Կարմիր բլուրը՝ շինաղբից ազատված ու վերածնված - Mediamax.am

exclusive
4420 դիտում

Կարմիր բլուրը՝ շինաղբից ազատված ու վերածնված


Լուսանկարը` «Էրեբունի» արգելոց-թանգարան

Լուսանկարը` «Էրեբունի» արգելոց-թանգարան

Լուսանկարը` «Էրեբունի» արգելոց-թանգարան

(Կարմիր բլուրի հայ-ավստրիական հնագիտական արշավախումբը) Կարմիր բլուրի հայ-ավստրիական հնագիտական արշավախումբը
(Կարմիր բլուրի հայ-ավստրիական հնագիտական արշավախումբը) Կարմիր բլուրի հայ-ավստրիական հնագիտական արշավախումբը

Լուսանկարը` «Էրեբունի» արգելոց-թանգարան

Լուսանկարը` «Էրեբունի» արգելոց-թանգարան


Կարմիր բլուր հուշարձանը 2020թ․-ի աշնանը լիովին ազատված կլինի շինարարական աղբից. այժմ տեսանելի հատվածներն են ամբողջովին մաքրվել։ «Հուշարձանը սկսում է վերածնվել»,-ասում է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը։ 

 

Ուրարտական բացառիկ այս հուշարձանի մաքրման աշխատանքները սկսվել էին 2019-ի փետրվարին մեկնարկած «Ազատենք Կարմիր բլուր հուշարձանը շինարարական աղբից» քաղաքացիական նախաձեռնության արդյունքում, որից հետո շինաղբի տարհանման աշխատանքներն ամբողջովին հանձն էր առել Երեւանի քաղաքապետարանը։ Թե ինչ է լինելու հուշարձանի մաքրված տարածքներում, ինչ նոր ծրագրեր ու հետազոտություններ են սպասվում Կարմիր բլուրում եւ ինչպես է մեկ տարում հաջողվել ազատվել շինաղբի հսկայական կույտերից, մեզ հետ զրույցում պատմել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը։ 

 

Ինչ է արվել 

 

Վերջնական դիտարկումների արդյունքում պարզել էինք, որ Կարմիր բլուր հուշարձանի մոտ 4.5 հեկտար տարածքն ամբողջովին լցված է շինաղբի հսկայածավալ կույտերով։ 2019-ի սկզբին մեկնարկեցինք «Ազատենք Կարմիր բլուր հուշարձանը շինարարական աղբից» քաղաքացիական նախաձեռնությունը, դրա շրջանակում մեքենաներով շուրջ 75 թափք տարհանվեց, բայց դա ընդամենը շինաղբի մի փոքր մասն էր։

Երբ այս երիտասարդական նախաձեռնությունն ազդարարեց շինաղբի տարհանման սկիզբը, Երեւանի քաղաքապետարանը միացավ աշխատանքներին եւ վստահեցրեց՝ հանձն է առնելու Կարմիր բլուրն ամբողջությամբ շինաղբից մաքրելու գործընթացը։ Քաղաքապետարանի հետ աշխատանքները սկսվեցին 2019 թ. ամռանը՝ Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանի եւ քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանի  ղեկավարությամբ։ 

 

Արդեն մաքրվել է շինաղբի մոտ 3.8 հեկտար տարածքը, 1071 թափք է տարհանվել. մաքրման ծավալները մեր սպասվածից ավելին էին։ Երբեմն այնքան բարձր էին շինաղբի թմբերը, որ պարզապես չէիր կարողանում հաշվել։ Այժմ մնացել է 0.7 հեկտարը, որը հավանաբար մինչեւ սեպտեմբեր ամբողջովին մաքրված կլինի։ Չնայած նույնիսկ այս պարագայում հուշարձանի գրեթե բոլոր թիրախային հատվածները մաքրված են, հիմա շատ հաճելի է քայլել Կարմիր բլուրի տարածքում։ 

 

Այցելում են՝ առանց ամաչելու

 

Նույնիսկ համավարակի շրջանում Կարմիր բլուրում զբոսնողները շատ են. մաքրման աշխատանքներից հետո կտրուկ աճել է այցելուների թիվը, հատկապես տարածքի բնակիչներն են հաճախ գալիս։ Ուրախալի է տեսնել, թե ինչպես են շատերը ընտանիքներով այցելում հուշարձան, զբոսնում, ճեմուղիներում հեծանիվ վարում, մարզվում։ Հուշարձանը սկսել է վերածնվել։ 

 

2018 թվականին Կարմիր բլուր այցելել է 1206 մարդ, 2019-ին՝ 1901, մոտ 700-ով աճել է այցելուների թիվը, որոնց թվում եղել են զբոսաշրջիկներ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, Ֆիլիպիններից, Գերմանիայից, Ֆրանսիայից։ 2020-ի առաջին եռամսյակում այցելուների թիվը կրկին գերազանցել է 2019-ի թվին։

Լուսանկարը` «Էրեբունի» արգելոց-թանգարան

«Կարմիր բլուր» մասնաճյուղի ղեկավար Վահե Սարգսյանը պարբերաբար այցելել է մայրաքաղաքի տարբեր դպրոցներ, հանդիպել տնօրեններին, վարպետաց դասընթացներ անցկացրել աշակերտների հետ եւ նրանց հրավիրել է հուշարձան այցելության։ Այս շրջանում ակտիվ համագործակցել ենք տուրօպերատորների հետ զբոսաշրջիկների այցելությունները կազմակերպելու համար։ Եթե առաջ մարդիկ ասում էին՝ Կարմիր բլուր այցելություն կազմակերպելու դեպքում շինաղբի կույտերը տեսնելը գուցե լրիվ հակառակ ազդեցությունը թողնի, այսօր բոլորն առանց ամաչելու գալիս են հնավայր։ Կարծում եմ՝ սա Կարմիր բլուրի վերարժեւորման եւ զարգացման առաջին քայլերից մեկն է։ 

 

Հայաստանի նետաձգության ազգային ֆեդերացիայի հետ պարբերաբար միջոցառումներ ենք անում։ Պրոֆեսիոնալ նետաձիգների հսկողությամբ, պահպանելով անվտանգության բոլոր կանոնները՝ այցելուները հնարավորություն են ունենում նետաձգելու։ Սա մեր լավագույն կրթական ծրագրերից է։ 

Լուսանկարը` «Էրեբունի» արգելոց-թանգարան

Մենք հաճախ անձամբ ենք զրուցում այցելուների հետ, շատերը պարզապես ապշած են այս փոփոխություններից. երբեւէ չեն հավատացել, որ այդ շինաղբը կտարհանվի, խոստովանում են՝ մաքրման աշխատանքները մեծ հույսեր են արթնացրել, որ հուշարձանը շուտով կբարեկարգվի, նոր թանգարան կկառուցվի։ Հաճախ նույնիսկ անձամբ են առաջարկում մասնակցել մաքրման աշխատանքներին. կարելի է ասել՝ մարդկանց հավատը վերականգնվել է։ Տեղացիներին չենք հաշվում որպես այցելու, նրանց առջեւ հուշարձանը միշտ բաց է ու անվճար․ չէ՞ որ նրանք են հենց հուշարձանի առաջին կրողը եւ պահպանողը։ Այցելուների համար հուշարձանը վճարովի է, ամսվա ընթացքում ունենք հատուկ անվճար օրեր։ 

 

Շուտով

 

Պլանավորում ենք այս տարվա աշնանը տեղադրել քառալեզու բացատրական ցուցանակներ՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն: Ուզում ենք նաեւ դիմել Չինաստանի դեսպանատուն՝ չինարեն ավելացնելու համար. չինախոս այցելուները նույնպես շատ են։ Ցուցանակները հագեցած են լինելու Կարմիր բլրի տարբեր կառույցների վերաբերյալ պատմություններով եւ եռաչափ վերակազմություններով։ Նաեւ պատրաստում ենք տեսանյութեր եւ եռաչափ մոդելներ, որոնք տեղադրվում են մեր ֆեյսբուքյան ու յութուբյան էջերում։ 

 

Նախատեսվում է Կարմիր բլրի տարածքում վերգետնյա արհեստական ուսումնական պեղավայր կառուցել. վերգետնյա ենք կառուցելու, որպեսզի չվնասենք որեւէ հնագիտական շերտ։ 

 

Մենք աշխատում ենք նաեւ տարբեր ռուսաստանյան տուրիստական ընկերությունների հետ, որպեսզի համատեղ կրթական ծրագրեր իրականացնենք Կարմիր բլուրում։ Շատ ջերմ հարաբերություններ ենք հաստատել Սանկտ Պետերբուրգի Պետական Էրմիտաժի հետ, վերջերս քննարկել ենք հետագա համատեղ գործունեության որոշակի հարցեր։ 

 

Ի դեպ, Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ իրականացված «Ակտիվ քաղաքացի» առցանց հարթակում հաղթող առաջարկներից մեկը վերաբերվում էր Կարմիր բլրին, դրա շրջանակում 30 մլն դրամ է հատկացվելու հուշարձանի աշխատանքներին։ Ունենք նաեւ մեծ ծրագրեր, որը համակարգում է Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, բայց դրանց մասին դեռ վաղ է խոսել։ Կարող ենք միայն ասել, որ փուլային տարբերակով նախատեսվում է Կարմիր բլուրը դարձնել գրավիչ զբոսաշրջային եւ մշակութային կենտրոն։ 

Լուսանկարը` «Էրեբունի» արգելոց-թանգարան

Ինչ վերաբերում է թանգարանին՝ քննարկումները տանում են նրան, որ հնարավոր է հուշարձանի նոր թանգարանը կառուցվի հենց մուտքի մոտ, քանի որ հին թանգարանի վերականգնումը գուցե ոչ այդքան նպատակահարմար լինի։ Այժմ հին թանգարանի տարածքը որոշակիորեն բարեկարգվել է, գույք է ավելացվել: Ուզում ենք դրա մեծ սրահն օգտագործել տարբեր սեմինար-քննարկումների համար։ 

 

Գիտահետազոտական վերածնունդը

 

Մաքրման աշխատանքներին զուգահեռ ակտիվացել է նաեւ գիտահետազոտական կյանքը։ Ավստրիայի Ինսբրուկի համալսարանի Հին Արեւելքի հնագիտության դեպարտամենտի եւ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի միջեւ կնքվել է պայմանագիր, որի շնորհիվ հնարավոր է դարձել համատեղ արշավախումբ ստեղծել ու Ավստրիայից բերված տեխնիկայով սքանավորել հնավայրի դեռեւս չպեղված հատվածները՝ բացահայտելու համար հողի տակի կառույցները։ Սա շատ կարեւոր ու թանկ հետազոտություն է։ 

(Կարմիր բլուրի հայ-ավստրիական հնագիտական արշավախումբը) Կարմիր բլուրի հայ-ավստրիական հնագիտական արշավախումբը (Կարմիր բլուրի հայ-ավստրիական հնագիտական արշավախումբը) Կարմիր բլուրի հայ-ավստրիական հնագիտական արշավախումբը

Լուսանկարը` «Էրեբունի» արգելոց-թանգարան

Կրկին մեր ավստրիացի գործընկերների հետ Կարմիր բլրի տարածքում իրականացրել ենք փոքր ծավալի պեղումներ, այժմ էլ քննարկում ենք, թե ինչպես շարունակենք դրանք՝ համավարակի պայմաններում։ Լիահույս ենք, որ այս տարվա աշնանը կշարունակենք պեղումները։ 

 

Շատ անելիք կա, բայց քայլ առ քայլ իրականացնելու դեպքում, վստահ ենք, Կարմիր բլուրը կդառնա տարածաշրջանային, զբոսաշրջային, մշակութային եւ կրթական կարեւոր կենտրոն։ 

 

Ամալի Խաչատրյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին