Քրիստին Լամուրե ու Արա Զարյան. 10 տարի փրկելով հայկական որմնանկարները - Mediamax.am

exclusive
3700 դիտում

Քրիստին Լամուրե ու Արա Զարյան. 10 տարի փրկելով հայկական որմնանկարները


Քրիստին Լամուրեն ու Արա Զարյանը
Քրիստին Լամուրեն ու Արա Զարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Արա Զարյանի արխիվից

Լուսանկարը` Արա Զարյանի արխիվից

Լուսանկարը` Արա Զարյանի արխիվից

Լուսանկարը` Արա Զարյանի արխիվից

Լուսանկարը` Արա Զարյանի արխիվից

Քրիստին Լամուրեն
Քրիստին Լամուրեն

Լուսանկարը` Մեդիամաքս

Արա Զարյանը
Արա Զարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Քրիստին Լամուրեն
Քրիստին Լամուրեն

Լուսանկարը` Մեդիամաքս

Արա Զարյանը
Արա Զարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Որոտնավանքի միակ որմնանկարը, հնարավոր է, մինչ օրս էլ վերականգնված չլիներ, եթե 2011-ին այնտեղ չայցելեին վերականգնող ճարտարապետ Արա Զարյանը եւ որմնանկարներ վերականգնող Քրիստին Լամուրեն։

 

Արա Զարյանը, որ 1990-ականներից բնակվում էր Իտալիայում եւ տարբեր երկրներում հայ հոգեւոր ճարտարապետության մասին դասախոսություններ կարդում, տեսնելով ուսանողների հետաքրքրությունը՝ որոշել էր մշակութային ուղեւորություն կազմակերպել։ 1995-ին ուսանողների եւ դասախոսների 40 հոգանոց խումբը Շվեյցարիայից եկավ Հայաստան։ Թեեւ պատերազմը նոր էր ավարտվել ու երկիրը ծանր վիճակում էր, հյուրերն այնքան տպավորվեցին Հայաստանով, որ ուղեւորության մասին անգամ գիրք հրատարակեցին։

Լուսանկարը` Արա Զարյանի արխիվից

Դրանից հետո ամեն ամառ դասախոսություններով հետաքրքրված օտարերկրացիներին Արա Զարյանն ուղեկցում էր՝ Հայաստանը տեսնելու։ 2011-ին Իտալիայից ժամանած խմբում էր նաեւ Քրիստին Լամուրեն։ Փորձառու վերականգնողի աչքից չվրիպեց Որոտնավանքի վնասված փոքրիկ որմնանկարը։

 

«Ես Քրիստինի հետ նախկինում ծանոթ չէի։ Երբ վերադարձանք Իտալիա, կապվեց ինձ հետ, ասաց՝ որմնանկարն ափսոս է, փչանում է, պետք է պահպանել։ Կարո՞ղ ենք  վերականգնել։ Ես դիմեցի Հայաստանի մշակույթի նախարարություն, թույլտվություն ստացա, Քրիստինի միջոցներով եկանք ու 10 օրում աշխատանքն ավարտեցինք։ Մտածեցի՝ մարդը ցանկություն ուներ մի լավ բան անելու, օգնեցի, արեցինք։ Վերջ»,-պատմում է Արա Զարյանը։

Արա Զարյանը Արա Զարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Իրականում, դա սկիզբն էր արդեն 10 տարի ձգվող ծրագրի, որի արդյունքում մեկ տասնյակից ավելի եկեղեցիների ու վանքերի որմնանկարներ են վերականգնել։

 

«Տարեցտարի ուսումնասիրում ու սովորում եմ, բայց չեմ կարող ասել, որ հայկական մշակույթի փորձագետ եմ։ Բայց ես սիրում եմ այս շատ պարզ, ուժեղ, խորը եւ լքված մշակույթը»,- ասում է Քրիստին Լամուրեն, որը 45 տարի՝ զբաղվում է այս աշխատանքով եւ Իտալիայում 100-ից ավելի որմնանկարներ է վերականգնել։

 

Երկրորդ եւ ամենածավալուն աշխատանքը Լմբատավանքում էր։ 5 տարի ամռան ամիսներին Արա Զարյանն ու բելգուհի Քրիստինը վերադառնում էին Հայաստան՝ մի քանի փուլով որմնանկարները վերականգնելու։ Զուգահեռ ուսումնասիրում էին Արագած լեռան հարակից եկեղեցիները՝ հասկանալու համար՝ Լմբատավանքը նկարներով պատված միա՞կ հուշարձանն է։ 7-րդ դարում կառուցված մի շարք եկեղեցիներում «հայտնաբերեցին» որմնանկարների հետքեր ու հաջորդ տարիները նվիրեցին դրանց վերականգնմանը։ Կատարված աշխատանքը ներկայացրին «Որմնանկարների վերականգնումը վաղ քրիստոնեական հայկական մի շարք եկեղեցիներում» գրքում:

Քրիստին Լամուրեն Քրիստին Լամուրեն

Լուսանկարը` Մեդիամաքս

«Առաջին անգամ Հայաստան այցելելիս՝ այսպիսի մեծ ծրագիր իրականացնելու նպատակ չեմ ունեցել։ Բայց երբ սկսեցինք Արայի հետ աշխատել, հասկացա, որ  լավ հնարավորություն է, որովհետեւ որմնանկարները 7-րդ եւ 13-րդ դարերի են, իսկ այդ շրջանն ինձ ամենաշատն է հետաքրքրում։ Հատկապես 7-րդ դարի եկեղեցիների որմնանկարները, եթե անգամ ամբողջությամբ չեն պահպանվել, չափազանց հետաքրքիր են։ Շատ կարեւոր է, որ դրանք եզակի են եւ պատված չեն նկարների երկրորդ շերտով, ինչը հաճախ է պատահում Իտալիայում։

 

Հատկապես կուզեմ առանձնացնել երկու որմնանկար։ Մեկը Լմբատավանքում սուրբ Թեոդորոսի պատկերն է։ Այն 7-րդ դարի է, սկզբում շատ սեւ էր, բայց երբ «դուրս բերեցինք», իսկապես շատ արտահայտիչ պատկեր տեսանք։ Երկրորդը Դադիվանքում է՝ սուրբ Նիկողայոսի պատկերը։ Մենք հնարավորություն ու երջանկություն ունեցանք լինել այդ հրաշալի վայրում, ապրել այնտեղ եւ հանդիպել տեղի մարդկանց, երբ Դադիվանքը դեռ Հայաստանին էր պատկանում։ Երբեք չէինք պատկերացնի, որ չենք կարող վերադառնալ այնտեղ»,- հուզմունքով ասում է Քրիստին Լամուրեն։

 

70-ի շեմն անցած կինը վերջին 10 ամառներն ամբողջությամբ նվիրել է Հայաստանին։ Այդ հսկայական ու ծախսատար աշխատանքը նա եւ Արա Զարյանն անում են իրենց միջոցներով։ Ամեն տարի նրանք ընտրում են եկեղեցիները, որոնց որմնանկարները ցանկանում են վերականգնել, նախագիծը ներկայացնում են ԿԳՄՍ նախարարություն, ստանում գիտամեթոդական խորհրդի թույլտվությունը։ Առանց տեղական մասնագիտական ու ֆինանսական աջակցության՝ լուռ ու աննկատ, նրանք հավատարմորեն իրենց աշխատանքն են անում։

Քրիստին Լամուրեն Քրիստին Լամուրեն

Լուսանկարը` Մեդիամաքս

«Միակ դժվարությունն այն է, որ եկեղեցիներն ու վանքերը շատ մեկուսացած են, եւ դրանց հասնելը հեշտ չէ։ Բայց տեղի մարդիկ մեզ շատ են օգնում։ Բոլոր խնդիրները լուծվում են Հայաստանում ընդունված ձեւով՝ «պրոբլեմ չկա»։ Անգամ եթե անում են մի բան, որ նախկինում չեն արել, միեւնույն է՝ «պրոբլեմ չկա»»,- վերջին բառերը հայերեն արտաբերում ու ժպտում է Քրիստին Լամուրեն։

 

«Մեզ «Արշիլ Գորկի» մեդալ են տվել, հսկայական պատիվ էր, պատվոգրեր ենք ստացել։ Այդքանը բավարար է, նույնիսկ՝ շատ»,-ասում է Արա Զարյանը՝ Կոստան Զարյանի թոռն ու ճարտարապետ Արմեն Զարյանի որդին։

Լուսանկարը` Արա Զարյանի արխիվից

Երկար տարիներ զբաղվել է հայկական եկեղեցիների վերականգնմամբ ու կոնսերվացմամբ, բայց որմնանկարները հետին պլանում էին մնացել, «սպասում էին հասունացման»։ Իր համար աներեւակայելի այդ աշխարհը Արա Զարյանը բացահայտել է Քրիստինի հետ ծանոթանալուց հետո։ Հիմա որմնանկարները նրա հիմնական հետաքրքրությունն ու ուսումնասիրության նյութն են։

 

Հայաստան այցերի ժամանակ նրա հիմնական պարտականությունն աշխատանքի նախապատրաստությունն է, վերականգնման ընթացքը լուսանկարներով ու տեսագրություններով փաստագրելը, երբեմն էլ՝ «սեւ գործը»։

 

«Մինչեւ բուն աշխատանքը սկսելը, ամենակարեւորը որմնանկարն ամրացնելն է։ Երբ ծեփը կամ սվաղը քանդվում է, եզրերը հարթեցման կարիք ունեն, որ չկոտրվեն, չթափվեն։ Սվաղը Քրիստինն է պատրաստում, իսկ ես հատուկ գործիքներով ու նաեւ մատներով ամրացնում եմ եզրերը՝ բանվորական, արհեստավարժ գործ։

Լուսանկարը` Արա Զարյանի արխիվից

Շատ տեղերում կան ներկագիր հայերեն արձանագրություններ։ Եթե ներկը թափված է, պետք է լրացնել, Քրիստինը դա չի կարող անել, չնայած՝ հայոց այբուբենը սովորել է։ Քանի որ ձեռքս շնորհքով է, ես եմ անում։ Կամ եթե պետք է մի գույնով երկար ուղիղ գիծ քաշել, օգնում եմ, բայց ես դա վերականգնում չեմ համարում»։

 

Հետաքրքրված մարդիկ հաճախ հարցեր են տալիս, օրինակ, «որմնանկարների հեղինակները հայե՞ր են»։ Այս ու շատ այլ հարցերի պատասխան նրանք չունեն։ Արա Զարյանն ասում է, որ հայ որմնանկարչությանը վերաբերող գիտական լուրջ գիրք չկա։ Սա չուսումնասիրված ու չբացահայտված ոլորտ է։

 

«1950-ական թվականներին ռուս արվեստաբան, պատկերագետ Լիդիա Դուռնովոն հավաքել էր հայ նկարիչների, որոնք արտատպում էին եկեղեցիների որմնանկարները, հետո արվեստանոցում պատրաստում կրկնօրինակները։ Դրա շնորհիվ պահպանվել են փչացած, անհետացած շատ որմնանկարների կրկնօրինակներ, եւ հիմա ցուցադրված են Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում։

Լուսանկարը` Արա Զարյանի արխիվից

Արկղերով արխիվ ունենք Լիդիա Դուռնովոյից մնացած։ Նա ծոցատետրի մեջ ջրաներկով նկարում էր որմնանկարները, մանրամասն գրում, վերլուծում։ Բացի այդ, լուցկու տուփի մեջ շաղախի, գույների նմուշներ է վերցրել, որ ուսումնասիրի՝ ինչ ներկեր են։ Մենք ունենք հսկայական նյութ, որը շատ լավ պահպանվում է, բայց ոչ ոք չի զբաղվում դրանով»։

Լուսանկարը` Մեդիամաքս

Ու նաեւ այդ նպատակով օրեր առաջ Քրիստինի ընտանիքի միջոցներով հրատարակեցին «Հաղբատ. Սբ Նշան եկեղեցու, 976-991 փփ Ժ, Ժ-ԺԳ դդ որմնանկարների պահպանական վերականգնում» հայերեն-իտալերեն գիրքը: Միջնադարյան վանքի հարավային պատի եւ մայր խորանի որմնանկարները նրանք վերականգնել են 2 տարում՝ ամռան ամիսներին, եւ աշխատանքի ամբողջ ընթացքն ու արդյունքը ներկայացրել ընթերցողին: Հեղինակներն ասում են՝ գիրքը գիտական չէ, բայց, հուսով են՝ կօգնի հետազոտողներին ուսումնասիրել հայկական որմնանկարները։ Իսկ այդ բացը շատ մեծ է։

 

«Հուսով եմ՝ գոնե հիմա որեւէ մեկը կսկսի ուսումնասիրել այդ որմնանկարները։ Մենք մաքրել, վերականգնել, տեսանելի ենք դարձրել դրանք, բայց գիտականորեն վերլուծելն ու մեկնաբանելը մեր գործը չէ։ Անհրաժեշտ է, որ ուսանողները գնան, տեսնեն այդ պատկերները, բայց ինչպես հասականում եմ՝ նրանց համար ճամփորդելը հեշտ չէ։ Ուրեմն, գիրքը կհեշտացնի խնդիրը»,-ասում է Քրիստին Լամուրեն։

Լուսանկարը` Մեդիամաքս

Գրքի հրատարակությունից բացի, այս տարի չափագրել, լուսանկարել ու փաստագրել ենք Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցու, Հոռոմայրի վանքի, Օձունի՝ վերականգնման կարիք ունեցող որմնանկարները։ Իտալիա վերադառնալուց հետո կկազմեն դրանց «փրկության» նախագիծն ու կսպասեն նախարարության թույլտվությանը։

 

Քոբայրի մատուռի ներքին պատերի որմնանկարների մաքրման, ամրակայման եւ վերականգնման նախագիծը թեեւ արդեն մշակված էր, բայց նախարարության գիտամշակութային խորհրդի հետ որոշ խնդիրների պատճառով որոշեցին չներկայացնել։ Քրիստին Լամուրեն սրտնեղում է՝ իզուր մեկ տարի կորցրինք: «Չի կարող ամեն ինչ հարթ գնալ։ Երեւի մի տեղ պիտի պատի հանդիպես, որ սկսես քանդել ու ապացուցել՝ չունեք փորձառություն այդ բնագավառում, նույնիսկ անգրագետ եք, մի՛ խոչընդոտեք իմացողներին»,-ասում է Արա Զարյանը: Վճռական է տրամադրված՝ այս տարի չեղավ, հաջորդ տարի կանեն:

Արա Զարյանը Արա Զարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ես Հայաստանում չեմ ծնվել, բայց էստեղ եմ մեծացել: Ես իմ պապի եւ հայրիկի թոռն ու տղան եմ, իմ արյունն է էդպիսինն, որ եթե ունեմ նպատակ, ծրագիր, պիտի առաջ տանեմ, եւ ոչինչ ինձ չի կանգնեցնի, որովհետեւ այն, ինչ անում եմ, իմ խորին համոզմունքն է։ Ես անում եմ իմ հայ ազգային մշակույթի փրկության ու տարածման համար»։

 

Լուսինե Ղարիբյան

 

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի եւ Արա Զարյանի արխիվից

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին