«Լեռներ, ուր կարող ես սուզվել» կամ Սեւանի հակառակ կողմը - Mediamax.am

exclusive
3528 դիտում

«Լեռներ, ուր կարող ես սուզվել» կամ Սեւանի հակառակ կողմը


Լուսանկարը` ԱրմԴայվինգ

Տիգրան Ազիզբեկյանը
Տիգրան Ազիզբեկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` ԱրմԴայվինգ

Լուսանկարը` ԱրմԴայվինգ

Տիգրան Ազիզբեկյանը
Տիգրան Ազիզբեկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` ԱրմԴայվինգ

Լուսանկարը` Պավել Չեստյակով/ԱրմԴայվինգ

Լուսանկարը` Պավել Չեստյակով/ԱրմԴայվինգ

Լուսանկարը` Պավել Չեստյակով/ԱրմԴայվինգ

Լուսանկարը` Պավել Չեստյակով/ԱրմԴայվինգ

Լուսանկարը` Պավել Չեստյակով/ԱրմԴայվինգ

Լուսանկարը` Պավել Չեստյակով/ԱրմԴայվինգ

Լուսանկարը` Պավել Չեստյակով/ԱրմԴայվինգ

Լուսանկարը` Պավել Չեստյակով/ԱրմԴայվինգ

Լուսանկարը` Պավել Չեստյակով/ԱրմԴայվինգ

Լուսանկարը` Պավել Չեստյակով/ԱրմԴայվինգ

Լուսանկարը` Պավել Չեստյակով/ԱրմԴայվինգ

Լուսանկարը` Պավել Չեստյակով/ԱրմԴայվինգ

Լուսանկարը` Պավել Չեստյակով/ԱրմԴայվինգ

Լուսանկարը` Պավել Չեստյակով/ԱրմԴայվինգ

Լուսանկարը` Պավել Չեստյակով/ԱրմԴայվինգ


Սեւանը, վստահաբար, մեզանից շատերն են տեսել: Մի մասը սիրում է լճի ափին հավաքույթներ կազմակերպել, մյուսն՝ անծով երկրում ծովափնյա հանգստի տարբերակ է գտնում այստեղ, երրորդներն էլ անհույս փնտրում են «տեր չունեցող» սեւանյան մի ափ՝ երեկոյան պարզապես նստելու ու լճին նայելու համար:

 

Մեզանից շատերը սիրում են Սեւանի թերակղզու հատվածը, մյուսները՝ Շորժայի կողմում եղած ափերը, երրորդներն էլ պնդում են, որ գիտեն այնպիսի գեղեցիկ ու չբացահայտված ափեր, «որտեղի նման Սեւան դուք հաստատ չեք տեսել»:

 

Իրականում Հայաստանում կան մարդիկ, որոնք իսկապես տեսել են այնպիսի Սեւան, որը մենք հաստատ չենք տեսել: ԱրմԴայվինգ սուզորդների ակումբի սուզորդները եղել են Սեւանի տարբեր խորությունների վրա ու հիմնել աշխարհում ամենաբարձրադիր սուզորդական կենտրոններից մեկը՝ ծովի մակերեւույթից 1900մ բարձրության վրա տեղակայված Altitude 1900-ը:

Լուսանկարը` ԱրմԴայվինգ

Վերջերս հրապարակվել են Սեւանի, ըստ ամենայնի, առաջին պրոֆեսիոնալ ստորջրյա լուսանկարները, որոնք ԱրմԴայվինգի պատվերով արել է ստորջրյա լուսանկարիչ Պավել Չեստյակովը:

 

Հայաստանում դայվինգի, Սեւանի ու դրա «գաղտնիքների» մասին Մեդիամաքսը զրուցել է ԱրմԴայվինգ սուզորդների ակումբի նախագահ Տիգրան Ազիզբեկյանի հետ:

 

Ջրի անկշռությունը

 

«Ջրի տակ կարծես 5 տարեկան երեխա լինես՝ անկշռության մեջ վայելում ես պահն ու անվտանգության մասին մտքերից, շուրջդ նայելուց բացի, որեւէ այլ բան չկա գլխումդ: Ունեցածդ խնդիրներն ու հիշողությունն առհասարակ վերանում են, կա միայն այդ պահը», - ասում է Տիգրան Ազիզբեկյանը:

Տիգրան Ազիզբեկյանը Տիգրան Ազիզբեկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Դայվինգով նա զբաղվում է 2012թ.-ից: Սկզբում ուղղակի հետաքրքրություն էր, հետո՝ հանգստանալու լավագույն միջոց, ինչն, ի վերջո, բերեց հայ դայվերների ակումբի ստեղծմանը:

 

«Ինչ-որ պահից սկսեցի ընկերներիս ասել՝ շաբաթ-կիրակի ի՞նչ եք անում, եկեք հետս: Այդպես քիչ-քիչ ձեւավորվեց համայնք, որն էլ հիմք դարձավ ԱրմԴայվինգ սուզորդական ակումբի համար», - պատմում է Տիգրան Ազիզբեկյանը:

 

Ակումբի անդամները, Սեւանից բացի, պարբերաբար մեկնում են տարբեր ծովային երկրներ.

Լուսանկարը` ԱրմԴայվինգ

«Առաջին ճանապարհորդության ընթացքում սուզվեցինք Վանա լճում, հետո գնացինք Ղրիմ, Վրաստան, ԱՄԷ, Եգիպտոս, Կիպրոս: Մեր համայնքի ձեւավորման երկրորդ տարում հասկացանք՝ Հայաստանում դայվինգը զարգացնելու համար հարմարություններ են պետք, պետք է գրագետ կառուցված ուսումնական կենտրոն ունենալ»:

 

Altitude 1900. սուզվել լեռներում

 

ԱրմԴայվինգ ակումբի սուզորդական կենտրոնը, որ տեղակայված է Ծովագյուղի մոտ՝ ծովի մակերեւույթից 1900 մ բարձրության վրա, ակումբի անդամների 7 տարվա աշխատանքի արդյունքն է:

Լուսանկարը` ԱրմԴայվինգ

«Երբ աշխատում էինք այն հիմնելու ուղղությամբ, չկար սուզորդական ցուցահանդես որ չգնայի, չուսումնասիրեի, չծանոթանայի եղած փորձին: Մեկնում էի Օռլանդո, Լաս Վեգաս, Դյուսելդորֆ, Մոսկվա: Նույնիսկ, երբ հանգստանալու էի գնում, անպայման ուսումնասիրում էի տեղում եղած սուզորդական կենտրոնները: Այդ ընթացքում մի կարեւոր բան հասկացա՝ Սեւանը շատ հարմար է սուզորդության ու ուսումնական կենտրոնի համար», - ասում է Տիգրան Ազիզբեկյանը:

Լուսանկարը` ԱրմԴայվինգ

Ծովում սուզորդներին հաճախ են խանգարում մեծ ալիքները, խնդիրներ են առաջացնում ստորջրյա հոսքերը, Սեւանում այս խնդիրները չկան: Սուզորդների համար առանձնահատուկ հետաքրքրություն է լճի բարձր դիրքը.  

 

«Նման տեղերում սուզվելը կոչվում է բարձրլեռնային դայվինգ եւ առանձնահատուկ հետաքրքրություն է հատկապես փորձառու սուզորդների համար: Կենտրոնի համար մենք այնպիսի տեղ ենք ընտրել, որտեղից բառացի 200 մ հեռավորության վրա Սեւանի ամենախորը կետն է՝ 81 մ խորությամբ: Այն երկարավուն փոսի է նման՝ 30 մ տրամագծով: Ամենախորը կետին հասնելու համար դու աստիճանաբար ունես բոլոր խորություններն ու այդտեղ կարող ես մարզել ցանկացած մարդու՝ սկսնակից մինչեւ պրոֆեսիոնալ», - ասում է Տիգրան Ազիզբեկյանը:

Լուսանկարը` Պավել Չեստյակով/ԱրմԴայվինգ

Այս ամառ Altitude 1900-ը շատ է տպավորել գերմանացի ստորջրյա ականազերծողների խմբի ղեկավարին, որն այցելելով Սեւան, խոստացել է մյուս տարի վերադառնալ իր խմբի մյուս անդամների հետ՝ մարզվելու նպատակով.

 

«Ունեցել ենք սուզորդներ, որոնք համաշխարհային մրցումներից առաջ եկել են Սեւանում մարզվելու, որպեսզի կոփվեն ու հետագայում ավելի ցածրադիր ու տաք ջրում իրենց առավել վստահ զգան: Չեմ ուզում վստահ ասել, որ մեր սուզորդական կենտրոնն ամենաբարձրադիրն է աշխարհում, բայց հաստատ ամենաբարձրադիրներից մեկն է: Պարզապես սուզվել կարող ես տարբեր վայրերում, օրինակ՝ մի լեռ բարձրանաս ու տեղում եղած լճում սուզվես, բայց որպես այդ բարձրության վրա հիմնված ուսումնական կենտրոն, Altitude 1900-ը եզակիներից է աշխարհում», - ասում է Տիգրան Ազիզբեկյանը:

 

Ինչից սկսել

 

Սուզորդության երկու տեսակ կա՝ սկուբա դայվինգ եւ ֆրիդայվինգ: Սկզբի համար պետք է հասկանալ՝ ինչն է ձեզ հետաքրքրում: Առաջինի դեպքում սուզվում ես սարքավորումներով, ֆրիդայվինգի դեպքում՝ հույս դնում սեփական ուժերի վրա:

 

«Սովորաբար ասում են՝ սկուբա դայվինգը հայացք է դեպի դուրս, ֆրիդայվինգը՝ դեպի ներս: Ֆրիդայվինգն օգնում է ճանաչել ինքդ քեզ, քո հնարավորությունները: Այն մարդուն ծայրաստիճան սթրեսակայուն է դարձնում: Պատկերացրեք՝ դուք կարողանում եք չշնչել ջրի տակ, դրանից հետո ջրից դուրս ցանկացած խնդիր հեշտ լուծելի է թվում», - ժպիտով պատմում է Տիգրան Ազիզբեկյանը:

Լուսանկարը` Պավել Չեստյակով/ԱրմԴայվինգ

Սուզորդության այս երկու տեխնիկաներն էլ կարող եք սովորել ԱրմԴայվինգի ուսումնական կենտրոնում: Բոլոր դասընթացներն այստեղ իրականացվում են միջազգային համակարգով, իսկ ստացած սուզորդական հավաստագրերը վավեր են աշխարհի ցանկացած կետում: Եթե հետագայում չեք պատրաստվում դայվինգով զբաղվել ու ցանկանում եք պարզապես մեկ անգամ փորձել, կարող եք մեկանգամյա սուզում կատարել՝ հրահանգչի օգնությամբ կսուզվեք 4-5մ խորության վրա ու Սեւանը կտեսնեք հակառակ կողմից:

 

«Միայն այս ամառ մոտ 20 մարդ դասընթացներ է անցել ու սերտիֆիկացվել: Դիմողների տարիքը տատանվում է 14-ից 60-ի սահմաններում, թե՛ տղամարդիկ են հետաքրքրվում, թե՛ կանայք: Դասընթնացներն ունեն տեսական ու գործնական մաս, տեւում են 6 օր, օրական՝ մոտ 7 ժամ: Վերջում պարտադիր քննություն է լինում, որից հետո տրվում է միջազգային հավաստագիր: Մեր ուսումնական կենտրոնն այժմ գրանցում ենք ուսումնական կենտրոնների միջազգային համակարգում, ինչը որակավորման աստիճան է, ինչպես աստղերը հյուրանոցների դեպքում: 2022թ. փետրվարին կմասնակցենք միջազգային ցուցահանդեսի», - ասում է Տիգրան Ազիզբեկյանը:

 

Միջազգային հարթակներում ներկայացված ու գրանցված լինելը կարեւոր է, քանի որ սուզորդության միջազգային դպրոցում հավաքվել է աշխարհում եղած ամբողջ փորձը, դրական ու բացասական դեպքերը, ստեղծվել է ուսուցման ընդհանուր համակարգ:   

 

«Չտեսնված» Սեւանը

 

Տիգրան Ազիզբեկյանի խոսքով՝ Սեւանն ամենավառ ստորջրյա հատակը չունի, բավականին քարքարոտ է, տեղ-տեղ՝ անապատային ու ավազոտ:

Լուսանկարը` Պավել Չեստյակով/ԱրմԴայվինգ

«Բայց պետք է հասկանալ՝ դայվինգը Եգիպտոսում սուզվել, գունավոր ձկներ տեսնելը չէ: Դայվինգն առհասարակ տեսարանի մասին չէ: Սա առաջին հերթին ռելաքսի, նորը բացահայտելու հիանալի հնարավորություն է: Դայվինգը գործընթաց է: Դժվար է բացատրել, ոնց որ հարցնեն՝ անտառում զբոսնելու հավեսը ո՞րն է», - ժպիտով ասում է Տիգրան Ազիզբեկյանը:

 

Այնուամենայնիվ, Սեւանի ստորջրյա հատվածում տեսնելու բաներ կան:

Լուսանկարը` Պավել Չեստյակով/ԱրմԴայվինգ

«Մեր սուզորդական սարքավորումները բավականին աղմկոտ են ու այդ ձայնից ձկները հիմնականում ցրվում են: Սեւանում հաճախ ենք հանդիպում օձեր, որոնք թունավոր չեն, խեցգետինը տարեցտարի քչանում է, իսկ ձկներին ավելի շատ կարելի է հանդիպել գիշերային սուզումների ժամանակ, քանի որ նրանց հետաքրքրում է մեր լապտերի լույսն ու մոտենում են դրան: Ձկներից առավել շատ հանդիպում է բեղլու: Սիգ հազվադեպ ենք հանդիպում, իսկ իշխան ես չեմ հանդիպել», - ասում է Տիգրան Ազիզբեկյանը:

Լուսանկարը` Պավել Չեստյակով/ԱրմԴայվինգ

Նրա խոսքով՝ Սեւանի առանձնահատկություններից մեկը ստրոմատոլիտների առկայությունն է: Դրանք շերտավոր քարային գոյացություններ են՝ աղի կամ քաղցրահամ ջրերի մակերեսային կամ ոչ շատ խորը շերտերում։ Ձեւավորվում են ցիանոբակտերիաների կենսագործունեության արդյունքում, որոնք այլ կերպ կոչվում են կապտականաչ ջրիմուռներ: Ցիանոբակտերիան օգտագործում է ջուր, ածխաթթու գազ եւ արեւային լույս՝ ստեղծելու իր սնունդը, ապա արտանետում թթվածին:

Լուսանկարը` Պավել Չեստյակով/ԱրմԴայվինգ

«Դրանք երկրագնդի առաջին օրգանիզմներն են, որոնք արտադրել են թթվածին, որի շնորհիվ զարգացել են նաեւ թթվածին օգտագործող օրգանիզմները: Աշխարհում շատ տեղերում չէ, որ դրանք կան, Սեւանում կան, ու զբոսաշրջիկներին միշտ տանում ենք դրանց մոտ», - ասում է Տիգրան Ազիզբեկյանը:

 

17-րդ դարում կործանված նավը

 

ԱրմԴայվինգի պատվերով արված Սեւանի ստորջրյա լուսանկարների շարքում առանձնանում էր մեկը, որում մարդու ոսկորներ էին ու կործանված նավ: Պարզվում է՝ գտածոն մոտ 17-րդ դարի է:

Լուսանկարը` Պավել Չեստյակով/ԱրմԴայվինգ

«Այդ նավակը հայտնաբերել է մեր ընկերներից մեկը՝ Վահեն: Նա ԱԻՆ-ից է: Նավակի անունն այդպես էլ մնացել է «Վահեի նավակ»: Մեզ հետաքրքրում էր՝ ինչ ժամանակաշրջանի է պատկանում: Նավակի մոտ հայտնաբերված մարդու ոսկորների նմուշները վերցրեցինք, ուղարկեցինք հետազոտության, ըստ որի, ամենայն հավանականությամբ, 17-րդ դարի նավակ է:

Լուսանկարը` Պավել Չեստյակով/ԱրմԴայվինգ

Մտքեր կային հանել այն ու ստեղծել Սեւանի ստորջրյա գտածոների թանգարան: Երբեմն գտնում ենք տարբեր խարիսխներ, կենդանիների ոսկորներ, բայց Սեւանի գաղտնիքների մասին քննարկումները, կարծում եմ, չափազանցրած են», - ասում է Տիգրան Ազիզբեկյանը:

 

Նա նշում է՝ Սեւանի ամենացածր մակարդակը եղել է խորհրդային տարիներին ու, գուցե, շատ հետաքրքիր գտածոներ այդ ժամանակ արդեն հայտնվել են ցամաքում: Եղել են սուզորդներ, որոնք պնդել են, թե Սեւանում ստորջրյա բուրգեր են տեսել.

Լուսանկարը` Պավել Չեստյակով/ԱրմԴայվինգ

«Բայց նրանք այդ խոսքերի որեւէ ապացույց չունեին: Ես նման բան չեմ հանդիպել», - ասում է Տիգրան Ազիզբեկյանը:

 

Նրա խոսքով՝ սուզորդները համագործակցում են հնագետների հետ ու հնագիտական նպատակներով սուզումներ կատարում Հայաստանի տարբեր վայրերում:

 

«Օրինակ՝ Հնագիտության ինստիտուտից մեզ հրավիրել էին Աժդահակ լեռան մոտ գտնվող լճակներից մեկը սուզվելու: Հավանականություն կար, որ ջրի տակ վիշապաքար կա: Սուզվեցինք, սակայն տեսանելիությունը զրո էր, որեւէ բան հնարավոր չեղավ հայտնաբերել», - ասում է Տիգրան Ազիզբեկյանը:

 

Սեւանի մաքրումն ու հատակի ամբողջական սկանավորումը

 

Հայաստանում դայվինգը զարգացնելուց բացի, ԱրմԴայվինգ ակումբն ակտիվ զբաղվում է Սեւանի հատակի մաքրմամբ.

Լուսանկարը` Պավել Չեստյակով/ԱրմԴայվինգ

«Հաճախ էինք մեր ուժերով Սեւանի հատակի մաքրում իրականացնում, հավաքում էինք այն, ինչ մարդը գցում է լիճը: Այդ աղբի մեջ ամենասարսափելին ձկնորսական ցանցերն էին, որոնք ձկնորսները ժամանակին կտրել, նետել են լիճը կամ կորցրել: Դրանք մնացել են լճի հատակում ու շարունակում են ձկներ որսալ, որոնք լողալիս ընկնում են ցանցն ու այդպես սատկում: Ինչ-որ պահից հասկացանք՝ ահռելի աշխատանք է ու միայն մեր ուժերով այն անել հնարավոր չէ», - ասում է Տիգրան Ազիզբեկյանը:

Լուսանկարը` Պավել Չեստյակով/ԱրմԴայվինգ

Սեւանի տեսանելիության պայմաններում սուզորդն ամեն սուզման ժամանակ տեսնում է միայն 1 մետր հեռավորության վրա ու իրատեսական չէ առանց հատուկ սարքավորումների մեծ տարածք մաքրել:  

 

«Դիմեցինք ՄԱԿ-ի դրամաշնորհային ծրագրի, որպեսզի սարքավորումներ բերենք Հայաստան, որոնք սկանավորում են լճի հատակն՝ անկախ տեսանելիությունից, ու տալիս են ռելիեֆի պատկերը: Այդ սարքավորման օգնությամբ սուզորդը սուզումը կատարում է հստակ հատվածում, որտեղ սարքն ինչ-որ բան է արձանագրել: Կարծում եմ՝ դեկտեմբերի վերջին սարքավորումներն արդեն Հայաստանում կլինեն ու կսկսենք Սեւանի ընդհանուր սկանավորման ծրագիրը: Սա կարող է օգտակար լինել նաեւ հնագիտության, երկրաբանության առումով: Եթե ստացվի ստանալ Սեւանի հատակի ամբողջական սկանավորումը, շատ կարեւոր գործ կլինի ու նույնիսկ 200 տարի հետո այդ աշխատանքի արդյունքները պետք կգան», - ասում է Տիգրան Ազիզբեկյանը:

Լուսանկարը` Պավել Չեստյակով/ԱրմԴայվինգ

ԱրմԴայվինգ ակումբն աշխատում է նաեւ Սեւանա լճին հարակից համայնքների երեխաների հետ, նրանց սովորեցնում դայվինգի նախնական հմտություններ ու պատմում՝ առհասարակ ինչ է սուզորդությունը.

 

«Բացատրում ենք, որ Սեւանը ոչ միայն ձուկ բռնելու հնարավորություն է, այլեւ կարող է օգնել լուրջ կարիերա կառուցել: Հաճախ եմ պատմում երեխաներին, որ ֆրիդայվինգը զարգացել է հիմնականում Իտալիայի ափերին՝ տեղացիների կողմից: Եթե ցուրտ չի լինում ու ծնողները դեմ չեն լինում, երեխաների հետ ունենում ենք նաեւ գործնական դասեր, թույլ ենք տալիս, որ ջրի տակ առաջին շունչը քաշեն: Նրանց հետ խոսում ենք նաեւ էկոլոգիական հարցերի, Սեւանը չաղտոտելու կարեւորության մասին», - ասում է Տիգրան Ազիզբեկյանը:

 

Յանա Շախրամանյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին