Բեյրության քրոնիկոն․ հույսն ու հուսահատությունը՝ կողք կողքի - Mediamax.am

exclusive
1545 դիտում

Բեյրության քրոնիկոն․ հույսն ու հուսահատությունը՝ կողք կողքի


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Մակրոնը Բեյրութում
Մակրոնը Բեյրութում

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսինեն եւ Ջորջը
Լուսինեն եւ Ջորջը

Լուսանկարը` անձնական արխիվ


«Այն, ինչ կատարվում է Բեյրութում, ոչ հեռախոսի ու ոչ էլ հեռուստացույցի էկրանը չի կարող փոխանցել», - պատմում է Լիբանանում ապրող մեր զրուցակիցը՝ Լուսինե Գալստյանը։ Զրուցում ենք կեսօրին, երբ տուն է վերադառնում այն եկեղեցուց, որտեղ մի քանի պարկ հագուստ է նվիրաբերել անօթեւան մնացած մարդկանց համար։ Եկեղեցու՝ հատուկ օգնության համար նախատեսված գրանցամատյանում նաեւ իր տան հասցեն ու տվյալներն է թողել այն մարդկանց համար, որոնք օգնության կամ օթեւանի կարիք կունենան։

 

«Վերջին երկու շաբաթվա ընթացքում, Լիբանանում բոլորը պայթյունի թեմայով են խոսում, նույնիսկ ընտանեկան ճաշի շուրջ հավաքվելիս, որքան էլ ջանում ենք քննարկել այլ հարցեր, միեւնույնն է, նորից վերադառնում ենք զրույցի նախաբանին՝ բեյրության ողբերգությանը»,- Մեդիամաքսի հետ զրույցում անկեղծանում է Լուսինեն։

 

Ոչինչ չի խաղաղվում

 

Բեյրութի ողբերգությունից անցել է երեք շաբաթ։ Թվում է, զգացմունքները փոքր-ինչ հանդարտված պետք է լինեին, շոկը հաղթահարված։ Ամենեւին։ Ոչ ոք չի խաղաղվել։ Ամուսինս՝ Ջորջը, հենց այս պահին աշխատանքի է գնացել ու գտնվում է պայթյունի տարածքի հիվանդանոցներից մեկում։ Փորձում են հոսանքը վերականգնել։

 

Աշխատելուն զուգահեռ ինձ նաեւ ավերված տարածքի ու հիվանդանոցի լուսանկարներն է ուղարկում։ Այդ ամենն այնքան ծանր է տեսնելը, որ երբ տեսազանգով է զանգահարում, չեմ կարողանում խոսել։ Կոկորդս սեղմվում է, խնդրում եմ անջատել տեսախցիկը։

 

Շոկային էր

 

Պայթյունի օրը մեր ամբողջ ընտանիքը տանն էր։ Շատ լավ տրամադրություն ունեինք, պատրաստվում էինք տանից դուրս գալ ու գնալ ամուսնուս քրոջը՝ Քրիստիին նվեր գնելու։ Հաջորդ օրը նրա ծննդյան տարեդարձն էր լինելու։

 

Ես, Ջորջը ու սկեսուրս գեղեցիկ հագնված մոտենում էինք դռանը, որ դուրս գայինք տանից եւ հանկարծ սարսափելի ուժեղ, շատ բարձր պայթյունի ձայն լսվեց, ամբողջ տունը սկսեց ցնցվել, պատուհանները դղրդում էին։ Մենք մտածեցինք, որ երկրաշարժ է, դուրս վազեցինք փողոց ու տեսանք, որ գետինն էլ է դղրդում։

 

Մեր առանձնատունը սարի վրա է, շատ բարձր եւ երբ սկսեցինք մեր շուրջը նայել, տեսանք, որ քաղաքը սեւ ծխի մեջ կորած է։ Ջորջն առաջինը գլխի ընկավ, որ դա երկրաշարժ չէ։

Լուսինեն եւ Ջորջը Լուսինեն եւ Ջորջը

Լուսանկարը` անձնական արխիվ

Երբ ցնցումն ավարտվեց, վերադարձանք տուն, հեռուստացույցը միացրեցինք ու տեսանք, որ բոլոր հեռուստաալիքները արտակարգ թողարկումներով ցույց էին տալիս, որ Բեյրութի նավահանգստում պայթյուն է եղել։

 

Պարզ դարձավ, որ եթե հինգ րոպե շուտ դուրս գայինք տանից, հենց այդ տարածքում էինք լինելու, որովհետեւ պատրաստվում էինք գնալ նավահանգստին կից գտնվող այն առեւտրի կենտրոնը, որը վերածվել է փլատակի։

 

Հաջորդ օրը, Քրիստիի ծննդյան տարեդարձի առթիվ, այնուամենայնիվ, մեզ այցելել էին բարեկամներ ու ընկերներ։ Չափազանց տխուր երեկո էր։ Նույն տարածքում հավաքված այս մարդիկ կարծես տարբեր բառերով, բայց փշրված քաղաքի նույն ցավն էին կիսում։

 

Հույսի ու հուսահատության պայթյուն

 

Պայթյունից ժամեր անց, մի կին սկսեց փնտրել իր երիտասարդ որդուն, որն այդ օրն աշխատանքի էր եղել նավահանգստում։ Մայրը բոլոր հեռուստաալիքներով որդու մասին էր պատմում, գնում էր հիվանդանոցներ, փողոցներում նրա լուսանկարն էր բաժանում ու նույնիսկ սոցիալական ցանցերն այդ տղայի ու նրա մոր լուսանկարներով էին ողողված․ նա բոլորին խնդրում էր իր  որդուն տեսնելուն պես զանգահարել։ Բոլորը վստահ էին, որ տղան ողջ է։

Լուսանկարը` REUTERS

Բայց տղային գտան միայն պայթյունից չորս օր անց, ավերակների տակից, մահացած ու մարմինն աղավաղված։ Նրան ճանաչեցին միայն պարանոցի խաչով։ Այս տղայի մահն այդ օրը դարձավ հուսալքության խորհրդանիշը։ Պայթյունից չորս օր անց գտան մեկ այլ երիտասարդ տղայի, որը բազմաթիվ վնասվածքներով, բայց ողջ էր մնացել։ Անհետ կորած հարազատներին որոնողները նորից սկսեցին հույսից խոսել։

 

Անօթեւանները

 

Պաշտոնապես հայտարարվում է, որ 300 000 մարդ տուն է կորցրել։ Հայաբնակ Բուրջ Համուդում հայերի խանութներն են ավերվել: Շատերը հրաշքով են փրկվել, որովհետեւ խանութը փակել, գնացել են տուն, եւ հետո է պայթյունը եղել։

 

Ես ու Ջորջը ավերված խանութների տերերին՝ հայերին, բազմիցս մեր օգնությունն ենք առաջարկել, ուզում ենք գոնե գնալ ու մաքրել տարածքները, բայց նրանք մերժում են։ Կորոնավիրուսը նորից սկսել է շատ մեծ տեմպերով տարածվել, եւ մարդիկ վախենում են միմյանց ռիսկի ենթարկել, փոքր տարածքներում կուտակվել։

 

Ինչպես այս օրերին մյուսները, մենք էլ փորձում ենք անել մեզանից կախված հնարավորը օգտակար լինելու համար։

Լուսանկարը` REUTERS

Ես ու Քրիստին՝ ամուսնուս քույրը, հաճախ սնունդ ենք պատրաստում եւ ուղարկում Բեյրութ։ Մի քանի օր առաջ էլ բազմաթիվ հագուստ ու կոշիկ ենք ուղարկել, ընդ որում ոչ ամառային, այլ նաեւ ձմեռային, որովհետեւ անհայտ է, ինչ է լինելու այն մարդկանց հետ, որոնք մի քանի րոպեում կորցրել են ամեն ինչ։ Այս օրերին բոլոր այն մարդիկ, որոնք կարող են օգնել տուժածներին, անում են ամեն հնարավորն ու անհնարը։

 

Կրոնական համերաշխությունը

 

Այս օրերին ապշել կարելի է հանդուրժողականությունից ու փոխօգնության ցանկությունից՝ մահմեդականները, շիաները, սունիները օգնում են անօթեւան մնացած ու հարազատներին կորցրած մարդկանց ճիշտ այնպես, ինչպես քրիստոնյաները։

 

Զարմանալ կարելի է միմյանց օգնության ձեռք մեկնելու մարդկանց պատրաստակամությունից եւ չդժգոհող մարդկանց քանակից։ Նրանք, որոնք փրկվել են, որեւէ բանից չեն դժգոհում, որեւէ բան չեն ուզում, միայն ասում են՝ «Փառք տիրոջը, որ ողջ ենք մնացել»։

 

Այստեղ մարդիկ հույսն իրենց վրա են դրել, որովհետեւ կառավարությունը մատը մատին չէր տալիս որեւէ բան անելու, որեւէ հարց լուծելու համար։ Այս օրերին ավերված քաղաքի կիսավեր պատերին հայտնված՝ կառավարությանը մեղադրող գրությունները հուսահատ ճիչ են։

Մակրոնը Բեյրութում Մակրոնը Բեյրութում

Լուսանկարը` REUTERS

Կառավարության հրաժարականից ու պայթյունից հետո մարդիկ խոսում են Լիբանանի կյանքի՝ գերանհրաժեշտ նոր սկզբի մասին։ Որքան էլ տարօրինակ հնչի, վերջին օրերին ճնշվածությունը զուգահեռվում է սպասումների հույսով։ Սպասման ոգեւորության այս ալիքը սկսվել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնի՝ Լիբանան այցից հետո։ Թեեւ նա մեր նախագահը չէ, բայց միակն էր, որը շատ մոտ կանգնեց լիբանանցիներին, քայլեց նավահանգստում, խոսեց մարդկանց հետ, հարցրեց որպիսությունն ու միանգամից հայտնվեց նրանց սրտերում։

 

Լուսին Մկրտչյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին