Live Audio Guide՝ Հաղարծինում, Գոշավանքում, Հաղպատում եւ Սանահինում - Mediamax.am

exclusive
2595 դիտում

Live Audio Guide՝ Հաղարծինում, Գոշավանքում, Հաղպատում եւ Սանահինում


Լուսանկարը` Live Audio Guide

Լուսանկարը` Live Audio Guide

Լուսանկարը` Live Audio Guide

Լուսանկարը` Live Audio Guide

Լուսանկարը` Live Audio Guide

Լուսանկարը` Live Audio Guide

Լուսանկարը` Live Audio Guide

Վարդան Հովհաննիսյանը
Վարդան Հովհաննիսյանը

Լուսանկարը` Live Audio Guide


Ընկերներ Վարդան Հովհաննիսյանը եւ Գրիշա Ամիրխանյանը որոշել են Հայաստանում զարգացնել աուդիոգիդի մշակույթը: 2020-ին դիմելով «ԵՄ-ն՝ բիզնեսի համար. Նորարարական տուրիզմի եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրին՝ ընկերները 8 000 եվրո դրամաշնորհ են ստացել ու իրականացրել Live Audio Guide ծրագիրը:

 

2021-ի մայիսի 8-ից Հաղարծին, Գոշավանք, Հաղպատ եւ Սանահին վանական համալիրներում տեղադրվել է տաղավար, որտեղ առաջարկվում է հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուներով պատմող աուդիո սարքի վարձակալություն կամ QR կոդի սքանավորում՝ անձնական հեռախոսով: Ծրագրի նպատակն է տեխնոլոգիաների միջոցով զբոսաշրջիկներին ծանոթացնել Հայաստանի պատմամշակութային կոթողների պատմությանը, ճարտարապետությանը եւ մշակույթին։

 

30-ամյա Վարդան Հովհաննիսյանը պատմում է Live Audio Guide ծրագրի ստեղծման ու դրա անհրաժեշտության մասին:

 

Գաղափարն ու դրամաշնորհը

 

Սովորել եմ Հայաստանի Պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետում, բայց 2016 թվականից աշխատում եմ տուրիզմի ոլորտում: Je Voyage տուրիստական ընկերության հիմնադիրն եմ, զբաղվում ենք արտագնա եւ ներքին տուրերով՝ խմբային եւ անհատական տարբերակով:

Վարդան Հովհաննիսյանը Վարդան Հովհաննիսյանը

Լուսանկարը` Live Audio Guide

Աուդիոգիդի գաղափարն առաջացավ 2020-ին Հաղարծին վանքում, երբ երկրի սահմանները փակ էին ու տեղացի զբոսաշրջիկների մեծ հոսք էր գալիս Դիլիջան: Նկատում էի, որ հատկապես տեղացիները, գալով Հաղարծին, քիչ են ծանոթանում մեր մշակույթին, կոպիտ ասած, շատերը գալիս են որպես եկեղեցի՝ մոմ վառելու ու չեն ընկալում՝ ինչ մեծ պատմամշակութային կոթողի առջեւ են կանգնած:

Լուսանկարը` Live Audio Guide

2020-ի ամռանը ես եւ ուսանողական ընկերս դիմեցինք EU4Business Innovative Tourism for Armenia-ի կազմակերպած դրամաշնորհային մրցույթին: Ընկերս՝ Գրիշա Ամիրխանյանը, մարքեթինգի ոլորտում է աշխատում, երկուսով մեկ ամիս աշխատեցինք ծրագիրը ներկայացնելու վրա: Արդյունքում ստացանք այնպիսի պրոդուկտ, ըստ որի ե՛ւ տեղացի, ե՛ւ արտասահմանցի զբոսաշրջիկները կարող են գնել տուր ծրագիրն ու դրա ուղեկցությամբ շրջել վանական համալիրներում՝ ծանոթանալով երկրի պատմությանը եւ ճարտարապետական առանձնահատկություններին:

 

Երկու տարբերակ

 

Live Audio Guide ծրագիրը հասանելի է Լոռու մարզի Հաղպատ, Սանահին եւ Տավուշի մարզի Գոշավանք, Հաղարծին վանքերում:

 

Գրիշայի խորհրդով մեր առաջարկն ընդլայնել ենք՝ տուրի՝ ոչ միայն բուն սարքի վարձակալություն, այլեւ օնլայն տարբերակով հասանելիություն: Տեղակայված է QR կոդ, որը սքանավորելով օգտատերը հայտնվում է մեր կայքում՝ liveaudioguide.am, կատարում է օնլայն վճարում, ընտրում իրեն հարմար լեզուն ու 30 րոպեով հասանելիություն ստանում: Սա նպատակահարմար է այն զբոսաշրջիկի համար, ում ավելի հարմար է օգտագործել անձնական հեռախոսն ու ականջակալը:

Լուսանկարը` Live Audio Guide

Սարքավորումների վարձակալումն աշխարհում ինչ-որ տեղ արդեն հնացած միջոց է: Ու հավանաբար մենք էլ ժամանակի ընթացքում կանցնենք միայն այս տարբերակին, որովհետեւ QR կոդի տարբերակը համ քիչ ծախսատար է ու տեղում աշխատակցի գտնվելու անհրաժեշտություն չկա:

 

Ծրագիրն արժե 1000 դրամ, վճարումը կատարվում է ե՛ւ կանխիկ, ե՛ւ անկանխիկ տարբերակով:

 

Մեր նպատակն է հասանելի դարձնել աուդիոգիդերի մշակույթը Հայաստանում:

Երբ դիմում էի դրամաշնորհի ծրագրին, ես նույնիսկ չգիտեի, որ Հայաստանի որոշ թանգարաններում արդեն կան աուդիոսարքավորումներ. ես այս մշակույթը Եվրոպայում եմ տեսել:

Լուսանկարը` Live Audio Guide

Այժմ բիզնեսի զարգացման սկզբնական փուլում ենք: Չնայած կան մշտական աշխատակիցներ, որոնք տաղավարում զբաղվում են վաճառքի գործով, բայց շաբաթ-կիրակիներին մենք նույնպես այցելում ենք վանքեր ու փորձում խթանել վաճառքները, քանի որ հիմա դեռեւս զբոսաշրջիկների պակաս է զգացվում ու վաճառքները մեր նախատեսածից թույլ են:

 

Մեր փորձից արդեն հասկացել ենք՝ եթե զբոսաշրջիկներն առանց զբոսավարի են, հավանականությունը շատ մեծ է, որ կօգտվեն մեր ծառայությունից: Կարելի է ասել՝ մոտ 80%-ը, որ տաքսիով կամ անձնական մեքենայով է գալիս, օգտվում է:

 

Նպատակն ու առանձնահատկությունները

 

Մեր նպատակն իրականում բիզնեսը չէ, այն ավելի շատ սոցիալական ուղղվածություն ունի. ուզում ենք նպաստել հասարակության զարգացմանը, իսկ հասարակությունը կարող է զարգանալ միայն ինքնաճանաչման միջոցով:

 

Մենք ավելի շատ ջանում ենք տեղացիներին թիրախավորել, քանի որ զբոսաշրջիկներին ավելի հեշտ է ներգրավել:

Լուսանկարը` Live Audio Guide

Եվրոպական թանգարաններում աուդիոգիդը սովորաբար հին սեւ-սպիտակ հեռախոսների սկզբունքով է լինում, բայց մենք ընտրել ենք ավելի մատչելի տարբերակ: Մեր առաջարկածն աշխատում է սովորական աուդիոփլեյերի ձեւով, յուրաքանչյուր վանքում 21 հատ է, յուրաքանչյուր լեզվից՝ 7 հատ: Ամեն սարքի վրա տեղադրված է համապատասխան լեզվով ձայնագրված հիշողության քարտ՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն:

Լուսանկարը` Live Audio Guide

Ծրագիրը մշակելիս մշակութաբանների հետ մեկնել ենք նշված վայրեր, կազմել ենք տուր ծրագիր, թղթային տարբերակով գրել, հետո պրոֆեսիոնալ ստուդիաներում ձայնագրել խոսքը:

Լուսանկարը` Live Audio Guide

Ծրագիրը ինտերակտիվ է՝ այն ոչ միայն պատմում է վանքի մասին, այլեւ ուղեկցում է մարդում: Օրինակ Գոշավանքում ասվում է. «Հիմա խնդրում եմ դուրս եկեք վանքի սկզբնամաս եւ թեքվեք աջ, որպեսզի մուտք գործեք գլխավոր եկեղեցի», որից հետո մի քանի վայրկյան ընդմիջում է լինում եւ հնչում է Կոմիտասի երաժշտությունը: Այսպես փորձում ենք զբոսաշրջիկներին ծանոթացնել նաեւ հայկական երաժշտությանը, այդ պատճառով էլ ծրագրի անունը դրել ենք Live Audio Guide:

 

Ամալի Խաչատրյան

Լուսանկարները՝ Live Audio Guide-ի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին