Նալբանդյանի վարսավիրանոցի վարպետ Ազատը. «Ժամանակին էս գործի մեջ համ ու հոտ կար» - Mediamax.am

exclusive
2587 դիտում

Նալբանդյանի վարսավիրանոցի վարպետ Ազատը. «Ժամանակին էս գործի մեջ համ ու հոտ կար»


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւանի Նալբանդյան փողոցում միմյանց հաջորդող ցուցափեղկերն իրենց մոտ են «կանչում» անցորդներին՝ «մշտական մրցման» մեջ պարբերաբար թարմացնելով «արտաքինը»: Միակ ցուցափեղկը, որ չի մասնակցում այդ մրցապայքարին, Նալբանդյան 102 հասցեում է. այստեղ դեռ մնում են խորհրդային տարիները հիշեցնող դիզայնի տարրերը, «Կանանց սրահ», «Տղամարդկանց սրահ» գրություններն ու անցորդներին ոչ թե կանչում, այլ ուղարկում են նոստալգիայի գիրկը:

 

Մոտ հիսուն տարեկան վարսավիրանոցը իր լավ տարիներին ուներ մեծ սպասասրահ, որն ամեն ժամ լի էր հաճախորդներով։ Այսօր էլ վարսավիրանոցն ունի իր հավատարիմ հաճախորդները, ովքեր պարտաճանաչորեն գալիս են Նալբանդյան 102, որպեսզի 71-ամյա Ազատ Պապիկյանն իրենց մազերը կտրի։

Լուսանկարը` Մեդիամաքս

Մի ժամանակ Մետաղակերամիկայի կիսահաղորդիչների գործարանում աշխատող Ազատ Պապիկյանն արդեն հիսուն տարի է, ինչ զբաղվում է վարսավիրությամբ։

 

«Չորրորդ կարգի ֆրեզերովշիկ էի, բայց դե հետո յուղ-բան թռնում, ձեռքս, երեսս վառում էր, պապաս ասաց՝ կգնաս, վարսավիրություն կսովորես, ես էլ համաձայնվեցի»։

 

Ազատ Պապիկյանը վարսավիրի աշխատանքը սկսել է Տերյան փողոցում։ Ժպիտով է հիշում, թե ինչպես է այնտեղ կտրել Հովհաննես Շիրազի մազերը․

 

«Հովհաննես Շիրազի մազերը կտրելուց հետո ասացի՝ վարպե՛տ, մի՛ վճարեք: Պատասխանեց՝ չէ, մա՛նչս, վերցրո՛ւ փողդ»։

Լուսանկարը` Մեդիամաքս

Նրա հաճախորդն են եղել «Արարատ 73»-ի ֆուտբոլիստներ Սերգեյ Պողոսյանն ու Սուրեն Մարտիրոսյանը, նաեւ Հենրիկ Իգիթյանը, Վլադիմիր Մովսիսյանը: Ասում է՝ մի անգամ էլ Նախիջեւանի ներքին գործերի նախարարը եկավ։

 

«Երբ հայտնի մարդիկ էին գալիս մազ կտրելու, քաշված, մի քիչ զուսպ էի պահում ինձ: Ես չեմ խորացել, հարցրել՝ ինչ եք անում, ինչ չեք անում, միայն բարեւ Ձեզ, անուշ լինի, հաջողություն»։

 

Անծանոթ հաճախորդները տարիների ընթացքում դարձել են նրա մտերիմ ընկերները։ Ոմանք, անգամ, նախապես չեն գրանցվում: Զանգում են ու որպես պատասխան լսում. «Արի-արի, քանի ազատ եմ, կկտրեմ մազերդ»։

 

Վարսավիրանոցի անկյուններից մեկում կարելի է տեսնել Վարսավիրների մրցույթից Ազատ Պապիկյանի բերած մրցանակը: Մրցույթը 1975թ․-ին՝ «Դինամո» մարզադահլիճում է կայացել.

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մի հատ կարճ մազ պիտի կտրեինք՝ ականջները բաց, մի հատ էլ՝ ականջների վրա, էն ժամանակ մոդա էր էդ ձեւը: Այդ մրցույթում երրորդ տեղը զբաղեցրի»։

 

1978թ․-ն էր, երբ 27-ամյա Ազատը Տերյան փողոցից տեղափոխվեց Նալբանդյան փողոցի վարսավիրանոց։ Այս աշխատատեղի մասին իմացել էր Վարսավիրանոցների կոմբինատից։

 

«Էն ժանամակ Կենսասպասարկման նախարարության մեջ էր մտնում կոմբինատը, նախագահն էլ Սարգիս Թումանյանն էր։ Իր տանը եղել եմ, թոռի մազերն եմ սարքել, տղեն էլ իմ հաճախորդն էր»։

Լուսանկարը` Մեդիամաքս

Ազատ Պապիկյանը վարսավիրություն սովորել էր Հովհաննես Պապիկյանի մոտ. «Բարեկամներ չենք, մորքուրիս մարդը իր մոտ էր աշխատում, ասեց՝ արի, տանեմ ուստիս մոտ՝ աշակերտ։ Այդպես գնացի»:

 

Աշխատանքային տարիների ընթացքում Ազատ Պապիկյանի մոտ եկան սովորելու քսան աշակերտ։ Դասընթացների կազմակերպումն ու հայտարարությունը, իհարկե, համացանցով չէին տարածվում: Այստեղ աշխատում էր «սարաֆանային ռադիոյի» մեխանիզմը, բայց գովազդողը Ազատը չէր, հակառակը՝ հաճախորդներն իրենք էին աշակերտ «առաջարկում» նրան, հարցնում էին՝ կուզե՞ս աշակերտ մոտդ գա, դրական պատասխանից հետո՝ հաջորդ օրն արդեն, աշակերտը պատրաստ սպասում էր վարպետին:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Առաջ մկրատը տալիս էինք ձեռքերը, ասում էինք՝ շխկշխկացրա։ Հենց անծանոթ հաճախորդ էր գալիս, ասում էինք՝ կտրի»,- կատակում է վարսավիրը։

 

Ազատ Պապիկյանի հաճախորդների մեծամասնությունը մեծահասակներ են.

 

«Երիտասարդները, երեւի, նոր, սիրուն բացված տեղեր են ավելի շատ գնում, ֆինտուֆլյուշկեք են անում, դրա համար»։

Լուսանկարը` Մեդիամաքս

Ազատ Պապիկյանը սիրում է իր աշխատանքն ու երանությամբ հիշում այստեղ անցկացված օրերը. «Էն ժամանակ համ ու հոտ կար էս գործի մեջ, հա՛մ ակտիվ էին մարդիկ, հա՛մ էլ մենք էինք ջահել»։

 

Նալբանդյան փողոցում՝ հին վարսավիրանոցի դիմաց, անցորդները պարբերաբար հանդիպում են աստիճաններին նստած ճերմակ մազերով տղամարդուն, ով անշտապ վայելում է սուրճը, ապա ներս մտնում՝ հերթական այցելուին սպասարկելու։

 

Լիանա Խաչատուրյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին