Լիտվացի մասնագետներ. «Ձեր բուժաշխատողներն իրական հերոսներ են» - Mediamax.am

exclusive
8632 դիտում

Լիտվացի մասնագետներ. «Ձեր բուժաշխատողներն իրական հերոսներ են»


Լիտվական թիմի անդամները
Լիտվական թիմի անդամները
Էնիուս Ժարսկուսը եւ Մարիուս Չուռլյոնիսը
Էնիուս Ժարսկուսը եւ Մարիուս Չուռլյոնիսը

Լուսանկարը` Մեդիամաքս

Էնիուս Ժարսկուսը
Էնիուս Ժարսկուսը

Լուսանկարը` Մեդիամաքս

Էնիուս Ժարսկուսը
Էնիուս Ժարսկուսը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լիտվական թիմի անդամները
Լիտվական թիմի անդամները

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարիուս Չուռլյոնիսը
Մարիուս Չուռլյոնիսը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարիուս Չուռլյոնիսը
Մարիուս Չուռլյոնիսը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հունիսի 19-ին Լիտվայի մասնագետների թիմը ժամանել է Երեւան՝ օգնելու հայ բուժաշխատողներին COVID-19-ով պացիենտների բուժման եւ համաճարակը հաղթահարելու հարցում: Թիմը բաղկացած է 8 բուժաշխատողներից եւ 3 փորձագետներից (բժշկական անձնակազմը՝ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, շտապ օգնության բժիշկներ եւ խնամողներ)։ Նրանք Երեւան են ուղեւորվել Շաուլյայ քաղաքի օդանավակայանից՝ իրենց հետ բերելով որոշ բժշկական պարագաներ եւ սարքավորումներ: Թիմը այստեղ կմնա եւս մեկ շաբաթ։ 

 

Խմբի բոլոր անդամները Լիտվայում ներգրավված են եղել COVID-19-ի դեմ պայքարում, այս առաքելությանը յուրաքանաչյուրը կամավոր է մասնակցում: Թիմի բժշկական մասը ներկայումս աշխատում է հենց COVID-19-ով վարակված պացիենտների հետ, իսկ փորձագետները Հայաստանի որոշ հաստատություններում են իրենց աջակցությունը ցուցաբերում համավարակի դեմ պայքարի կազմակերպչական հարցերում։ 

 

Մեդիամաքսը հանդիպել է Լիտվայի մասնագետների թիմի երկու անդամների հետ, խոսել է այցի, երեւանյան հիվանդանոցներում աշխատելու իրենց փորձի եւ Հայաստանին ցուցաբերվող օժանդակության մասին։ 

 

Stronger Together

 

Մարիուս Չուռլյոնիս, Լիտվայի Հանրապետության Առողջապահության նախարարության խորհրդական, թիմի ղեկավար

 

Լիտվան առաջին երկրներից էր, որ պետական մակարդակով որոշեց բուժաշխատողների եւ փորձագետների խումբ ուղարկել Հայաստան՝ կիսվելու իրենց լավագույն փորձով: Կապը Հայաստանի եւ Լիտվայի միջեւ մի քանի տասնամյակի պատմություն ունի․ Լիտվան նաեւ մասնագետներ էր ուղարկել 1988-ի Սպիտակի երկրաշարժից հետո: 1991-ի սեպտեմբերի 21-ին Լիտվան առաջին երկիրն էր, որ ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը։ 

Մարիուս Չուռլյոնիսը Մարիուս Չուռլյոնիսը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայաստանի եւ Լիտվայի միջեւ հարաբերությունները վաղուց են կառուցվում, ուստի մեր առաքելության աջակցությունը երկու երկրների միջեւ կարող է նոր էջ բացել:

 

Ինչպես մեր առաքելության պատկերանշանն է ասում՝ «Մենք ուժեղ ենք միասին» (Stronger Together): Մենք երկու շատ նման փոքր ժողովուրդ ենք, մեզ դժվար է գոյատեւել այս դժվար աշխարհում, բայց միասին համագործակցելով՝ կարող ենք ավելի ամուր հարաբերություններ ստեղծել, որոնք ապագայում էլ նոր հնարավորությունների դռներ կբացեն։ Ավելի ուժեղ կլինենք, եթե միասին հաղթահարենք համաճարակը:

 

Սովորում ենք միմյանցից

 

Էնիուս Ժարսկուս, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ

 

Հայաստանում եւ Լիտվայում իրավիճակը բոլորովին այլ է: Օրինակ՝ հունիսի 23-ին Լիտվայում հաստատվել էր COVID-19-ի ընդամենը մեկ նոր դեպք, իսկ Հայաստանը` 700-ից ավել: Լիտվայում մենք շատ ենք թեստեր անում: Հունիսի 24-ի դրությամբ Լիտվայում COVID-19-ի համար արվել է ավելի քան 403 000 նմուշ, որից 1.804-ի մոտ է պատասխանը դրական եղել:

Էնիուս Ժարսկուսը Էնիուս Ժարսկուսը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հավանաբար, Լիտվան ավելի շատ փորձ ունի վիրուսի տարածումը կանխելու գործում, բայց ինչ վերաբերում է բուժմանը, ապա Հայաստանն, անկասկած, այս վիրուսի հետ աշխատելու հարցում ավելի շատ տեղեկություն եւ փորձ ունի: Բուժումը երկու երկրներում, կարելի է ասել, շատ նման է, մենք որեւէ լուրջ տարբերություն չենք նկատում: Կարող ենք միայն ասել, որ հայերը շատ քրտնաջան են աշխատում, դուք պետք է հպարտանաք ձեր բուժաշխատողներով, նրանք այս պատմության իրական հերոսներն են: Այս ծանր իրավիճակում դուք պետք է նրանց կողքին լինեք, ինչ-որ կերպ խրախուսեք։ 

 

Ամենակարեւորը, որ պետք է հասկանալ՝ մենք դեռ պետք է մեր տեսակետը կազմենք հայաստանյան իրավիճակի մասին, պետք է վերլուծենք, թե ինչ է կատարվում, ինչ որոշումներ են կայացվել եւ ինչպես են դրանք ազդել ընդհանուր վիճակի վրա: Միայն դրանից հետո կարող ենք հանդես գալ առաջարկություններով: Մեզ համար սա նոր իրավիճակ է, քանի որ մենք երբեւէ COVID-19-ի այսքան մեծ թվեր չենք ունեցել: Մեզ համար Հայաստանում նույնպես շատ բան կա սովորելու, եթե Լիտվայում վիրուսի երկրորդ ալիքը սկսվի: Կորոնավիրուսի դեմ պայքարը ժամանակավոր բան չէ: 

 

Մինչ այժմ մեր առաջին տպավորությունը անփոփոխ է՝ տեսնում ենք միայն աշխատասեր մարդկանց. կորոնավիրուսի դեմ պայքարում նվիրված մարդիկ են առանցքային։

 

Լիտվական փորձը

 

Մարիուս․ Լիտվան Covid-19-ի դեմ պայքարում գրանցել է «հաջողության պատմություններից» մեկը: Այս պատմության կարեւոր կետերից մեկն այն է, որ ունեցել ենք գերազանց համագործակցություն կառավարության եւ հասարակության միջեւ: Հասարակությունը կարողացել է ճիշտ արձագանքել կառավարության որոշումներին. այս հարցում նրանք ձեռք ձեռքի տված են աշխատել։ Առաջին եւ ամենակարեւորը` դիմակների կրում, երկրորդ`սոցիալական հեռավորություն, երրորդ`ձեռքերի լվացում. սրանք այն երեք հիմնական քայլերն են, որոնց բոլորը կարող են հետեւել, ու այն իսկապես կարող է նշանակալի դեր ունենալ վիրուսի տարածումը կանխելու գործում: Լիտվացիների 100%-ը չէ, որ հետեւել է կանոններին, բայց 98%-ը, անկասկած, այդպես է վարվել:

Մարիուս Չուռլյոնիսը Մարիուս Չուռլյոնիսը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ժամանակ առ ժամանակ տեսնում ենք, որ մարդիկ փողոցում դիմակներ չեն կրում կամ իրար հետ հաճախ են գրկախառնվում՝ առանց սոցիալական հեռավորությունը պահելու: Չնայած, այն, ինչ ես հիմա տեսնում եմ Հայաստանում եւ այն, ինչ ես ակնկալում էի մեր այցելությունից առաջ, տարբեր բաներ են, քանի որ մարդկանց մեծամասնությունը հիմա իսկապես դիմակներ կրում է, եթե կարողանաք նաեւ նրանց ներգրավել սոցիալական հեռավորությունը պահպանելու մեջ, դա ավելի մեծ արժեք կտա այս գործընթացին:

 

Հետագա համագործակցությունների համար

 

Մարիուս, Էնիուս. Մենք շատ ոգեւորված ենք այստեղ լինելու եւ ձեր մասնագետների հետ աշխատելու համար: Նաեւ շատ ուրախ կլինենք, եթե ձեր բուժաշխատողները նույնպես կարողանան այցելել Լիտվա եւ կիսվել իրենց փորձով. այդպես մենք միասին առաջ կգնանք:

Էնիուս Ժարսկուսը Էնիուս Ժարսկուսը

Լուսանկարը` Մեդիամաքս

Բացի այդ, մենք շատ ուրախ կլինենք, եթե կրթական փոխանակման ծրագրերը շատ լինեն մեր երկրների միջեւ (ոչ միայն առողջապահական ոլորտում, բայց դրանից սկսած), քանի որ մեր մոտեցումները, տեսակետները տարբեր են, մենք կարող ենք դրանք համատեղել`ավելի շատ հնարավորություններ ստեղծելու համար:

Լիտվական թիմի անդամները Լիտվական թիմի անդամները

Լուսանկարը` Մեդիամաքս

Այս օրերին բազմաթիվ ժպիտներ ենք տեսնում, ժամանակ առ ժամանակ, երբ մեր Լիտվայի եւ Հայաստանի դրոշներով շապիկները հագած քայլում ենք Երեւանի փողոցներով, մարդիկ ժպտալով մեզ են մոտենում ու շնորհակալություն հայտնում մեր աջակցության համար: Իսկապես հաճելի է. հարաբերությունները երկրների միջեւ այսպես են ստեղծվում։

 

Այցը՝ ավելի վաղ

 

Էնիուս.Նախկինում երբեւէ Հայաստան չէի այցելել: Տպավորված եմ, թե որքան ջերմ եւ ընկերասեր ժողովուրդ եք դուք: Մենք մեզ շատ լավ ենք զգում այստեղ:

Էնիուս Ժարսկուսը եւ Մարիուս Չուռլյոնիսը Էնիուս Ժարսկուսը եւ Մարիուս Չուռլյոնիսը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարիուս. Ես շատ բան գիտեի Հայաստանի մասին, տատիկս ձեր երկրում ճանապարհորդել էր եւ ինձ շատ բան էր պատմել Հայաստանի, ձեր հոյակապ կերակուրների եւ ժողովրդի մասին: Լիտվայում էլ շատ հայեր կան. դուք բավականին հայտնի եք մեր երկրում, ուստի մեզ համար նոր չէր այս ամենը:

 

Իրականում, COVID-19-ից առաջ ես այս տարվա սեպտեմբերին պլանավորում էի այցելել Հայաստան: Ուզում էի արձակուրդներին ընտանիքիս եւ ընկերներիս հետ այստեղ գալ, բայց փաստորեն՝ ավելի վաղ եկա գործընկերներիս հետ:

 

Ամալի Խաչատրյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին