Շահեն Մեղրյան. Պարտիզանական նամակներ՝ Շահումյանի անտառներից - Mediamax.am

exclusive
6135 դիտում

Շահեն Մեղրյան. Պարտիզանական նամակներ՝ Շահումյանի անտառներից



1992թ.-ից ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ անցած Շահումյանի շրջանում՝ թշնամու խորը թիկունքում, Մեղրյանի մտահղացմամբ ու նախաձեռնությամբ իրականացվել է Արցախյան ազատամարտի ընթացքում աննախադեպ ու ծավալուն պարտիզանական պայքար: Շահումյանի անտառներում գործող հայկական ուժերը՝ «Եղնիկները», ոչ միայն լուրջ խնդիրներ էին ստեղծում թշնամու համար, այլեւ, շատերի համոզմամբ, ի վերջո կարող էին ազատագրել ամբողջ շրջանը:

 

1993թ. ապրիլին, խոցվեց ուղղաթիռը, որում Շահեն Մեղրյանն ու նրա զինակիցներն էին: Հրամանատարի զոհվելուց հետո պարտիզանների մի մասը շարունակեց պայքարը, նույնիսկ եղան որոշ հաջողություններ, բայց Շահումյանի շրջանն, այնուամենայնիվ, չազատագրվեց:  

 

Մեդիամաքսը ներկայացնում է այդ տարիներին Մեղրյանի նամակագրության որոշ հատվածներ, որոնց մասին զրուցել ենք նրա որդու ու զինակից ընկերոջ հետ:

 

«Հայրիկը շատ լավ է, շուտով կսկսենք հայրենիքի ազատագրումը»

 

«Ինը տարեկան էի, երբ հայրս զոհվեց, իսկ 6 տարեկանից նրան գրեթե չեմ հանդիպել՝ ճակատում էր», - ասում է Շահեն Մեղրյանի որդին՝ Զինավոր Մեղրյանը:

 

«Բարեւ ձեզ, իմ սիրելի բալիկներ:

 

Հայրիկը շատ լավ է զգում իրեն, միայն թե շատ-շատ է կարոտում ձեզ: Մեր մոտ ամեն ինչ նորմալ է, շուտով կսկսենք աշխատել հայրենիքի ազատագրման ուղղությամբ: Հիմա գործում ենք Մարտակերտի շրջանում:

 

Գարնանն անպայման դպրոց եք հաճախելու, դրա համար պետք են ամենօրյա պարապմունքներ: Լուսինե եւ Լիլիթ ջան, օգնեք Զինավորին: Մամային լսեք, ապային ու այային մի մոռացեք:

 

Շուտով կհանդիպենք: Արտատափ, 17.02.1993թ.»

 

«Սա մեզ գրված երեւի եզակի նամակներից է ու նաեւ վերջինը՝ հայրիկի զոհվելուց առաջ: Այս նամակից հետո նրա հետ կապ այլեւս չի եղել», - պատմում է Զինավոր Մեղրյանը:

 

Նամակը գրելու պահին Զինավորն 9 տարեկան էր, նրա քույրերը՝ 11 եւ 12 տարեկան: Որդու խոսքով՝ զարմանալի չէ, որ այդ տարիքի երեխաների հետ Մեղրյանը կիսվում է «հայրենիքի ազատագրման պլաններով»:

 

«Այս նամակը գրելու ժամանակ մշակվում էր Գյուլիստանի ազատագրման գործողությունն ու հաջորդիվ նախատեսվում էր ազատագրել ամբողջ Շահումյանը: Արդեն այդ տարիքում հայրս մեզ հետ շփվում էր մեծ մարդկանց նման, որոնք պետք է տեղյակ լինեն՝ ինչ է կատարվում ճակատում: Հիմա, երբ հետ եմ նայում, գիտակցում եմ՝ որքան հարգանքով էր վերաբերվում մեզ, տեղեկացնում պլանների մասին: Նա վստահ էր, որ այդ վերաբերմունքով հատուկ մի ժառանգություն է թողնում՝ հայրենիքը սիրելու, կարեւորելու: Քույրերիս նկատմամբ, բնականաբար, ավելի փափուկ էր, իսկ ինձ հետ շփվում էր տղամարդու պես: Կարծում եմ՝ հասկանում էր, որ ժամանակի խնդիր ունի ու ուզում էր հասցնել մեզ արագ դաստիարակել, որոշակի հմտություններ ու կյանքի կարեւոր սկզբունքներ փոխանցել», - ասում է Զինավոր Մեղրյանը:

 

Ռազմի դաշտից գրված նամակում Մեղրյանը չի մոռանում երեխաներին հիշեցնել դպրոցի կարեւորության մասին:

 

«Սա իրեն շատ բնորոշ է: Պատերազմի ամենաթեժ օրերին, Շահումյանի անկումից հետո, այդ մեծ ողբերգության պայմաններում էլ նա երբեք չէր կորցնում սթափությունը: Բացառվում էր, որ ստեղծված իրավիճակի պատճառով սկսեր ինչ-որ կարեւոր բաներ ստորադասել: Կրթությունը նրա առաջնահերթություններից էր՝ անկախ պատերազմից», - ասում է Զինավոր Մեղրյանը:  

 

«Հայրս սիրո ու խստապահանջության համադրություն էր: Այս երկուսի բալանսը նրա մոտ երբեք չէր խախտվում: Որքան սեր էր տալիս մեզ, նույնչափ էլ խստապահանջ էր»:

 

«Շահե՛ն, եզրակացության եմ եկել՝ կուսակցությունները մեր տունը կքանդեն»

 

Նամակագրության մեջ ուշագրավ է Վազգեն Սարգսյանի նամակը Շահեն Մեղրյանին: 

 

«Շահեն, բարեւ

 

Դեռ ամեն բան չէ, որ կորած է: Ողջունում եմ ձեռնարկդ, կարծում եմ՝ հաջողելու ես:

Մեր հարաբերություններում ոչինչ չի փոխվել, չնայած... «երեսուն տանկ» քեզ չուղարկեցի...

 

Վերջերս եզրակացության եմ եկել՝ կուսակցությունները մեր տունը կքանդեն: Քեզ էլ եմ զգուշացնում, եթե դեռ գլխի չես ընկել:

 

Կհանդիպենք, կխոսենք: Ձիգ մնա: Քո ընկեր՝ Վ. Սարգսյան»

 

«Կարծում եմ՝ այս նամակը գրված է 1992թ. աշնանը: Վազգենի ու հայրիկի հարաբերությունները բավականին ջերմ էին, բայց Շահումյանի անկման հետ կապված դեպքերը որոշակի սառնություն էին մտցրել նրանց միջեւ: Նամակում եւս այդ մասին նշված է: Խոսքը հետեւյալի մասին է՝ Շահումյանի անկումից հետո հայրիկը մամուլի ասուլիս տվեց, որի ժամանակ ասաց նաեւ, որ իրենք օգնության են սպասել, որը ժամանակին չի հասել: Նկատի ունենալով, որ պատասխանատուներից մեկն էլ Վազգեն Սարգսյանն էր, վերջինս այդ մասին նշել է նամակում՝ «մեր հարաբերություններում ոչինչ չի փոխվել, չնայած՝ երեսուն տանկ քեզ չուղարկեցի»:

 

Ինչ վերաբերում է ձեռնարկին, որն, ըստ Վազգենի, հաջողելու է, Շահումյանի անտառներում պարտիզանական շարժում սկսելու մասին է: Պետք է նկատի ունենանք, որ այն իր ձեւով ու բովանդակությամբ Արցախյան առաջին ազատամարտի ու նաեւ մինչեւ օրս, թշնամու խորը թիկունքում մեր միակ պարտիզանական շարժումն է եղել: Երբ փաստացի մի ամբողջ շրջան արտագաղթած էր, ջարդված, պարտված, բայց ծնկի չեկած: Նրանք 17 պարտիզաններով սկսեցին պայքար, որն արդյունքում կարող էր հանգեցնել ամբողջ շրջանի ազատագրմանը», - ասում է Զինավոր Մեղրյանը:

 

Նամակը գրելու շրջանում բավականին սրված էին Դաշնակցության ու օրվա քաղաքական իշխանությունների հարաբերությունները:

 

«Հաշվի առնելով, որ հայրիկը դաշնակցական էր, Վազգեն Սարգսյանն անդրադառնում է նաեւ այդ հարցին: «Եղնիկների» պայքարի սկիզբը միանշանակ դրվեց Դաշնակցության աջակցությամբ՝ կորիզը շահումյանցիներն էին, իսկ ամբողջ նյութատեխնիկական աջակցությունն անում էր Դաշնակցությունը: Հետագայում, սակայն, Հայաստանի իշխանությունը՝ պաշտպանության նախարարությունը, սկսեց լրջորեն աջակցել այս պայքարին ու «Եղնիկների» դեպքում իշխանություն-Դաշնակցություն հակադրությունը հարթվեց», - ասում է Զինավոր Մեղրյանը:

 

«Նովի՛կ, Շահումյանի օպերացիան սկսում ենք երկու ուղղությամբ»

 

Շահեն Մեղրյանի ընկերներից, «Եղնիկների» պայքարի հիմքում կանգնած հրամանատար Նովիկ (Արմո) Գյուլումյանը հաճախ է հիշատակվում Մեղրյանի նամակներում: Պարտիզանական պայքարի սկզբում Նովիկ Գյուլումյանը Վերիշենի ջոկատի հրամանատարն էր, հետագայում տեղում ղեկավարում էր «Եղնիկների» գործողությունները, կատարում հետախուզությունների մեծ մասը:  

 

«Շահեն Մեղրյանը հայրենասիրության վերջին աստիճանն ուներ, դրանից այն կողմ ուղղակի հնարավոր չէր: Պրոֆեսիոնալ զինվորական չէր, բայց երանի այսօրվա մեր զինվորականները նրա կիսով չափ մտածեին, երեւի այլ իրավիճակում կլինեինք հիմա», - ասում է Նովիկ Գյուլումյանը:

 

Նա հիշում է՝ Շահումյանի անկումից հետո չհանձնվելն ու պարտիզանական պայքար սկսելը Մեղրյանի միտքն էր.

 

«1992թ.-ին, երբ ամբողջ Շահումյանի շրջանը մեր վերահսկողությունից դուրս էր, Հաթերքում էինք, Մեղրյանն այնտեղ մի տանն էր մնում, ինձ կանչեց, ասեց՝ «սենց բան եմ մտածել, ի՞նչ կասես»: Պատասխանեցի՝ «ճիշտ եք մտածել, ամոթ կլինի մենք այսպես թողնենք, գնանք»: Ես Վերիշենի ջոկատի հրամանատարն էի ու իմ տղերքն ամեն ինչի պատրաստ էին: Այդ ժամանակ անտառներում մեր ժողովրդից էլ էր շատ մարդ մնացել, մարդիկ տունը թողած, ոտքով անտառներով հեռանում էին, մտածեցինք՝ որքանով կարողանանք, իրենց էլ կօգնենք: Որոշ ժամանակ անց Շահեն Մեղրյանն ասաց՝ «քո տղաներից 4-5 մարդու վերցրա, դուք անտառներին լավ ծանոթ եք, մի հարմար տեղ գտեք բազայի համար, հետո հետս կապվի, տեղն ասա, ուղղաթիռներով անհրաժեշտ ամեն ինչ կուղարկեմ»: Մոտ 3 օր հետախուզություն արեցինք ու բազայի համար հարմար տեղ գտանք: Հաջորդ օրը Մեղրյանն իսկապես ուղարկեց բազայի համար անհրաժեշտ ամեն ինչ»:

 

«Հակոբին, Նովիկին:

 

Տուն թողնել 5 մարդուց ոչ ավելի՝ միայն ամենաթույլերին ու հիվանդներին: Այդ թվում՝ մեկ բժիշկ:

 

Շահեն»

 

«Եթե հիշողությունս չի դավաճանում, այս նամակը գրվել է 1992թ. ձմռանը: Այդ ժամանակ շատ քիչ մարդ ունեինք, բազայում երեւի 15-20 հոգի էր մնացել: Եթե անկեղծ, այդ իրավիճակում ես մի մարդու էլ տուն չէի թողնի: Մեղրյանի մարդկային հատկանիշները հասկանալու համար մի բան եմ ուզում ասել, այդ դժվար պայմաններում, երբ Հայաստանում էլ ոչինչ չկար, մթերքի պակաս կար, ես չգիտեմ՝ որտեղից էր հայթայթում, բայց մեր՝ պարտիզանների ընտանիքներն, ամեն ինչով ապահովված էին: Այսինքն, մենք անտառում կարող էինք հանգիստ լինել, անել մեր գործը, որովհետեւ գիտեինք՝ մեր ընտանիքներին աջակցում են», - ասում է Նովիկ Գյուլումյանը:

 

Մեկ այլ նամակում, գրված, հավանաբար, Աստվածատուր Պետրոսյանին, ով այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի օգնականն էր Արցախի հարցերով, Շահեն Մեղրյանը խնդրում է «Ժորային օգնել ինչպես հարկն է»:

 

1993թ.-ից Շահումյանի շրջանում պարտիզանական պայքարը զգալի հաջողություններ է գրանցում: Մարտի վերջին ազատագրվում է Գյուլիստանն ու հաջորդ քայլով նախատեսվում էր ամբողջ շրջանի ազատագրումը:

 

Գյուլիստանի ազատագրումը, Նովիկ Գյուլումյանի խոսքով, չափազանց կարեւոր էր, քանի որ Մեղրյանին հնարավորություն էր տալիս իշխանություններին գործնականում ցույց տալ՝ պարտիզանների պայքարն իրատեսական է:

 

«Նա այդ փաստով գալիս էր Երեւան՝ ասելու, որ մենք կարողանում ենք իրավիճակ փոխել: Մարդ տվեք՝ առաջ գնանք»:

 

«Նովիկ ջան, կարդա միայն դու:

 

Ուղարկում եմ գլխավոր շտաբի պլանը մեր զորամասի համար: Մարտի 25-ը օպերացիան սկսելու նախնական օրն է:

 

Կարող է փոխվել, կամ մնալ նույնը:

 

Մենք պետք է Թալիշից փախցնենք թուրքերին, բայց գյուղը չենք պահելու:

 

Մյուս թեւը պետք է լինի Մատաղիսի ջրամբարը: Երեւի այդ 2 կետում 25-30-ական 2 դասակը հերիք է»:

 

«Նամակը գրվել է 1993թ.-ին՝ իր զոհվելուց երեւի 3-4 ամիս առաջ: Խոսել էինք, որ այդ գործողությունը պետք է անել: Ճիշտն ասած՝ մարդ չունեինք: Մեղրյանն այդ նպատակով գնացել էր Երեւան ու այնտեղից էլ էր նամակ գրել, որ «մարդ ու առհասարակ անհրաժեշտ ամեն բան բերելու եմ, դու նորից հետախուզություն արա»: Նա ամեն ինչ հաշվի էր առնում, անպայման պիտի իմանար՝ թշնամին գործողության ուղղության շրջակայքում որքան զորք ունի, այդ զորքն ինչքան ժամանակում կարող է օգնության հասնել: Կրկնում եմ՝ երանի հիմա ունենայինք այդպես մտածող զինվորական»:

 

«Նովիկ,

 

Շահումյանի օպերացիան սկսում ենք 2 ուղղությամբ.

 

1.Թալիշ-Կարաչինար, այն հաշվով, որ Թալիշի մոտ թողնելու ենք 15 հոգի:

 

2.Գյուլիստան-Խարխափոր-Կարաչինար:

 

Սկսելու ենք միաժամանակ: Վերջացրու հետախուզությունը»:

 

«Մինչեւ Գյուլիստանը վերցնելը, մենք հետախուզադիվերսիոն գործողություն արեցինք Մատաղիսի, Տոնաշենի ուղղությամբ՝ հասկանալու ինչքան զորք կա այնտեղ, որպեսզի երբ Գյուլիստանի գործողությունը սկսենք, իմանանք՝ մեր հետեւից ինչքան ժամանակում կգան: Այդտեղ ես վիրավորվեցի, բայց ինձանից հետո Գյուլիստանը վերցրեցին: Գործողությունից որոշ ժամանակ հետո՝ ապրիլի 17-ին, Շահենը զոհվեց: Նրա զոհվելուց մոտ 10 օր անց մեր տղաներն անհայտ հրամանով իջան Գյուլիստանի դիրքերից ու գյուղն անցավ թշնամուն: Երբ վիրավորվելուց հետո վերադարձա, տղաների հարցնում էի՝ ո՞վ է հրաման տվել. ոչ ոք չէր կարողանում պատասխանել: Այդ հարցը բաց է մինչեւ այսօր էլ», - ասում է Նովիկ Գյուլումյանը:

 

Մեղրյանի զոհվելուց հետո պարտիզանների մի մասը հուսահատվեց ու դադարեցրեց պայքարը, Նովիկն ու իր տղաները, սակայն, մնացին մինչեւ վերջ:

 

«Մենք հավատում էինք, շատ էինք հավատում, որ Շահումյանն անպայման վերցնելու ենք ու գնալու ենք նույնիսկ մինչեւ Գետաշեն: Շահենի զոհվելուց հետո ամեն ինչ խառնվեց: Եթե չլիներ նրա մահը, կարծում եմ՝ պատմությունը լրիվ այլ կերպ կգրվեր: Մենք փորձում էինք ինչ-որ բան անել, քանի որ պետք էր շարունակել Շահենի, մեր բոլորի գործը, բայց մեծ մասը հուսահատ էր: Արդյունքում անտառներում մնաց այնքան պարտիզան, որքանով եւ սկսել էինք պայքարը՝ 15-20 մարդ»:

 

Յանա Շախրամանյան 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին