Երեւան-Պետերբուրգ-Երեւան՝ Նատալյայի արտագաղթ-վերադարձը - Mediamax.am

exclusive
2256 դիտում

Երեւան-Պետերբուրգ-Երեւան՝ Նատալյայի արտագաղթ-վերադարձը


Նատալյա Միրզոյանը` երեխաների հետ
Նատալյա Միրզոյանը` երեխաների հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Նատալյա Միրզոյանը` մեկ տարեկան Ստյոպայի հետ
Նատալյա Միրզոյանը` մեկ տարեկան Ստյոպայի հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Ստյոպան
Ստյոպան

Լուսանկարը` Մեդիամաքս

Նատալյա Միրզոյանը
Նատալյա Միրզոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նատալիայի աշխատանքները
Նատալիայի աշխատանքները
Նատալիայի՝ 90-ականներին արված նկարները
Նատալիայի՝ 90-ականներին արված նկարները

Լուսանկարը` Մեդիամաքս

Նատալիայի աշխատանքները
Նատալիայի աշխատանքները

Լուսանկարը` անձնական արխիվ

7-ամյա Մարիկան
7-ամյա Մարիկան

Լուսանկարը` Մեդիամաքս

Նատալիայի աշխատանքները
Նատալիայի աշխատանքները

Լուսանկարը` անձնական արխիվ

Ստյոպան
Ստյոպան

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Պատերազմն Ուկրաինայում պատճառ դարձավ ոչ միայն ուկրաինացի փախստականների՝ դեպի արտերկիր հոսքի, այլ նաեւ ստիպեց Ռուսաստանի շատ քաղաքացիների լքել իրենց երկիրը: Մարդկանց մի մասի պարագայում այս որոշման հիմքում արեւմուտքի պատժամիջոցներով պայմանավորված սահմանափակումներն էին, սակայն շատերն այս կերպ նաեւ իրենց անհամաձայնություն են հայտնում տեղի ունեցողի կապակցությամբ:

 

Պատերազմի հետեւանքով Սանկտ Պետերբուրգից Երեւան է տեղափոխվել նաեւ ռեժիսոր եւ մուլտիպլիկատոր Նատալյա Միրզոյանն իր ամուսնու՝ Ալեքսեյ Բաժինի եւ երկու անչափահաս երեխաների հետ: Մեդիամաքսը զրուցել է Նատալյայի հետ Ռուսաստանը լքելու պատճառների եւ երեւանյան հյուրընկալության մասին:  

 

«Արտագաղթի մասին վաղուց էինք մտածում»

 

16-17 տարի առաջ էր, երբ Սանկտ Պետերբուրգ գնացի: Տատիկս այնտեղից է, եւ ինձ շատ էր պատմում իր քաղաքի մասին: Ինձ համար շատ կարեւոր է ճարտարապետությունը, եւ դա էր պատճառը, որ Պետերբուրգն ինձ շատ տպավորեց:

 

Այնտեղ ընդունվեցի Դեկորատիվ եւ կիրառական արվեստի ինստիտուտ, բայց հետո սկսեցի անիմացիայով զբաղվել: Աշխատում էի որպես անիմատոր «Սմեշարիկներ» մուլտիպլիկացիոն սերիալում, հետո դարձա դրա ռեժիսորը: Մինչեւ վերջերս Պետերբուրգում էի ապրում, բայց Հայաստան հաճախ էի գալիս, քանի որ այստեղ ծնողներս էին:

Նատալյա Միրզոյանը` մեկ տարեկան Ստյոպայի հետ Նատալյա Միրզոյանը` մեկ տարեկան Ստյոպայի հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Ես եւ ամուսինս Ռուսաստանից արտագաղթելու մասին վաղուց էինք մտածում: Մեզ դուր չի գալիս ռուսաստանյան քաղաքական դաշտում տիրող իրավիճակը: Մեզ համար կարեւոր են ազատությունն ու մարդու իրավունքները, որոնք հիմա Ռուսաստանում ընդհանրապես չեն պահպանում: Թեեւ դա մեզ համար վաղուց ակնհայտ էր, ամուսինս մտածում էր, որ կարող է Ռուսաստանում մշակութային գործունեություն ծավալելով օգտակար լինել, նպաստել զարգացմանը: Վերջին տարիներին հասկացանք, որ գոնե հանուն երեխաների պետք է տեղափոխվենք եվրոպական որեւէ երկիր: Միեւնույն ժամանակ Հայաստանը մեզ համար մնում էր վայր, որտեղ միշտ կարող էինք վերադառնալ:

 

Բաժակը լցրած վերջին կաթիլը

 

Ես սովորություն ունեմ դրսում մարդկանց աչքերին նայել, հայացքներ որսալ: Պատերազմը սկսելու առաջին օրերին ինձ թվում էր, որ մարդիկ պետք է սարսափի մեջ լինեն տեղի ունեցածից, բայց դրա փոխարեն փողոց դուրս գալիս տեսնում էի լրիվ անտարբեր մարդկանց, որոնք կողմնակի բաներից էին խոսում, ժպտում ու ծիծաղում էին: Կարծես դատարկ հայացքներ լինեին: Դա ինձ ավելի վախեցրեց, որովհետեւ լուռ համաձայնության էր նման:

Ստյոպան Ստյոպան

Լուսանկարը` Մեդիամաքս

Հետո սկսեցին բողոքի ցույցերը, ամուսինս գնաց մասնակցելու, մինչդեռ ես չէի կարող, քանի որ կրծքի երեխա ունեմ: Ալեքսեյն այնտեղ շատ դաժանություններ էր տեսնում, իսկ հետո ամեն ինչ սկսեց ավելի սաստկանալ: Ակցիաներին մասնակցելը շատ վտանգավոր դարձավ: Դրանք նաեւ անիմաստ էին, քանի որ սակավամարդ ցույցեր էին:

Նատալյա Միրզոյանը Նատալյա Միրզոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարծես նպատակաուղղված ձգվում էին պտուտակները՝ մեկ օրենքը մյուսի հետեւից: Իմ ընկերական շրջապատը եւս սարսափած էր կատարվողից, բոլորը մեղքի զգացում ունեին: Ամենամոտ ընկերներս շատ անսպասելի մեկնեցին երկրից, դրան զուգահեռ էլ մեր տանը շատ մոտ մեքենա տեսա՝ Z տառով. սա կարծես վերջին կաթիլը լիներ: Որոշեցինք գալ Հայաստան եւ հասկանալ՝ ինչ անենք հետո:

 

Անորոշ հետագան

 

Այս պահին բավականին անորոշ իրավիճակ է, որովհետեւ աշխատանք չունենք: Ես մի քանի տարի համագործակցում էի մի մարդու հետ սերիալի նախագծի շուրջ: Երբ սկսվեց հակամարտությունը, իմ ֆեյսբուքյան գլխավոր նկարին Ուկրաինայի դրոշը նա ամենեւին չողջունեց, հայացքներիս պատճառով դադարեցրեց ինձ հետ համագործակցությունը:

 

Ամուսնուս ընկերությունն էլ աշխատում էր արտասահմանյան գործընկերների հետ, սակայն հիմա նրանք հրաժարվում են աշխատել Ռուսաստանի հետ՝ չնայած Ալեքսեյի  հստակ դիրքորոշմանը: Նա անգամ կինոթատրոնի բեմից ասել է, որ դեմ է պատերազմին, մինչդեռ հիմա Ռուսաստանում շատ վտանգավոր է անգամ պատերազմն անվանել պատերազմ:

Նատալիայի աշխատանքները Նատալիայի աշխատանքները

 

Որպես հոբի հաճախ տարբեր իրերի վրա եմ նկարում՝ կահույքի, լամպերի, հիմա սիրով պատվերներ կընդունեմ: Ամուսինս էլ որպես ձեռնարկատեր, գուցե նոր նախագիծ սկսի, բայց քանի որ չգիտենք՝ որտեղ մշտական կհաստատվենք, դեռեւս հապաղում ենք:  

 

Երեւանի ճարտարապետական սարսափը

 

Հավանաբար, հարց կառաջանա, թե ինչու չէի ուզում մշտական տեղափոխվել Հայաստան: Ինչպես արդեն ասացի, շատ եմ կարեւորում ճարտարապետությունն ու շրջակա միջավայրը, եւ եթե Երեւանը լիներ իմ մանկության Երեւանը, անխոս, հիմա մշտական կտեղափոխվեի այստեղ: Սակայն այն ճարտարապետական սարսափը, որը հիմա կատարվում է քաղաքում, ինձ շատ է վհատեցնում: Երեւանը շարունակում են փչացնել եւ փչացնել: Համավարակի պատճառով երկու տարի չէի եկել Հայաստան, իսկ երբ եկա, սարսափեցի կենտրոնում հայտնված նորանոր բարձրահարկ շինություններից: Էկոլոգիան եւս շատ է փչացել:

 

Եթե մենք, ի վերջո, որոշենք մնալ Հայաստանում, ապա կտեղափոխվենք Դիլիջան:

 

90-ականները՝ մանկական կարիկատուրաներում

 

2021թ. դեկտեմբերին մայրս մահացավ Covid-19-ից: Երբ նրա իրերն էի հավաքում, որ բաժանեմ, մի պատի թերթ գտա, որի մասին միանգամայն մոռացել էի: Երեւի 8-9 տարեկան էի, նկարել էի 90-ականների պատերազմն արտացոլող կարիկատուրաներ: Դժվար տարիներ էին՝ առաջին հերթին ծնողների համար: Հիշում եմ, որ ջրի հերթ էինք կանգնում ու դույլերով ջուր կրում: Հայրս էլ այդ ժամանակ Գորբաչովի մասին գիրք էր գրում, բայց քանի որ անուշադիր էր մոմերի նկատմամբ, ձեռագրերը պարբերաբար այրվում էին, հետո նորից սկսում էր նույնը գրել: Այդպես մի քանի անգամ փոքր հրդեհ է բռնկվել տանը:

Նատալիայի՝ 90-ականներին արված նկարները Նատալիայի՝ 90-ականներին արված նկարները

Լուսանկարը` Մեդիամաքս

Այդ կարիկատուրաներից մեկն ընդհանրապես չէի հիշում: Ընկերուհուս հորն էի պատկերել՝ շուկայում հագուստ վաճառելիս: Նա գիտնական էր, Արցախյան առաջին պատերազմից վերադառնալուց հետո ստիպված էր հագուստ վաճառել, սակայն քանի որ շատ համեստ մարդ էր, իր մոտ առեւտուրն այդպես էլ չստացվեց:

 

Չեմ կարող ասել, որ պատերազմ եմ տեսել, որովհետեւ չգիտեմ՝ ինչ է նշանակում լինել ռմբապաստարանում եւ դողալ պայթյուններից: Տեղի ունեցողը սարսափելի է, նույնն էլ Արցախում էր երկու տարի առաջ:

Նատալիայի աշխատանքները Նատալիայի աշխատանքները

Լուսանկարը` անձնական արխիվ

Ես հիշում եմ, որ Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ փոքր-ինչ նեղսրտած էի, որ այդ մասին քիչ են խոսում, թեեւ իմ շատ ընկերներ, նաեւ ամուսինս հաճախ էին բարձրաձայնում այդ հարցը: Փորձում էինք օգնել ինչով կարող էինք: Հիմա հետ հայացքով հասկանում եմ, որ մեղադրել պետք չէ: Ուկրաինայի պարագան հասկանալը շատ պարզ է, մինչդեռ արցախյան հիմնախնդիրը հասկանալու համար մի քիչ շատ է պետք նյութեր կարդալ: Այստեղ նրբերանգները շատ են եւ կողմնակի մարդիկ, թեմային խորությամբ ծանոթ չլինելով, կարող են դժվարանալ հստակ դիրքորոշում արտահայտել:

 

«Երեւանում հիմա հեշտ է շնչելը»

 

Այստեղ բարեկամներիս տանը հյուրընկալվեցինք: Իմ շատ ընկերներ վարձով բնակարան գտնելու խնդիր ունեցան, անբարեխիղճ վարձակալներ շատ կային, գոյություն չունեցող գներ էին ասում: Մյուս կողմից էլ իմ ծանոթների շրջանում շատերը իրենց տանն են հյուրընկալել ռուսների՝ թեկուզ ժամանակավոր կացարան տրամադրելով: Չգիտեմ՝ եկածների որ մասը կմնա, բայց մի մասն էլ մնա, արդեն շատ լավ է Հայաստանի համար, տաղանդավոր մարդիկ են եկել:

 

Երեւան եկած մի քանի ընկերներ ուզում են այստեղ ստուդիա հիմնել, ինչը եթե հաջողվի, Հայաստանի համար հրաշալի նախագիծ կդառնա: Ծանոթ իլուստրատորներից մեկն էլ նկարչական նախաճաշերի մոսկովյան ավանդույթը Երեւան է տեղափոխել: Հավաքվում ենք Միրզոյան գրադարանում եւ միասին նկարում: Սա ինձ շատ է օգնում, որովհետեւ պատերազմի սկսվելուց հետո չէի կարողանում ստեղծագործել, շատ նյարդային վիճակում էի: Երբ միասին ենք, արդեն ստացվում է նկարել, իսկ դա օգնում է հանգստանալ ու չտրվել դեպրեսիային:

7-ամյա Մարիկան 7-ամյա Մարիկան

Լուսանկարը` Մեդիամաքս

Երեւանում տագնապի զգացողությունն անցավ: Իհարկե, շարունակում ենք մտահոգ մնալ իրավիճակով, սրան գումարվում են նաեւ Արցախում վերջին օրերի սրացումները: Անհանգիստ ենք, սակայն զուտ հոգեբանական տեսանկյունից, Երեւանում ավելի հեշտ է շնչելը, բարյացակամ մթնոլորտ է տիրում, ագրեսիա չկա:

Ստյոպան Ստյոպան

Լուսանկարը` Մեդիամաքս

Հիմա Երեւանի փողոցներում շատ ռուսների եմ տեսնում: Զուտ առաջին հայացքից դատելով՝ ինձ համար շատ հաճելի դեմքեր են: Եթե նման մարդիկ լինեին Պետերբուրգի այն թաղամասում, որտեղ ես էի ապրում, ամեն ինչ այլ կլիներ:

 

«Ես պատասխանատու եմ պատերազմի համար»

 

Ցավոք, պատերազմները շատ են: Ինչպես շատերը չգիտեն Արցախի մասին, այնպես էլ մենք չգիտենք այժմ տեղի ունեցող շատ այլ պատերազմների մասին: Չի կարող լինել պատերազմ հրահրելու արդարացի պատճառ: Դա միայն մարդկային տգիտության, ագահության ու ստորության հետեւանք է: Ոչինչ չի կարող արդարացնել այն կառավարությանը, որն առաջինն է պատերազմ սկսել: Կարծում եմ, որ հիմա լռելը եւս ստորություն է, որովհետեւ դա լուռ համաձայնություն է:

Նատալիայի աշխատանքները Նատալիայի աշխատանքները

Լուսանկարը` անձնական արխիվ

Հիմա արվեստը եւս պետք է կատարվողի մասին խոսի: Ցանկացած այլ թեմայի ստեղծագործություններ այժմ անիմաստ են թվում: Ընկերներով այժմ մի նախագծի շուրջ ենք աշխատում, որը հենց պատերազմին է վերաբերելու:

 

Ես Ռուսաստանի քաղաքացի եմ եւ այս պատերազմի համար ինձ պատասխանատու եմ զգում: Ինձ համար բարոյական սահմաններից դուրս է այն, որ պատերազմի ժամանակ մարդիկ կարող են զվարճանալ, ապրել այնպես, ասես ոչինչ չի կատարվում: Ռուսաստանում տարիներով էմպատիան սպանվել է, հիմա դրա պտուղներն ենք քաղում: Ցավոք, ինչպես Ռուսաստանում, Հայաստանում եւս միշտ մեծ տարբերություն է եղել ինտելիգենցիայի եւ մարդկանց մյուս զանգվածի միջեւ, որոնց հեշտ է կառավարել եւ մոլորեցնել քարոզչությամբ: Հայերի մեջ եւս շատ է սուտը, էգոիզմը, ագահությունը: Կարծում եմ, որ Հայաստանում եւ Ռուսաստանում մինչեւ մի քանի սերունդ չփոխվի, դրական փոփոխություններ հազիվ թե լինեն:

 

Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին