանի որ կարողանում է կազմակերպել մատչելի հանգիստ իր բոլոր հյուրերի՝ ինչպես հաշմանդամություն ունեցող, այնպես էլ ոչ հաշմանդամ մարդկանց համար:

 

«Հայկական ճամբար»-ի հիմնադիրները Սամվել Ռոստոմյանը եւ Վարդուհի Արամյանն են, որոնք ժամանակի ընթացքում իրենց հասարակական գործունեությունը վերածել են սոցիալական ձեռներեցության:

 

«Հայկական ճամբարը» հանդիսանում է նաեւ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության» ծրագրի շահառուն:

 

Ինչպե՞ս սկսվեց

 

1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո Սամվել Ռոստոմյանը սկսում է աշխատել հաշմանդամություն ունեցող անձանց հետ, ներգրավվել նրանց սպորտային ակտիվություններում, կազմավորել մարզական թիմեր:

Սամվել Ռոստոմյանը Սամվել Ռոստոմյանը

Լուսանկարը` Anja Strelec

«Իմ կազմավորած թիմը մասնակցել է Պարալիմպիկ խաղերի, ինքս էլ տարբեր միջազգային ծրագրերի եմ մասնակցել՝ ձգտելով հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատանքի փորձը բերել Հայաստան: Այդ ընթացքում հասկացա, որ ձեռք բերված գիտելիքն ու հմտությունները կարելի է կիրառել հասարակական կազմակերպության գործունեությամբ եւ 2003 թվականին հիմնադրեցի «Հայկական ճամբար» ՀԿ-ն: Կազմակերպությունը սկսեց զբաղվել տարբեր ծրագրերով, որոնցից առաջիններից էին ամառային եւ ձմեռային վերականգնողական ճամբարները: Այդ ճամբարներում ներգրավված էր տարիների ընթացքում ձեռք բերված ամբողջ տեղեկատվությունը՝ ինչպես աշխատել մտավոր, տեսողական, հենաշարժողական եւ այլ խնդիրներ ունեցողների հետ: Մասնակիցների համար ապահովեցինք սպորտային ակտիվություն՝ ստեղծելով նաեւ տարբեր ջրային մարզաձեւերով զբաղվելու հնարավորություններ, որի համար ձեռք բերեցինք հատուկ գույք»,- պատմում է Սամվել Ռոստոմյանը:

Լուսանկարը` Anja Strelec

Ժամանակի ընթացքում այս հասարակական գործունեությանը տարբեր կամավորներ միացան, որոնց շարքում էր նաեւ Վարդուհի Արամյանը:

 

«Իմ տղան, որը հաշմանդամություն ունի, 2005 թվականից դարձավ կազմակերպության շահառու՝ մասնակցելով վերականգնողական ճամբարին, իսկ ես էլ որպես կամավոր միացա ՀԿ-ի հասարակական գործունեությանը: Հետագայում սկսեցի նաեւ ծրագրեր համակարգել եւ ամբողջապես ներգրավվեցի ՀԿ-ի աշխատանքներում»,- մանրամասնում է Վարդուհի Արամյանը:

 

Հասարակական գործունեությունից՝ սոցիալական ձեռներեցություն

 

Երկար ժամանակ կազմակերպության հիմնադիրները չէին մտածում իրենց գործունեությանը բիզնես մոդել կցելու մասին, սակայն հետզհետե ֆինանսների հայթայթման հարցը բարդանում էր:

Վարդուհի Արամյանը Վարդուհի Արամյանը

Լուսանկարը` Anja Strelec

«Ինչ-որ պահից կազմակերպությունը հասունացավ այնքան, որ այլեւս չէինք ուզում կախվածության մեջ լինել դոնորներից եւ վստահ էինք, որ կարող ենք ինքնուրույն գեներացնել ֆինանսական միջոցներ եւ դրանք ուղղել մեր սոցիալական ծրագրերին: Մյուս կողմից էլ՝ տարիներ շարունակ ճամբարներ իրականացնելու համար վարձակալում էինք տարբեր տարածքներ, իսկ լճի բարձրացմանը զուգահեռ՝ հարմար տեղանքներ գտնելն ավելի էր բարդանում: Այդ ժամանակ որոշեցինք, որ հասարակական կազմակերպությունը պետք է ունենա իր սեփական տարածքը, որը կկահավորվի եւ կաշխատի այնպես, ինչպես մենք ենք ուզում: Այդպես, 2012 թվականին հիմնվեց «Հայկական ճամբար»-ի ամառային բազան, որն այսօր գործում է որպես սոցիալական ձեռներեցություն»,- մանրամասնում է Վարդուհի Արամյանը:

 

Նրա խոսքով՝ հասարակական գործունեությունից սոցիալական ձեռներեցության անցումը լի է մարտահրավերներով, որոնց հաղթահարման համար բիզնես հմտություններին տիրապետելը խիստ կարեւոր է:

Լուսանկարը` Anja Strelec

«Ինքս վերջին երկու տարում երկու բիզնես դպրոց եմ անցել՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության կին ձեռներեցների դպրոցը եւ ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի ակադեմիան: Այս դասընթացներն իսկապես շատ օգնեցին բիզնես գիտելիքներ ձեռք բերելու հարցում: Այդուհանդերձ, մեզ միեւնույն է ավելի շատ հետաքրքրում է սոցիալական ազդեցությունը եւ այդ գործընթացից մեծ բավականություն ենք ստանում»,- հավելում է Վարդուհի Արամյանը:

 

Լողափում հանգիստը բոլորի համար է

 

«Հայկական ճամբար» հանգստի գոտին տեղակայված է Արտանիշ լեռան ստորոտում՝ Արտանիշի լճախորշի բնության գրկում։ Այստեղ կազմակերպվում են հեծանվային, քայլարշավային, ջրային էքսկուրսիաներ, առագաստանավային զբոսանքներ եւ այլն։

Հանգստի գոտու լողափն իր տեսակով եզակի է, որովհետեւ այն հարմարեցված է բոլորին, այդ թվում՝ տարբեր հենաշարժողական դժվարություններ ունեցող անձանց:

Լուսանկարը` Anja Strelec

 

«Հանգստյան գոտում մենք ունենք մատչելի ավտոկայանատեղի, մատչելի անցուղիներ, մատչելի սանհանգույցներ եւ լոգարան: Լողափում հանգստանալիս՝ հաշմանդամություն ունեցողները պետք է ունենան նույն հնարավորությունները, ինչ ոչ հաշմանդամ մարդիկ, դրա համար ունենք լճին մոտենալու հարմարեցված ճանապարհ, ինչպես նաեւ հատուկ գույք, որի շնորհիվ հաշմանդամություն ունեցող անձը կարող է  մտնել ջուրը՝ առանց մեծ ջանքերի»,- պատմում է Վարդուհի Արամյանը:

 

Սպորտն անմոռանալի էմոցիաներ է պարգեւում

 

2020 թվականի պատերազմից հետո «Հայկական ճամբարը» հյուրընկալել է նաեւ վիրավորում ստացած զինվորներին՝ նրանց ներգրավումն ապահովելով վերականգնողական կենտրոնների հետ համագործակցությամբ:

 

«Փորձեցինք տղաներին բոլորովին այլ մոտեցում ցուցաբերել, սպորտային ակտիվություններով հագեցած լողափնյա հանգիստ ունեցանք: Այն ներառում էր կայակներ, սափբորդներ, առագաստանավով զբոսանքներ, հեծանիվի վարում, սեղանի թենիս, բասկետբոլ, նաեւ բոչչե խաղացին, որը զուտ հաշմանդամային սպորտաձեւ է»,- պատմում է Սամվել Ռոստոմյանը:

Լուսանկարը` Anja Strelec

Վարդուհին էլ հավելում է, որ փորձել են զինվորներին ցույց տալ՝ իրենք կարող են. «Եթե, օրինակ, ձեռքերի հետ կապված խնդրի պատճառով թիավարել չես կարող, միեւնույն է, կարող ես մասնակցել կայակինգին ընկերներիդ ուժերով»:

 

Ձմռանն էլ Սամվելի եւ Վարդուհու ջանքերով պատերազմի հետեւանքով հաշմանդամություն ստացած զինվորները կարողացան նաեւ ձմեռային ակտիվ սպորտով զբաղվել:

 

«Հատուկ մարզագույքի օգնությամբ զինվորները կարողացան բարձրանալ սարն ու սահել: Նրանց այդ զգացողություններն աննկարագրելի էին, կարելի է ասել՝ էմոցիաների հրաբուխ էր, եւ սա նվազագույնն է, որ կարող ենք անել այդ մարդկանց համար»,- հավելում է Վարդուհի Արամյանը:

Լուսանկարը` Anja Strelec

Համայնքային զարգացում

 

«Հայկական ճամբարի» սոցիալական ազդեցության ուղղություններն ամենեւին էլ այսքանով չեն սահմանափակվում: Վարդուհին եւ Սամվելը ջանում են նպաստել նաեւ համայնքի զարգացմանը, որի համար իրականացնում են մի շարք ծրագրեր՝ սկսած առաջին բուժօգնության դասերից մինչեւ էկո ճամբարներ:  

 

«Պարբերաբար դիտարկում ենք համայնքային կարիքներն ու դրանով առաջնորդվելով նոր ծրագրեր նախաձեռնում: Դրանցից է գյուղի երեխաներին լողալ սովորեցնելը: Նրանք ապրում են լճափին, սակայն իրենց կյանքի համար այդքան կարեւոր հմտությանը չեն տիրապետում, որովհետեւ մարզադպրոցներ չկան: Արդեն երրորդ տարին է յուրաքանչյուր ամառ լողի դասեր ենք կազմակերպում՝ զուգահեռաբար երեխաներին սովորեցնելով լողափնյա հանգստի մշակույթը»,- պատմում է Վարդուհի Արամյանը:

Լուսանկարը` Anja Strelec

Աջակցություն սոցիալական ձեռնարկություններին

 

2020 թվականից ի վեր համավարակը եւ դրան հաջորդած պատերազմը ծանր ազդեցություն թողեցին հայաստանյան բիզնեսի վրա: Սոցիալական ձեռնարկատիրության ոլորտում այս բացասական ազդեցությունը մեղմելու նպատակով էլ մեկնարկեց ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության» ծրագիրը: Այն տարածաշրջանային է եւ այժմ իրականացվում է Եվրոպական վենչուրային մարդասիրության ասոցիացիայի (ԵՎՄԱ) կողմից 5 երկրում: Հայաստանում ծրագիրն իրականացնում է «Impact Hub Yerevan»-ը:

 

«Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության» ծրագրի շրջանակում սոցիալական ձեռնարկությունների համար հայտարարվել է դրամաշնորհային մրցույթ, որին դիմել էին 100-ից ավելի ՍՁ-ներ: Արդյունքում COVID-19-ի հաղթահարման ԵՄ ֆոնդից 35 ՍՁ-ներ ստացան միջինում 800 եվրոյին համապատասխան ֆինանսական աջակցություն: Ծրագրի շահառուների շարքում էր նաեւ «Հայկական ճամբարը», որի ստացած դրամաշնորհը կազմում էր 5,540,000 դրամ:

Լուսանկարը` Anja Strelec

Վարդուհի Արամյանի խոսքով՝ ծրագրի մասին տեղեկացել են հայտարարությունից, հետո մասնակցել տեղեկատվական հանդիպմանը, որը նրա գնահատմամբ՝ շատ արդյունավետ էր:

 

««Impact Hub Yerevan»-ի թիմը ծրագրին դիմելու ամբողջ գործընթացում մեզ աջակցում էր տեխնիկական բոլոր հարցերում: Սա շատ օգնում էր հասկանալ՝ ինչքանով ենք համապատասխանում ծրագրի պահանջներին, ինչ կարող ենք ակնկալել եւ այլն: Ստանալով դրամաշնորհը՝ կարողացանք վերանորոգել հանգստի գոտու մի քանի սենյակներ, որոնք 44-օրյա պատերազմի օրերին հատկացրել էինք Արցախից ապաստանած ընտանիքների: Բացի այդ, համավարակի եւ պատերազմի բերումով բավականին բարդացել էին ֆինանսական հարցերը, հետեւաբար ծրագրի միջոցներն ուղղեցինք նաեւ աշխատավարձեր տալուն: Ամենակարեւորը, որ կարողացանք անել ծրագրի շնորհիվ, 10 կՎտ/ժամ հզորությամբ արեւային ֆոտովոլտային կայան ձեռք բերելն էր: Սրա շնորհիվ մենք կարողացանք երկարացնել հանգստի գոտու գործունեությունը՝ աշխատանքը շարունակելով նաեւ ձմռան ամիսներին»,-մանրամասնում է Վարդուհի Արամյանը:

 

Նրա խոսքով՝ փորձում են նաեւ օրինակ դառնալ լճափնյա մյուս հանգստի գոտիների եւ հյուրատների համար, որպեսզի նրանք եւս ձգտեն ձմռանն աշխատել: «Հայկական ճամբարը» նախորդ ձմեռ լիարժեքորեն գործել է, այս տարի եւս ոչ մի օր չեն փակվելու, իսկ հետո արդեն կկարողանան խոսել գրանցած արդյունքների մասին:

 

Ծրագրի գնահատման չափանիշները

 

«Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության» ծրագրի տարածաշրջանային իրականացնող՝ Եվրոպական վենչուրային մարդասիրության ասոցիացիայի ներկայացուցիչ Նազարեթ Սեֆերյանի խոսքով՝ աջակցություն ստացած 35 ձեռնարկություններն ընտրվել են երկու հիմնական չափանիշներով:

Լուսանկարը` Anja Strelec

«Գնահատման առաջին չափանիշը վերաբերում է ՍՁ-ի սոցիալական բաղադրիչին՝ թիրախավորված խնդրի կարեւորությունը, դրա լուծումն ու ՍՁ-ի գործունեության թողած ազդեցությունը: Մյուսը բիզնես բաղադրիչն է՝ ինչպիսի հաջողություններ ունեին նախքան համավարակը եւ ինչ են պլանավորում հետագայում: Քանի որ ֆինանսական աջակցության հիմնական նպատակը ճգնաժամի հաղթահարումն էր, այն առաջնահերթ պետք է ուղղվեր համավարակի հասցրած դժվարությունների կարգավորմանը, օրինակ՝ աշխատավարձեր, վարձակալության վճարներ եւ այլն: Երկրորդ կետով ֆինանսական աջակցությունը պետք է նպաստեր նաեւ այս ձեռնարկությունների կայունացմանը: Սա էր պատճառը, որ շահառուներից շատերը գումարի մի մասն օգտագործեցին արեւային կայանների տեղադրման համար»,-մանրամասնում է Նազարեթ Սեֆերյանը:

 

Նա հավելում է, որ «Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության» ծրագրի ուղղությունները, բացի ֆինանսական աջակցության ծրագրերից, ներառում են նաեւ ՍՁ-ների աքսելերացիոն ծրագրեր, օրենսդրական դաշտում ոլորտային քաղաքականության բարելավմանն ուղղված աշխատանքներ: 2023 թվականից ՍՁ-ները կկարողանան դիմել նաեւ նույն ծրագրի շրջանակում ստեղծված հատուկ ֆոնդին եւ ստանալ «վարկ+դրամաշնորհ» ձեւաչափով ֆինանսական աջակցություն:

Լուսանկարը` Anja Strelec

Վարքագծային փոփոխության «վարակը»

 

«Հայկական ճամբար»-ի հիմնադիրները համոզված են, որ շրջապատում վարքագծային փոփոխություններ պետք է բերել սեփական օրինակով: «Հայկական ճամբարում» աշխատում են նաեւ հաշմանդամություն ունեցող անձինք, իսկ հանգստի գոտու հյուրերը շարունակաբար տեսնում են իրենց կողքին հանգիստը վայելող առողջական խնդիրներ ունեցող մարդկանց: Սա եւս բերում է մտածողության փոփոխության:

 

Վարդուհին եւ Սամվելը մեծ ուշադրություն են դարձնում նաեւ Սեւանա լճի բնապահպանական խնդիրներին, կազմակերպում էկո ճամբարներ, որոնք հագեցած են թեմատիկ քննարկումներով, վարպետության դասերով, բնապահպանների հետ հանդիպումներով, ինչպես նաեւ ստեղծարար գործունեությամբ:

 

 

«Այստեղ մենք լճի խնդիրներին ամեն օր ենք առնչվում: Անդադար մաքրում ենք շրջակայքը՝ այդ աշխատանքներում, հաճախ, ներգրավելով նաեւ համայնքի ներկայացուցիչներին: Շրջակա միջավայրի հանդեպ հոգատար վերաբերմունքը մենք ոչ թե քարոզում ենք, այլ ցույց տալիս սեփական օրինակով: Այդ կերպ մեր վարքագիծը վարակիչ է դառնում մյուսների համար»,- ընդգծում է Վարդուհի Արամյանը:

 

«Սեւանա լիճը Հայաստանի ամենագրավիչ զբոսաշրջային վայրերից է, սակայն այն գրագետ չի օգտագործվում: Եթե լճի զբոսաշրջային պոտենցիալն ավելի ճիշտ իրացվի, այն ավելի շատ ֆինանսական միջոցներ կգեներացնի, որոնք հնարավոր կլինի ուղղել բնապահպանական խնդիրների լուծմանը»,- կարծում է Սամվել Ռոստոմյանը:

 

«Հայկական ճամբարը» շարունակում է մշակել նոր տուր փաթեթներ, հանդես գալ ակտիվ հանգստի հետաքրքիր առաջարկներով՝ զուգահեռաբար աշխատելով սոցիալական ազդեցության մեծացման ուղղությամբ:

 

«Թեեւ այժմ շատ անկայուն ժամանակներում ենք ապրում, մենք այդ անկայունության մեջ հաջողում ենք գրանցել թեկուզ փոքրիկ, բայց եւ կայուն ձեռքբերումներ ու դրանցով առաջ գնալ»,- ամփոփում է Վարդուհի Արամյանը:

 

Գայանե Ենոքյան

Լուսանկարները՝ Anja Strelec

 

Սույն հոդվածը պատրաստվել է ‘EU NEIGHBOURS east’ ծրագրի շրջանակներում: Հոդվածում արտահայտված կարծիքները պատկանում են բացառապես դրա հեղինակին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին