Le Monde-ի լրագրողների համար պատերազմը սկսվեց ու ավարտվեց Մարտունիում - Mediamax.am

exclusive
1728 դիտում

Le Monde-ի լրագրողների համար պատերազմը սկսվեց ու ավարտվեց Մարտունիում


Լուսանկարը` ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը եւ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը հանդիպում են վիրավոր լրագրողներին
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը եւ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը հանդիպում են վիրավոր լրագրողներին

Լուսանկարը` ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը եւ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը հանդիպում են վիրավոր լրագրողներին
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը եւ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը հանդիպում են վիրավոր լրագրողներին

Լուսանկարը` ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ

Հերմինե Վիրաբյանը (լուսանկարն արվել է ռմբակոծությունից մեկ ժամ առաջ)
Հերմինե Վիրաբյանը (լուսանկարն արվել է ռմբակոծությունից մեկ ժամ առաջ)

Արցախի Մարտունու շրջանում Ադրբեջանի ռմբակոծությունից վիրավորված ֆրանսիացի երկու լրագրողները հոկտեմբերի 2-ին Ստեփանակերտից տեղափոխվեցին «Էրեբունի» ԲԿ, որից հետո նրանք հատուկ չվերթով մեկնեցին Ֆրանսիա։ Le Monde ֆրանսիական պարբերականի լրագրող Ալան Կավալիի վիճակը գնահատվում էր ծանր, Արցախում մի քանի վիրահատություն էր արվել նրա կյանքը փրկելու համար։ Գործընկերը՝ Ռաֆայել Շարլզ Յաղոբզադենը, վիրավորում էր ստացել միայն ոտքի շրջանում։

 

Ֆրանսիական պարբերականի լրագրողներին Հայաստան ժամանելու պահից ուղեկցել է անկախ լրագրող Հերմինե Վիրաբյանը, Մարտունու ռմբակոծության ժամանակ Հերմինեն եղել է ֆրանսիացի գործընկերների կողքին։ Այս թիմում նա միակն է, որ վիրավորում չի ստացել. նրանց վարորդը թեթև վիրավորում էր ստացել, մինչդեռ խմբին ուղեկցող Մարտունի քաղաքի բնակիչը զոհվել էր: Հերմինե Վիրաբյանը Մեդիամաքսին մանրամասներ է պատմել Մարտունու ռմբակոծությունների ու դրա հետեւանքների մասին։

 

Ֆրանսիացի լրագրողների հետ պայմանավորվել էի աշխատել սեպտեմբերի 29-ին, նույն օրվա գիշերը նրանք Հայաստան էին ժամանել, իսկ արդեն հաջորդ օրը կեսօրին Երեւանից ուղեւորվել էինք Ստեփանակերտ։ Նրանք Արցախում պլանավորել էին մնալ առնվազն մինչեւ շաբաթվա վերջ, որից հետո, ըստ իրավիճակի, պետք է կողմնորոշվեին։

 

Սեպտեմբերի 30-ի երեկոյան երբ հասանք Ստեփանակերտ, քաղաքն ասես քնած լիներ. լույսերն անջատած էին։ Ստեփանակերտում գրեթե բոլոր հյուրանոցները զբաղված էին՝ նոր ժամանած լրագրողներով։ Կարողացել էինք ընդամենը մեկ ազատ սենյակ գտնել, որտեղ ստիպված էինք երեքով միասին մնալ։ Ռաֆայելը միշտ նման իրավիճակներում կատակում էր. «Պատերազմ է, պետք է հարմարվենք»։

 

Հոկտեմբերի 1-ի առավոտյան Ստեփանակերտի ինֆո կենտրոնում միացանք լրագրողների խմբին, որից հետո մեզ տարբեր խմբերով ուղեկցեցին Մարտունի։ Մեր խումբը բաղկացած էր հինգ հոգուց՝ մենք երեքով, վարորդը եւ տեղացի մի երիտասարդ, որն ընթացքում միացավ մեզ ուղեկցելու եւ օգնելու նպատակով։

 

***

 

Մարտունին ամբողջովին դատարկ էր, ասես, ֆիլմ լիներ։ Տեղ-տեղ մեծահասակ տղամարդիկ էին կանգնած, ինչ-որ տեսանյութեր էին նայում, ինչպես իրենք էին ասում՝ սպասում էին լուրերի։ Կանայք ու երեխաները կամ ապաստարաններում էին, կամ արդեն լքել էին տեղանքը։

 

Le Monde-ի լրագրողների հիմնական նպատակն էր ցույց տալ չավարտվող պատերազմը, դրա հետեւանքներն ու մարդկային պատմությունները։ Նրանք երկուսն էլ Հայաստանում եւ Արցախում արդեն մի քանի անգամ եղել էին, Ռաֆայելը նույնիսկ 2016-ի Ապրիլյան պատերազմի ժամանակ է Արցախում եղել, լուսաբանել են նաեւ Թավշյա հեղափոխությունը։

 

Մինչեւ ռմբակոծությունը մենք Մարտունիում հասցրեցինք զրուցել բնակիչների ու ապաստարաններում մնացող մարդկանց հետ։ Ֆրանսիացի լրագրողներն  անընդհատ շոշափում էին մարդկանց կորուստի, սպասումի թեմաները։ Հիմնականում հետաքրքրվում էին, թե ինչ զգացողություններ ունեն մարդիկ, երբ գրեթե բոլորի ընտանիքում պատերազմն իր հետեւանքը թողել է ու տարբեր ժամանակներում կորուստներ պատճառել։ Հարցնում էին՝ արդյո՞ք հոգնել են անընդհատ ապրել պատերազմի մեջ ու սպասել տղամարդկանց վերադարձին։

 

***

 

Մարտունիում պատրաստվում էինք մի քանի տներ այցելել ու նկարել վնասված շինությունները։ Առաջին տունը նկարելուց հետո կանգնել էինք բակում ու պատրաստվում էինք նստել մեքենա՝ շարունակելու ճանապարհը։

 

Հանկարծ պայթյունի ձայն լսեցինք, սկզբում թվաց՝ հեռվից է։ Հետո այդ ձայնն ավելի մոտիկից լսվեց ու հասկացանք, որ մեզ վրա է գալիս։ Ամեն ինչ վայրկյանների ընթացքում պատահեց, չնայած դա մեզ հավերժություն էր թվում։ Հիշում եմ՝ Ռաֆայելի աչքերը, չհասցրինք անգամ բառ ասել, սկսեցինք անկանոն վազել. ես առջեւ էի վազում, Ալանը՝ աջ, Ռաֆայելը՝ ձախ։ Այդ  պահին չեմ տեսել մեր վարորդին եւ մեզ ուղեկցող տեղացի տղային՝ Գրիշային։

Հերմինե Վիրաբյանը (լուսանկարն արվել է ռմբակոծությունից մեկ ժամ առաջ) Հերմինե Վիրաբյանը (լուսանկարն արվել է ռմբակոծությունից մեկ ժամ առաջ)

 

Ես սաղավարտ եւ պաշտպանիչ հագուստ ունեի։ Շատ արագ վազում էի ու անընդհատ պայթյուններ էի լսում, երեւի «Գրադ»-ի մոտ 10 հատ հրթիռ ընկավ։ Երբ պայթյունների ձայները կտրվեցին, օգնության կոչեր լսեցի։ Բավականին հեռու էի վազել, երբ տեսա, որ ֆրանսիացի գործընկերներն ընկած են։ Ալանի դեմքն ամբողջությամբ արյունոտ էր, այնքան վախենալու էր, որ ինձ թվում էր՝ մահանում է։ Սկսեցի օգնություն բղավել, քիչ հեռու այլ լրագրողներ կային, վարորդներ, որոնք վազեցին մեր ուղղությամբ ու օգնեցին նրանց արագ Մարտունու հիվանդանոց տեղափոխել։

 

***

 

Ռաֆայելի ոտքն էր վնասվեր, իսկ Ալանը բոլոր հնարավոր տեղերում վնասվածք էր ստացել։ Ես շատ տագնապած էի, բայց փորձում էի սթափ մնալ։ Նրանք ինձ խնդրեցին արագ կապ հաստատել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հետ։

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը եւ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը հանդիպում են վիրավոր լրագրողներին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը եւ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը հանդիպում են վիրավոր լրագրողներին

Լուսանկարը` ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ

Ալանին մի քանի վիրահատություն են արել։ Երբ հարցնում էի՝ արդյոք նրա կյանքին վտանգ է սպառնում, պատասխանում էին. «Չգիտենք, իրականում՝ հիմա այստեղ բոլորիս կյանքին է վտանգ սպառնում»։ Երբ դեռ Մարտունու հիվանդանոցում էինք, մի քանի անգամ կրկին ռմբակոծության ձայներ լսեցինք։ Չնայած ասում էին՝ դեռեւս չենք կարող դուրս գալ հիվանդանոցից, միեւնույն է ռիսկի դիմեցին ու Ալանին տեղափոխեցին Ստեփանակերտի հիվանդանոց, որովհետեւ ավելի ռիսկային էր նրան Մարտունու հիվանդանոցում այդ վիճակում թողնելը։

 

***

 

Ռաֆայելին մեկ վիրահատություն են արել Մարտունու հիվանդանոցում։ Երբ տեսա նրան, առաջին բանը, որ հարցրեց, իր ֆոտոխցիկն էր՝ Ռաֆայելը լուսանկարիչ է, իսկ Ալանը լրագրող։

 

Մեր վարորդը թեթեւ վնասվածքներ էր ստացել, իսկ մեզ ուղեկցող տեղացի երիտասարդից երկար ժամանակ տեղեկություն չունեինք։ Հիվանդանոցում մեզ մի խումբ տղամարդիկ մոտեցան, որոնք Գրիշային էին փնտրում։ Նրանցից մեկը Գրիշայի եղբայրն էր, որն անսահման տխուր հայացք ուներ, նրա դեմքը դաջվել է ուղեղումս, ասես, պատերազմի հայացքը լիներ… Ես պայթյունի տարածքից մի լուսանկար էի արել, որը ցույց տվեցի նրանց ու ասացի, թե որտեղ կարող են փնտրել տղային։ Որոշ ժամանակ հետո պարզ դարձավ, որ Գրիշան մահացել է։ Դա ամենածանր լուրն էր. այդ տղան մեր խմբին միացել էր օգնելու համար։

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը եւ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը հանդիպում են վիրավոր լրագրողներին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը եւ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը հանդիպում են վիրավոր լրագրողներին

Լուսանկարը` ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ

Մեծ հաշվով, ես մեր խմբում միակն եմ, որ ոչ մի վնասվածք չեմ ստացել։ Երևի, բախտավոր աստղի տակ եմ ծնվել, ասես, երկրորդ ծնունդս լինի։ Հիմա որոշել եմ փոխել կյանքի հանդեպ վերաբերմունքս ու չտխրել ամենօրյա անկարեւոր բաներից։  

 

***

 

Գրիշայի մահվան լուրը ֆրանսիացի լրագրող գործընկերներիս հայտնել եմ հաջորդ օրը Երեւանում, երբ նրանց այցելության էի գնացել «Էրեբունի» ԲԿ։ Նրանք նույնպես այդ լուրը շատ ծանր տարան, բայց նաեւ շատ ուրախ էին, որ ինձ հետ ոչ մի բան չէր եղել։ Ես էլ շատ ուրախ էի նրանց ողջ ու լավ վիճակում տեսնել։

 

Մենք Արցախ չէինք գնացել առաջնագիծ նկարելու, մենք այնտեղ էինք ընդամենը լքված քաղաքներն ու պատերազմի հետեւանքները վավերագրելու համար։ Հասկանում էինք, որ Արցախում վտանգի մեջ ենք, բայց նաեւ մտածում էինք՝ մեզ հետ բան չի պատահի, քանի որ քաղաքի մեջ ենք, այլ ոչ թե սահմանագծին։

 

Ամալի Խաչատրյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին