«Armenia, mon amour». եվրոպացիները սեր են խոստովանել Հայաստանին - Mediamax.am

exclusive
6391 դիտում

«Armenia, mon amour». եվրոպացիները սեր են խոստովանել Հայաստանին


Սվանտե Լունդգրենը
Սվանտե Լունդգրենը

Լուսանկարը` անձնական արխիվից

Սթիվեն Փաունդը՝ Արցախում
Սթիվեն Փաունդը՝ Արցախում

Հայաստանի 10 եվրոպացի ընկերներ՝ հիմնականում պրոֆեսորներ ու քաղաքական գործիչներ, «Armenia Mon Amour. Խոսում են 10 եվրոպացիներ» վերնագրված գրքում վերհիշում են Հայաստան եւ Արցախ կատարած իրենց այցելությունները, անդրադառնում են պատմությանն ու ցեղասպանությանը, խոսում լավաշի, կոնյակի, նաեւ հայ ժողովրդի հանդեպ ունեցած իրենց մեծ սիրո մասին:

 

Մեդիամաքսը զրուցել է գրքի համախմբագիր, Շվեդիայի Լունդի համալսարանի պրոֆեսոր Սվանտե Լունդգրենի հետ՝ նախագծի իրականացման եւ գրքի յուրահատկության մասին։

 

Տասը ընկեր

 

Ինչպե՞ս ենք Հայաստանի հետ ընկերացել. սա հենց այն հարցն է, որին տասը հեղինակ պատասխանում է գրքում:

 

Գիրքը խմբագրել ենք ես եւ Սերաֆիմ Սեպալան (Արեւելյան Ֆինլանդիայի համալսարանի համակարգված աստվածաբանության պրոֆեսոր):

 

Մենք լավ ընկերներ ենք դարձել հենց Հայաստանի հանդեպ ունեցած մեր հետաքրքրությունների շնորհիվ: Ինչ-որ մի պահի երկուսս իրար հարց ենք տվել, թե ինչպես Հայաստանի հետ որեւէ կապ չունեցող մարդիկ այս երկրի նկատմամբ նման հետաքրքրություն եւ սեր են տածում, որ գրեթե տարվում են Հայաստանով ու հաճախակի այցելում՝ ինչպես Սերաֆիմը, որն ավելի քան երեսուն անգամ եղել է ձեր երկրում։ Մենք գիտեինք, որ միայնակ չենք այս հարցում, ուստի որոշեցինք եւս մի քանիսին խնդրել կիսվել իրենց փորձով եւ անթոլոգիա ստեղծել, որտեղ տարբեր մարդիկ կպատմեն՝ ինչպես են դարձել Հայաստանի բարեկամը:

 

Մեզ հաջողվեց մի լավ խումբ հավաքել: Տասը հոգի ենք. Սերաֆիմը, ես եւ ութ այլ հեղինակներ։ Յուրաքանչյուրս ունի իր սեփական պատմությունը. չկա Հայաստանի հետ բարեկամ դառնալու միայն մեկ ճանապարհ։

 

Ծիծեռնակաբերդից Հոլիվուդ

 

Ես կարող եմ իմ օրինակը բերել: Մեծացել եմ՝ առանց որեւէ կապ ունենալու Հայաստանի հետ. այդ ժամանակ Հայաստանը Խորհրդային Միության մաս էր կազմում, որի մասին ես գրեթե ոչինչ չգիտեի:

 

Ինձ միշտ հետաքրքրել է պատմությունը, հատկապես գրավել է Եվրոպայի պատմությունը Երկրորդ համաշխարհային պատերազմում։ Ուսումնասիրել եմ Հոլոքոստն ու տեղեկացել, որ եղել են նման այլ ցեղասպանություններ՝ ինչպես Հայոց ցեղասպանությունն է: Ես համալսարանի դասախոս եմ, իմ սկզբնական ոլորտը հրեագիտությունն է եղել. երկու գիրք եմ գրել Հոլոքոստի մասին:

 

2005-ին այցելեցի Սիրիա ու տուն վերադարձա՝ Մերձավոր Արեւելքի քրիստոնեական համայնքների նկատմամբ մեծ հետաքրքրությամբ՝ հատկապես ասորիների հանդեպ: Քանի որ ցեղասպանագետ եմ, որոշեցի Հայոց ցեղասպանության մասին էլ գիրք գրել, որը կներառեր նաեւ ասորիների նման քրիստոնեական այլ համայնքներին: Գիրքը գրելու ընթացքում առաջին անգամ Հայաստան այցելեցի: Այդ ժամանակ 48 տարեկան էի. շատ ուշ եմ սկսել ու շատ եմ ցավում դրա համար, բայց ավելի լավ է ուշ, քան երբեք (ծիծաղում է-Մեդիամաքս):

 

Հավանեցի Հայաստանը, չնայած առանց մեծ կրքի ու հմայքի վերադարձա: Մի քանի տարի անց հայկական մի կինոնախագծի մասնակցելու հրավեր ստացա: Հայկական կինոընկերություն էր, որ պատրաստվում էր վավերագրական ֆիլմ նկարահանել սկանդինավյան երկրների այն կանանց մասին, որոնք ցեղասպանության ականատես են եղել: Քանի որ գրքումս այս կանանց անդրադարձել էի, ինձ առաջարկեցին ֆիլմում  իրադարձություններ ներկայացնողը լինել: Եթե չլիներ այս հրավերը, ես նման հետաքրքրություն չէի տածի Հայաստանի նկատմամբ. իսկական զուգադիպություն էր: Ֆիլմը նկարահանվեց ինը տարբեր երկրներում, ամբողջովին հայկական խմբի հետ միասին ճանապարհորդել ենք, նաեւ տեղացի հայերի ենք հանդիպել:

 

Այդ պատճառով էլ գրքի իմ հատվածը կոչվում է «Ծիծեռնակաբերդից Հոլիվուդ»:

 

Ընդհանրությունը

 

Ինչպես ասացի՝ գրքում յուրաքանչյուրն ունի իր սեփական պատմությունը, բայց երբ կարդում ես ամբողջը, որոշ նմանություններ գտնում ես։

 

Բոլորս էլ կարծում ենք, որ Հայաստանը գեղեցիկ երկիր է, բայց դա չէ ամենակարեւորը: Հեղինակներին հատկապես գրավում է հայկական մշակույթն ու հայ ժողովուրդը՝ իրենց բարությամբ ու հյուրընկալությամբ:

 

Մեր հեղինակների մեծ մասը սովորական մարդիկ են, մի քանիսն էլ բավականին հայտնի են: Օրինակ, Լյուքսեմբուրգից Ֆրենկ Էնգելն է ներառված գրքում, որը Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր է, այժմ էլ հանդիսանում է Լյուքսեմբուրգի ամենամեծ քաղաքական կուսակցության անդամ:

Սթիվեն Փաունդը՝ Արցախում Սթիվեն Փաունդը՝ Արցախում

 

Մեծ Բրիտանիայից Լեյբորիստական կուսակցության քաղաքական գործիչ Սթիվեն Փաունդն է, որը եւս խորհրդարանի անդամ է եղել: Մյուսներն էլ որոշակի շրջանակներում հայտնի գիտնականներ եւ լրագրողներ են:

 

Ո՞ւմ համար է

 

Ենթադրում եմ՝ շատ հայեր հետաքրքրված կլինեն գրքով, քանի որ պատկերացնում եմ, որ հայերը սիրում են կարդալ, թե ինչպես են այլազգի մարդիկ նայում իրենց ու իրենց երկրին:

 

Գիրքը նաեւ ոչ հայերի համար է՝ Հայաստանի ընկերների համար, որոնք կկարդան այն ու պատմություններում իրենք իրենց կգտնեն: Բայց մենք նաեւ հույս ունենք թիրախավորել մեր այլազգի ընկերներին, որոնք հնարավոր է կարդան միայն այն պատճառով, որ դա գրվել է իրենց ընկերոջ կողմից: Իսկապես հուսով ենք՝ այդ մարդիկ «Armenia, mon amour»-ը կարդալուց հետո կզգան այդ ոգին ու Հայաստան այցելելու պահանջ կունենան: Մենք ցանկանում ենք մեծացնել հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ, ուստի հուսով եմ՝ յուրաքանչյուր հեղինակ իր երկրում այս գրքի դեսպանը կդառնա։

 

Գիրքը ձեռք բերելու լավագույն միջոցը կայքն է՝ https://armeniamonamour.com: Այն հնարավոր է լինելու պատվիրել նաեւ առցանց գրախանութներից:

 

Հայաստանին ավելի շատ ընկերներ են պետք

 

Գրքում գրեթե բոլորն անդրադարձել են ոչ միայն Հայաստան, այլեւ Արցախ կատարած այցելություններին: Հիմա մենք գտնվում ենք շատ յուրահատուկ իրավիճակում. հոդվածները գրվել են պատերազմից առաջ, բայց դրանք կարդալու են պատերազմից հետո: Շատ առումներով, կարող է մեր գրածն այժմ ձեզ պարզամիտ թվա, քանի որ դեպքերը շատ են փոխվել։ Սակայն սա քաղաքական գիրք չէ, այն ավելի շատ մարդկանց, մշակույթի եւ երկիր այցելելու փորձի մասին է:

 

Այս պահին Հայաստանի համար չափազանց դժվար ժամանակաշրջան է: Որպես Հայաստանի ընկերներ՝ մենք պատերազմի օրերին փորձել ենք իրազեկել ու ազդել մեր կառավարությունների վրա, սակայն չեմ կարող ասել, թե մեծ հաջողությունների ենք հասել: Սա ապացուցում է, որ հայերին ավելի շատ ընկերներ են պետք, ովքեր ոտքի են կանգնում եւ իրենց ձայնը բարձրացնում Հայաստանի համար:

 

Չեմ կարող ասել, թե Հայաստանում հիմա ինչ վիճակ է եւ ինչ է լինելու մեկ ամսից, բայց պետք է ասեմ, որ հեռանկարում ես շատ լավատես եմ Հայաստանի համար, քանի որ երկրում ու ժողովրդի շրջանում շատ մեծ ներուժ եմ տեսնում։

 

Ամալի Խաչատրյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին